Հայոց համազգային շարժման նախագահ Արամ Մանուկյանը Tert.am–ի հետ զրույցում, անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների փոխադարձ սատարման «Ժառանգությունից» ՀԱԿ–ին արված առաջարկի վերաբերյալ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, նշեց, ո
ր նմանատիպ մի առաջարկ էլ «Ժառանգությանն» ավելի վաղ արվել է ՀԱԿ–ի կողմից, որը սակայն «թողնվել է հետոյին»։
«Իսկ դրանից առաջ մենք էնքա՜ն լավ առաջարկ էինք արել, որը մերժվեց»,-ասաց Արամ Մանուկյանը՝ մանրամասնելով, որ «Ժառանգությանն» իրենք առաջարկել էին այդ հարցերը քննարկել մինչև առաջադրումների փուլը, սակայն այնտեղից մերժել էին՝ առաջարկելով քննարկել հետո:
Իսկ առաջադրումներից հետո ըստ Արամ Մանուկյանի շատ դժվար է դառնում պայմանավորվածությունների ձեռք բերումը:
Նշենք,որ «Ժառանգություն» կուսակցության ղեկավարն այսօր հայտնել էր նաև, որ իրենք ՀԱԿ-ին առաջարկել են 41 ընտրատարածքներում միասին զորակցել ՀԱԿ–ի 21 և «Ժառանգության» 7 թեկնածուներին, իսկ մնացածներում` ՀՅԴ-ի կամ այլընտրանքային մյուս ուժերի ներկայացուցիչներին, սակայն իրենց առաջարկը մերժվել էր:
Այնուամենայնիվ, Արամ Մանուկյանը ողջունում է Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը և համարում, որ նա իր քայլերի տերն է՝ մեկնաբանելով «Ժառանգության» առաջնորդի՝ թիվ 7 ընտրատարածքից ինքնաբացարկով հանդես գալու որոշումը:
Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում Հայ ազգային կոնգրեսի կողմից առաջադրված է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:
Մեկնաբանելով Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից բոլոր ընդդիմադիր թեկնածուներին հաջողություն մաղթելը, Արամ Մանուկյանն ասաց. «Րաֆֆին շատ լավ է արել, որ հաջողություն է մաղթել, ես էլ եմ հաջողություն մաղթում»:
«Կարծում եմ` սա ընդդիմադիր պահվածքի, ամբիցիաների, ինքնասիրության հարց էր»,- այս կապակցությամբ հայտարարել էր Րաֆֆի Հովհաննիսյանը:
Էջանիշներ