Քաղց / Hunger
Մեծ Բրիտանիա, Իռլանդիա, 2008
Ռեժիսոր՝ Ստիվ ՄքՔուին
Դերերում՝ Մայքլ Ֆասսբենդեր, Լայըմ Քաննինգհեմ և ուրիշներ
Ժանրը՝ հոգեբանական դրամա
IMDB-ի միջին գնահատականը՝ 7.6/10
RottenTomatoes-ի գնահատականը՝ 90%
Թրեյլերը
Shame-ը դիտելուց հետո որոշեցի Ստիվ ՄքՔուինի դեբյուտային ֆիլմը դիտել, (գլխավոր դերում կրկին Մայքլ Ֆասսբենդեր) մանավանդ, որ շատերն ասում են, որ Shame-ը Hunger-ի շարունակությունն է (բայց ոճային իմաստով, սյուժետային իմաստով էս երկու ֆիլմը շատ քիչ ընդհանուր բան ունեն): Ճակատագրական սխալ էր, որովհետև ես նման կարգի ֆիլմի հոգեբանորեն պատրաստ չէիԱսում են Կաննի կինոփառատոնում ֆիլմի ցուցադրման ժամանակ հանդիսատեսների մի մասը կեսից սուլոցներով դուրս են եկել, իսկ մյուս մասը հոտնկայս ծափահարել են: Եթե ես էդ ժամանակ Կաննում լինեի, չգիտեմ որ խմբին կհարեի, բայց փաստը մնում է փաստ, որ այս ֆիլմը շոկի մեջ կգցի ցանկացած մարդու:
Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա: 1981թ-ին Հյուսիսային Իռլանդիայի The Maze բանտի քաղ. բանտարկյալները հայտարարում են «առանց հագուստի» ու «առանց լոգանքի» բողոքի ցույց, որին հաջորդում է հացադուլը: Ֆիլմի գլխավոր հերոսը Իռլանդական հանրապետական բանակի տեռորիստ/ազատամարտիկ Բոբբի Սենդսն է, ով գլխավորում է հացադուլը: Ֆիլմը նկարահանված է մինիմալիստական ոճով, ֆիլմում դիալոգները շատ քիչ են, բացառությամբ 17 րոպեանոց դրվագի, որը նկարահանվել է մեկ տեսախցիկով, առանց դադարների, որտեղ Մայքլ Ֆասսբենդերի հերոսը զրուցում է կաթոլիկ հոգևորականի հետ:
Ֆասսբենդերի խաղը պարզապես ցնցող է, կերպարը ինչ-որ տեղ նույնիսկ ավելի իրական է ու մարդկային, քան The Shame-ի Բրենդանինը: Ֆիլմի նկարահանման ընթացքում Ֆասսբենդերը նիհարել էր մինչև 59 կիլոգրամ, որպեսզի հնարավորինս չափ համոզիչ կերպով խաղար Բոբբի Սենդսին: Նման զոհողությունների մեկ էլ Քրիստիան Բեյլն էր գնացել Մեքենավարը ֆիլմի համար...
Մի խոսքով անպայման դիտեք ֆիլմը, անկախ նրանից կհավանեք, թե չէ, շոկը ապահովված է:
Էջանիշներ