ԵՐԿՎՈՒԹՅՈՒՆ
Ես գիտեի, որ կաս,
Որ դու կգաս մի օր`
Մշուշ լինի, անձրև,
Թե կիրակի,
Վաղուց փնտրած սիրո,
Քրոջ տեսքով մոլոր…
Եվ ուշացած հուշդ
Դուռս պիտի թակի:
Եվ գիտեի, որ դու
Հայտնվում ես միշտ ուշ,
Անակնկալ, ուրիշ ժամանակից-
Ավետիսիդ կարոտ
Հոգուս իջար ոնց գույժ`
Դարձնելով կորուստն իմ կրկնակի:
Ես ամենքից հոգնած,
Դարձրած ողջը հուշ
Եվ վաստակած արդեն իմ կիրակին`
Խմում էի գինին
Իմ առօրյա անուժ,
Գոհ մաղթանքներ հղում
Պահապան Հրեշտակիս:
Բայց դու եկար հանկարծ-
Քրոջ տեսքով մոլոր,
Ինձ դարձրիր երկդեմ ու երկակի…
Եվ մնում է կիսված
Երկրորդությունն իմ նոր,
Եվ անձրև է, մշուշ ու կիրակի…
Էջանիշներ