Մեկ-մեկ կորում ես ուրիշների քաղաքներում, ուրիշների հանդերձանքում, ուրիշների հայացքներում ու օտարական այդ երազով տարված մոռանում ես քո իսկական, քո սեփական հանդերձարանը: Սկզբում փնտրում ես իդեալներ, որոնց սկզբում փորձում ես ընդօրինակել, հետո նմանվել, հետո սովորել նրանցից, հետո էլ ամենևին մոռանում ես, թե ինչ ես իրենցից ուզում: Գնում ես հույսերի ու երազանքների հետևից, հետո սկսում դրանք քննարկել, քննադատել ու կրկին մոռանում ես, թե ուր ես գնում, ինչ նպատակով: Ընկերանում ես, սիրահարվում ես, ուրախանում ու երջանկանում հետո նորից հիասթափվում կամ չես հիասթափվում ու ուզում ես գնալ մի քայլ հետ, որտեղ հանգիստ էր կարծես ՝ մի անհանգստություն քիչ, մի ակնկալիք պակաս:
Վերցնում ես մի լավ տաշած վարդագույն քար, դնում ես գետնին, կանգնում ես վրան, գոռում ես. <<Էհեե՜յ>> : Իջնում ես, երկու քար էլ ես ավելացնում նախկինի վրա, բարձրանում ես ավելի բարձր ու ավելի բարձր խորքային ձայնով դարձյալ գոռում ես. <<Էհեհեհեե՜յ>>: Հետո իջնում ես ու նստում սարքածդ պատվանդանին, որ գոռոցիցդ հետո շունչ քաշես: Մրսում ես, մտնում ես կից նկուղային պանդոկը, մի շիշ գինի պատվիրում, մի տուփ ծխախոտ ու հետաքրքրասեր հայացքների ներքո վայելում քո ծխոտ ու կարմիր անէությունը:
Առավոտյան, երբ զարթնում ես, դանդաղ անկողնային քայլերդ տանում են դեպի լուսամուտը, որի գոգին դրել ես վերջին ծխախոտը… Բացում ես լուսամուտը, նստում աթոռակին, վառում ծխախոտը ու դանդաղ վերանում… սկզբից թեթևանում ես, ասես ներսումդ օճառի մի մեծ պղպջակ է փչվում ու քեզ դանդաղորեն պոկում հատակից, հետո էլ ընդհանրապես կորում են ձեռքերդ, մտքերդ, պատվանդաններն ու գինետները, ծխախոտն ու անկողնային դանդաղ քայլերդ: Աչքերդ բացում ես, խելակորույս վազքի մեջ, մազերդ խճճված, դեմքդ արևից կարմրած, հագիդ Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի կապույտ կիսատաբատը միայն ու ոտաբոբիկ… Վազում ես գետափով, ավազի, քարերի վրայով ու ոտքերդ հեչ էլ չեն ցավում: Գրպանումդ հարևանի այգուց նենգաբար գողացած խակ խնձորներ ու պնդուկներ, որոնք ձեր այգում նույնությամբ առատորեն աճում են, բայց ինչ-որ անհասկանալի պատճառներով հարևանինն ավելի համեղ են թվում, ռունգերումդ նոր ծախկած ուրցի հոտն ու երակներումդ մի ողջ ամառային խանդավառություն: Վազելով հասնում ես տուն, շրխկացնում քեզ միշտ սպասող դարպասն ու բարձրանում տան կտուրը, նստում կտուրին ու հերթափոխելով պնդուկներն ու խնձորները ատամներդ արանքում զննում աշխարհը, որն այքան պարզ ու հասկանալի է ձեր կտուրից: Այդ պահերին քեզ թվում է, նստած ես հենց աշխարհի գագաթին ու հանկարծ վեր ես կենում ու ակամա մի զիլ ու ցնցող ձայնով գոռում <<Էհեեեե՜յ>>: Հետո ոչ թե հոգնած այլ հաղթանակած պարկում ես կտուրին ու հյուսում քո առաջին ու վերջին իրական երազանքները, որոնք իրական են միայն այստեղ կտուրում, որոնք միշտ քոնն են ու իրականացված քանի դեռ գիտես կտուրի խորհրդավոր գաղտնիքը, որ մեծերը ներքևում չգիտեն ու միշտ ասում են <<Իջի՛ր, կնկնես>> չգիտես ինչու:
Բացում ես աչքերդ ու հասկանում, որ առաջին անգամ ընկել ես անդառնալի հենց այն ժամանակ, երբ բարձրացար կտուրը միայն ալեհավաքն ուղղելու, իջնելու ու Ֆրանսիայի հավաքականի խաղը դիտելու…
Էջանիշներ