User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: Էտյուդանման էսքիզներ

  1. #1
    Լիարժեք անդամ tvsevak-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2011
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Գրառումներ
    72
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Էտյուդանման էսքիզներ

    Վերադարձիր

    Այդ սենյակից դեռ երկար կգա սուր հոտն անուրջներիդ և գիշերներն անվերջ կթավալվես անկողնումդ, իսկ հրդեհն ամեն անգամ ավելի ու ավելի ուժեղ կկլանի ազդրերդ, մեջքդ և բոցի լեզվակները կգան, կանգ կառնեն վզիդ տակ, բայց ներսից կոկորդդ կսեղմեն ու կստիպեն խեղդվել… Աներևույթ օղակները կսեղմեն քեզ, կճզմեն այնպես, ինչպես բեռնատարներն են ճզմում միջատներին… Բաց պատուհանները երբեք չեն էլ օգնի, օգնություն մի փնտրիր դրսում, մաքուր օդի մեջ չկա ոչ մի կաթիլ հանգիստ, իսկ սենյակիդ օդը վաղուց է մաքրվել… Այդ քթիդ մեջ է ու ռունգերում քո նուրբ թաքնվել այն բույրը օդի, որն արդեն տևական ժամանակ ստիպում է քեզ անքուն ծածկոցիդ հետ կռվել…

    Դու փոշմանել ես վաղուց ձեռքերս բռնելու, քանդած կոճակներդ նորից ետ կոճկելու և առաստաղի հայելիների մեջ անընդհատ պատկերացրել այն, ինչից այդքան հանգիստ դու վախեցար… Դու վախեցար, իսկ ես լուռ գնացի… Դու մնացիր անքուն ու մնացիր կիսատ… Երկար ոտքերդ ու վարսերդ սև, անգամ մաշկդ սառը և աչքերդ մեծ, անփոխարինելի չեն, մոռացի դա մի պահ… Անփոխարինելի չեմ և ես… Ես գնացի, եկավ մեկը, մյուսը կամ չգիտեմ ով, բայց նրանցից ոչ մեկ այդքան ջերմ չգրկեց և հակառակ քեզ կամ քո սպասածների նա ձեռքերը միայն քո ուսերին դրեց… Դրա համար հիմա սենյակում քո ահռելի, չկա ոչ մի մասնիկ օդի, չկաս և անգամ դու… Ետ գցած գլխով, կորամեջք ու մազերդ արձակ դու նստած ես ինձ մոտ, ինձ մոտ, բայց` մտովի…

    Փոթորիկներն անգամ քեզ օդ չեն բերի, կխեղդվես… Վերադարձիր, վերադարձիր… Կիսատ ենք թողել մի օր ամեն ինչ…


    Ժամանակակից թատերագրերից մեկին՝ Վ. Ս. - ին


    Խաղաղության նման անկատար են երազները իմ... Այսօր կլինեմ քո գերին, վաղն ինձ կվաճառեն մյուսին ու այդպես կօրորվի կյանքս ճամփաներում ցեխոտ: Թեև անգին են երազանքները բոլորի, սակայն անպետք են, չէ որ ոչ ոք դեռ չի հորինել այն տարադրամը, որոնցով դրանք կարելի է վաճառել կամ գնել... Փոխարենը վաճառվում ենք ինքներս... Ես վաճառականի հագուստներով շրջեցի կյանքում անվերջ, մինչև հասկացա, որ հենց ինքս եմ առաջարկվող ապրանքների ցանկում... Իմ անարև ու անարժեք կեսգիշերները հավասար են բոլոր բոլոր բացվող առավոտներիս անիմաստությանը, դրանց հետ ոչ կարողանում ես հաշտվել, ոչ էլ անհաշտ լինել... Մտքի պատառիկները կտանեն քեզ այնտեղ, ուր վերջացել է վաղուց ամեն ինչ, ուր թվացյալ լիությունն ու արժեհամակարգերը, թաղված են դարավոր փոշիների տակ ու մի համոզեք ինձ, դա այդպես եղել է միշտ ու կլինի հավետ...

    Ես զզվում եմ ձեր ասպետական ու իբր բարոյական դեմքերից, ես միշտ խորշել եմ արդարություն գոռացող ձեր ոհմակներից ու մի ստեք, թե դուք անշահ եք դա անում ու մի ստեք, որ մի օր չեք ծախել ձեր Աստծուն, եթե իհարկե ունեցել եք ի սկզբանե... Ես ճանաչում եմ ձեզ, մոտիկից, ես ինքս եմ մի օր ձեր մեջ եղել... Ձեր նախահայրերն են խաչել Քրիստոսին, ձեր ապուպապերն են ինկվիզիցիա արել, ձեր մայրերն են հենց խաչակիրները, միթե անհավատներ գոռացողներն առաջինը դուք չեք եղել...

    Հ.Գ. Հիվանդությունը պատճառ դարձնելով, վատառողջության կեղծ պատրվակով, թմրամոլներ էժան, որ ինտերնետային անարժեք բամբասանքներից այնկողմ չեք գնում, թերթեք ձեր տպած գրքերն ու ամաչեք... Միթե արժեր Դուբայի մի տոմսի համար այսքան աղմուկ սարքել... Եթե ի սկզբանե հասկանայի այս ողջ թատրոնի պատճառը, ինքս մի տոմս կնվիրեի... Չնայած, ավելի լավ կլիներ մի տաղանդավոր երեխայի ուսման վարձը տայի...

    * * * * *

    Եվ օրերում անկյանք, սխալ, անվերնագիր, ես ստորացա անվերջ ու տես դարձա անսուրբ…
    Համաձայն չեմ տարածության բաժանումներին երբեք, դրանք թույլ ու սուտ մարդկանց հորինած հեքիաթներ են, ովքեր մեղավորներ են ման գալիս իրենց անկարողության մեղքը բարդելու համար… Մեկ տարին անցավ արդեն այսքան շուտ: Տարվա ամփոփումները մարդիկ օգտագործում են անցյալն իմաստավորելու ու գնահատելու համար… Ամանորն այդ հնարավորությունը կարծես չի տալիս… Տոնական տրամադրությամբ, անվերջ վազքի մեջ, դժվար է ծանր ու կշռադատված գնահատական տալ մի բանի, ինչն ընդունված է անվանել կյանք…

    Իմ մեկ տարին կամ առաջին տարին վերջանում է այսօր, ավելի ճիշտ՝ վերջացավ մի քանի րոպեներ առաջ… Սկզբում փորձեցի ապրել այն, որպես մեծարման տարի, մեծարման այն կնոջը, ով իր մեծությամբ լցրել ու լիացրել էր կյանքս, հետո ապրեցի զղջման ժամանակը, զղջում՝ բոլոր կիսատ մնացած ժամերի, անավարտ խոսքերի ու ժամանակս ժամանակին չգիտակցելու համար: Դրան անմիջապես հաջորդեց գնահատման ժամանակը, վերլուծման անընդհատ դադարներով… Գնահատման այն նույն կնոջ, ով տվեց ինձ երրորդ անգամ ժամանակից շուտ ծերանալու զգացողությունն ու ցավի հետ աչքերը փակ գրազ խաղալու երգիծականությունը…

    Հետո եկավ մոռացության ժամանակը, ավելի անկեղծ՝ մոռացման փորձի ժամանակը… Մոռացման այն կնոջ, ով իր չլինելով քանդեց, դատարկեց ու ամայացրեց կյանքս… Ով կյանքս վերջնականապես փաթեթավորեց գույնզգույն թղթերով, գեղեցիկ տուփի մեջ դրեց և ասաց գտիր ու նվիրիր մեկին… Ես քեզ ժառանգում եմ միմիայն այդ պարտականությունը… Եղան ստորացման, ինքնաժխտումի, մեղադրանքի, ատելության, վրեժխնդրության, ցասումի, անգամ՝ զզվանքի ժամանակներ, անգամ ինքնամոռացման, անգամ սրբապղծության…

    Հիմա գիտեմ, որ ամեն ինչ սուտ է… Ավելի դիպուկ՝ ամեն ինչ անէական… Մոմավառությունից մինչև խնկարկում և գերեզմանաշինություն… Ամեն ամեն ինչ… Հիշատակն անմար մնում է միայն քեզ սիրողների, քեզնով հպարտացողների և քո մահով իրենց հարցերը լուծողների մոտ, իսկ ցավը… Ցավը տանում են ժամանակի անվերջության միջով քո հարազատները, ում համար կարևորը դու էիր… Թվում էր՝ ժամանակի ընթացքում ամեն ինչ անցնում է, ժամանակն ամեն ինչ բուժում է… Ես վստահ էի… Ինձ հակառակում են համոզում հիմա ստեղնաշարիս վրա հայտնված կաթիլները, քո աչքերի նման մաքուր ու թափանցիկ… Էլի չկարողացա ասել այն, ինչ ուզում էի…
    22.03.2012

    * * * * *

    Ու թե մի օր փոշմանելու եմ նրա համար, որ եղել ես, ու թե լինելդ անցյալ ժամանակի պիտի ձևափոխվի, ուրեմն թո՛ղ ինձ հիմա, ու թույլ տուր մաքրեմ ինձ քեզ հետ կապող հիշողություններից ու կապերից բոլոր… Եթե լինելդ տևական է ու որպես հերթական կորուստ եմ քեզ տանելու ինձ հետ կյանքիս երկարությամբ, ուրեմն ի՞նչ արժեք ունեն բոլոր բոլոր հույզերն ու թրթիռները, որ այսօր ես ինքնամոռաց քաղում եմ քեզնից… Ու՞մ են պետք ինձ անվերջ շոյող ձեռքերդ ու աչքերդ լուսավոր, եթե դրանք մի օր ցավի տեսքով են այցելելու ինձ ու իրենց արտացոլանքը թողնելու յուրաքանչյուրի հայացքում: Եթե քո հետ ապրվող իմ յուրաքանչյուր օրը վերջինը կարող է լինել, էլ ու՞մ է պետք օրվա վերջում ինձ սպասող անքուն հայացքդ ու կիսատաք գիրկդ: Իմ հերթական ցավի թատրոնը քեզնով տեսնելու համար ես դեռ պատրաստ չեմ, և դեն նետիր սիգարետը ձեռքիցդ, այն արդեն քո մատներն է վառում, ինչպես հետո մի օր քո չլինելը կվառի իմ սիրտը… Մեզ պետք չէ, ինձ պետք չէ շատացնել սպիերը, դրանց համար ես նոր տեղեր չունեմ ոչ մարմնիս, ոչ էլ հոգուս ծալքերում այլևս, դե բե՛ր ուրեմն ես արթնանամ անքեզ, որ լիովին մաքրվեմ, սրբեմ ու քանդեմ բոլոր նոր բացվող օրերի հույսերը, որոնցում քեզ եմ պատկերացրել: Թե գնում ես, գնա հիմա ու անվերադարձ, չէ՞ որ օրերի հերթափոխում ինձ մի օր ասելու կամ չես հասցնելու ասել այդ ցավի նման ծանոթ Մնաս բարով-ը…


    Վերջին ձմեռը...

    Եվ այն սիրով, որ անծանոթ այս մանչուկն էր ինձ փարվել, ես միշտ ուզել եմ քեզ ամուր գրկել… Այն, ինչ արեցիր դու ինձ համար իմ մանկության տասն և ավելի տարիների ընթացքում, անհատուցելի է… Ես միշտ ուզել եմ մի լավ բան անել քեզ համար, միշտ ուզել եմ ասել, որ անկախ ամեն ինչից, ես քեզ ընդունում ու սիրում եմ…

    Այս ամանորին էլ մեր տանը չես լինի… Դա էլ եմ հասկանում… Քո օրինական ընտանիքը, քո օրինական աղջիկը, ամանորը… Իսկ ե՞ս… Մի ժամանակ ես ատում էի քեզ, անկեղծ, ուզում էի, որ մեռնեիր, նույնիսկ մտածել եմ քեզ թույնել… Չգիտեմ, մի տարիք էր դա… Քո մասին ինձ միշտ էին հարցնում ու բոլորը… Դա էր ինձ ճնշում, չէ, ճնշելը թույլ բառ է, դա էր ինձ սատկացնում… Ընկերներիս ասում էի, որ մեր բարեկամն ես, հետո դարձար քեռիս, հետո… Հետո արդեն մեծ էի ու էլ չէին հարցնում… Բայց դա ինձ չէր փրկում, արդեն ամեն ինչ լուռ էր ու ավելի ատելի… Անընդհատ ուզում էի արդարանալ, քո մասին մեծամտորեն էի խոսում, որ չմտածեն, թե քեզ հարգում կամ սիրում եմ… Բայց հիմա… Այս ամենն ինչ ունեմ, այս լավ, ազնիվ ընկերները, այս հրաշք աղջիկները, որոնք ընկերոջ նման են, որոնք քույր էլ չեն, այս խոսելաձևը, քայլվածքն անգամ ու մտածելակերպը քո շնորհիվ է… Այդ բոլորը քոնն է…

    Այն բազմաթիվ պատմությունները քո կյանքից, պատմությունները կյանքի մասին, որոնք, կարծում էի, թե մորս մոտ հպարտանալու համար ես պատմում, ինձ տվել են ավելին, քան հինգ տարի իմ ինստիտուտը… Մայրս երբեք ծաղիկ չէր ստացել, ու ես հիմա հիշում եմ քո անընդհատ ծաղիկները, թեկուզ ոչ տոներին… Ախր հիմա էլ ես եմ դարձել քեզ պես… Դա էլ եմ սովորել…

    Մենք միասին գնում էինք ու երշիկներ էինք ցրում խանութներին, ես ձմեռային կոշիկներիս մեջ տոպրակներ էի հագնում, որ չմրսեի, քո առած տաք վերարկուի վրայից շարֆ էի կապում ու տաք գլխարկ դնում, բայց էլի մրսում էի ու մտքումս հայհոյում քեզ… Հիմա եմ հիշում քո հագի միակ ու մշտական բարակ աշնանային բաճկոնակն ու կոշիկները… Այժմ ես կարող եմ հարյուր հազարավոր ցուրտ ձմեռների ու հարյուր մետրանոց ձյուների միջով ոտաբոբիկ վազել…

    Հիմա ես չեմ կարող ամեն օր չսափրվել ու կեղտոտ կոշիկներով փողոց դուրս գալ… Հիմա ես գիտեմ, թե ինչու տղամարդը միշը պետք է գոտի կապի ու ամեն առավոտ սառը ջրով լվացվի… Քո պատճառով ես տնից փախա մի օր… Մայրս եկավ հետևիցս, լացեց, ես վերադարձա… Դրանից հետո երկար ժամանակ դու չեկար… Փոխարենը մայրս էր ամեն օր գալիս, որ փող տայիր… Որ լույսի վարձը մուծեինք, դպրոց «ֆոնդի փող» տանեի, երթուղայինի փող ունենայի… Գիտես, միշտ բոլորը հավանել են իմ արած խորովածը… Գիտե՞ս ինչու, որովհետև միշտ քո պես եմ արել…

    Հիշու՞մ ես, մի օր պարտադրեցիր խորովածը ես անեմ, իսկ ես կյանքումս չէի էլ տեսել, թե ինչպես են անում ու կրակի վրա դրեցի հազիվ շշերի վրա մնացող մսերն ու ողջը վառեցի, սևացրի, տո ես շա՞տ եմ իմանում, թե ինչ արեցի… Դրանից հետո կանգնեցրիր կողքիդ ու սկսեցիր սովորեցնել, նախ, թե ինչպես են միսը կտրտում, ինչպես են ճիշտ «բաստուրմա» դնում, ինչպես են շարում, որ հավաք լինի, չկախվի, ոնց են փայտերը շարում ու երբ են դնում միսը կրակին… Ես զզվում էի ամառվա շոգին կրակի կողքը կանգնելուց ու անընդհատ հայհոյում էի քեզ, ուզում էի, որ էլ երբեք գործերդ լավ չլինեն, որ խորոված չանենք… Առաջին շիշը քաշում էինք միասին, օղի էիր լցնում, հետո, երբ նստում էինք սեղան, տալիս էիր խորովածի տակի լավաշը, իսկ ես զզվում էի թաց լավաշից… Ընկերներիս էիր կանչում տուն, իսկ ես ավելի էի նեղվում…

    Հետո, երբ «բինգոները» նոր էին բացվել և ընկերս մի օր քո մոտ բողոքեց, թե մեզ չեն թողնում ներս, դու եկար մեզ հետ, ու թեև մինչև 18 տարեկաններին մուտքն արգելված էր, դրանից հետո մեզ ամեն անգամ թողնում էին ու այլ 14-16 տարեկանների նախանձալի հայացքների ներքո մենք գնում ու խաղում էինք: Ու բոլորն ինձ սիրում էին, բոլորի համար ես հեղինակություն էի, ես միշտ փող ունեի կոմպյուտերանոց գնալու համար, ի տարբերություն մյուսների, ես կարող էի առանց հարցնելու գնալ քաղաք և ընդհանրապես, անել ամեն ինչ, ինչ ուզում էի…

    Քեզանից սովորեցի շվեյցարների ու բուժքույրերի գրպանը փող դնելը, մատուցողներին թեյավճար թողնելն ու «աղջիկ խոսացնելը», թե ինչպես պարուհուն կանչել ստրիպտիզ ակումբում ու ինչպես փող դնել: Սովորեցի, թե ինչպես են էլեկտրական հաշվիչը «կանգնացնում», ինչպես են կարտերով ֆոկուսներ անում ու քո ուզած ձևով բաժանում, ինչպես են շուկայում «գին գցում», թե որն է լավ կանաչին, լավ միրգը…

    Հենց դու ինձ մարդ դարձրիր… Բայց ես միայն հիմա եմ հասկանում, թե դու ով էիր ինձ համար, այս ամանորին, երբ էլի չկաս ու երբ արդեն վաղուց չես գալիս… Հիմա «շաքար» ունես, ոտքերդ էլ աղակալել են, էլ չես կարողանում քայլել, ու ես հիմա, միայն հիմա եմ գնահատում ու ամեն անգամ աղոթում ու եկեղեցում մոմ վառում, որ Աստված քեզ առողջացնի ու երկար կյանք տա… Ես այդպես էլ չասացի քեզ այն, ինչ կար իմ մեջ, դու միշտ մտածելու ես, որ ես ատում եմ քեզ ու այն գիշերվա նման գոռում. «մեռիիի~ր»…
    Վերջին խմբագրող՝ tvsevak: 24.04.2012, 01:22:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (07.10.2012), Nadine (24.04.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Էտյուդանման էսքիզներ
    Հեղինակ՝ tvsevak, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 47
    Վերջինը: 13.06.2011, 11:52
  2. Առավոտյան էսքիզներ
    Հեղինակ՝ Հեղինակ, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 09.03.2008, 12:01

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •