Տարբերակ 6.
Անվերնագիր
Ասել էի` դասերից հետո կմտնեմ տուն, լիցքավորիչս կվերցնեմ, նոր կմիանամ Իննային ու Սերժին: Իննան էլ պիտի կոշիկի խանութ մտներ: Էնպես որ ստացվում էր, որ ես ու Իննան պիտի միասին հասնեինք Սերժի տուն: Այդ օրը որոշել էինք պրոյեկտն ավարտել, ու երկար պիտի մնայինք Սերժի մոտ:
Էնպես ստացվեց, որ տնից անմիջապես դուրս չեկա. մի երկու վճարում ունեի, մտածեցի` դրանք անեմ, քանի չեմ մոռացել, հետո հանգիստ սրտով կանցնեմ դասերիս: Էդպես հանգիստ ու ալարկոտ վճարումներս արեցի, պայուսակս դասավորեցի` պատրաստվելով անքուն գիշերվան, մտա խոհանոց, ու քանի որ շատ սոված էի, նախորդ օրվանից մնացած կղեմ ֆղեշը դատարկեցի, որ ստամոքսս դիմանա մինչև Սերժի տուն հասնելը. էնտեղ գործի անցնելուց առաջ պիտի պիցցա ուտեինք:
Որքան էլ զարմանալի լիներ, Սերժենց շենքի դուռը բաց էր, ու կարիք չունեի հեռախոսով զանգելու, որ բացի: Հա, նրանց շենքը հնաոճ էր, ու ամեն մարդ իր անձնական զանգը չուներ: Մենակ մի ընդհանուր զանգ էր, որը հնչում էր միջանցքում, ու բնակիչները դուռը չէին բացում` մեկը մյուսի վրա գցելով: Դրա համար հեռախոսն ավելի լավ լուծում էր:
Ինչևէ, բախտս բերեց, ու միանգամից մտա, բարձրացա Սերժի բնակարան: Դուռը թակում եմ: Բացում են ու միանգամից վրա տալիս.
- Ու՞ր ես, մեռանք զանգելով ու մեսաժ ուղարկելով ու զանգելով:
- Հեսա նայեմ,- ու սկսում եմ գրպաններս խառնշտորել, որ հեռախոսս գտնեմ: Չկա,- կներեք, էրեխեք, հեռախոսս տանն եմ թողել :
Պիցցան համով էր: Վրայից էլ սուրճ ենք խմում, բայց դժվար է պրոյեկտին անցնելը:
- Ներածությունը ես կանեմ,- հայտարարում է Սերժն ու անցնում պատի տակ, մինչ ես ու Իննան գրաֆիկների վրա գլուխ ենք ջարդում:
Բնականաբար, այդ գիշեր չենք վերջացնում. արդեն հինգերորդ անգամ մերուժեր ըգերագնահատել էինք: Ու ժամը մեկի կողմերը ես ու Իննան վեր ենք կենում, որ գնանք:
Հասնում եմ տուն: Համակուրսեցիս` Ժակլինը, ժամանակավոր ինձ հետ է ապրում, մինչև նոր բնակարան գտնի: Գիշերվա ժամը երկուսին արդեն խորը քնած էր: Վախենում եմ լույս վառել: Ոտքերի ծայրերով մտնում եմ ներս, հանվում, որ միանգամից քնեմ: Հետո հիշում եմ` զարթուցիչը: Փնտրում եմ հեռախոսս: Սեղանին չէ, իսկ ես սովոր եմ այնտեղ մոռանալ: Պայուսակներս եմ քանդում, վճարման փաստաթղթերս, բայց ոչ մի տեղ հեռախոսս չի երևում: Հերթով սկսում եմ մտաբերել, թե ինչով եմ զբաղվել օրվա ընթացքում… դասից առաջ ճաշարանում Սերժի ու Իննայի հետ սուրճ էի խմում: Հետո գնացի դասախոսության, հետո խանութ, հետո փոստ, հետո տուն… վճարումներս… հետո իջա խոհանոց, թթվասեր կերա ու գնացի Սերժենց: Ե՞րբ եմ վերջին անգամ հեռախոսս օգտագործել: Վճարումներ կատարելիս բանկային հաշվեհամարներ էին պետք, որոնք հեռախոսիս մեջ եմ պահում, ու էդ ժամանակ դեռ մոտս էր: Ուրեմն կորել է խոհանոցից Սերժենց տուն գնալու հատվածում:
Մտնում եմ խոհանոց: Հարևաններս` Լիզն ու Ֆրանսուան, պիժամայով նստած զրույց են անում: Ես էլ եմ պիժամայով: Նրանց տեսնելիս անակնկալի եմ գալիս:
- Ըըըըը… ըըը, հեռախոս տեսե՞լ եք էս կողմերում:
- Չէ, կորցրե՞լ ես:
- Հա, որ գտնեք… ըըը… ըըը…
- Կվերադարձնենք:
Վերադառնում եմ սենյակ, ուր միայն Ժակլինի շնչառությունն է լսվում: Մտնում եմ անկողին ու հասկանում, որ առավոտյան արթնանալս լուրջ խնդիր է լինելու: Ուրեմն հենց լույսը բացվի, պիտի վեր կենամ:
Լույսը բացվում է: Ժակլինն արդեն ոտքի վրա է:
- Բարի լույս, կասե՞ս ժամը քանիսն է,- հարցնում եմ:
- Ինը:
Քունստանում է, բայց հեռախոսիս բացակայությունը չի թողնում քնել: Դա նշանակում է աշխարհի հետ կապ չունենալ կամ ինտերնետից ավելի կպած լինել, նշանակում է ժամանակից տեղյակ չլինել, առավոտյան չկարողանալ արթնանալ, բանկային հաշվեհամարները նորից էստեղից-էնտեղից հավաքագրել:
- Ժակլին, կզանգե՞ս համարիս,- խնդրում եմ քնաթաթախ:
Ժակլինը փորձում է: Զանգը գնում է: Ինչ-որ մեկը վերցնում է ու չի խոսում:
- Ուրեմն մեկը գտել է,- եզրակացնում է:
«Ուրեմն մեկը գտել է,-մտածում եմ,- բայց ինչու՞ չի պատասխանում… Ախր ու՞մ է պետք գողանալ իմ փտած հեռախոսը, որից ինքս էլ մեծ հաճույքով կհրաժարվեի»: Բայց ինձ ամենաշատը տանջում էր էն հարցը, թե որտեղ են գտել: Իմ տնից Սերժի մոտ տասը րոպեի ոտքի ճանապարհ է: Եթե հեռախոսը խոհանոցում չէր, նշանակում է` գրպանիցս է ընկել: Բայց իմ հին Նոկիան մի հետաքրքիր սովորություն ունի. ամեն ընկնելիս հազար մասի է բաժանվում, ու միայն ես գիտեմ` ոնց դրանք իրար միացնել:
Ընթացքում մտնում եմ ինտերնետ: Մեկ էլ տեսնեմ` մամայիցս նամակ է եկել. «Շտապ պատասխանիր, անհանգիստ եմ: Հենց նոր քեզնից տարօրինակ էս-էմ-էս ստացա»: Հետո գալիս էր էս-էմ-էսի ֆրանսերեն տեքստը. «Այս հեռախոսը ոստիկանությունում է»: Տրված էր հասցեն ու հեռախոսի համարը: Պատասխանում եմ, որ անհանգստանալու կարիք չկա, որ կորցրել եմ: Մամաս հանգստանում է:
Գրանցում եմ ոստիկանության հասցեն ու մտածում` գնա՞լ, թե՞ չգնալ: Մի կողմից, դեմ չեմ լինի, որ հեռախոսս վերադարձնեն. այդպիսով նորը գնելու կարիք չեմ ունենա, մյուս կողմից հիշում եմ զանազան օտարազգիների` Ֆրանսիայի ոստիկանության հետ գործ ունեցած ահասարսուռ պատմությունները, որոնք սովորաբար դեպորտով են ավարտվել: Երևի հիշում եք, թե անձնագիրը կորցնելու պատճառով Ծովինար Նազարյանն ինչ պատմությունների միջով էր անցել Փարիզի օդանավակայանում: Իմ արաբ հարևանին էլ հետ ուղարկեցին Սիրիա, որովհետև տունը թալանել էին, ու համարձակվել էր ոստիկանություն դիմել: Միայն չեմ հիշում` փաստաթղթերը տեղու՞մ էին, թե՞ ոչ: Նման մի դեպք էլ հենց հեռախոսի հետ կապված էր եղել, ու հերոսն էլ հայ էր: Թանկարժեք հեռախոսը կորցրել էր ու դիմել ոստիկանություն: Արդյունքը` դեպորտ:
Էդպիսով զինվեցի Ֆրանսիայում ապրելու իրավունքս հաստատող բոլոր փաստաթղթերով (սկսած ուսանողականից, վերջացրած տան վարձակալության պայմանագրով), գնացի դասի, որ հետո էնտեղից ոստիկանություն մտնեմ:
- Ժակլին, գնումեմոստիկանություն,- շշնջումեմ,- եթեկորեմ, գիտես` որտեղեմ:
- Կուզե՞ս` հետդգամ:
- Չէ, գործչունես:
- Հա, մենք միասին ավելի կասկածելի ենք,- ժպտում է Ժակլինը, որի մայրն արաբ է, ու արտաքնապես հեչ ֆրանսուհու նման չէ:
Մտնում եմ ոստիկանություն: Մի բարեհամբույր սևամորթուհի հարցնում է, թե ինչով կարող է ինձ օգնել: Բացատրում եմ, որ հեռախոսս կորել է, ու մայրս էս-էմ-էս է ստացել, որ այն ոստիկանությունում է: Հարցնում է, թե ինչ տեսք ունի: Նկարագրում եմ իմ հին ու բարի սև Նոկիան: Ասում են, որ իրենց մոտ է: Ինչ-որ թվեր են հարցնում:
- Չէ, չունեմդրանք… Հայաստանումեն:
Մտքումս ասում եմ` հարցրեք, թե էկրանին ինչ նկար է, թե մորս համարը ոնց է, թե միացնելիս ինչ տեքստ է հայտնվում էկրանին, թե վերջին զանգերն ումից պիտի ստացած լինեմ: Ու ես կպատասխանեմ, որ էկրանին եղբորս դստրիկի նկարն է, որ միացնելիս գրվում է «Բարև Լուսին», որ մորս համարը Հայաստանի կոդով է:
- Իսկօպերատորըկասե՞ք:
Փառք Աստծո, էս մեկը գիտեմ, ու վայրկյաններ անց հեռախոսս հայտնվում է մոտս: Ոչ մի քաշքշուք, ոչ մի «հեռախոսը գողացել ես» տիպի արտահայտություններ, ոչ մի «էստեղ սպասեք, մինչև պարզենք» տիպի երկարատև ու հոգնեցուցիչ սպասումներ, ոչ մի ձերբակալություն ու դեպորտ:
Կարդում եմ Իննայի` նախորդ օրվա էս-էմ-էսը, ստուգում բաց թողնված զանգերը: Մոռանում եմ հարցնել, թե ինչպես և որտեղ է գտնվել: Վերջապես, նայում եմ ժամացույցին: Դեռ մեկուկես ժամ ունեմ: Գնում եմ ճաշարան: Շառլոթը, Սոֆին ու Վիվիենը ճաշում են: Միանում եմ նրանց: Քիչ անց.
- Ուշացանք, գնանքդասիարդեն:
- Ո՞նց, դեռ քառասունհինգ րոպե կա,- ու նայում եմ հեռախոսիս ժամացույցին, որը 1:15 է ցույց տալիս:
- Ոչ, երկուսին հինգ է պակաս,- Նանեն ու Աստղիկը ցույց են տալիս ձեռքի ժամացույցը:
Գլուխս բարձրացնում եմ ափսեիցս: Ճաշարանի պատերն անհետացել են: Ավելի փոքր սենյակում եմ: Անկյունում տոնածառ է դրված: Դիմացս էլ զարդարված սեղանն է:
- Լուսին, ուշանում ենք, արագացրու, լսու՞մ ես:
- Հա, Աստ,- պատասխանում եմ երազկոտ` չհասկանալով ինչ է կատարվում:
Տեղիցս վեր եմ կենում, հագնում վերարկուս ու միանում արդեն պատրաստ կանգնած ընկերուհիներիս` Աստղիկին ու Նանեին: Դուրս ենք գալիս փողոց: Երևանն է: Թաքուն նայում եմ հեռախոսիս օրացույցին: 2007 թ. հունվարի մեկ:
Էջանիշներ