Լիլիթ Պիպոյանը կերգի Ազատության հրապարակում
Ճանաչված երգչուհի, երգահան Լիլիթ Պիպոյանը վաղը համերգ է տալու Ազատության հրապարակում՝ համալրելով այն տասնյակ հանրահայտ արվեստագետների ու մտավորականների շարքերը, ովքեր սատարում են հանուն արդարության պայքարին:
Երգչուհին եւ երգահանը lragir.am-ին հայտնել է, որ երբեք չի զբաղվել քաղաքականությամբ եւ չի էլ զբաղվելու: Իսկ հրապարակ գալիս է, քանի որ կարծում է, որ ընդդիմություն միշտ պետք է լինի, որ վերահսկվի իշխանությունը, չլինի ամենաթողություն:Հովհաննիսյանին վստահում է՝ ասելով, որ վերջին 20 տարիների ընթացքում իր համերգներին միայն նրան է տեսել քաղաքական գործիչներից, եւ երկու անգամ էլ Պարույր Հայրիկյանին են հետաքրքրել իր համերգները:
«Խորհրդանշական է, որ ես համերգ եմ տալու օպերայի բակում, եւ ոչ թե ներսում, քանի որ ներսը ինձ համար անհասանելի է: Ներսում համերգ տալու համար ես պետք է վճարեմ $ 3000: Ես նաեւ երազանք ունեմ երգել անվճար այն մարդկանց համար, ովքեր սիրում են իմ երաժշտությունը, բայց նեղվում են եւ գումար չեն կարող ծախսել համերգների համար»,- ասում է Պիպոյանը:
Նա երբեմն գալիս է Ազատության հրապարակ եւ, տեսնելով տարեց ու աղքատ մարդկանց, հազիվ է զսպում արցունքները: Ուզում է, որ երկրում չլինեն սոցիալական խնդիրներ, որ երկիրը զարգանա: Համարում է, որ 25 տարին բավական էր, որ երկիրը ոտքի կանգներ, բայց վատ օրենսդրությունը, դրա արդյունքում առաջացած օլիգարխիկ համակարգը եւ տնտեսական ոչ կայուն իրավիճակը խանգարել են այդ ամենին:
Պիպոյանը Հայաստանում չի կարողանում զբաղվել իր սիրելի գործով՝ դահլիճների համար հսկայական գումարներ են ուզում, իսկ փոքրիկ ակումբներում երգելով՝ չի կարող համապատասխան վարձատրություն տալ իր երաժիշտներին: Պիպոյանը նաեւ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասախոս է:
Աղբյուրը՝ http://www.lragir.am/index.php/arm/0/country/view/80839
Էջանիշներ