Տարբերակ 11.
Մահվան Պարը
«Ես գրող եմ: Դանիել Հերունցն եմ ես: Վատ չեմ գրում: Երբ մոտս ինքնասիրահարվածության առանձնապես սուր նոպաներ են բռնում՝ ինձ համարում եմ մաքաբրի հայր, կամ ինչպես քննադատներն են անվանում՝ մաքաբրի արքա: Մաքաբրն իմ ընտրած ժանրն է ստեղծագործելու: Գրականության մեջ արսափի, առեղծվածի, հուսահատության ու մահվան մթնոլորտն է մաքաբրը: Իսկ հենց բառի բացատրությունը՝ մահվան պարն է: Ես այդ սրճարանը շատ եմ սիրում: Ինչի համար և ստիպված եմ այս թուղթը սևացնել այժմ: Երիտասարդը պարզապես հանգիստ նստած իր թերթն էր կարդում: Հետո մոտեցավ մատուցողն ու սեղանին դրեց գոլորշիապատ, թափանցիկ թեյնիկը: Այն, որ թեյի խոտը սեղմող սարք է մեջը լինում: Շատ մարդ չկար սրճարանում: Ես ամեն ինչ ֆիքսում եմ: Գրողի պարտականությունն է: Նկատել, ֆիքսել այն ինչ ուրիշներն անուշադրության են մատնում: Երիտասարդի կողքի սեղանին էլ մեկը կար նստած:Նկատեցի, տարօրինակ հայացք ուներ, բայց դե ո՞վ չունի ժամանակ առ ժամանակ: Ուրիշ սեղաններին մեկումեջ աղջիկների խմբեր էին նստած, սուրճ, կոկտեյլ էին խմում, սենդվիչ կծմծում: Ու այդ տղան: Հանգիստ իր թերթն էր կարդում: Առավոտն էր: Օրվա ժամը չէ, թերթը: Կեսօրից մի փոքր անց էր: Հետո... հետո դժվարանում եմ ասել՝ ինչ եղավ: Իսկ ես գրող եմ: Իմ հացն է՝ ասել, թե ինչ եղավ: Թերթը կտրուկ խշխշոցով փակեց՝ ինձ ստիպելով հայացքս գրքից կտրել և նորից իր կողմը նայել: Հայացքում ինչ-որ բան էր փոխվել: Մի տեսակ անորոշություն... թեապատիա էր հայտնվել աչքերում: Եռման ջրով թեյնիկը վերցրեց, բայց բաժակին չմոտեցրեց: Դանդաղ, ասես դանդաղեցրած կադրով բարձրացրեց վեր... ու... լցրեց գլխին... Աստված իմ... Ուղիղ գլխին... Ցավից սկսեց գոռալ... ու շարունակում էր լցնել... Դատարկեց մինչև վերջին կաթիլը... Գոռում էր: Հետո աթոռից գլորվեց ու անշարժացավ»:
- Գալստյան, սա ի՞նչ է:
Միքայել Գալստյանը հայացքը կտրեց փոքրիկ հեռուստացույցից. 02-ն էր նայում:
- Վկաներից մեկի նկարագրությունը: Հաճախորդներից միայն նա էր դեպքի վայրում մնացել, երբ մենք հասանք:
- Ուրիշ վկայություն չկա՞: Որտեղ դեպքը պատմած կլինեն, ոչ թե ինքնանկարագրական պատմվածք գրած կլինեն:
- Մատուցողինը կա: Բայց սա ավելի գրագետ էր գրված, - արդարացավ Գալստյանը:
- Հայոց լեզվի օլիմպիադա չի: Տուր տեսնեմ այդ մյուսը:
“Լավություն անողի գլուխը փլավքամիչ ա»- մտովի կնճռոտվեց Գալստյանը՝ թղթերի միջից գտնելով մատուցողի վկայությունն ու հանձնելով հրամանատարին:
***
Դանիել Հերունցը գիշերը վեր թռավ այն համոզմունքով, որ մեկը սենյակի անկյունում կանգնած իրեն է նայում: Աչքերը մի քանի անգամ թարթեց՝ քնի շղարշը դեն նետելու համար ու հայացքը հառեց իր կասկածած անկյունին: Բարձր մեջքով աթոռն էր՝ վրան իր խառըխուռը թղթերը:
Մահտեսի օրագրից
«Ինչպե՞ս ես, իմ սիրելի գրողիկ, գրքերդ գրո՞ւմ ես: Գրի-գրի, որ Մահտեսը կարդա: Ի վերջո դու դեռ դա չգիտես, բայց դու Մահտեսի համար ես գրում: Նա քո ամենանվիրյալ ընթեցողն է: Օ, դու մաքաբրի Արքա: Մի օր դու կիմանաս, որ գրում ես մաքաբրի Աստծո համար: Ծնկի իջիր, Արքա: Եթե չես ուզում, որ Մահտեսը ինքը քեզ իջեցնի այդ դիրքին: Ու դեռ հայտնի չէ՝ Մահտեսը ինչ կպահանջի, որ դու անես այդ դիրքում: Դու պետք է քո դեմքը տեսնեիր, գրողիկ, երբ այն դժբախտը թեյնիկի պարունակությունը դատարկեց գլխին: Ծիծաղելի էիր: Հուսով եմ մեկնումեկը աթոռդ մաքրել է՝ վեր կենալուցդ հետո: Շուտով կհանդիպենք, Արքա, շատ շուտով»:
***
Դանիել Հերունցը մեղմ թախիծով հայտնաբերեց, որ սառնարանի միջի կիսաապխտած երշիկի պաշարը վերջանալու վրա է: Նա վաղուց էր կարդացել, որ բոլոր հանճարեղ գրողները մի տարօրինակություն ունեցել են և անդառնալիորեն որոշել էր, որ իր տարօրինակությունը գրելու ժամանակ պարտադիր ձեռքի տակ կիսաապխտած երշիկ ունենալն է: Եվ դուրս քաշովի անձեռոցիկի տուփ, որից մազութի հոտ չէր գալիս ու որի թուղթը զուգարանի թղթի պես երկար շարքով դուրս չէր գալիս.հազիվ էր գտել այդ մի տեսակը: Իսկ երշիկը միշտ ձեռքով էր ուտում, առանց հացի, ու մատները յուղոտվում էին: Ստեղնաշարին մաքուր ու ստեղծագործ մատներ են պետք:
Որոշեց ոտքով գնալ: Հսկա խանութի մուտքի մոտ վերցրեց հսկա ապրանքատար գլգլիկը, թեև գիտեր՝ բացի երշիկից բան չունի գնելու:
Երշիկեղենի բաժնում ինչպես միշտ՝ հերթ էր: Եվ բնականաբար՝ բոլորն իրենց ապրանքը կտրտել էին տալիս: Մտածեց, որ կտրող գործիքի մոտ կանգնած տերյանավարի դալուկ ու լղարիկ աղջիկը միայն այդ տանել-բերելու գործողության հաշվին կարգին բիցեպս գցած կլինի: Փորձեց երկար թևքով բլուզի տակից գտնել թևի մկանոտ մասը, բայց կտորը հաստ էր ու անթափանց: Մինչև գործի կդներ երևակայությունը՝ անտեսանելին մտքում պատկերելու համար, իր հերթը հասավ: Ցույց տվեց իր նախընտրած երշիկը և խնդրեց կտրտել: Աղջիկը ժտպաց, մի տեսակ անկեղծ, ոչ վաճառողավարի, ու երշիկի վրայի թափանցիկ մաշկը վարպետորեն դանակով մաքրելուց հետո մոտեցավ կտրող գործիքին: Հերունցն արդեն կտրտած տասներեք կտոր էր հաշվել, երբ աղջիկն անսպասելիորեն մի կողմ դրեց երշիկը, նայեց Հերունցի կողմը և հետ շրջվելով կտրող մեքենային՝ ձախ ձեռքի ճկույթ մատը առանձնացրած պահեց կլոր ու դանակի մոտ և ևս մեկ վայրկյան տատանվելով՝ դանակն անցկացրեց վրայով: Երբ նա իր իսկ չռռացող արյանը նայելով պահեց երկրորդ, ճկույթի կողքի մատն ու նորից դանակն անցկացրեց վրայով՝ նրա ցավի ճիչը խլացավ հերթում կանգնած կանանց սարսափի ճիչի ներքո: Հերունցը հետ նայեց և տեսավ, որ անմիջապես իր հետևում կանգնած մարդուց բացի՝ մնացածը հիստերիայի մեջ ծղրտացող կանայք են: Մեկ վայրկյան հայացքը պահելով հետևում կանգնածի ոչինչ չարտահայտող դեմքին, ասես չէր էլ նկատել՝ ինչ է կատարվում, Հերունցը հրեց իրեն գետնից, մի ոտքը դրեց երշիկների ու խոզապուխտների մեջ, կտորներից մեկի վրա սահելով և հազիվ իրեն պահելով: Նա թռավ իրեն խոշտանգող աղջկա մոտ և հասցրեց հետ քաշել նրան այն ժամանակ, երբ նա դանակի տակ էր դնում իր ցուցամատը:
***«Ես ոստիկանության մեկ այլ բաժնում արդեն գրել եմ, որ գրող եմ: Իրականում կարող եք իրենց հետ կապվել, իմ մասին կասեն ձեզ: Ինչ-որ բան այն չէր...ինչ-որ բան նույնն էր... Այդ աղջիկը: Ինչպես էր հիվանդանոցում նայում վրաս ու հետո իր վիրակապված ձեռքին... Նա բժիշկներից էր իմացել, թե ինչ է արել: Ինչ-որ բան այն չէ: Նույնն է: Նույնն է ինչ-որ բան...»
շարունակությունը հաջորդ գրառման մեջ
Էջանիշներ