Որքան էլ զարմանալի է, դուք ավելի ճիշտ եք, քան ձեր մայրիկը: Իր համոզմունքը ծագում է XX դարում ձևավորված սննդային պատկերացումներից, ես էլ, բժշկական իմ կրթությամբ, իմ փոքրիկներին "զոռով-շառով" ջրալի ճաշ էի կերակրում, որպեսզի "աղիքները լավ գործեն" և ընդհանրապես առողջ լինեն: Միայն շատ ավելի ուշ, երբ ինքնակրթությամբ սկսեցի ուսումնասիրել հինգհազարամյա բժշկական մշակույթը, գտա այլ ճշմարտություններ, որոնք այսօր փայլուն արդյունքներ են տալիս իմ բուժական գործում և հետզհետե /թեկուզ դանդաղ/ ճանաչվում են նաև ակադեմիական բժշկության կողմից;
Սկսեմ ամենահին "ապացույցներից". Ավիցեննան իր հայտնի, աշխարհում թերևս ամենահայտնի բժշկական մենագրության մեջ մի ամբողջ գլուխ է նվիրել` ինչպես ուտել և ինչպես օգտագործել հեղուկները, և գրում է, որ "պինդ" կերակուրը չպետք է զուգակցվի հեղուկների հետ, քանի-որ դրանք "նոսրացնում" են ստամոքսահյութը և դրանով իսկ դժվարացնում, դանդաղեցնում մարսողությունը, առաջացնելով ամենատարբեր նյութափոխության խանգարումներ, սկսած խմորման պրոցեսից մինչև նեխային:
Եվ խորհուրդ է տալիս հեղուկը օգտագործել ուտելուց առաջ կամ "երբ կերակուրը ստամոքսից ներքև է իջնում"` դա տևում է առնվազն 2-2,5 ժամ:
Վերջին հաստատումը /որպեսզի գրառումս մի ամբողջ գիրք չդառնա/, Վաշինգտոնյան համալսարանի բժշկագիտական համալսարանի տեղեկատուն արդեն 90-ականների սկզբի հրատարակման մեջ շեշտում է."Այդպես էլ չհաջողվեց ապացուցել, որ ջրալի կերակուրների օգտագործումը նպաստում է մարսողության ֆունկցիայի բարելավմանը":
Մեր կողմից և այլ գիտական աղբյուրներից էլ ավելացնենք, որ ընդհակառակը` որքան ավելի է արմատավորվել ջրալի ճաշերի և ուտելու ընթացքում և անմիջապես դրանից հետո հեղուկ օգտագործելու սովորույթը, այնքան ավելի են շատացել ու շատանում ստամոքս-աղիքային և բոլոր տեսակի այլ հիվանդությունները, և բժիշկները` սնունդը կարգավորելու փոխարեն, բուռ-բուռ մարսողական դեղեր են նշանակում` մեզիմներ, ֆեստալներ, կրեոններ և այլն, ավելի ու ավելի տհաճ հետևանքներով:
Սակայն ջրալի ճաշերը ավելի "պինդ" տեսակներով փոխելիս, չպետք է մոռանալ նաև առողջ սննդի այլ սկզբունքները, որոնց մասին տարբեր տեղերում գրել և խոսել ենք, այս պարագայում ամենակարևորը` ուտելու սկզբում առատ կանաչեղեն, բանջարեղեն կամ ուղղակի համեղ սալաթի մի լավ բաժին ուտելու կարևորությունն է` այ սա է կարգավորում մարսողությունը և սրանց մեջ եղած 80-90% ջուրն է, որ կենարար է մարդու առողջության համար:
Ավելացնեմ, որ հենց ջրալի ճաշերի օգտագործումը և ուտելու ընթացքում ջուր կամ այլ հեղուկ խմելը ճարպակալմանը նպաստող առավել կարևոր գործոններից են: