Գվարդիոլան դժգոհ է մրցավարից
Ապրիլ 30, 2009
Ֆուտբոլի ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնին» տան պատերն էլ չօգնեցին, որպեսզի այն հաղթի «Չելսիին»` 0։0։
Այսուհանդերձ, իսպանական թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան (նկարում) խաղից հետո լրագրողներին հայտնել է, որ ոչ մի արդարացում չի լինի «Բարսելոնի» համար, եթե մայիսի 6-ին նախատեսված պատասխան խաղից հետո թիմը դուրս չգա եզրափակիչ։ Ի դեպ, այդ խաղի 52-րդ րոպեին անսպասելիորեն տանտերերից խաղադաշտում վայր էր ընկել Մեքսիկայի հավաքականի 30-ամյա պաշտպան Ռաֆայել Մարկեսը։ Երբ նրան անմիջապես հիվանդանոց էին տեղափոխել, բացահայտվել էր, որ կտրվել է ֆուտբոլիստի ձախ ոտքի մկանը, եւ մինչեւ մրցաշրջանի ավարտը նա չի կարողանա մասնակցել հանդիպումների։ Գվարդիոլան դա ամենավատ նորությունն է համարել։ Լոնդոնյան խաղին չի մասնակցի նաեւ «Բարսելոնի» պաշտպան Կառլես Պույոլը, որը որակազրկվել է դեղին քարտեր ստանալու պատճառով։ Մարզիչը չի թաքցրել իր դժգոհությունը հանդիպումը սպասարկած գերմանացի մրցավար Վոլֆգանգ Շտարկի գործողություններից։ Նա նշել է, որ մրցավարը «Բարսելոնի» ֆուտբոլիստներին չի կարողացել պաշտպանել «Չելսիի» խաղացողների կոպտություններից։ Մարզչի կարծիքով` մրցավարը պետք է իրենց մրցակիցներին պատժեր այն բանի համար, որ պարբերաբար կանոնները խախտում էին Անդրես Ինյեստայի հետ պայքարում։ Մասնավորապես, Գվարդիոլան նշել է, որ Միխայել Բալակն իր տուգանային հրապարակի մատույցներում կոպտորեն վայր է գցել Ինյեստային, սակայն մրցավարը չի ցանկացել Բալակին պատժելու համար 2-րդ դեղին քարտը ցույց տալ եւ հեռացնել ֆուտբոլիստին։
armtimes.am
Էջանիշներ