Դաշնամուրը / The Piano
Նոր Զելանդիա, Ավստրալիա, Ֆրանսիա, 1993
Ռեժիսոր՝ Ջեյն Քեմփիոն
Դերերում՝ Հոլլի Հանթեր, Աննա Փաքուին, Հարվի Քեյթել և ուրիշներ
Ժանրը՝ դրամա
Կոմպոզիտոր՝ Մայքլ Նայմեն
IMDB-ի միջին գնահատականը՝ 7.5/10
Շահած մրցանակները Երեք Օսկար մրցանակ՝ լավագույն դերասանուհու, լավագույն երկրորդ պլանի դերասանուհու և լավագույն օրիգինալ սցենար անվանակարգերում:
Վաղուցվանից ֆիլմի մասին թեմա չէի բացել, բայց երեկ էս ֆիլմը վերադիտելուց հետո ուզեցա անպայման թեմա բացել, չնայած բաժնում մի քանի տեղ խոսել եմ էս ֆիլմի մասին:
Նախ մի քանի հետաքրքիր տեղեկություններ գրեմ ֆիլմի մասին:
Ռեժիսոր Ջեյն Քեմփիոնը Կաննի փառատոնի «Ոսկե արմավենի» մրցանակի հաղթող առաջին կին ռեժիսորն է
Ջեյն Քեմփիոնը երբևէ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում առաջադրված չորս կին ռեժիսորներից մեկն է (մյուսներն են Լինա Վերտմյուլլերը, Սոֆիա Կոպպոլան և Քեթրին Բայջելոն, ով միակն է, ով շահել է մրցանակը)
Հոլլի Հանթերը համր ֆիլմերի դարաշրջանից հետո 3-րդ դերասանուհին է, ով արժանացել է Օսկար մրցանակի այն դեպքում երբ հերոսուհին ամբողջ ֆիլմի ընթացքում էկրանին ոչ մի բառ չի արտասանում (չնայած ֆիլմի սկզբում ու վերջում նրա «մտքի ձայնը» մի քիչ խոսում է)
Հոլլի Հանթերը ինքն է նվագել է դաշնամուրային բոլոր ստեղծագործությունները:
Աննա Փաքուինը 2-րդ ամենաերիտասարդ դերասանուհին է, ով արժանացել է Օսկար մրցանակի ընդամենը 11 տարեկան հասակում: Ընդ որում Աննան մինչև չափահաս դառնալը այս ֆիլմը չի դիտել, քանի որ ֆիլմում կան բաց տեսարաններ:
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 19-րդ դարի կեսերին: Ադան շոտլանդուհի է, ով 6 տարեկանից չի խոսել, նա ապրում է իր սեփական աշխարհում ու իր զգացմունքներն ու մտքերն արտահայտում է դաշնամուրի միջոցով: Ադայի հայրը նրան ամուսնացնում է մի նորզելանդացի գաղութարարի հետ, ում Ադան նույնիսկ չի տեսել ու Ադային, նրա ապօրինի դստերն ու դաշնամուրն ուղարկում է Նոր Զելանդիա: Սակայն ամուսինները առաջին հանդիպումը շատ անախորժ ավարտ է ունենում, երբ ամուսինը հրաժարվում է ծանր դաշնամուրը տեղափոխել տուն: Նա չգիտեր, որ դաշնամուրը Ադային ինքնության ամենակարևոր մասն է կազմում և նրա սիրտը կպատկանի նրան, ում տիրապետության տակ գտնվում է այդ երաժշտական գործիքը:
Դերասանական խաղի մասին միայն հիացմունքով կարելի է խոսել: Աննա Փաքուինը հրաշալի է խաղում, սակայն ֆիլմն ամբողջությամբ Հոլլի Հանթերն իր ուսերին է կրում, նման հզոր դերասանական խաղ կյանքումս չեմ տեսել: Մենակ պետք է տեսնեք, թե ինչպես է Հոլլի Հանթերը ժեստիկուլյացիայով, միմիկայով ու դաշնամուրով զգացմունքների մի հսկայական աշխարհ ցույց տալիս, գժվելու բան է... Դե իսկ ֆիլմի երաժշտության հեղինակն էլ Մայքլ Նայմընն ա, ով թերևս ամենատաղանդավոր ժամանակակից կոմպոզիտորներից մեկն ա...
Էս էլ թրեյլերը.
Էջանիշներ