Սիրով նվիրում եմ
ՋՈՒԼԵՏԱ ՔԵՇԻՇՅԱՆԻՆ
Ջ. Ավագյան

Իմ կրկնվող երազներում շարունակ
Սնարիս մոտ հայտնվում է ճերմակաթև մի հրեշտակ,
Ու չգիտեմ, հայտնվում է որպես վերքիս բալասա՞ն
Թե՞ մեծ մեղքիս` մեծ խարան:
(Անանուն)


Մի անավարտ մեղեդի

Ես չեմ ձոնում սոնետ, օդա,
Ոչ էլ շքեղ մադրիգալ,
Պարզ, անպաճույճ, համեստ հանգով
Քեզ եմ երգում, Յունոնա՜:

Ջինջ, կրակոտ աչքերը քո,
Ու ջերմ ժպիտդ պայծառ
Լույսի ցոլանք են վառ:
Ես այդ ցոլանքից շլացել եմ,
Տե՜ս, շլացել նաև քո շող հայացքից`
Առինքնող ու տաք:

Արևից շող, լուսնից ցոլանք
Արարիչն է Քեզ տվել,
Սակայն բախտիդ աստղի ուղին
Ո՞վ է այդպես խոտորել:
Գիտեմ` ինչքան ցավ ես թաղել
Նուրբ ու փխրուն հոգուդ մեջ,
Արդ բեկբեկված կյանքիդ գիրքը
Ես թերթում եմ էջ առ էջ:

Դեռափթիթ, դեռ աղջնակ,
Ա~խ, սիրեցիր դու նրան…
Լավ տղա էր, սրտում կրակ,
Արքերում` բոց հուրհրան:
Նա էլ սիրեց քեզ, Յունոնա,
Սիրեց մաքուր, կաթոգին.
- Օ~, Յունոնա՛, - շշննջում էր,-
Դու իմ կյանքն ես, իմ հոգին:
Հաճախ էլ լուռ, առանց խոսքի,
Ձեռքդ ափի մեջ առած,
Հիացմունքով քեզ էր նայում`
Աչքը աչքիդ մեջ հառած: