Շատ լավ հոդված է.
Վարակիչ քաղաքապետը
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ Մաշտոցի այգում պայքարող երիտասարդներին ընդառաջ չգնալը նման էր Իտալիայի ափերին խորտակված նավի նավապետի փախուստին, մի տարբերությամբ. նավապետը փրկում էր իր կյանքը, իսկ Տարոն Մարգարյանը` դիրքը, որ նրան վստահել են նշանակողները: Մարդու տարիքի մասին խոսում են այն ժամանակ, երբ երեւում են նրա գործողությունների բնույթն ու ձեւը: Տարոն Մարգարյանն աշխարհի ամենաերիտասարդ քաղաքապետներից է, եւ այս հանգամանքը կարող էր նոր շնչի, նոր բարեփոխումների մեկնակետ լինել, որովհետեւ երիտասարդությունը կտրուկ է, արկածախնդիր ու երազկոտ: Բայց պարզվեց՝ քաղաքապետը ժամանակից շուտ է ծերացել` սպառված, սպիտակ մազերով իշխանի հոգնությամբ, ում վերջին հույսն իր ամրոցի պատերն են ու դրսից սպասվող օգնությունը:
Մելբուրնի քաղաքապետ Ջոն Սոն իր գործունեությամբ եւ ապրելաձեւով դարձել է երիտասարդության կուռքը: «Ջոն Սո` մեր ախպեր». ահա այսպիսի կարգախոսով են տարբեր միջոցառումներին դիմավորում նրան: Եթե քաղաքապետը համարվում է քաղաքի առաջին քաղաքացին, նրա քաղաքացիական կենսունակությունը կախված է մարդկանց հետ շփվելու տաղանդից: Այս պարագայում շփվել քաղաքացիների հետ՝ նշանակում է շփվել քաղաքի հետ, որի անմիջական ղեկավարն ես: Մաշտոցի այգու համար պայքարից քիչ օրեր չեն անցել, շատ բան է ասվել ու գրվել, շատերն են եկել ու գնացել, ոմանց ողջունել են, ոմանց՝ սուլել: Ամեն ինչ շարունակվում է, թվում է՝ հետաքրքրության եւ արձագանքների շրջանակն ընդարձակվում է, բայց ժայռի պես անսասան է Տարոն Մարգարյանը:
Ո՞րն է նրա շփման լեզուն. կանչել մի քանի թոռոմած մտավորականի եւ որպես բանբեր հատուկ հանձնարարությամբ ուղարկել երկխոսելու ակտիվիստների հետ կամ պարզապես ասելու նրանց, որ ճիշտ չե՞ն գործում, թե՞ հանդես գալ քաղաքաշինության իր մասնագետների պատրաստած հայտարարությամբ, որից մանկամտության հոտ է գալիս: Նման լեզվով պարիսպներով կծկված քաղաքապետը փակում է հնարավոր դիսկուրսն իր եւ քաղաքի բնակիչների միջեւ, արժեզրկում ու փչացնում իրեն հավատալու կոչով հանդես եկող գործիչներին, դեֆորմացնում հասկացությունները: Ու այսօր հայտնվել են մարդիկ, որոնք անգրագետ ու դատարկ կարծիքներ են հնչեցնում, հանդես են գալիս հորդորներով ու կոչերով, իսկական մտավորականի տեսլական են առաջ քաշում եւ դա անում են բացառիկ ոգեւորությամբ:
Քաղաքապետի փչացած լեզուն` վարակիչ հատկությամբ, հիվանդացրել է շրջապատի գործիչներին ու բանբեր մտավորականներին, որոնց դիրքորոշումն ու պահվածքը կարծրանում է որպես մեկ ամբողջություն: Եվ «մտավորական» բառը լսելով, արագացված շարժանկարի պես՝ մարդկանց աչքերի առջեւ անցնում են Երնջակյանի, Իգիթյանի ու մնացածների դիմապատկերները ու ոչ երբեք Կարպիս Սուրենյանի, Արմեն Հովհաննիսյանի, Հակոբ Հակոբյանի եւ ուրիշների: Փաստորեն քաղաքապետը, որ այսքան օրերի ընթացքում դուրս չեկավ իր բնից, չքայլեց Մաշտոցի այգի, չհանդիպեց համարյա իր տարեկից երիտասարդներին, չլսեց նրանց պահանջը կամ պարզապես չզրուցեց հետները, սեփական ականջներով ու գիտակցությամբ չփորձեց ընկալել իրավիճակը, ավելի վտանգավոր է, քան այն բոլոր ոստիկաններն ու մտավորականները, որոնք ուղարկված էին հարցը կարգավորելու «առաքելությամբ», որովհետեւ նրանք, ի տարբերություն քաղաքապետի, վարակ տարածող չեն` վարակված են:
Չշփվելով այգու համար պայքարող երիտասարդների հետ՝ Տարոն Մարգարյանն առկա խոր ճեղքի մեջ հերթական սեպը խրեց եւ դրանով բացառեց նաեւ ինքն իր հետ շփվելու համարձակությունը` օտարվեց: Երբ չես շփվում` վախենում ես: Վախկոտ քաղաքապետի նստավայրը միշտ էլ ամրոցն է, լեզուն` բանբերը:
Եվ վերջում. Մակեդոնացին Պոլիսպերքոնեսի խորհրդին, ով առաջարկում էր օգտվել գիշերային խավարից եւ անսպասելի հարձակվել Դարեհի զորքի վրա, պատասխանում է. «Գողացված հաղթանակ տանելն իմ կանոններից դուրս է»: Բայց սա Մեծն Ալեքսանդրն էր: Իսկ պայքարը շարունակվում է:
Աղբյուր
Էջանիշներ