Սարսափ... Անթույլատրելին մեղմ է ասված։ Վերը նկարագրված պատժամիջոցն ընդհանրապես ուղեղիս մեջ չի տեղավորվում։ Երեխայի առողջականի հետ խաղալով դաստիարակե՞լ։ Նույնիսկ ծեծն ավելի անվնաս կարելի է համարել, քան մարդուն զոռով մեծ քանակությամբ ուտելիք կերցնելը։ Դրանից մարդ կարող է անգամ մահանալ, գիտե՞ք։ Նման դեպքեր հայտնի են։ Լավ եք պրծել։
Համանման ձևով խիստ անընդունելի եմ համարում նաև երեխային մութ տեղում որոշ ժամանակով փակելը ու նմանատիպ դաժանություններ։ Երեխայի հետ վախից ինչ ասես որ չի կարող պատահել էդ իրավիճակում, ու հետևանքները կարող են անդառնալի լինել։
Լավագույն պատժամիջոցներից մեկն, իմ կարծիքով, երեխային իր համար կարևոր ինչ–որ հաճույքից ժամանակավորապես զրկելն է, էնպիսի բան, որից երեխան ոչ ֆիզիկապես, ոչ հոգեպես չի տուժի, պարզապես էդ պահին կզրկվի մի բանից, որը շատ է ուզում, ու դա նրա համար դաս կլինի հետագայում նմանատիպ արարքներից խուսափելու համար։ Հատուկ շեշտեմ, որ խոսքը ոչ թե երեխայի համար առաջին անհրաժեշտության նշանակություն ունեցող, այլ պարզապես հաճելի բաների մասին է։ Օրինակ, երեխային թեկուզ մի երկու ժամով սոված կամ ծարավ պահելը և նմանատիպ բաներ անթույլատրելի եմ համարում։ Իհարկե, ցանկացած պատժի պիտի նախորդի լուրջ հիմնավորված բացատրություն, որպեսզի հետագայում պատժի արժանացած արարքից խուսափելը ոչ թե զուտ վախի վրա հիմնված պահվածք լինի, այլ գիտակից մոտեցում։ Նաև կարևոր է, որ կոնկրետ դեպքերի համար նախապես զգուշացում լինի, որ եթե էսինչ բանն (չ)անես, կզրկվես էսինչ բանից։ Այդ դեպքում երեխան նախօրոք կիմանա, թե իրեն ինչ է սպասում տվյալ պահվածքի դեպքում, ու պատժելի արարքն անելու հավանականությունը զգալի կնվազի։ Բայց նման դեպքերում շատ կարևոր է հետևողականորեն ի կատար ածել սահմանված պատիժը, այլապես երեխան կհասկանա, որ կարելի է սխալ բաներ անել՝ միաժամանակ խուսափելով պատժից։
Նշածս միջոցը մայրս հաջողությամբ կիրառում էր իմ, քրոջս ու եղբորս նկատմամբ։ Օրինակ, եթե ինչ–որ վատ բան էինք արել, կարող էինք զրկվել մոտակա օրերին մեզ համար ցանկալի ինչ–որ միջոցառման գնալուց և այլն։ Սեփական փորձից կարող եմ ասել, որ դա լուրջ մտածելու տեղիք էր տալիս ու լրիվ նշանակետին էր խփում։ Ճիշտ է, առաջին ռեակցիաս, որպես կանոն, կատաղությունն էր լինում ու անզորությունից ու մանթոյից լացելու անդիմադրելի ցանկությունը (ինչը և հիմնականում ի կատար էր ածվում առանց հապաղման), ահավոր կատաղությամբ էի լցվում մամայիս նկատմամբ էդ պահին, բայց ի վերջո հաշտվում էի իրավիճակի հետ ու որոշ ժամանակ անց արդեն ավելի սառը գլխով համապատասխան հետևություններ անում։ Կամ, օրինակ, ես նախօրոք գիտեի, որ եթե մինչև էսինչ ժամը դասերս արած չլինեմ, էսինչ տեղը չեմ գնալու։ Քանի որ պայմանը հենց էն գլխից հայտնի էր, ապա որևէ մեկին մեղադրելու հարց էլ չէր առաջանում, ինչքան էլ որ ներսից ինքս ինձ ուտեի ու կատաղեի։ Դրվածքն էդպիսին է, վերջ։ Ուզու՞մ ես գնալ ուզածդ տեղը, բարի եղիր դասերդ ժամանակին անել, չէ՞՝ չգնալուդ համար միայն քեզ մեղադրիր։ Նույնը վերաբերում էր նաև ամենօրյա բակ իջնել, խաղալուն։ Ի սկզբանե հստակ դրվածք կար. մինչև դասերը չանենք–վերջացնենք, բակ իջնել չկա։ Բացառություններ չկան. տզզալը չի օգնելու, ոտքերը հատակին խփելն՝ առավել ևս։ Ու հեչ նշանակություն չուներ, թե էդ ընթացքում քանի ընկեր–ընկերուհի դուռը կծեծեին ու մեզ կկանչեին բակ խաղալու։
Մամաս մի ուրիշ պատժամիջոց էլ ուներ, որը բավական հազվադեպ էր կիրառում, բայց փոխարենը ամենաազդեցիկն էր։ Ուղղակի մեթոդի բնույթն էլ էնպիսին էր, որ հաճախակի կիրառումն արդեն կփչացներ էֆեկտը։ Եթե իր տեսանկյունից շատ լուրջ սխալ բան էի արել, կարող էր մի քանի օր ուղղակի հետս չխոսել։ Հենց էդպես՝ առանց որևէ կշտամբանքի, առանց որևէ բացատրության, քանի որ առանց այդ էլ պարզ էր, ուղղակի մեկ էլ հետը խոսում էի ու արժանանում լիակատար արհամարհանքի։ Ինձ համար, համենայնդեպս, լուրջ պատիժ էր դա։ Ու հաստատ առնվազն աշխատում էի թույլ չտալ, որ հաջորդ անգամ նման բան լինի։ Դա հատկապես ազդեցիկ է էն առումով, որ դու հոգեպես լրիվ պատրաստ ես լինում կշտամբանք լսելուն, մինչդեռ քեզ անակնկալ է սպասում` բնավ ոչ հաճելիներից
։
Էս ամենն, իհարկե, վերաբերում է էն տարիքին, երբ երեխան արդեն քիչ թե շատ գիտակից է ու ի վիճակի է հասկանալու նման բաները։ Իսկ մինչև մոտ երկու տարեկանը (կամ գուցե ավել, հստակ չգիտեմ) պատժի իմաստը չեմ հասկանում ու չեմ պատկերացնում, որ կարող է վնասից բացի, ուրիշ բանի հասցնել։ Էդ տարիքում, կարծում եմ, ուղղակի պետք է երեխայից հեռու պահել էն ամենը, ինչը չի կարելի (ասենք, կարող է նրան կամ մեկ ուրիշին վնասել՝ անկախ նրանից, թե որքանով է նա դա ուզում), չտրվել կամակորություններին, թեև էդ տարիքում կամակորությունը որոշելն էլ ոչ միշտ է հեշտ։ Ասենք, ուժեղ լաց է լինում, ի՞նչ իմանաս՝ կամակորություն է անում, թե ինչ–որ տեղն է ցավում կամ ինչ–որ բանի կարիք ունի, եթե, օրինակ, դեռ խոսել չգիտի։ Թեև մեծ մասամբ իրավիճակից քիչ թե շատ պարզ է լինում։ Էս տարիքում կարծում եմ՝ հիմնականում պիտի սովորության ուժի վրա շեշտը դնել, մինչև որ գիտակցության երանելի ժամանակը գա։
Էջանիշներ