«Իրանի դեմ պատերազմի սկսվելու դեպքում Հայաստանը կհայտնվի շրջափակման մեջ, իսկ Ռուսաստանը պատերազմ կսկսի Վրաստանի դեմ». Արեշիձե
Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կովկասի հարցերով վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեն անդրադարձել է Իրանի դեմ հնարավոր պատերազմին և դրա հնարավոր հետևանքներին.
«Իսրայելի ու ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ պատերազմի սկսվելու դեպքում Հայաստանը կհայտնվի շրջափակման մեջ, իսկ Ռուսաստանը Գյումրիի իր ռազմաբազայի ապահովման համար Վրաստանի տարածքով (Ցխինվալ-Բորժոմ-Ախալքալաք) միջանցք կբացի դեպի այն և կհայտնվի ռազմավարական շահեկան վիճակում:
Ռուսաստանի Գլխավոր շտաբը կարծում է, որ եթե ԱՄՆ-ը պատերազմ սկսի Իրանի դեմ, ապա դա կլինի ցամաքային օպերացիա: Հետևաբար չի բացառվում, որ մի գեղեցիկ օր ամերիկյան զորքերը տեղ զբաղեցնեն հայ-իրանական սահմանին: Այդպիսի իրավիճակում Հայաստանն ու Իրանը կհայտնվեն շրջափակման մեջ: Նույնը վերաբերում է Գյումրիի ռուսական ռազմաբազային:
Ռուսաստանը կցանկանա ապահովել այդ ռազմաբազան անհրաժեշտ բաներով, առավել ևս, որ դա չի կարող իրականացվել Վրաստանի օդային տարածքով՝ այդ երկրի հետ ունեցած բարդ հարաբերությունների պատճառով: Դրա համար էլ Ռուսաստանը Վրաստանի տարածքով (Ցխինվալ-Բորժոմ-Ախալքալաք) միջանցք կբացի դեպի այն և դրանով իսկ Վրաստանը կկիսի երկու մասի:
Արդյունքում, Ռուսաստանը կհայտնվի շահեկան վիճակում, քանի որ Վրաստանում իր վերահսկողության տակ կառնի էներգետիկ միջանցքը, կովկասյան երկաթուղին ու ավտոճանապարհը: Դրա համար էլ ինչ-որ չափով Վրաստանի դեմ Ռուսաստանի պատերազմը կախված է Իրանի դեմ պատերազմից: Այստեղ անհրաժեշտ է հաշվի առնել, թե ով է ռազմական գործողություններ վարելու Իրանի դեմ: Միայն Իսրայելը, թե ԱՄՆ-ը նույնպես:
Ինչ վերաբերում է աշնանը Ռուսաստանի պլանավորած «Կովկաս - 2012» զորավարժություններին, ապա Հյուսիսային Կովկասում ավանդաբար իրականացվել են զորավարժություններ, սակայն սա առաջին դեպքն է, որ զորավարժությունն ունենալու է ռազմավարական և ոչ թե տակտիկական բնույթ: Ռազմավարական ու տակտիկական զորավարժությունների միջև տարբերությունն այն է, որ դրանցի առաջինը նախատեսված է լոկալ (տեղական) աշխարհագրական հարթության համար, մինչդեռ երկրորդը՝ ողջ տարածաշրջանի համար:
Եթե նախկինում ռուսներն իսկապես ունենին ժանգոտ տանկեր, ապա 2008 թվականից սկսած՝ նրանք վերազինեցին ողջ բանակի 10 տոկոսը: Իսկ Հարավային ռազմական օկրուգի մի շարք զորամասերում այդ ցուցանիշը կազմեց 40, իսկ որոշ դեպքերում էլ՝ 100 տոկոս: Ամբողջովին փոփոխվեց նրա ավիացիոն պարկն ու սպայակազմը: 58-րդ հայտնի բանակի կողքին հայտնվեց նորաստեղծ 49-րդ բանակը:
Բացի այդ, ստեղծվեց լեռնահրաձգային գումարտակ, ինչը նախկինում բացակայում էր ռուսական բանակում: Այս պասհին Ալագիրի օդա-դեսանտային բազայում զորավարժություններ է անցկացնում մոտ 500 դեսանտային, որոնք բոլոր օկրուգներից հավաքված հետախույզներ են և որոնց սովորեցնում են թռչել օդապարիկով:
Ամբողջովին փոփոխության է ենթարկվել հրետանային համակարգը, Հյուսիսային Կովկաս են բերվել հրետանու համազարկի համակարգեր, որոնք մինչ այդ չկային տարածաշրջանում: Մախաչկալայում տեղակայվել է հակահրթիռային պաշտպանության համակարգ, որի հեռահարությունը կազմում է 1200 կիլոմետր, և որն ուղղված է դեպի Իրանի սահման:
Այս բոլոր գործոնները վկայում են, որ Ռուսաստանը լուրջ պատերազմի է պատրաստվում, առավել ևս, որ Աբխազիայի ու Հարավային Օսիայի ռուսական ռազմաբազաներում հայտարարվել է «№2 մոբիլիզացիա»: Նույնը վերաբերում է
Գյումրու ռազմաբազային, որտեղից դուրս են բերվել ռուս զինծառայողների ընտանիքները: Սա նույնպես կարևոր գործոն է»:
Հիշեցնենք որ 2011 թվականի ապրիլի 19-ին Վրաստանի խորհրդարանը 84 կողմ ձայնով որոշում ընդունեց «Ռուսաստանի հետ 2006 թվականի մարտի 31-ին կնքված ռազմական բեռների ու անձնակազմի տարանցիկ փոխադրման մասին համաձայնագրի գործողության ժամկետի լրանալու» մասին:
Էջանիշներ