Մեկ էլ մեկը` մորուքավոր,
Ոնց Վանատուր* հայ աստված,
Իր տան դռներն է բացում:
Ու մտնում եք դուք մի սրահ`
Արվեստանոց նկարչի, իսկ նկարիչն
Ինքն է` տանտերն հյուրնկալ:
Գիսախռիվ, գունատերես
Այր է նա մի երիտասարդ,
Գեղաչ է ու գեղաժպիտ,
Իսկ բիբերում խորաթափանց
Կարծրացած է մի խոր թախիծ:
Խումբը` աշխույժ, զվարճախոս,
Կատակում է, ծիծաղում ու աղմկում.
Տղաներ ու աղջիկներ են`
Մեկը մեկից համակրելի ու սիրուն:
Իսկ տանտերն էլ, յուրօրինակ,
Անձնապաստան իր կերպով,
Ձեզ է ժպտում շատ բարյացկամ ու մտերմիկ ժպիտով:
Կերուխումի սեղանի շուրջ
Զրուցում եք սրտամոտ,
Նա էլ, թեև ձեզ անծանոթ,
Լավ ընկեր ու վաղուց ծանոթ է թվում:
Ի~նչ լիցքեր են շողարձակվում
Նրա զննող աչքերում,
Երբ հայացքը քեզ է ուղղում`
Մեկ ակնդետ, մեկ թաքուն:
Չէ-որ, վստահ քո հմայքին,
Անսովոր չես այդ լիցքերին դու, բնավ,
Սակայն այսօր մոլորվում ես
Թախծաշաղախ այդ շողերից սիրավառ:
Լուսաբացին, երբ արևը
Նոր էր բազմել դարավանդին,
Նա էլ ուրախ ձեր խմբի հետ,
Այցելեցիք Խնձորեսկ:
Ձորահովտում վեհատեսիլ,
Քարե գրկում ժայռերի
Փռվել է հին Խնձորեսկը,
Դարձել մասունք դարերի:
Խորհրդավոր խոր կիրճերում,
Քարափներում ապառաժ
Կուտակվում են փրփուր ամպերն`
Անձև, անփույթ, խուռներամ:
Հետո քամու շոյանքներից նվաղում,
Ծվեն – ծվեն ծավալվում են նազանքով,
Լեռնածերպեր, ձոր ու քարափ
Ծածկում ծխե շղարշով:
Ու թվում է` ծուխ – շղարշից
Իջնում են ցած ոգիներն հին հայերի,
Շունչ ու հևք են տալիս, ասես,
Ծեր, հնամյա վանքերին
Ու երբեմնի մարդաբնակ անձավներին,
Որ ձգվել են լանջերն ի վեր լեռների,
Որպես խոսուն, բայց լուռ վկա`
Մաքառումի ու գոյի:
Էջանիշներ