Դավիթին բոլորը գիտեին դպրոցում: Տասներորդ դասարանում էր, իսկ ես` ութերորդ: Դպրոցում բասկետբոլի մրցումներ էին: Մեր դասարաններն անցել էին եզրափակիչ փուլ: Ես էլ էի խաղում: Նրանք ուժեղ էին. մենք պարտվեցինք: Ես հուզված դուրս եկա դպրոցից, ինձ մոտեցավ Դավիթն ու ասաց.
-Ամո՛թ է, Շուշան, խաղ էր էլի, համ էլ լավ էիք խաղում:
Նա իմ անունը գիտեր:
Դպրոցն ավարտելուց հետո Դավիթը բանակ գնաց:
Երկու տարի հետո ես ավարտեցի դպրոցը, Դավիթը բանակից վերադարձավ: Մի անգամ հաց գնելիս լսեցի.
-Բարև, Շուշան:
Շրջվեցի` Դավիթն էր: Անունս չէր մոռացել:
Նույն տարի երկուսս էլ ընդունվեցինք համալսարան:Ավելի հաճախ սկսեցինք տեսնել իրար: Մի օր տուն գալիս Դավիթը մոտեցավ ու առաջարկեց տուն ճանապարհել, չմերժեցի: Ամբողջ ճանապարհին ոչինչ չխոսեցինք: Հաջորդ օրը նորից Դավիթն ինձ սպասում էր, նորից լուռ հասանք տուն: Մի օր էլ մի տուփ կար ձեռքին, երբ հասանք մեր բակ, նվիրեց ինձ` շոկոլադ էր:
Չեմ հիշում առաջ ինչպես էր, բայց այդ օրվանից շոկոլադն անպակաս դարձավ ինձնից:
Հարևաններն արդեն մեզ տեսնում էին, գլխով երկիմաստ բարևում էին:
Մի օր էլ Դավիթն ասաց.
-Շուշան, մերոնց հետ ուզում եմ գալ ձեր տուն, համաձա՞յն ես:
Լռությունը համաձայնության նշան էր:
Մարտի տասն էր: Եկան մեր տուն` նշան դնելու:
Առաջին ուսումնական տարվա վերջն էր մոտենում: Դավիթի հետ մեր լուռ զբոսանքներն ու շոկոլադն ինձ էնքան էին ուրախացնում: Հիշում եմ` մի օր մաման անգամ նախատեց` ամո՛թ է, մի քիչ զսպի ուրախությունդ:
Մենք քննություններին էինք պատրաստվում:
Մի օր ոնց որ մառախուղի քողի մեջ լինեի, չեմ հիշում ինչպես եղավ, ուշագնաց եղա: Բոլորը նախատեցին, ինձ հատուկ սննդակարգ նշանակեցին, որ պինդ լինեմ:
Վերջին քննությունից վերադարձա տուն ու ուղիղ տան մեջտեղում ուշագնաց եղա: Մերոնք ինձ հիվանդանոց տարան, ինչ-որ անալիզներ վերցրեցին, եկանք տուն:Հաջորդ օրվանից մերոնք ինձ զրկեցին ցանկացած տեսակի քաղցրավենիքից:Մաման մենակ բացատրեց, որ բժիշկն արգելել է, որ մենակ խաշած վիճակում սնունդ պետք է որոշ ժամանակ ուտեմ: Կանցնի:
Ինչպես մերոնք պայամանավորվել էին` քննությունների ավարտից հետո Դավիթենք եկան` հարսանիքի օրը որոշելու: Որոշեցին` ուղիղ երեք շաբաթից:
Հաջորդ օրը եկա տուն, մենակ լսեցի պապայի ձայնը.
-Դու մեր ես, չե՞ս հասկանում, որ պետք է ասենք, ո՞նց կարանք թաքուն պահենք:
Ոչինչ չհարցրեցի, չհասկացա, անցավ-գնաց:
Մաման խիստ հետևում էր ինձ. հատուկ ինձ համար առանձին ուտելիք էր պատրաստում, քաղցրն էլ արգելված էր: Չգիտեր, որ ես Դավիթի շոկոլադներն իրանից թաքուն էի պահում:
Հարազատներս խառն էին. հարսանիքի պատրաստություն էին տեսնում, ամեն մեկն իր գործը գիտեր: Ինձ չէին թողնում խառնվել: Իմ հոգսը մենակ հարսի շորն էր, որ Դավիթի քույրը հատուկ բերել էր Լեհաստանից: Ամեն օր հագնում ու ժամերով ինձ հայելու մեջ զննում էի: Հետո մորաքրոջս աղջկա` Արմիկի հետ իմ սենյակում հարսանիքի համար անակնկալ էինք պատրաստում, որ խիստ գաղտնիք էր:
Հարսանիքից երեք օր առաջ էլի գիտակցությունս կորցրեցի: Երբ ուշքի եկա, մաման լացում էր, պապան գոռում էր, ես չէի հասկանում ոչ մի բառ:
Անգիր հիշում եմ մամայի բառերը.
-Շուշա՛ն, Շուշա՛ն ջան, ախր քեզ ասել էինք` ոչ մի քաղցր, դու քո թշնամին ես, էտ անտեր շաքարը քեզ կսպանի, ոնց չես հասկանում: Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անենք...
Հուլիսի յոթը եկավ: Ես փայլում էի, ես անհանգիստ ուրախ էի, վերջապես Դավիթը ներս մտավ, քողս բարձրացրեց ...
Իմ անակնկալ հարսի պարը մերոնց աչքերից արցունք թափեց: Դավիթը մոտեցավ ինձ, ու առաջին անգամ լսեցի Դավիթի` ես քեզ սիրում եմ խոսքերը:
Երջանիկ էի, չէ, արդեն էինք:
Երկու շաբաթ հետո եկանք մեր տուն, ես ահավոր թույլ էի, չնայած ամեն օր խմում էի դեղերս ու խիստ հետևում էի սննդիս: Հաոջորդ օրը մամայի հետ գնացինք բժիշկի:
Ես սկսեցի ամեն օր գաղտնի մեր տուն գալ տասը րոպեյով, որ մաման ինձ ներարկեր բժշկի նշանակած դեղի չափաբաժինը:
Օրեցօր թուլանում էի:
Դավիթին խնդրեցի,որ երկու շաբաթով ինձ մեր տուն տանի: Ես ինձ արդեն լավ էի զգում. թվում էր, թե ամեն ինչ անցել էր:
Դասերը սկսեցին: Երեք շաբաթ հետո հենց լսարանում աչքերիս առաջ նորից մթագնեց:
Մի տարի տարկետում ձևակերպեց Դավիթը: Օրերս կիսաթմբրած վիճակում էին անցնում, բայց ես մինչև վերջին ուժերս պայքարում էի. Դավիթին միշտ ուրախ էի դիմավորում, ամեն երեկո էլի լուռ զբոսնում էինք:
Էլ դիմադրելու ուժ չունեի:
Հիվանդանոց: Դավիթի կարմրած աչքերը, մամայի տանջված դեմքը, պապայի կռացած ուրվագիծը պատուհանի մոտ, ու լսում եմ բժիշկի ձայնը.
-Ուշ էր, շատ ուշացրեցիք, ամուսնական կյանքը հակացուցված էր, ես ձեզ զգուշացրել էի… չկարողացանք փրկել: Երևի չգիտեիք` հղի էր, պտուղը հազիվ մեկ ամսական լիներ: Չէր կարելի:
Չէր կարելի:
Հինգ տարի հետո վերջապես Դավիթը իր համակուրսեցի Լուսյային մեր տուն բերեց: Երկու տարի հետո ունեցան իրենց փոքրիկ Շուշանիկին:
Դավիթը հաճախ է ինձ մոտ գալիս մի տուփ շոկոլադով, ու մենք երկար ու լուռ զրուցում ենք:
Էջանիշներ