Տարբերակ 2.
Պարզապես զուգադիպությու՞ն, թե՞...
Սուպերմարկետի դրամարկղի մոտ հերթ էր գոյացել: Պատճառը փոքրիկ աղջնակն էր, ով, ձեռքի փափուկ- խաղալիք ճերմակ արջուկը տարուբերելով, դրամարկղում աշխատող աղջկան ինչ-որ բան էր փորձում համոզել` աղերսելով.
– Շատ-շատ եմ խնդրում, հասկացե՛ք, էս արջուկն ինձ իրոք շատ է պետք:
– Աղջիկ ջան, դու երևի հասկանալու հետ խնդիրներ ունես: Արջուկն արժե 3000 դրամ, իսկ դու տալիս ես 2500-ը:
– Բայց միայն այդքանն ունեմ: Աղաչում եմ` տվե՛ք:
– Դի՛ր խաղալիքն ու դուրս արի: Դու խանգարում մնացած հաճախորդներին:
Աղջնակը արջուկը ճարահատյալ դրեց դրամարկղի սեղանին ու լաց լինելով դուրս եկավ: Անահիտը, ով այդ ժամանակ հերթում էր կանգնած, լուռ հետևում էր միջադեպին, ու երբ իր գնումների դիմաց վճարելուց հետո դուրս եկավ սուպերմարկետից, տեսավ հենց այդ աղջկան` պատի տակ կուչ եկած: Մոտեցավ ու ասաց.
– Կներես, բայց ես քո կամակորությունը հասկանալ չեմ կարող: Ինչու՞ այնպիսի խաղալիք չես գնում, որը հարմար է գրպանիդ պարունակությանը:
– Խաղալիքն ինձ համար չէ,– կտրուկ պատասխանեց:
– Իսկ ո՞ւմ համար է:
– Այսօր քույրիկս ծննդյան օրն է, և ես ուզում էի նրան անակնկալ մատուցել: Իսկ նա շուտվանից հենց այն արջուկից էր ուզում ունենալ:
– Իսկապե՞ս… Գիտե՞ս այդ արջուկից ես էլ ունեմ տանը: Ինձ էլ էին նվիրել… շատ եմ սիրում… բայց լավ… սպասի՛ր, ես հիմա կգամ, – ասաց Անահիտն ու մտավ սուպերմարկետ: Քիչ անց արջուկը ձեռքին վերադարձավ:
Սա տեսնելուն պես` աղջկա դեմքին անուշ ժպիտ հայտնվեց, աչքերը փալեցին երջանկությունից: Առանց վայրկյան անգամ վարանելու` գրկեց հարազատ-անծանոթուհուն` ասելով.
– Չգիտեմ էլ ոնց շնորհակալություն հայտնեմ… Դուք…. Դուք…. Կգա՞ք միասին գնանք քույրիկս մոտ` նվերը տալու:
Անահիտը նայեց ձեռքի ժամացույցին. 13:10 էր, մինչև ընդմիջման ավարտը դեռ 50 րոպե կար:
– Լավ, գնանք… Հուսով եմ` կհասցնեմ: Բայց որտե՞ղ է քույրիկդ:
– Քույրիկս… ըըըը…. երկնքում է, – կարծես անցյալը վերհիշելով` դեմքի թախծոտ արտահայտությամբ ասաց:
– Ինչպե՞ս, – ցնցվեց Անահիտը:
– Հա…. երեք տարի առաջ մահացավ, – խորը հառաչեց աղջիկը, – սպիտակարյունություն ուներ:
« Ամենայն հավանականությամբ աղջիկն ուզում է քրոջ շիրիմին այցելել, չարժե նրան միայնակ թողնել. քաղաքի ամենահեռու գերեզմանատունն այստեղից 30 րոպեի ճանապարհ է, էնպես որ ես կհասցնեմ ճիշտ ժամանակին աշխատավայրում լինել» , – մտածեց Անահիտը` ասելով.
– Ցավալի է շատ… լավ, ուրեմն մենք միասին կգնանք քույրիկիդ մոտ… ես մեքենայով եմ:
Աղջնակը ընթացքում ցույց տվեց ճանապարհը, բայց Անահիտը հասկացավ, որ նրանք ամենևին էլ գերեզմանատուն չէին գնում: Ի վերջո հասան մի կիսախարխուլ շենքի մոտ, որտեղ էլ աղջիկը խնդրեց մեքենան կանգնեցնել:
– Բայց այս ի՞նչ շենք է, այս ու՞ր ենք եկել, – շփոթված հարցրեց Անահիտը:
– Խնդրում եմ` հարցեր մի՛ տվեք, ընթացքում կհասկանաք:
Աղջիկն արագ-արագ իջավ մեքենայից, իսկ Անահիտն էլ` նրա հետևից:
Բարձրացան շինության վերին հարկը, որը ձեղնահարկ էր հիշեցնում: Շատ խոնավ ու մութ տարածք էր, որտեղ տարբեր տեսակի անպետք իրեր էին լցված:
– Կարծում եմ` Դուք շատ չեք շտապում… քույրիկս շատ չի ուշանա, մի քանի րոպեից էստեղ կլինի, – ձեռքում ամուր պահած արջուկին շոյելով` ասաց աղջիկը: Իսկ Անահիտն ապշահար հայացքով կանգնել ու լուռ նայում էր: Չէր հասկանում` ինչ էր կատարվում: Նրա զարմանքը հասավ իր գագաթնակետին, երբ տեսավ, թե ինչպես աղջիկը փարվեց օդին, կարծես գրկեց օդը, համբուրեց , հետո սկսեց խոսել ինքն իր հետ, այսինքն` գուցե քրոջ հետ, կամ էլ ավելի շուտ` քրոջ ուրվականի:
« Աստված իմ, խեղճ աղջիկ… երևի քրոջ մահը շատ է ազդել նրա վրա, ու այժմ հավանաբար հոգեկան լուրջ խնդիրների առջև է կանգնած: Երբ նրան տուն հասցնեմ, ծնողներին անպայման կպատմեմ աչքիս տեսածի մասին», – վայրկյան անգամ աչքը չկտրելով աղջնակից` խորհում էր Անահիտը:
– Լավ, քույրի՛կս, ինչպես տեսնում ես, ինձ այստեղ սպասող կա… ես արդեն պիտի գնամ… վայ, սպասի՛ր... նվե՜րդ… նվե՜րդ չմոռանաս, – ասաց աղջիկն ու ճերմակ արջուկը պարզեց օդում:
Անհնար էր նկարագրել Անահիտի դեմքի արտահայտությունը, երբ տեսավ, թե ինչպես արջուկն օդում անէացավ:
«Ուրվակա՞ն, մի՞թե այսքան ժամանակ էստեղ ուրվական կար», – մտածում էր նա ու այդ մտքից սարսափում:
– Արդեն շատ ուշ է… ես աշխատանքից ուշանում եմ, – սթափվելով ասաց Անահիտը, որից հետո ամուր բռնեց աղջկա ձեռքն ու աստիճաններով արագորեն իջան:
Տեսածն այնքան մեծ ազդեցություն էր թողել նրա վրա, որ չէր կարողանում կենտրոնանալ մեքենան վարելու վրա: Նույնիսկ աղջկա հետ խոսել չէր կարողանում: Միայն մի բան էր ուզում` շուտ տեղ հասնել: Շուտ տեղ հասնելու համար էլ արագություն էր հարկավոր , իսկ արագությունը եղավ պատճառն այն բանի, որ մեքենան բախվեց հանդիպակաց ծառին ու…
Ու լսվեց Անահիտի զարթուցիչի ձայնը: Մղձավանջ էր… աչքերը մի կերպ բաց արեց, թեթևացած շունչ քաշեց ու անկողնուց շտապ վեր կացավ: Վեր կենալուն պես` տեսավ, որ իր ճերմակ փափուկ-խաղալիք արջուկը հատակին էր ընկած:
« Բայց ինչպե՞ս է սա այստեղ հայտնվել.. կամ ո՞վ է վերցրել պահարանի միջից ու գցել հատակին, չէ՞ որ ես մենակ եմ ապրում… կամ ինչո՞ւ մի շարք խաղալիքների միջից հենց այս մեկն է ընկել հատակին… երազումս տեսած արջուկը հենց նույն այս արջուկից էր… տարօրինակ է… ուրվակա՞ն... չէ… ի՞նչ ուրվական, ուրվականներ չկան, սա պարզապես զուգադիպություն էր», – արջուկը հատակից վերցնելով ու տեղը դնելով` ինքն իրեն մտածեց Անահիտն ու պատրաստվեց աշխատանքի գնալու: Աշխատավայրում ողջ օրը կենտրոնանալ չկարողացավ… մտածում էր գիշերը տեսած մղձվանջի ու հատակին ընկած արջուկի մասին, իսկ երեկոյան, երբ տուն վերադարձավ, տեսավ, որ ճերմակ արջուկը դարձյալ հատակին էր ընկած:
Էջանիշներ