Ես ունենում եմ բնազդային զգացումներ, երկյուղ սիրային պարտականությունների նկատմամբ, տագնապ սիրո նկատմամբ, անվստահություն օտարների հանդեպ, զգուշություն բծախնդրության աստիճանի: Շատ հոգատար եմ ինչպես սիրո հարցում, այնպես էլ ինձ հետ կապված այլ գործերում: Կարող եմ ցուցադրական և գունագեղ չլինել, սակայն ասել այն ինչ մտածում եմ: Շատերը կարող են ինձ համարել սառը և հաշվենկատ: Զգացմունքներս խորն են և հիմնականում պահվում են որպես «գաղտնիք»՝ հետագայում պատմելու (նյութ ունենալու) համար: Չեմ սիրում հեշտ հաղթանակներ: Հակառակ սեռի նկատմամբ անվստահության դեպքում չափից դուրս խանդոտ եմ:
Ինչպես մեկը ասեց՝ օժտված եմ մարդկանց հետ շփվելու յուրահատուկ կարողությամբ: Փորձում եմ ինքս հարթել ճանապարհս. այդպես վստահ կանցնեմ այն: Հավասարակշռված եմ ու վերջերս հեշտ եմ դուրս գալիս կոնֆլիկտային իրավիճակներից: Ասում են արագաշարժ եմ, բայց ես դա իմ մեջ չեմ նկատում: Միտքս բնածին անհանգիստ է, մշտական որոնումների մեջ: Չեմ դադարում սովորել այն ինչ այդ պահին ինձ հետաքրքրում է: Որոշ մարդիկ ինձ համարում են չափից շատ անկեղծ և բացահայտ: Երբեմն դժվարանում եմ ավարտին հասցնել երկար ու բարդ աշխատանքը: Սիրում եմ գործը կատարել ու վերջացնել հնարավորինս արագ և որակով: Անսպասելի հանգամանքների բերումով խաբում եմ նախապես մտածված կամ դիտավորյալ: Ունեմ հետաքրքրություն ամեն ինչի նկատմամբ, բայց ցավոք չունեմ լաբորատորիա այդ ամեն ինչի մասին ավելին իմանալու համար:
Ռոմանտիկ եմ:Ծաղիկներից սիրում եմ կակաչ, մանուշակ մեկ էլ մոտ 10 տարի առաջ տեսածս ծաղկից, որի անունը չգիտեմ ինչ է: Սիրում եմ դատարկ տարածություն, որը կարող է «լցված» լինել ինչպես կանաչով, այնպես էլ քարերով (օրինակ Դավթաշենում կա նման տեղ): Սիրում եմ նայել մայրամուտը (օրինակ Դավթաշենում կա համապատասխան տեղ), ուժեղ քամին, անձրևը, կարկուտը:
Տարվա եղանակներից սիրում եմ աշունը՝ գունավոր ու թաց: Ձմեռը չեմ սիրում, որովհետև յուրաքանչյուր անգամ տնից դուրս գալուց հույս չեմ ունենում որ առանց վնասվածքների հետ կդառնամ:
Փոքր ժամանակ հարևանի աղջկա հետ երկու տիկնիկ ունեինք, որոնց մազերը սիրում էի պոկել: Հիմա չեմ հիշում դրանք ուր են: Ունեմ զբաղմունքով ու բնավորությամբ իրարից տարբեր շատ ընկերներ: Կուզենայի իրականում տեսնել Դուբայի երգող-պարող շատրվանները ու էլ ավելի կուզեի կանգնել դրանց տակ:
Սիրում եմ մոխրագույն, կապույտ, կարմիր, կանաչ, սպիտակ և սև գույները՝ կախված կիրառության ոլորտից:
Չեմ սիրում վարդագույն, դեղին գույները: Կուզենայի տանը կատու պահել:
Սիրում եմ կենդանիներին, եթե նրանք սիրում են ինձ... իսկ նրանք սիրում են ինձ:
Կցանկանայի աշխատել կառավարությունում, ունենալ կառավարության կողմից ինձ տրված սեփական թանկարժեք մեքենա: Քանի որ դա համարյա անհնար է, ապա կցանկանայի ուղղակի աշխատել կարողություններիս սահմաններում ու ստանալ թանկարժեք մեքենա գնելուն բավարարող աշխատավարձ:
Ինձ հաճախ կարող եք հանդիպել այնպիսի վայրերում, որտեղ դուք կամ առաջին անգամն եք գնացել կյանքում, կամ էլ չգիտեիք այդպիսի վայրի գոյության մասին:
Խնայելով ձեր տեսողությունն ու ժամանակը, այսքանով ավարտեմ:
Որոշեցի այս խաղին մասնակցել, քանի որ ուզում եմ հավատալ որ այն ինձ հետ հետաքրքիր կանցնի...
Մեկ էլ կխնդրեի տարիքային հարցեր չտալ, լա՞վ:Եկեք մինչև Դիմակի տակ թաքնվածին՝ այսինքն ինձ բացահայտելը փորձենք ճանաչել ինձ ավելին քան գրված է
Էջանիշներ