Տարբերակ 1.
Անվերնագիր
Դինան աչքերը փակեց: «Վերջապես կքնեմ»,- մտածեց: Արդեն տասնհինգերորդ անքուն գիշեր էր անցկացրել իր կիսաքանդ բնակարանում: Վախենում էր աչք կպցնել, որովհետև չփակվող դռնով կարող էին գողեր մտնել ու գողանալ իր կանաչ աթոռը` միակ հարստությունը, որ մնացել էր որպես ժառանգություն հանգուցյալ հորից:
Արդեն կարող է հանգիստ քնել, որովհետև կանաչ աթոռը հանկարծ չքացավ տնից, երբ նախորդ օրը տասնհինգ րոպեով դուրս եկավ տնից ու գնաց հացի` հարևան Ժենիկին խնդրելով, որ հսկի տան մուտքը: Վերադառնալիս առաջին բանը, որ նկատեց, կանաչ աթոռի անհետանալն էր, իսկ Ժենիկն աշխարհի բոլոր սրբերով ու փչացածներով երդվեց, որ որևէ կենդանի արարած տան դռնով ներս չի մտել:
«Կենդանի արարած…»,- մտածեց Դինան ու անուշ քուն մտավ, որտեղ իրեն պիտի այցելեին բազմաթիվ կանաչ թիթեռներ, ոչ պակաս կանաչ ծաղրածուներ ու կանաչ ակնոցներով Ժենիկն իր կանաչ լիֆչիկով, որի մեջ կանաչ փող էր պահում:
Դինան վեր թռավ հարևան Ժենիկի ղժժոցից: «Երևի էլի մուկ ա տեսել»,- մտածեց ու մյուս կողքի վրա շուռ եկավ, որ էլի քնի: Մեկ էլ զգաց, որ Ժենիկի ձայնը չի դադարում ու կամաց-կամաց աղիողորմ երանգ է ստանում: Ուզեց ականջները փակել, որ չլսի, էն էլ հենց էդ պահին լսեց, թե ինչպես է դուռը բացվում ու ինչ-որ մեկը ներս է մտնում:
- Դինա, այ աղջի, էս ինչ օյին բերիր գլխիս,- ու զռռում է:
Ժենիկը մտել էր ներս, կանգնել Դինայի գլխավերևում ու մազերն էր փիդրում:
- Ժենիկ տոտա, ի՞նչ ա էղել:
- Այ աղջի... տո դու էլ, քո հերն էլ, քո հոր կանաչ աթոռն էլ...
- Իյաաա, բերանդ նորմալ բաց ու մի հատ բացատրի ինչ ա էղել:
Ժենիկն էլի բան չի ասում: Բռնում է Դինայի թևից, տեղերից դուրս հանում, տանում իր տուն:
- Է՞ս էր ուզածդ:
Դինան շշմում է: Ժենիկի ավագ դուստրը` Արմանուշը, անշունչ ընկած էր գետնին, աջ ձեռքի ցուցամատը տնկած, ու եթե նայեիր ցուցամատի ուղղությամբ, կտեսնեիր նախորդ օրն անհետացած կանաչ աթոռը, իսկ հետևում` կոտրած կողպեքով դուռը:
- Վայ, աթոռը,- բացականչում է Դինան, ու արդեն ուզում էր վերցնել ու տուն գնալ, երբ հասկանում է, որ էստեղ աթոռը չէ, որ ամենակարևորն է,- բայց... բայց ո՞նց էղավ Ժենիկ տոտա:
- Այ բալամ, էս աթոռից լավ բանի հոտ չի գալի: Քեզ ասում եմ` տուն մտնող չեմ տեսել, մարդ-մուրդ չի էկել: Բա ո՞նց էկավ, տունս մտավ, էրեխիս գլուխն էլ կերավ:
Թե ինչից էր Արմանուշը մահացել, ոչ ոք չկարողացավ բացատրել: Միայն թե Դինան հիշեց իր սեփական հոր անշնչացած մարմինը` աջ ձեռքի ցուցամատը տնկած դեպի կանաչ աթոռը, իսկ հետևում` կոտրած կողպեքով դուռը, որը ոչ մի վարպետ չէր կարողանում սարքել, հաջորդ օրը նորից փչանում էր:
Էդ աթոռը պապի կահույքից մնացած միակ նմուշն էր: Գյուղից քաղաք տեղափոխվելիս հայրը հետը բերել էր: Մնացածը մնացել էր գյուղում, հրդեհի բաժին դարձել:
Սկզբում կանաչ չէր, սովորական շագանակագույն փայտից էր: Բայց տարիներ առաջ, երբ Դինան հազիվ չորս-հինգ տարեկան կլիներ, եսիմ որտեղից կանաչ ներկ էր ճարել, աթոռը նախշել: Հայրը ջղայնացել էր, բայց աթոռը նորմալ տեսքի բերելու միակ լուծումն այն ամբողջությամբ կանաչ ներկելն էր: Ու էդպես կանաչ աթոռը եկել-հասել էր մեր օրերը, դարձել ընտանեկան խորհրդանիշ:
Արմանուշի մահվան պատճառը չկարողացան պարզել, ինչպես դեռ մի ամիս առաջ Դինայի հորինը չեն կարողացել: Ոչ ոք չհասկացավ նաև, թե ուր կորավ կանաչ աթոռը: Մինչ բոլորը զբաղված էին Արմանուշի հոգեհանգստի ու թաղման արարողությամբ, անհետ կորավ թանկագին իրը: Դե բնական բան. լիքը մարդ գնաց-եկավ էդ օրերին: Հաստատ մեկնումեկին դուր է եկել աթոռը, տարել է:
Օրեր անցան: Ոչ Դինայի, ոչ Ժենիկի տան կողպեքը չսարքվեց, բայց գոնե Դինան սկսեց հանգիստ քնել գիշերները` զանազան կանաչ երազներ տեսնելով, որոնց մասին սովորաբար մոռանում էր առավոտյան:
Բայց մեկ էլ մի օր լուր հասավ, որ կողքի շենքի Արմուշն է մահացել, էն նույն Արմուշը, որ մի քանի տարի առաջ էկել էր Դինայի ձեռքը խնդրելու, բայց չորով մերժվել էր:
Դինան աչքով չէր տեսել, բայց հարևաններն ասում էին` ընկած էր գետնին, աջ ցուցամատը տնկած դեպի… կանաչ աթոռն ու կոտրված կողպեքը:
«Էստեղ մի բան կա»,- մտածեց Դինան: Ախր ո՞նց էր էդ անշունչ առարկան տնից տուն ճամփորդում ու մահվան հանցակից դառնում: Ի՞նչ կար էդ աթոռի մեջ, որ պատուհաս էր դարձել մարդկանց գլխին:
Արմուշենց տնից չհասցրեց աթոռը վերցնել. էլի անհետացել էր: Բայց կարճ ժամանակ անց էլի ու էլի հայտնվեց` իրար հետևից հինգ մահվան լուր տալով: Վերջինը վերևի հարևանն էր, որի կնոջ աղիողորմ ճիչերի վրա հասավ, նորից ծանոթ պատկերը տեսավ` մարմինը հատակին, աջ ցուցամատը տնկած դեպի կանաչ աթոռն ու կոտրած կողպեքը:
Դինան առանց որևէ բառ ասելու վերցրեց կանաչ աթոռն ու դուրս թռավ, վազեց բակ, գրպանից լուցկի հանեց, զիբիլից` թերթեր, որ կանաչ աթոռը կրակին տա, պրծնի: Մեկ էլ լսում է` հետևից ինչ-որ մեկը ծիծաղում է: Շուռ է գալիս, տեսնում մի կնոջ, որի տեսքն էնքան ծեր էր, որ մեր իմացած 130 տարեկանից էլ էր անցնում, հագին էլ աշխարհի շորերն էին, ու զզվելի հոտ էր փչում:
- Ի՞նչ ես ուզում,- ասում է Դինան:
- Էդ աթոռը անիծած ա, մինչև հիմա չե՞ս ջոկում:
- Ո՞նց թե:
- Հա բա քեզ թվում ա էդքան մարդ հենցընենց մեռա՞վ: Կամ էլ կարո՞ղ ա հենցընենց էր էդ փեդի կտորը սաղի տներից կորում:
- Դու որտեղի՞ց էդքան բան գիտես:
- Էհեյ, դու իմ մասին չե՞ս լսել… հլա նայի է ոնց ա հետս խոսում: Լսի, ասում եմ` էդ աթոռը անիծած ա, ինչքան ուզում ես, վառի, մեկ ա ինքը տնետուն ա գնալու ու խնիտարի:
- Հը՞ :
- Ասում եմ` խնիտարի, չե՞ս լսում: Խը-նի-տա-րել…
- Էդ ի՞նչ ա:
Պառավը բան չի ասում, ծիծաղում է: Դինան ջղայնացած շրջվում է, թղթերը վառում, աթոռը կպցնում: Մինչ կանաչ աթոռը կարմիր բոցերի մեջ թավալ է գալիս, Դինան նորից շուռ է գալիս, որ պառավին ասի` տես, թե ինչ լավ ա վառվում, էն էլ պառավն էլ էնտեղ չի լինում:
Աթոռը վառվում, մոխրանում է: Դինան գնում է տուն, բացում հայերեն բացատրական բառարանը ու փնտրում «խնիտարել» բառը: Մատը սահեցնում է խ տառի վրայով: Չկա: Չէ, մի րոպե: Հանկարծ խնդիր բառը լղոզվում, ձևափոխվում է, դառնում խնիտարել, կողքը` բացատրությունը. «հոգիներ հավաքել: Խնիտարող առարկաներն իրենց մեջ հավաքում են մարդկանց հոգիները»:
Դինայի սիրտը նասկիների մեջ ընկավ: Վախից դողում էր: Մեկ էլ ոտնաձայներ լսեց: Վախենում էր շրջվել, բայց ավելի ու ավելի էին ձայները մոտենում: Մի կերպ գլուխը թեքեց ու տեսավ կանաչ աթոռը, վրան` նույն պառավը նստած գալիս են: Հաջորդ վայրկյանին Դինայի մարմինը գետնին էր` աջ ցուցամատը պարզած դեպի կանաչ աթոռը:
Պառավը վերցրեց Դինայի հոգին, դրեց փոքր տուփի մեջ ու ավելացրեց մնացած յոթ հազար չորս հարյուր իննսունինը տուփերին: Աթոռը թողեց Դինայի սենյակում: «Էս ինձ էլ պետք չի,- մտածեց,- արդեն յոթ հազար հինգ հարյուր հավաքել եմ: Սրա դիմաց ինձ վերամարմնավորում հաստատ կտան»:
Երկու օր անց քաղաքի ծննդատներից մեկում մի աղջիկ ծնվեց: Մաշկը կանաչ երանգ ուներ, բայց բոլոր հետազոտությունները ցույց տվեցին, որ առողջ է:
Էջանիշներ