Տարբերակ 13.
Երազների աշխարհում
իրական դեպք (անունները փոխված են)
Վաղուց արդեն նկատել էր, որ երազները նրա համար մի սովորական հորինվածքներ չեն, այլ իրականության հետ կապված մի թել: Ամեն անգամ մտածելիս հիշում էր յուրաքանչյուր դեպք ու մտովի վերապրում: Այ օրինակ այս մեկը:
Երազում, նստած էր իր աշխատասենյակում, երբ աշխատողներից մեկը դուռը բացեց ու ասեց.
- Ես ու Նարինեն նշանվել ենք, եկեք մաղարիչ ենք բերել:
Ամեն ինչ այնքան իրական էր: Առավոտյան պատմեց նույն սենյակում նստած իր աշխատանքային ընկերներին: Բոլորն էլ կատակեցին ու ծիծաղեցին: Իսկ մի քանի օր անց մտավ նույն աշխատողը ու կրկնեց հենց նույն բառերը: Բոլորը նայեցին նրան մեծ զարմանքով:
Մեկ այլ անգամ նորից աշխատողներից մեկի հետ կապված տեսավ թե ինչպես շոկոլադ է հյուրասիրում ու ասում թե կինը հղի է, տղա են ունենալու, ու շատ պարզ տեսավ շոկոլադի անվանումը(˝Մայիսյան կակաչներ˝): Նորից պատմեց աշխատողներին, բայց այս անգամ կատակներ չեղան, այլ լուռ սպասում: Ու իրոք մի քանի օր անց մտավ այդ աշխատողն ու նույն բառերը կրկնելով հյուրասիրեց բոլորին շոկոլադով, բայց ինչն էր հետաքրքիր, որ նա աշխատանքի վայրում չէր երբ դա տեղի ունեցավ:
Շատ անգամներ փորձել էր չհավատալ իր երազներին, ընդունել դրանք որպես լոկ երազանքներ, կամ հիմար հորինվածքներ, բայց ամեն անգամ իրականությունն պնդում էր իրենը:
Երբ ծնվեց փոքրիկն ու հիվանդացավ, համարյա կորցրել էր քունը ու միայն մի քանի ժամ կարողանում էր ննջել: Այս անգամ էլ փոքր ինչ ննջել էր, ու կարծես մթնշաղում լսեց իր փոքրիկի ձայնը մութ խոհանոցից, մոտեցավ ու գրկեց նրան հանելով մթությունից: Երազից ազդված, միանգամից վեր թռավ, կողքին փոքրիկը խեղդվում էր, հիվանդությունը իր սև գործն էր անում: Բայց արթնանալով կարողացավ փրկել իր փոքրիկին:
Քրոջ հետ կապված մի դեպք էլ էր պատահել, որը միշտ անպայման վերհիշում էր ու շատ ծանր տանում: Քանզի և երազում, և՛ իրականում ծանր էր տարել այդ ակնթարթները: Այդ ժամանակ քրոջ որդին ծառայում էր բանակում, թեժ գծում:
Քույրը խաղում էր իր փոքրիկի հետ իսկ նա խոհանոցում ամանները էր լվանում, երբ հնչեց հեռախոսի զանգը: Մոտեցավ ու վերցրեց հեռախոսը, եղբայրն էր: Կամաց, կարծես բոլորից թաքուն հեռախոսով ասեց.
- Քույրդ կողքիդ է՞.
- Այո
- Հիմա մի բան կասեմ, միայն թե ցույց չտաս քրոջդ ու չասես նրան
- Լավ
- Գևորգի կողքին ռումբ է պայթել, վնասվածք է ստացել, բայց արդեն լավ է, հոսպիտալում է:
Նա կանգնել էր լուռ ու չգիտեր ինչ անել, լացեր, քույրը կտեսներ ու անպայման կհարցներ, ու մի կերպ խեղդելով արցունքները դրեց լսափողն ու նորից վազեց խոհանոց:
Իրականում հենց այդպես էլ պատահեց: Քույրը խաղում էր փոքրիկի հետ ու երբ զանգեց հեռախոսն ու լսեց եղբոր ձայնը, միանգամից ջղաձգվեց: Արդեն գիտեր թե ինչ է ասելու եղբայրն ու կանգնած նայում էր քրոջն ու մի կերպ պահելով արցունքները խոսում:
Շատ հանգիստ էր վերաբերում այդ ամենին: Փորձում ճիշտ մեկնաբանել ամենինչ ու զգուշացնել եթե հնարավոր լիներ:
Օրինակ մի անգամ, մի շատ հետաքրքիր երազ տեսավ: Մեծ եղբայրն արդեն մահացել էր իսկ մյուս երկու եղբայրներն գյուղում էին:
Երազում երեք եղբայրներին տեսավ մի անապատանման վայրում: Երեք եղբայրներն կարծես հանգիստ զրուցում էին, բայց ավելի շատ կարծես մեծ եղբայրն, ինչ-որ բան էր համոզում մյուս երկուսին: Շուտով մի մեքենա մոտեցավ նրանց ու նրանք նստեցին, բայց վերջին վարյկյանին նա մոտեցավ ու մեծ եղբորն ուղարկելով մյուս երկուսին թույլ չտվեց նստել մեքենան ու տուն ուղարկեց:
Առավոտյան մի տեսակ տագնապալի զգացողություն ուներ: Զանգեց գյուղ ու պատմեց երազը: Նորից կատակներ հնչեցին, մի քանի օր հետո ինքն ու փոքրիկը գնացին գյուղ: Երեկոյան էլ հենց կատարվեց ամենը: Բոլորը միասին նստած հեռուստացույց էին նայում, երբ սենյակի կենտրոնում դրված քարածուխի ծանր ու մեծ վառարանը իր խողովակներով հանդերձ շուռ եկավ, վերջին վարյկյանին եղբայրը հասցրել էր մի կողմ քաշվել, որպեսզի խողովակները շուռ չգան նրա վրա: Մի տագնապ համակեց բոլորին, իսկ առավոտյան իմացան, որ մյուս եղբար տանն էլ է վառարանը շուռ եկել, և նորից կարծես հրաշքով վնաս չի տվել նրան:
Նորից ու նորից հիշում էր այս ամենը, հիմա շատ քիչ էին այդ երազները, միայն երբեմն տեսնում էր իր մահացած հարազատներին: Արդեն հասցրել էր նկատել, թե որ հարազատը ինչ լուրի մասին է իմաց տալիս, մայրը՝ օրինակ, զգուշացնում էր վատի մասին, իսկ հայրը միշտ լավն էր կանխագուշակում, եղբայրը նույնես նախազգուշացնում էր, իսկ քույրը փորձում պաշտպանել:
Ապրում էր, հիշելով կյանքի ամեն մի դրվագ ու չէր փորձում գտնել պատճառներ: Ուղղակի ապրում էր...
Էջանիշներ