Իսրայելը կօգտագործի՞ ադրբեջանական բազաները` Իրանի դեմ պատերազմում
15:16 • 29.03.12
Իսրայելին հնարավորություն է տրվել օգտագործել Ադրբեջանի` Իրանի հետ սահմանի մոտակայքում գտնվող ռազմաբազաները, տեղեկացնում է Foreign Policy ամսագիրը:
Ամսագրում հրապարակված ԱՄՆ դիվանագետներն ու ռազմական հետախուզության պաշտոնյաների ներկայացրած զեկույցի համաձայն` ԱՄՆ պաշտոնյաները մտահոգված են Ադրբեջանում Իսրայելի ռազմական ներգրավվածությունից, քանի որ դա ավելի կբարդացնի ԱՄՆ-ի կողմից իսրայելա-իրանական լարվածության թուլացումը: Ըստ երևույթին այժմ պետք է պատրաստվել պատերազմական սցենարին, որը կներգրավի նաև Կովկասը:
«Մենք հետևում էինք, թե ինչ է անում Իրանը և գնահատում հետևանքները, թե ինչ կարող է լինել Իսրայելի կողմից Իրանին ռազմական հարված հասցնելուց հետո: «Բայց մենք ուրախ չենք դրա համար», - ասել է ԱՄՆ հետախուզության սպան:
Փետրվարին Իսրայելը Ադրբեջանի հետ ստորագրեց 1.6 մլդր դոլարի պայմանագիր և պարտավորվեց զենք և հակահռթիռային համակարգեր մատակարարել Բաքվին: Ըստ ամերիկացի պաշտոնաթող դիվանագետի` դա զայրացրել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, քանի որ Իսրայելը ընդհատել էր Թուրքիային անօդաչու ինքնաթիռներ տրամադրելու մասին պայմանագիրը:
Զեկույցում ասվում է, որ Ադրբեջանական զինված ուժերն ունեն ԽՍՀՄ-ի ժամանակներից մնացած, լքված 4 օդանավակայան, որոնք կարող են Իսրայելի համար հարմար լինել:
«Ես կարծում եմ, որ գրավոր համաձայնագիր չկա, բայց չեմ կարծում, որ իսրայելական օդանավերին կարգելվի անհրաժեշտության դեպքում վայրէջք կատարել Ադրբեջանում: Իսրայելն արդեն երկու տասնամյակ է Ադրբեջանում լուրջ ներգրավվածություն ունի», - ասել է ԱՄՆ նախկին պաշտոնյան, ով տարիներ շարունակ աշխատել է այս տարածաշրջանում:
Պաշտոնական Բաքուն արդեն հասցրել է հերքել այս տեղեկատվությունը: «Իրանը հանդիսանում է Բաքվի մերձավոր հարևանը և մենք պնդում ենք, որ մեր երկրի տարածքը չի կարող օգտագործվել Իրանի դեմ»,- ասել է Ադրբեջանի նախագահական ապարատի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովը:
Ինչպես տեղեկացնում է Trend.az-ը, ադրբեջանցի պաշտոնյան ասել է, որ Ադրբեջանի և Իրանի միջև սերտ համագործակցություն կա, իսկ որոշ միջազգային ուժեր և ընդդիմության ներկայացուցիչներ, ինչպես նաև նրանց պատկանող լրատվամիջոցները փորձում են շահարկել Իրանի շուրջ լարվածության առկայությունը:
Tert.am
Էջանիշներ