Քանի որ գարունն արդեն մոտ է, ուզում եմ Ձեր ուշադրությանը ներկայացնել իմ այս բանաստեղծությունը...

ԳԱՐՈՒՆՆ Է ԳԱԼԻՍ

Օդում ինչ-որ բան կարծես հուշում է,
Որ Գարունն արդեն ճանապարհին է,
Դրսում դեռ ցուրտ է, բայց երևում է`
Ծերուկ Ձմեռն իր վերջին շնչին է:

Հողը հոգնել է պարապությունից,
Ձմռան տաղտուկից ուժը հատել է,
Գարնան կարոտից երկինքը տրտմել,
Իսկ արևն ասես գույնը գցել է:

Եվ վայելում է օրերն իր վերջին
Սառնասիրտ, դաժան ծերուկ Ձմեռը,
Ուզում է ցույց տալ, որ երեք ամիս
Ինքն է եղել այս աշխարհի տերը:

Օդի բույրն անգամ լրիվ փոխվել է,
Արևն իր շողով խուտուտ է տալիս,
Արդեն ձյուն չկա, միայն անձրև է.
Ծերուկ Ձմեռն իր վախճանն է լալիս:

Անորոշ մի բան հոգիս խառնում է,
Սիրտս ինձ նորից հանգիստ չի տալիս,
Ուզում եմ ճչալ. հոգիս այրվում է,
Գիտեմ. պարզապես Գարունն է գալիս...
2005թ