Սա իմ օրագիրն է: 80 օրից կլրանա 33-ս:Ինչ եմ արել? Ինչ եմ անում? Ինչ պիտի անեմ?
Ծնվել եմ Երևանում
Երբեմն ինձ թվում է, որ ես ոչ թե ապրել եմ, այլ կողքից դիտել եմ: Չեմ հիշում, թե մանկապարտեզում որևէ ընկեր կամ ընկերուհի ունեցած լինեմ: Հիշում եմ, որ չէի սիրում բորշը, որովհետև մեջը սևացած ծայրերով կաղամբներ կային: Իսկ մի տղա էլ, Կարճիկյան Տիգրան անունով, ինձ ստիպեց, որպեսզի մեկ ոտքի վրա կանգնեմ անկյունում: Հետո դպրոց: Զուգահեռ 2-րդ դասարանից երաժշտական դպրոց , ջութակ և դաշնամուր: Ահավոր էր. փողոցում խաղացող տղաների կողքով, ջութակով, փափյոնով անցնել: Ուզում էի արագ անցնեի որ չտեսնեն ինձ: Մինչև 4-րդ դասարան ձգեցի:
Դասարանում երբեք ինձ վատ չեմ զգացել, սիրում էի համադասարանցիներիս: 3-րդ դասարանից սկսեցի մաթեմատիկան սիրել. միգուցէ որովհետև սիրահարված էի մաթեմատիկայի դասատուի աղջկան, որը մեր դասարանից էր: Դպրոցն ավարտելուց հետո ժող. Ինստիտուտ`ֆինանսահաշվային ֆակուլտետ` հաշվապահական հաշվառում և աուդիտ: Լավ դասարանից հետո վատ կուրս, որտեղ սովորելը ամոթ էր համարվում / իհարկե տղաների մեջ/: Կուրսը միասնական չէր: 3-րդ կուրսում կույրաղիքի պատճառով հիվանդանոց պարկեցի, որտեղ և պարզվեց որ ես բնածին ունեմ ընդամենը մեկ երիկամ, որն ունենալով մեծ չափեր , աշխատում է 2 երիկամի տեղ: Բայց քանի որ առանց պահեստային անվադողի երկար ճանապարհ չեն գնում, ինձ բանակ չտարան: Ինստիտուտի վեջին կուրսում Հայրս ֆինանսական դժվարություններ ուներ. մենք /ունեմ 3 տարի փոքր եղբայր և 10 տարի փոքր քույր/ մեծացել էինք, ծախսերը շատացել էին: Սկսեցի օգնել Հորս: Մի քանի տարի նրա հետ աշխատելուց հետո զգացի, որ ոսկերչությունը վատ չի ստացվում ինձ մոտ: Որոշեցի մասնագիտանալ դրա մեջ: Արդեն 12 տարի է ինչ ոսկերիչ եմ: Այդ ընթացքում հասցրեցի ամուսինանալ ու մեկ աղջիկ ունենալ:
Սա որպես առաջին գրառում, մնացածը հետո
Էջանիշներ