Ընտրապայքարի մեջ մտած քաղաքական ուժերից, թերևս, ՀԱԿ-ն է, որ առավել հետևողական է իշխանությունների քննադատության հարցում, քանզի 2008թ. նախագահական ընտրություններից ի վեր Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր համախոհները պատեհ առիթը բաց չեն թողնում «հանցավոր ռեժիմը» մերկացնելու և քննադատելու գործում:
ՀԱԿ-ի գործունեությունը, այս իմաստով, չի կարելի չգնահատել, քանզի իշխանության քննադատության, բացթողումների մասին բարձրաձայնումն ու հանրային «վերահսկողության» ապահովումը նպաստում են քաղաքական կյանքը ճահճացումից հեռու պահելուն, ինչպես նաև իշխանությունների հնարավոր կամայականնությունները զսպելուն:
Այս տեսանկյունից ընդունելով ՀԱԿ-ի որոշակի դրական դերակատարությունը հայաստանյան քաղաքական կյանքում, այնուամենայնիվ պետք է փաստել, որ իշխանությունների քննադատության և նախընտրական քարոզչության ՀԱԿ-ի մարտավարությունը չի կարող «փառքի դափնիների» արժանանալ:
Բանն այն է, որ, օրինակ, հետևողականորեն զարգացնելով այն թեզը, թե իշխանությունների հանցավոր գործունեության արդյունքում գործ ունենք «ապոկալիպտիկ կամ դժոխքի վերածված Հայաստանի» հետ՝ ՀԱԿ-ն, ըստ էության, «սակրալիզացնում» է ներքաղաքական կյանքը և հասարակական կարծիքը նախապատրաստում «քաղաքական մեսիայի՝ փրկչի» գալուստին: Այս առումով պատահական չէ ապրիլի 20-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը, որում նա ոչ միայն քննադատեց գործող իշխանություններին, այլև ակնարկեց իր՝ «փրկիչ» լինելու մասին:
Այդ ելույթը նշանավորվեց նաև նրանով, որ հատուկ շեշտադրությամբ քննադատվեց Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը, մասնավորապես՝ ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները, ինչպես նաև արցախյան հիմնահարցի կարգավորման մադրիդյան սկզբունքները (սա որոշակիորեն տարօրինակ է, քանզի առաջին նախագահը նախկինում դրական է գնահատել Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության որոշ դրվագներ, հայ-թուրքական հաշտեցմանը միտված «ֆուտբոլային դիվանագիտությունը»):
Գործող իշխանությունների արտաքին քաղաքական «ձեռքբերումները» համարելով փակուղային՝ ՀԱԿ առաջնորդը ներկաներին շարունակ «համոզում» էր այն բանում, որ Հայաստանն, ըստ էության, կործանման նախաշեմին է և կարիքն ունի «փրկչի», այնպիսի փրկչի, որն ի զորու կլինի խմբագրելու կամ սրբագրելու այս իշխանությունների գործունեության ծանր հետևանքները: Եվ ինչպես սպասվում էր, այդ փրկիչը ոչ թե «կրոնական սարերի» ետևում էր, այլ՝ հանրահավաքի բեմահարթակում:
Հարկ է արձանագրել նաև Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի հետ կապված մի քանի հանգամանքներ.
1. Նա շեշտում է, որ գիտի, թե ինչպես հաղթահարել այս իշխանությունների արտաքին քաղաքականության կործանարար հետևանքները: Այսինքն՝ մի կողմից ՀԱԿ առաջնորդն այն համոզմանն է, որ Սերժ Սարգսյանը (նաև Ռոբերտ Քոչարյանից ստացած «ժառանգության շնորհիվ») ձախողել և փակուղի է մտցրել ՀՀ արտաքին քաղաքականության հայ-թուրքական և արցախյան վեկտորները, իսկ մյուս կողմից պնդում է, որ կա փակուղուց ելք, և այդ ելքը ի՛նքը գիտի: Իսկ սա, ընդհանուր առմամբ, նշանակում է հետևյալը. Հայաստանը կործանվում է, և կա այն միակը, որին տրված է որպես փրկիչ հանդես գալու հնարավորությունը:
2. Եթե ՀԱԿ առաջնորդը նկատել է գործող նախագահի արտաքին քաղաքականության փակուղային լինելը, ապա ինչու՞ այդ մասին հետևողականորեն չի բարձրաձայնել, երբեմն էլ դրական է արտահայտվել և, միևնույն ժամանակ, ՀՀ քաղաքացիների դատին չի ներկայացրել իր՝ դրական ելք ապահովող տարբերակը: Այդ պարագայում ՀՀ քաղաքացին հնարավորություն կունենար հստակ իմանալու ՀԱԿ առաջնորդի «փրկարարական» ծրագիրը, հավանություն տար դրան կամ մերժեր:
3. Անշուշտ շատ դրական է, երբ որևէ քաղաքական ուժ ունի իրականության բարեփոխման ցանկություն և գիտի որոշակի ճանապարհ, սակայն ամբողջ խնդիրն այն է, թե արդյո՞ք քաղաքական ինքնակոչություն չէ սեփական մոտեցումը միակ և անայլընտրանք համարելը, և որքանով է իր կողմից ներկայացված իրականությունը համապատասխանում իրերի ընթացքին (օրինակ, չի կարելի համաձայնել առաջին նախագահի այն դիտարկման հետ, թե հայ-թուրքական ստորագրված արձանագրություններով նախատեսված պատմական հանձնաժողով ստեղծելու գաղափարով հայկական կողմը կասկածի տակ դրեց ցեղասպանության իրողությունը, քանզի այդ հանձնաժողովի իրավասության շրջանակներն, ըստ հայկական կողմի, պետք է սահմանափակվեն ցեղասպանության հետևանքների վերացման հետ կապված հարցերի քննարկումներով և այլն):
Աղբյուր` Panorama.am
Հեղինակ` Արմեն Սարգսյան
Էջանիշներ