User Tag List

Նայել հարցման արդյունքները: Քվեարկեք Ձեզ առավել դուր եկած տարբերակների օգտին

Քվեարկողներ
41. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Տարբերակ 1. Անվերնագիր- StrangeLittleGirl

    8 19.51%
  • Տարբերակ 2. Պարզապես զուգադիպությու՞ն, թե՞...- Նարե91

    7 17.07%
  • Տարբերակ 3. Անվերնագիր- StrangeLittleGirl

    2 4.88%
  • Տարբերակ 4. Փոխանակում- Վահիկ

    7 17.07%
  • Տարբերակ 5. Համարյա գերբնական պատմություն- Այվի

    14 34.15%
  • Տարբերակ 6. Անվերնագիր- StrangeLittleGirl

    4 9.76%
  • Տարբերակ 7. Անվերնագիր- AoF

    4 9.76%
  • Տարբերակ 8. Գերբնական ակումբ- StrangeLittleGirl

    23 56.10%
  • Տարբերակ 9. Բարև Կարո- Այվի

    7 17.07%
  • Տարբերակ 10. Առեղծվածային շրջաններ- Firegirl777

    6 14.63%
  • Տարբերակ 11. Մահվան Պարը- Գալաթեա

    24 58.54%
  • Տարբերակ 12. Աշխարհի ամենահարուստ մարդը- StrangeLittleGirl

    2 4.88%
  • Տարբերակ 13. Երազների աշխարհում- Firegirl777

    3 7.32%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 1 20-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 291 հատից

Թեմա: Ստեղծագործական մրցույթ. Գերբնական երևույթներ

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Ստեղծագործական մրցույթ. Գերբնական երևույթներ

    Մեկնարկում է գրական նոր մրցույթ, գերբնական երևույթների մասին:

    Այն ամենը, ինչը կարող է ծնվել մեր երևակայության մեջ, իսկ հետո հանկարծ պարզվի, որ իրական կյանքում է: Հոգիներ ու ուրվականներ, հանդերձյալ կյանք, անեծքներ, տելեպատիա, գերբնական ուժեր, որոնք փոխում են... Մրցույթում գերբնական երևույթների սահմանափակում չկա, սակայն փորձենք չխախտել սահմանն ու չմտնել ֆանտաստիկայի դաշտ:

    Կանոններ
    • Ստեղծագործությունը պետք է լինի արձակ, հայերեն ու մեքենագրված լինի հայատառ:
    • Ստեղծագործությունը պետք է նամակագրական համակարգով (PM) ուղարկեք ինձ, վերնագրում գրելով «Մասնակցություն գրական մրցույթին»: Եթե ստեղծագործությունը երկար է ու դժվար է PM-ով ուղարկելը, ապա նույն PM-ով ինձնից կարող եք ճշտել իմ email հասցեն ու ուղարկել այդ հասցեով, այդ թվում՝ օրինակ *.doc ֆորմատով:
    • Ստեղծագործությունը կարող եք ուղարկել մինչև հաջորդ շաբաթ օրվա (18.02.2012) ավարտը՝ 24:00-ն:
    • Հաջորդ կիրակի օրը՝ փետրվարի 19-ին ստացված ստեղծագործությունները՝ առանց հեղինակների անունները նշելու կտեղադրվեն թեմայում քննարկման ու քվեարկության համար:
    • Ստեղծագործությունն ինձ ուղարկելուց հետո չեք կարող ինձ խնդրել այն չտեղադրել կամ Ձեր անունը չհրապարակել, որովհետև այն ստանալու պահից համարելու եմ, որ ստեղծագործությունը ու ստեղծագործողը մասնակցելու են մրցույթին:
    • Յուրաքանչյուր ակումբցի կարող է ուղարկել մեկից ավելի տարբերակ:
    • Քննարկման ու քվեարկության ժամկետներն ու պայմանները կհայտարարվեն ստեղծագործությունները տեղադրելիս, դրանք կախված կլինեն ուղարկված ստեղծագործությունների քանակից, ինչպես նաև հաշվի կառնվի անցյալի փորձը:



    Մրցույթի գաղափարն առաջարկել է ivy-ն:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 33 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (12.02.2012), Arpine (11.02.2012), E-la Via (11.02.2012), Firegirl777 (13.02.2012), Freeman (11.02.2012), impression (11.02.2012), ivy (11.02.2012), Jerry (11.02.2012), Kanamar (11.02.2012), keyboard (13.02.2012), laro (11.02.2012), Lusinamara (11.02.2012), Mark Pauler (11.02.2012), Moonwalker (11.02.2012), My World My Space (11.02.2012), Nare-M (11.02.2012), Skeptic (11.02.2012), Smokie (11.02.2012), StrangeLittleGirl (11.02.2012), Yellow Raven (11.02.2012), Արէա (11.02.2012), Գալաթեա (11.02.2012), Գեա (11.02.2012), Դավիթ (22.02.2012), Ժունդիայի (11.02.2012), Մինա (11.02.2012), ՆանՍ (11.02.2012), Նարե91 (25.02.2012), Շինարար (11.02.2012), Ուլուանա (11.02.2012), Ռուֆուս (11.02.2012), Վահե-91 (11.02.2012), Ֆոտոն (11.02.2012)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Քվեարկության պայմանները

    • Ստեղծագործությունները տեղադրվում են առանց հեղինակների նշման, «Տարբերակ N. Ստեղծագործության վերնագիր» վերնագրով, որոնք էլ լինելու են քվեարկության ընտրության կետերը,
    • Քվեարկությունը տևելու է 4 օր,
    • Ստեղծագործությունների հեղինակները կարող են քվեարկել նաև սեփական տարբերակի օգտին՝ գուշակության փուլում իրենց վրայից կասկածը հանելու տակտիկական նկատառումով, սակայն արդյունքների վերջնական ամփոփման ժամանակ այդ ձայները չեն հաշվելու,
    • Քվեարկության 4 օրերի ընթացքում կարելի է թե՛ քննարկել ստեղծագործությունները, թե՛ փորձել գուշակել հեղինակներին,
    • Ստեղծագործության հեղինակներն ինքնաբացահայտվելու իրավունք չունեն,
    • Քվեարկությունը բազմակի է, կարելի է քվեարկել մեկից ավելի հավանած տարբերակների օգտին, սակայն դա պետք է արվի միաժամանակ: Գրառման տեսքով քվեները չեն հաշվելու,
    • «Ոչ մեկը չհավանեցի» կետ հարցման մեջ չկա: Այդպիսի կետ ընտրել ցանկանալու դեպքում կարելի է պարզապես չքվեարկել ու թեմայում՝ գրառման տեսքով, ներկայացնել կարծիքը,
    • Քվեարկությունը բաց է, բոլորը տեսնելու են, թե ով որ տարբերակի օգտին է քվեարկել,
    • 4 օր անց, քվեարկության ավարտից հետո կհայատարարվեն հեղինակները:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mark Pauler (22.02.2012), Արէա (19.02.2012), Ժունդիայի (19.02.2012)

  5. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Տարբերակ 1.
    Անվերնագիր


    Դինան աչքերը փակեց: «Վերջապես կքնեմ»,- մտածեց: Արդեն տասնհինգերորդ անքուն գիշեր էր անցկացրել իր կիսաքանդ բնակարանում: Վախենում էր աչք կպցնել, որովհետև չփակվող դռնով կարող էին գողեր մտնել ու գողանալ իր կանաչ աթոռը` միակ հարստությունը, որ մնացել էր որպես ժառանգություն հանգուցյալ հորից:

    Արդեն կարող է հանգիստ քնել, որովհետև կանաչ աթոռը հանկարծ չքացավ տնից, երբ նախորդ օրը տասնհինգ րոպեով դուրս եկավ տնից ու գնաց հացի` հարևան Ժենիկին խնդրելով, որ հսկի տան մուտքը: Վերադառնալիս առաջին բանը, որ նկատեց, կանաչ աթոռի անհետանալն էր, իսկ Ժենիկն աշխարհի բոլոր սրբերով ու փչացածներով երդվեց, որ որևէ կենդանի արարած տան դռնով ներս չի մտել:

    «Կենդանի արարած…»,- մտածեց Դինան ու անուշ քուն մտավ, որտեղ իրեն պիտի այցելեին բազմաթիվ կանաչ թիթեռներ, ոչ պակաս կանաչ ծաղրածուներ ու կանաչ ակնոցներով Ժենիկն իր կանաչ լիֆչիկով, որի մեջ կանաչ փող էր պահում:

    Դինան վեր թռավ հարևան Ժենիկի ղժժոցից: «Երևի էլի մուկ ա տեսել»,- մտածեց ու մյուս կողքի վրա շուռ եկավ, որ էլի քնի: Մեկ էլ զգաց, որ Ժենիկի ձայնը չի դադարում ու կամաց-կամաց աղիողորմ երանգ է ստանում: Ուզեց ականջները փակել, որ չլսի, էն էլ հենց էդ պահին լսեց, թե ինչպես է դուռը բացվում ու ինչ-որ մեկը ներս է մտնում:

    - Դինա, այ աղջի, էս ինչ օյին բերիր գլխիս,- ու զռռում է:

    Ժենիկը մտել էր ներս, կանգնել Դինայի գլխավերևում ու մազերն էր փիդրում:

    - Ժենիկ տոտա, ի՞նչ ա էղել:
    - Այ աղջի... տո դու էլ, քո հերն էլ, քո հոր կանաչ աթոռն էլ...
    - Իյաաա, բերանդ նորմալ բաց ու մի հատ բացատրի ինչ ա էղել:

    Ժենիկն էլի բան չի ասում: Բռնում է Դինայի թևից, տեղերից դուրս հանում, տանում իր տուն:

    - Է՞ս էր ուզածդ:

    Դինան շշմում է: Ժենիկի ավագ դուստրը` Արմանուշը, անշունչ ընկած էր գետնին, աջ ձեռքի ցուցամատը տնկած, ու եթե նայեիր ցուցամատի ուղղությամբ, կտեսնեիր նախորդ օրն անհետացած կանաչ աթոռը, իսկ հետևում` կոտրած կողպեքով դուռը:

    - Վայ, աթոռը,- բացականչում է Դինան, ու արդեն ուզում էր վերցնել ու տուն գնալ, երբ հասկանում է, որ էստեղ աթոռը չէ, որ ամենակարևորն է,- բայց... բայց ո՞նց էղավ Ժենիկ տոտա:

    - Այ բալամ, էս աթոռից լավ բանի հոտ չի գալի: Քեզ ասում եմ` տուն մտնող չեմ տեսել, մարդ-մուրդ չի էկել: Բա ո՞նց էկավ, տունս մտավ, էրեխիս գլուխն էլ կերավ:

    Թե ինչից էր Արմանուշը մահացել, ոչ ոք չկարողացավ բացատրել: Միայն թե Դինան հիշեց իր սեփական հոր անշնչացած մարմինը` աջ ձեռքի ցուցամատը տնկած դեպի կանաչ աթոռը, իսկ հետևում` կոտրած կողպեքով դուռը, որը ոչ մի վարպետ չէր կարողանում սարքել, հաջորդ օրը նորից փչանում էր:

    Էդ աթոռը պապի կահույքից մնացած միակ նմուշն էր: Գյուղից քաղաք տեղափոխվելիս հայրը հետը բերել էր: Մնացածը մնացել էր գյուղում, հրդեհի բաժին դարձել:

    Սկզբում կանաչ չէր, սովորական շագանակագույն փայտից էր: Բայց տարիներ առաջ, երբ Դինան հազիվ չորս-հինգ տարեկան կլիներ, եսիմ որտեղից կանաչ ներկ էր ճարել, աթոռը նախշել: Հայրը ջղայնացել էր, բայց աթոռը նորմալ տեսքի բերելու միակ լուծումն այն ամբողջությամբ կանաչ ներկելն էր: Ու էդպես կանաչ աթոռը եկել-հասել էր մեր օրերը, դարձել ընտանեկան խորհրդանիշ:

    Արմանուշի մահվան պատճառը չկարողացան պարզել, ինչպես դեռ մի ամիս առաջ Դինայի հորինը չեն կարողացել: Ոչ ոք չհասկացավ նաև, թե ուր կորավ կանաչ աթոռը: Մինչ բոլորը զբաղված էին Արմանուշի հոգեհանգստի ու թաղման արարողությամբ, անհետ կորավ թանկագին իրը: Դե բնական բան. լիքը մարդ գնաց-եկավ էդ օրերին: Հաստատ մեկնումեկին դուր է եկել աթոռը, տարել է:

    Օրեր անցան: Ոչ Դինայի, ոչ Ժենիկի տան կողպեքը չսարքվեց, բայց գոնե Դինան սկսեց հանգիստ քնել գիշերները` զանազան կանաչ երազներ տեսնելով, որոնց մասին սովորաբար մոռանում էր առավոտյան:

    Բայց մեկ էլ մի օր լուր հասավ, որ կողքի շենքի Արմուշն է մահացել, էն նույն Արմուշը, որ մի քանի տարի առաջ էկել էր Դինայի ձեռքը խնդրելու, բայց չորով մերժվել էր:

    Դինան աչքով չէր տեսել, բայց հարևաններն ասում էին` ընկած էր գետնին, աջ ցուցամատը տնկած դեպի… կանաչ աթոռն ու կոտրված կողպեքը:

    «Էստեղ մի բան կա»,- մտածեց Դինան: Ախր ո՞նց էր էդ անշունչ առարկան տնից տուն ճամփորդում ու մահվան հանցակից դառնում: Ի՞նչ կար էդ աթոռի մեջ, որ պատուհաս էր դարձել մարդկանց գլխին:

    Արմուշենց տնից չհասցրեց աթոռը վերցնել. էլի անհետացել էր: Բայց կարճ ժամանակ անց էլի ու էլի հայտնվեց` իրար հետևից հինգ մահվան լուր տալով: Վերջինը վերևի հարևանն էր, որի կնոջ աղիողորմ ճիչերի վրա հասավ, նորից ծանոթ պատկերը տեսավ` մարմինը հատակին, աջ ցուցամատը տնկած դեպի կանաչ աթոռն ու կոտրած կողպեքը:

    Դինան առանց որևէ բառ ասելու վերցրեց կանաչ աթոռն ու դուրս թռավ, վազեց բակ, գրպանից լուցկի հանեց, զիբիլից` թերթեր, որ կանաչ աթոռը կրակին տա, պրծնի: Մեկ էլ լսում է` հետևից ինչ-որ մեկը ծիծաղում է: Շուռ է գալիս, տեսնում մի կնոջ, որի տեսքն էնքան ծեր էր, որ մեր իմացած 130 տարեկանից էլ էր անցնում, հագին էլ աշխարհի շորերն էին, ու զզվելի հոտ էր փչում:

    - Ի՞նչ ես ուզում,- ասում է Դինան:
    - Էդ աթոռը անիծած ա, մինչև հիմա չե՞ս ջոկում:
    - Ո՞նց թե:
    - Հա բա քեզ թվում ա էդքան մարդ հենցընենց մեռա՞վ: Կամ էլ կարո՞ղ ա հենցընենց էր էդ փեդի կտորը սաղի տներից կորում:
    - Դու որտեղի՞ց էդքան բան գիտես:
    - Էհեյ, դու իմ մասին չե՞ս լսել… հլա նայի է ոնց ա հետս խոսում: Լսի, ասում եմ` էդ աթոռը անիծած ա, ինչքան ուզում ես, վառի, մեկ ա ինքը տնետուն ա գնալու ու խնիտարի:
    - Հը՞ :
    - Ասում եմ` խնիտարի, չե՞ս լսում: Խը-նի-տա-րել…
    - Էդ ի՞նչ ա:

    Պառավը բան չի ասում, ծիծաղում է: Դինան ջղայնացած շրջվում է, թղթերը վառում, աթոռը կպցնում: Մինչ կանաչ աթոռը կարմիր բոցերի մեջ թավալ է գալիս, Դինան նորից շուռ է գալիս, որ պառավին ասի` տես, թե ինչ լավ ա վառվում, էն էլ պառավն էլ էնտեղ չի լինում:

    Աթոռը վառվում, մոխրանում է: Դինան գնում է տուն, բացում հայերեն բացատրական բառարանը ու փնտրում «խնիտարել» բառը: Մատը սահեցնում է խ տառի վրայով: Չկա: Չէ, մի րոպե: Հանկարծ խնդիր բառը լղոզվում, ձևափոխվում է, դառնում խնիտարել, կողքը` բացատրությունը. «հոգիներ հավաքել: Խնիտարող առարկաներն իրենց մեջ հավաքում են մարդկանց հոգիները»:

    Դինայի սիրտը նասկիների մեջ ընկավ: Վախից դողում էր: Մեկ էլ ոտնաձայներ լսեց: Վախենում էր շրջվել, բայց ավելի ու ավելի էին ձայները մոտենում: Մի կերպ գլուխը թեքեց ու տեսավ կանաչ աթոռը, վրան` նույն պառավը նստած գալիս են: Հաջորդ վայրկյանին Դինայի մարմինը գետնին էր` աջ ցուցամատը պարզած դեպի կանաչ աթոռը:

    Պառավը վերցրեց Դինայի հոգին, դրեց փոքր տուփի մեջ ու ավելացրեց մնացած յոթ հազար չորս հարյուր իննսունինը տուփերին: Աթոռը թողեց Դինայի սենյակում: «Էս ինձ էլ պետք չի,- մտածեց,- արդեն յոթ հազար հինգ հարյուր հավաքել եմ: Սրա դիմաց ինձ վերամարմնավորում հաստատ կտան»:

    Երկու օր անց քաղաքի ծննդատներից մեկում մի աղջիկ ծնվեց: Մաշկը կանաչ երանգ ուներ, բայց բոլոր հետազոտությունները ցույց տվեցին, որ առողջ է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahit96 (20.02.2012), aragats (20.02.2012), Ariadna (20.02.2012), armen9494 (19.02.2012), Chilly (22.02.2012), E-la Via (20.02.2012), Freeman (19.02.2012), Kanamar (19.02.2012), Mark Pauler (21.02.2012), murmushka (23.02.2012), Peace (19.02.2012), Sambitbaba (19.02.2012), Smokie (20.02.2012), unknown (19.02.2012), Varzor (20.02.2012), Դավիթ (22.02.2012), Նիկեա (19.12.2015)

  7. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Տարբերակ 2.
    Պարզապես զուգադիպությու՞ն, թե՞...


    Սուպերմարկետի դրամարկղի մոտ հերթ էր գոյացել: Պատճառը փոքրիկ աղջնակն էր, ով, ձեռքի փափուկ- խաղալիք ճերմակ արջուկը տարուբերելով, դրամարկղում աշխատող աղջկան ինչ-որ բան էր փորձում համոզել` աղերսելով.

    – Շատ-շատ եմ խնդրում, հասկացե՛ք, էս արջուկն ինձ իրոք շատ է պետք:
    – Աղջիկ ջան, դու երևի հասկանալու հետ խնդիրներ ունես: Արջուկն արժե 3000 դրամ, իսկ դու տալիս ես 2500-ը:
    – Բայց միայն այդքանն ունեմ: Աղաչում եմ` տվե՛ք:
    – Դի՛ր խաղալիքն ու դուրս արի: Դու խանգարում մնացած հաճախորդներին:

    Աղջնակը արջուկը ճարահատյալ դրեց դրամարկղի սեղանին ու լաց լինելով դուրս եկավ: Անահիտը, ով այդ ժամանակ հերթում էր կանգնած, լուռ հետևում էր միջադեպին, ու երբ իր գնումների դիմաց վճարելուց հետո դուրս եկավ սուպերմարկետից, տեսավ հենց այդ աղջկան` պատի տակ կուչ եկած: Մոտեցավ ու ասաց.

    – Կներես, բայց ես քո կամակորությունը հասկանալ չեմ կարող: Ինչու՞ այնպիսի խաղալիք չես գնում, որը հարմար է գրպանիդ պարունակությանը:
    – Խաղալիքն ինձ համար չէ,– կտրուկ պատասխանեց:
    – Իսկ ո՞ւմ համար է:
    – Այսօր քույրիկս ծննդյան օրն է, և ես ուզում էի նրան անակնկալ մատուցել: Իսկ նա շուտվանից հենց այն արջուկից էր ուզում ունենալ:
    – Իսկապե՞ս… Գիտե՞ս այդ արջուկից ես էլ ունեմ տանը: Ինձ էլ էին նվիրել… շատ եմ սիրում… բայց լավ… սպասի՛ր, ես հիմա կգամ, – ասաց Անահիտն ու մտավ սուպերմարկետ: Քիչ անց արջուկը ձեռքին վերադարձավ:

    Սա տեսնելուն պես` աղջկա դեմքին անուշ ժպիտ հայտնվեց, աչքերը փալեցին երջանկությունից: Առանց վայրկյան անգամ վարանելու` գրկեց հարազատ-անծանոթուհուն` ասելով.

    – Չգիտեմ էլ ոնց շնորհակալություն հայտնեմ… Դուք…. Դուք…. Կգա՞ք միասին գնանք քույրիկս մոտ` նվերը տալու:

    Անահիտը նայեց ձեռքի ժամացույցին. 13:10 էր, մինչև ընդմիջման ավարտը դեռ 50 րոպե կար:

    – Լավ, գնանք… Հուսով եմ` կհասցնեմ: Բայց որտե՞ղ է քույրիկդ:
    – Քույրիկս… ըըըը…. երկնքում է, – կարծես անցյալը վերհիշելով` դեմքի թախծոտ արտահայտությամբ ասաց:
    – Ինչպե՞ս, – ցնցվեց Անահիտը:
    – Հա…. երեք տարի առաջ մահացավ, – խորը հառաչեց աղջիկը, – սպիտակարյունություն ուներ:

    « Ամենայն հավանականությամբ աղջիկն ուզում է քրոջ շիրիմին այցելել, չարժե նրան միայնակ թողնել. քաղաքի ամենահեռու գերեզմանատունն այստեղից 30 րոպեի ճանապարհ է, էնպես որ ես կհասցնեմ ճիշտ ժամանակին աշխատավայրում լինել» , – մտածեց Անահիտը` ասելով.

    – Ցավալի է շատ… լավ, ուրեմն մենք միասին կգնանք քույրիկիդ մոտ… ես մեքենայով եմ:

    Աղջնակը ընթացքում ցույց տվեց ճանապարհը, բայց Անահիտը հասկացավ, որ նրանք ամենևին էլ գերեզմանատուն չէին գնում: Ի վերջո հասան մի կիսախարխուլ շենքի մոտ, որտեղ էլ աղջիկը խնդրեց մեքենան կանգնեցնել:

    – Բայց այս ի՞նչ շենք է, այս ու՞ր ենք եկել, – շփոթված հարցրեց Անահիտը:

    – Խնդրում եմ` հարցեր մի՛ տվեք, ընթացքում կհասկանաք:

    Աղջիկն արագ-արագ իջավ մեքենայից, իսկ Անահիտն էլ` նրա հետևից:

    Բարձրացան շինության վերին հարկը, որը ձեղնահարկ էր հիշեցնում: Շատ խոնավ ու մութ տարածք էր, որտեղ տարբեր տեսակի անպետք իրեր էին լցված:

    – Կարծում եմ` Դուք շատ չեք շտապում… քույրիկս շատ չի ուշանա, մի քանի րոպեից էստեղ կլինի, – ձեռքում ամուր պահած արջուկին շոյելով` ասաց աղջիկը: Իսկ Անահիտն ապշահար հայացքով կանգնել ու լուռ նայում էր: Չէր հասկանում` ինչ էր կատարվում: Նրա զարմանքը հասավ իր գագաթնակետին, երբ տեսավ, թե ինչպես աղջիկը փարվեց օդին, կարծես գրկեց օդը, համբուրեց , հետո սկսեց խոսել ինքն իր հետ, այսինքն` գուցե քրոջ հետ, կամ էլ ավելի շուտ` քրոջ ուրվականի:

    « Աստված իմ, խեղճ աղջիկ… երևի քրոջ մահը շատ է ազդել նրա վրա, ու այժմ հավանաբար հոգեկան լուրջ խնդիրների առջև է կանգնած: Երբ նրան տուն հասցնեմ, ծնողներին անպայման կպատմեմ աչքիս տեսածի մասին», – վայրկյան անգամ աչքը չկտրելով աղջնակից` խորհում էր Անահիտը:

    – Լավ, քույրի՛կս, ինչպես տեսնում ես, ինձ այստեղ սպասող կա… ես արդեն պիտի գնամ… վայ, սպասի՛ր... նվե՜րդ… նվե՜րդ չմոռանաս, – ասաց աղջիկն ու ճերմակ արջուկը պարզեց օդում:

    Անհնար էր նկարագրել Անահիտի դեմքի արտահայտությունը, երբ տեսավ, թե ինչպես արջուկն օդում անէացավ:

    «Ուրվակա՞ն, մի՞թե այսքան ժամանակ էստեղ ուրվական կար», – մտածում էր նա ու այդ մտքից սարսափում:

    – Արդեն շատ ուշ է… ես աշխատանքից ուշանում եմ, – սթափվելով ասաց Անահիտը, որից հետո ամուր բռնեց աղջկա ձեռքն ու աստիճաններով արագորեն իջան:

    Տեսածն այնքան մեծ ազդեցություն էր թողել նրա վրա, որ չէր կարողանում կենտրոնանալ մեքենան վարելու վրա: Նույնիսկ աղջկա հետ խոսել չէր կարողանում: Միայն մի բան էր ուզում` շուտ տեղ հասնել: Շուտ տեղ հասնելու համար էլ արագություն էր հարկավոր , իսկ արագությունը եղավ պատճառն այն բանի, որ մեքենան բախվեց հանդիպակաց ծառին ու…
    Ու լսվեց Անահիտի զարթուցիչի ձայնը: Մղձավանջ էր… աչքերը մի կերպ բաց արեց, թեթևացած շունչ քաշեց ու անկողնուց շտապ վեր կացավ: Վեր կենալուն պես` տեսավ, որ իր ճերմակ փափուկ-խաղալիք արջուկը հատակին էր ընկած:

    « Բայց ինչպե՞ս է սա այստեղ հայտնվել.. կամ ո՞վ է վերցրել պահարանի միջից ու գցել հատակին, չէ՞ որ ես մենակ եմ ապրում… կամ ինչո՞ւ մի շարք խաղալիքների միջից հենց այս մեկն է ընկել հատակին… երազումս տեսած արջուկը հենց նույն այս արջուկից էր… տարօրինակ է… ուրվակա՞ն... չէ… ի՞նչ ուրվական, ուրվականներ չկան, սա պարզապես զուգադիպություն էր», – արջուկը հատակից վերցնելով ու տեղը դնելով` ինքն իրեն մտածեց Անահիտն ու պատրաստվեց աշխատանքի գնալու: Աշխատավայրում ողջ օրը կենտրոնանալ չկարողացավ… մտածում էր գիշերը տեսած մղձվանջի ու հատակին ընկած արջուկի մասին, իսկ երեկոյան, երբ տուն վերադարձավ, տեսավ, որ ճերմակ արջուկը դարձյալ հատակին էր ընկած:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (19.02.2012), armen9494 (19.02.2012), Arpine (20.02.2012), E-la Via (20.02.2012), Kanamar (19.02.2012), Mark Pauler (21.02.2012), Sambitbaba (19.02.2012), Smokie (23.02.2012), unknown (19.02.2012), Դավիթ (22.02.2012), Նիկեա (19.12.2015), Նուշություն (20.02.2012)

  9. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Տարբերակ 3.
    Անվերնագիր


    - Այո, հենց այստեղ էր, նայիր: Նրանք բռնեցին ձեռքս: Երևի գիտակցությունս կորցրի, լավ չգիտեմ: Միայն այն եմ հիշում, որ երբ աչքերս բացեցի, ինձ նայում էին չորս աչքանի տարօրինակ մարդիկ: Երբ հարցրի, թե որտեղ եմ, պատասխան չտվեցին: Միայն ինչ-որ ֆշշոցներ արձակեցին, որից ոչինչ չհակացա...
    - Սիրելիս, քո հոգեկանի հետ ինչ-որ բան այն չէ: Գուցե հանգստանա՞լ ես ուզում: Արի հենց վաղվանից մեկնենք ծով: Այնտեղի օդը կկազդուրի քեզ:
    - ...իսկ երբ հետ բերեցին ինձ, ասացին, որ էլի կգան: Ականջիս կողքին փոքրիկ անցք կար: Հարցրի, թե դա ինչ է: Նրանք պատասխանեցին, որ հենց դրանով են փորձարկում... Տեսնու՞մ ես` սպիանման անցք է, մեջը մետաղյա բան:
    - Ոչինչ էլ չկա: Միայն քո ձյունաճերմակ հարթ մաշկն եմ տեսնում:

    Աղջիկն այլևս չշարունակեց: Հասկացավ, որ եթե մանրամասներ պատմի, իր սիրած էակն իրեն խելագարի տեղ կդնի: Այդ դեպքում ու՞մ հետ կիսվեր իր կյանքի ամենասարսափելի հատվածի մասին:

    Այո, հենց այդ կամրջի վրա կանգնած սպասում էր իր սիրելիին, երբ հանկարծ դիմացից շլացուցիչ լույս տեսավ ու խլացուցիչ աղմուկ լսեց: Այդ պահին կամուրջը, քաղաքն ու ամեն ինչ կարծես վերացավ: Միայն լույսն ու աղմուկն էին մնացել: Եվ լույսի միջից մի տարօրինակ էակ մոտեցավ աղջկան, անունը տվեց ու բռնեց ձեռքը: Հենց այդ պահից սկսած ամեն ինչ ջնջվեց աղջկա հիշողության մեջ: Տարօրինակ արարածն աղջկան վերցրեց, և միասին թռչող ափսե նստեցին ու սլացան անհայտ ուղղությամբ: Ճանապարհին աղջիկը ծիծաղում էր ու անեկդոտներ պատմում, որովհետև տարօրինակ արարածն այդ թեթև հպումով տրամադրություն բարձրացնող նյութ էր ներարկել: Նա բոլորից լավ գիտեր, որ հիշողությունն անջատած մարդիկ անկանխատեսելի են: Դրա համար լրացուցիչ ծիծաղ էր նվիրել աղջկան, որպեսզի որոշ չափով կարողանա կառավարել նրա տրամադրությունը:

    Թռչող ափսեն կանգ առավ մի շատ պստիկ մոլորակի վրա, որտեղ ժամանակին Փոքրիկ իշխանն էր ապրում, սակայն կատաղած այլմոլորակայինների մի ցեղ գրավել ու գիտահետազոտական կայան էր հիմնել: Վարդի հետքն էլ չէր մնացել:

    Կապեցին աղջկան ու սկսեցին ուղեղը հետազոտել: Հայտնաբերեցին, որ ուղեղը սիրահարված է: Էկրանին պատկերվեց աղջկա սիրած էակի հաղթանդամ մարմինը: Այլմոլորակայինները ծիծաղեցին մարդկային թուլության վրա: Ու հենց այդ պահին էր, երբ աղջիկն աչքերը բացեց ու հարց տվեց: Բայց տարօրինակ արարածները պատասխանելու ցանկություն չունեին: Բացի դրանից, արդեն հետազոտությունը վերջացրել էին ու որոշել աղջկան վերադարձնել երկիր մոլորակ, որտեղ նորից սիրած էակին կհանդիպեր:

    Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ էր կատարվում այդ պահին դեռատի աղջկա սրտում: Հուզմունքից դողում էր, ինչպես վախեցած մի թռչնակ: Նա մահից չէր վախենում, վախենում էր սիրած էակին այլևս չտեսնելուց:

    Տարօրինակ արարածները ցանկություն չունեին աղջկան երկար պահելու` այդպիսով ավելորդ գլխացավանք պարգևելով իրենց: Դրա համար ձեռքի մի շարժումով վերադարձրին նրան նույն կամրջի վրա: Չնայած ընդամենը հինգ րոպե էր անցել, աղջկան թվացել էր, թե մի ամբողջ հավերժություն կորցրել է իր կյանքից:

    Ու հենց կամրջի վրա սիրած էակն արդեն սպասում էր նրան: Աղջիկը եկավ կամրջի մի ծայրից, քայլելով, մի քիչ շշմած, բայց գիտակից: Հետո փորձեց բացատրել: Ապարդյուն: Երիտասարդ տղան ոչնչի չէր հավատում և մտածում էր, որ իր սիրելին սիրուց խելքը թռցրել է: Ու կարողացավ այնքան նախատել աղջկան, որ վերջինս հավատաց, որ ոչ մի թռչքող ափսե էլ չի եղել, որ այդ ամենն իր վառ երևակայության արդյունք է, որ սպասումն այնքան տանջալից է եղել, որ ամենասարսափելի բաներն է հորինել սիրով հիվանդ իր ուղեղը:
    Աղջիկն ու տղան մեկնեցին հանգստանալու: Ծովափին պառկած էին երկուսով, երբ հանկարծ նրանց շուրջ ամեն ինչ անհետացավ, երևաց շլացուցիչ լույս ու խլացուցիչ աղմուկ լսվեց: Նորից հայտնվեց տարօրինակ արարածը ու ասաց տղային.

    - Տե՞ր ես:
    - Տեր եմ,- պատասխանեց տղան:
    - Հնազա՞նդ ես,- դարձավ աղջկան:
    - Հնազանդ եմ,- պատասխանեց աղջիկը:

    Ու վերցրեց նրանց, նստեցրեց թռչող ափսե և տարավ ամենաաներևակայելի ու անմոռաց հարսանեկան ճամփորդությանը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (19.02.2012), armen9494 (19.02.2012), Freeman (19.02.2012), Kanamar (19.02.2012), Mark Pauler (21.02.2012), Sambitbaba (25.02.2012), Smokie (23.02.2012), unknown (19.02.2012), Արէա (19.02.2012), Դավիթ (22.02.2012), Նիկեա (19.12.2015)

  11. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Տարբերակ 4.
    Փոխանակում

    Փոքր ժամանակ միշտ վախեցել էի հրեշներից,ուրվականներից,մեշոկ պապիներից ու նմանատիպ տաղտուկ ու նողկալի արարածներից: Միշտ փորձել եմ ականջի հետև գցել ծնողներիս պատմածները մարդկության նման թշնամիների մասին, բայց մեկ է` ինչպես երեկոյան ծխախոտն էր երիտասարդ տարիքում նստվածք թողում սրտիս վրա, այնպես էլ այդ տարիքում նման պատմությունները:

    Նման դաժան մանկությունն էր, որ ստիպեց ինձ ստանձնել քաղաքի ստագույն մեդիումի պարտավորությունները, թե ոչ` դժվար է ասել: Ամեն դեպքում տարի առ տարի իմ մասնագիտությունն ինձ ավելի էր դուր գալիս: Սովորաբար իմ մոտ այցելում էին արդեն մի ոտքով Ստիքսը հատած զառամյալ ծերունիներ կամ իրենց ամուսիններից մշտապես բողոքող ու շրթհարմոնը շրթներկից չտարբերող կանայք:

    Մի անգամ, երբ հերթական այցելությունների օրն էր մոտեցել, ի զարմանս ինձ, մի երեխա եկավ մոտս: Թափթփված հագուկապով, երկար ժամանակ չփոխած կեդերով ու բնականաբար` գումարազուրկ վիճակում:

    -Բարև, ի ՞նչի համար ես եկել, ո ՞վ է քեզ այստեղ ուղարկել:
    -Մայրիկիս եմ ուզում տեսնել, ուզում եմ իմանալ, թե հիմա ինչպես է նա: Կարոտել եմ նրան, արդեն մեկ ամիս է ինչ մահացել է:
    -Իսկ ի ՞նչ կարող ես տալ մայրիկիդ տեսնելու դիմաց:
    -Ես չունեմ ոչինչ, կարող եմ ծառայել ձեզ, կարող եմ... Ամեն ինչ կարող եմ անել, ցանկացած գործողություն: Միայն թե տեսնեմ նրան, գոնե մեկ հարց տամ: Խնդրում եմ...

    4000 գիշեր էր անցել արդեն այն օրվանից երբ կորցրել էի մորս: Ուղիղ 4000 անձրևոտ գիշեր... Ու քանի անգամ էի հիշել նրան այդ 4000 գիշերվա ընթացքում: Տա ՞ ս: Քսա ՞ ն: Իսկ ես ի ՞նչ հարց ունեի նրան տալու: Զգացի, որ չունեմ: Սպառվե ՞լ էին արդյոք հարցերս, ստացե ՞լ էի արդյոք բոլոր հարցերի պատասխանները մինչ նրա մահը:

    -Փոքրիկ, իսկ դու սիրու ՞ մ էիր նրան:
    -Մի ՞թե կարելի է չսիրել նրան, ով քեզ լույս աշխարհ է բերել:
    -Ի ՞ նչ ես կարծում, կմոռանաս երբևիցե նրան: Երբ օրինակ հասնես իմ տարիքին:
    -Իհարկե չեմ մոռանա, ես հիշում եմ նրան ամեն օր: Ես տեսնում եմ նրան, լսում եմ... Բայց սահմանափակված եմ գործողություններիս մեջ... Ես չեմ կարող օրինակ... օրինակ փաթաթվել նրան:
    -Իսկ կարևոր է դա արդյո ՞ ք:
    -Փաթաթվել նշանակում է արդեն իսկ սիրել: Երբևէ գրկել եք արդյոք ինչ-որ մեկին այնքան ամուր, որ զգաք նրա սրտի բաբախոցը: Ես չէի սիրում, երբ նա ինձ նվերներ էր տալիս, նրա մեկ համբույրն շատ ավելի թանկ էր, քան այդ նվերները:
    -Կներես, բայց առանց գումար ես գերբնական ուժերին չեմ դիմում: Երբ անհրաժեշտ գումարը կհավաքես համեցիր:
    -Ես այդպես էլ մտածում էի: Այլևս չեմ տեսնի նրան:

    Հեռացավ: Զգացի, որ ես չեմ եղել այն որդին, որին ցանկանում են ունենալ ապագա մայրերը, երբ սկսում են երազել երեխա ունենալու մասին: Ես ոչինչ չէի տվել հարազատներիցս ոչ մեկին, ես ապրել էի զուտ ապրելու ու հաճույքի համար: Ի ՞սկ ինչու էի երկարացնում խոսակցությունն այդ երեխայի հետ: Չէ որ ինքս էլ գիտեի, որ անկարող էի հետ բերել նրա մորը, թեկուզ մի քանի վայրկյանով: Սուտ ձայնային իմիտացիաներով հաստատ նրան չէի խաբի` ինչպես մյուսներին էի անում:

    4001... 4002 ... Զգում էի, որ ավելանում են այն օրերը, երբ հիշում եմ նրան... Հիշում էի, բայց զգացմունքներն անփոփոխ էին մնացել: Հասկացա, որ չեմ կարոտել մորս, չեմ կարոտել ոչ մեկին ում արդեն երկար ժամանակ է չեմ տեսել: Հանկարծ լսեցի ոտնաձայներ կողքի սենյակից, չվախեցա: Ի ՞ սկ եթե դա ուրվական է, որն եկել է վերցնելու իմ խաղալիքները: Ի ՞ նչու չէի վախենում այնպես ինչպես առաջ: Ի ՞ նչ էր փոխվել: 4010...4020... Իսկ ինչպե ՞ս է նա հիմա: Ի ՞նչ անել: Այն օրվանից տանից դուրս չէի եկել, սառնարանում գարեջուրն արդեն վերջացել էր: Մնացել էինք ես ու դիմումների հերթացուցակը, որին նայել անգամ չէի ցանկանում: Գնալով ավելի էի համոզվում, որ զուր եմ ապրել: Զգում էի, որ այդ երեխան չնայած իր մեծ վշտին ավելի երջանիկ է, քան ես: Նա գոնե զգում է վիշտը` միակ զգացմունքը, որը ծնվում է մեծ ու գնալով փոքրանում է: Ես ոչինչ չէի զգում բացի ստատիկ երևույթներից:
    4021... Ու հիմա նստած սենյակի վերջապես կանեմ դա: Ես հետ կբերեմ այդ երեխայի մորը: Մի քանի վայրկյանով, րոպեով. թե ՞ հավերժ: Կարևոր չէ: Առաջին անգամ կյանքումս ես կանեմ քայլ, որից չեմ ամաչի: Առաջին անգամ կյանքումս կանեմ այնպես, որ մայրս չամաչի իմ նման որդի ունենալու համար: Ատրճանակն արդեն սպասում է ինձ: Ես հետ կբերեմ այդ երեխայի մորն ու կերջանկացնեմ նրան:

    Ի տարբերություն հեքիաթներում իլիկ գործող տատիկների իմ տատիկն ավելի շատ տարված էր տարբեր լեգենդների ուսումնասրությամբ ու հենց նրանից էի սովորել ալքիմիայի հավասարարժեք փոխանակման սկզբունքի մասին: Իմ հոգին նրա երջանկության դիմաց:

    -Ապրիր, փոքրիկ, եղիր երջանիկ մորդ հետ...

    Ձեռքս մեկնեցի ատրճանակին և... Զգացի, որ ինչ-որ բան փոխվեց մեջս...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (19.02.2012), Ariadna (20.02.2012), armen9494 (19.02.2012), E-la Via (20.02.2012), Freeman (19.02.2012), Kanamar (19.02.2012), Mark Pauler (21.02.2012), Sambitbaba (25.02.2012), Skeptic (19.02.2012), unknown (19.02.2012), Արէա (19.02.2012), Դավիթ (22.02.2012), Նիկեա (19.12.2015)

  13. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Տարբերակ 5.
    Համարյա գերբնական պատմություն


    Նա իմ կյանքում հայտնվեց իննսունականներին, երբ խավար էր ու ցուրտ, իսկ ես կուչ եկած մի դեռահաս էի, ում ամենամեծ մտահոգությունն իր մարմնի հետ արագ կատարվող փոփոխություններն էին դարձել, որոնք ավելի սարսափելի էին թվում, քան թաղի բոլոր խփած պադստանցիաները:

    Եթե չգիտեք, թե ինչ է «խփած պադստանցիան», ապա անկեղծ նախանձում եմ ձեր մատաղ հասակին: Իսկ չիմանալը թող այդպես էլ մնա ու երբեք էլ չիմանաք...

    Եվ այդպես, նա հայտնվեց ճիշտ ժամանակին, երբ ես ավելի քան զգում էի մտերիմ ընկերոջ կարիք: Անունը Վազգեն էր: Բարձրահասակ ու նիհար կազմվածքով, խելացի երիտասարդ էր՝ քսանհինգ տարեկան: Ինքը շատ լուրջ էր, միշտ լուրջ, անգամ երբ ծիծաղում էր: Մի մոխրագույն սվիտր ուներ՝ երկար բկով, որը հասնում էր մինչև դունչը: Դա շատ էր սիրում հագնել: Ես էլ էի սիրոււմ. սազում էր իրեն:

    Այդ ժամանակ Վազգենն ապրում էր մեր տանը ու ոչ ոքին նեղություն չէր տալիս: Պատճառներից մեկն այն էր, որ բացի ինձնից իրեն ոչ ոք չէր տեսնում:

    Մի անգամ փորձեցի մամայիս ծանոթացնել հետը, բայց դրանից ոչ մի լավ բան դուրս չեկավ: Ու հաշտվեցի այն մտքի հետ, որ Վազգենը միայն իմն է: Ի դեպ, հեչ էլ վատ միտք չէր՝ արագ ու հաճույքով հաշտվելու համար:

    Մենք շատ լավ ընկերություն էինք անում: Ինքն ամենուր ինձ հետ էր: Անգամ կտրոնով հացի հերթերին, որոնց կանգնում էի ժամերով, բայց մեկ էլ հանկարծ, ինչ-որ մեկի լկտիության կամ կյանքից չարացած լինելու պատճառով, դուրս շպրտվում՝ համարվելով «անհերթ»: «Անհերթը» այդ օրերի ամենավատ բառերից մեկն էր. դա այդպիսի մի պիտակ էր, որ եթե մի անգամ կպել էր քեզ կամ զոռով կպցրել էին, ապա դժվար էր լինելու քո հետագա կյանքը այդ հացի խանութում:

    Ես շատ լացեցի այդ օրը, երբ ինձ «անհերթ» կոչելով դուրս գցեցին հերթից՝ արդեն համարյա հացին հասած: Վազգենն ինձ գրկեց, հանգստացրեց ու տուն տարավ: Էլ ո՞նց պիտի լինեի առանց նրա:

    Միասին բարձրանում էինք դիմացի անտառապատ սարը՝ փայտ բերելու: Ճանապարհին անցնում էինք այնտեղ գտնվող թաղամասի միջով, որի բնակիչներն իրենց սարին հատուկ աչքով էին նայում և օտարների մուտքը, մեղմ ասած, բերկրանքով չէին ընդունում: Բայց մենք միևնույն է գնում էինք, ճարներս ինչ: Ես, Վազգենն ու մյուս մտերիմս՝ Ինգան:

    Ցախերը կտրտում, հավաքում էինք մի տեղ, հետո կապկպում հետներս վերցրած պարաններով ու քարշ տալիս տուն:

    Տեղանքի անհյուրընկալ բնակիչների մեջ հատկապես աչքի էին ընկնում մի քանի կապը կտրած տղաներ: Եթե ավազակային դրոշ ունենային, ինչը նրանց շատ կսազեր, վրան անպայման գրված կլիներ. «Էս

    սարն ի՜մն է, ես ծառն ի՜մն է»: Մեզ օր ու արև չէին տալիս՝ տեսնելով, թե ոնց ենք իրենց թաղերից փայտ կրում: Նրանց միջի ատամանը Պռոշ մականունով մեկն էր, որի դեմքը հավերժ դրոշմված է հիշողությանս մեջ: Ամեն անգամ սար բարձրանալիս՝ աղոթում էի, որ հանկարծ չհանդիպեմ Պռոշին, ու նա նորից չընկնի մեր հետևից՝ վրաներս սառույց ու քար շպրտելով: Վազգենն ինձ քաջալերում էր՝ աշխարհի ամենաբարի խոսքերով, իսկ Ինգան պաշտպանում՝ ինքնամոռաց հաչոցներով: Ես գլուխս կախ քաշում էի կապոցս՝ փորձելով վերանալ իրավիճակից: Զարմանալի է, բայց ստացվում էր: Եվ ես տուն էի հասնում գրեթե անվնաս ու գրեթե երջանիկ: Իմ երկու ընկերների հետ, մեկը՝ հաչան, մյուսն՝ աննյութական:

    Մի անգամ ես ու Վազգենը ճանապարհին սատկած, սառած աղավնի գտանք:

    - Վերցրու, դիր գրպանդ,- ասաց ընկերս:

    Տուն եկանք: Բմբլահան արեցի զոհվածին ու փորձեցի խորովել պատի մեջ փորած մեր վառարանում: Քուրիկիս հետ հավեսով կերանք կիսավառված-կիսահում աղավնուն: Վազգենն էլ նստել էր մեր կողքին ու լուռ ժպտում էր: Ինքն ուտելու հանդեպ լրիվ անտարբեր էր: Նույնիսկ կարծում եմ, որ այդ օրերին մեր խոհանոցից միշտ փչող «սուխոյ սպիրտի» հոտը նրան չէր հուզում, որը սակայն մեզ համար ամենաախորժելի բույրն էր թվում, որովհետև նշանակում էր՝ «տաք ուտելիք»: Սովորաբար՝ պարզ մի ձվածեղ, բայց այնպիսի՜ յուրահատուկ համով:

    Գիշերները ես ու Վազգենը կծկվում էինք վերմակի ծալքերի տակ ու փորձում տաքանալ: Երբ չէր ստացվում, սկսում էինք զրուցել տարբեր հետաքրքիր թեմաներով, որ մոռանայինք ցրտի մասին: Թեև հիմա մտածում եմ, որ ինքն իրականում չէր էլ մրսում. մրսողը միայն ես էի, բայց նա մնում էր հետս, ընկերակցում իմ դարդին ու փորձում ջերմացնել:

    - Հիշո՞ւմ ես այլմոլորակայիններին,- մի անգամ հարցրեց նա՝ վերմակի միջից ինձ գրկելով ու կամաց ծիծաղելով:- Ես հո այն ժամանակ էլ կայի...

    Սկսեցի մտաբերել... Ես եմ՝ հինգ-վեց տարեկան: Գարնանային օր է: Կանգնած եմ մեր բակի կիսախարխուլ շինության մեջ, որի անունը դրել էինք «կռիսի բուն»: Ներսում մթոտ է, ամենուր տախտակներ են թափրտված, կեղտոտ է: Վերևում մի նեղլիկ անցք կա, որից արևի փոքր ճառագայթ է ներսում ընկնում՝ հազիվ նկատելի: Ես նայում եմ վերև՝ այդ լույսի ուղղությամբ, ու արցունքները գլորվում են աչքերիցս:

    «Իմ իսկական մաման ու պապան այլմոլորակայիններ են, ինձ թողել են էստեղ ու գնացել»,- պտտվում է իմ գլխում: Ու ես, ինձ կոտորելով, լաց եմ լինում: Մեկն ինձ գրկում է: Վազգենն է: Ասում է, որ այդպիսի բան չկա, ու եթե չեմ հավատում, ինքն ինձ մոտ կկանչի բանից տեղյակ այլմոլորակայիններին, և նրանք էլ կհաստատեն իր ասածը: Համաձայնում եմ՝ մի քիչ հանգստանալով:

    Եվ այդ օրվանից մինչև ամառվա վերջը ինձ այցելում էին իմաստուն այլմոլորակայիններ, որոնցից մեկը, իմ հիշելով, շատ էր սիրում մեր բակում աճող բալերը, ու հետո իր աշխարհ վերադառնալիս՝ մի բուռ հետը տարավ: Ինձ հյուր եկած բոլոր այլմոլորակայիններն էլ բացատրեցին, որ իմ իսկական ծնողները հետս են ապրում: Ու կամաց-կամաց սիրտս տեղն ընկավ:

    Հետո մեր բակի բոլոր երեխաներին ծանոթացրեցի հյուրերիս հետ, ու ամբողջ ամառ միասին հավեսով խաղացինք: Ամբողջն իմ Վազգենն էր կազմակերպել: Ո՜նց կարող էի մոռանալ... Մտածել, թե նա միայն նոր էր հայտնվել իմ կյանքում:

    - Դու միշտ էլ եղել ես, - ասացի ես վերմակի տակից:

    - Եվ միշտ էլ կլինեմ քեզ հետ...

    Բայց նա չպահեց խոստումը: Անցավ մի երկու տարի, ես ընդունվեցի համալսարան: Իմ կյանքում նոր ընկերներ հայտնվեցին: Ու Վազգենը լուռ հեռացավ... Ինչքան էլ փորձեցի գտնել նրան, վերադարձնել, այդպես էլ չհաջողվեց: Ինքն անհետ կորավ: Բայց տխրություն չթողեց իր հետևից, միայն փափուկ ու չցավեցնող, բարի կարոտ:

    Թե ինչն էր ավելի գերբնական այս պատմության մեջ՝ մեր բալենուն հեծնած այլմոլորակայինները, իմ ընկեր Վազգենը, թե իննսունականներին հոգեպես ու ֆիզիկապես կենդանի մնալը, ինքս էլ չգիտեմ: Միայն այն գիտեմ, որ այդ ամենից ոչ մի վատ հուշ չի մնացել, այլ ընդամենը մի հանգիստ ժպիտ ու շնորահակալության զգացում: Աշխարհի, կյանքի ու իմ անիրական ընկերոջ հանդեպ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (20.02.2012), Ariadna (20.02.2012), E-la Via (20.02.2012), Freeman (19.02.2012), Kanamar (19.02.2012), Mark Pauler (21.02.2012), Nare-M (20.02.2012), Peace (19.02.2012), Sambitbaba (25.02.2012), Smokie (21.03.2012), unknown (19.02.2012), Արէա (19.02.2012), Դավիթ (22.02.2012), Ժունդիայի (19.02.2012), Նաիրուհի (19.02.2012), Նարե91 (25.02.2012), Նիկեա (19.12.2015)

  15. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Տարբերակ 6.
    Անվերնագիր


    Ասել էի` դասերից հետո կմտնեմ տուն, լիցքավորիչս կվերցնեմ, նոր կմիանամ Իննային ու Սերժին: Իննան էլ պիտի կոշիկի խանութ մտներ: Էնպես որ ստացվում էր, որ ես ու Իննան պիտի միասին հասնեինք Սերժի տուն: Այդ օրը որոշել էինք պրոյեկտն ավարտել, ու երկար պիտի մնայինք Սերժի մոտ:

    Էնպես ստացվեց, որ տնից անմիջապես դուրս չեկա. մի երկու վճարում ունեի, մտածեցի` դրանք անեմ, քանի չեմ մոռացել, հետո հանգիստ սրտով կանցնեմ դասերիս: Էդպես հանգիստ ու ալարկոտ վճարումներս արեցի, պայուսակս դասավորեցի` պատրաստվելով անքուն գիշերվան, մտա խոհանոց, ու քանի որ շատ սոված էի, նախորդ օրվանից մնացած կղեմ ֆղեշը դատարկեցի, որ ստամոքսս դիմանա մինչև Սերժի տուն հասնելը. էնտեղ գործի անցնելուց առաջ պիտի պիցցա ուտեինք:

    Որքան էլ զարմանալի լիներ, Սերժենց շենքի դուռը բաց էր, ու կարիք չունեի հեռախոսով զանգելու, որ բացի: Հա, նրանց շենքը հնաոճ էր, ու ամեն մարդ իր անձնական զանգը չուներ: Մենակ մի ընդհանուր զանգ էր, որը հնչում էր միջանցքում, ու բնակիչները դուռը չէին բացում` մեկը մյուսի վրա գցելով: Դրա համար հեռախոսն ավելի լավ լուծում էր:

    Ինչևէ, բախտս բերեց, ու միանգամից մտա, բարձրացա Սերժի բնակարան: Դուռը թակում եմ: Բացում են ու միանգամից վրա տալիս.

    - Ու՞ր ես, մեռանք զանգելով ու մեսաժ ուղարկելով ու զանգելով:
    - Հեսա նայեմ,- ու սկսում եմ գրպաններս խառնշտորել, որ հեռախոսս գտնեմ: Չկա,- կներեք, էրեխեք, հեռախոսս տանն եմ թողել :

    Պիցցան համով էր: Վրայից էլ սուրճ ենք խմում, բայց դժվար է պրոյեկտին անցնելը:
    - Ներածությունը ես կանեմ,- հայտարարում է Սերժն ու անցնում պատի տակ, մինչ ես ու Իննան գրաֆիկների վրա գլուխ ենք ջարդում:

    Բնականաբար, այդ գիշեր չենք վերջացնում. արդեն հինգերորդ անգամ մերուժեր ըգերագնահատել էինք: Ու ժամը մեկի կողմերը ես ու Իննան վեր ենք կենում, որ գնանք:

    Հասնում եմ տուն: Համակուրսեցիս` Ժակլինը, ժամանակավոր ինձ հետ է ապրում, մինչև նոր բնակարան գտնի: Գիշերվա ժամը երկուսին արդեն խորը քնած էր: Վախենում եմ լույս վառել: Ոտքերի ծայրերով մտնում եմ ներս, հանվում, որ միանգամից քնեմ: Հետո հիշում եմ` զարթուցիչը: Փնտրում եմ հեռախոսս: Սեղանին չէ, իսկ ես սովոր եմ այնտեղ մոռանալ: Պայուսակներս եմ քանդում, վճարման փաստաթղթերս, բայց ոչ մի տեղ հեռախոսս չի երևում: Հերթով սկսում եմ մտաբերել, թե ինչով եմ զբաղվել օրվա ընթացքում… դասից առաջ ճաշարանում Սերժի ու Իննայի հետ սուրճ էի խմում: Հետո գնացի դասախոսության, հետո խանութ, հետո փոստ, հետո տուն… վճարումներս… հետո իջա խոհանոց, թթվասեր կերա ու գնացի Սերժենց: Ե՞րբ եմ վերջին անգամ հեռախոսս օգտագործել: Վճարումներ կատարելիս բանկային հաշվեհամարներ էին պետք, որոնք հեռախոսիս մեջ եմ պահում, ու էդ ժամանակ դեռ մոտս էր: Ուրեմն կորել է խոհանոցից Սերժենց տուն գնալու հատվածում:

    Մտնում եմ խոհանոց: Հարևաններս` Լիզն ու Ֆրանսուան, պիժամայով նստած զրույց են անում: Ես էլ եմ պիժամայով: Նրանց տեսնելիս անակնկալի եմ գալիս:

    - Ըըըըը… ըըը, հեռախոս տեսե՞լ եք էս կողմերում:
    - Չէ, կորցրե՞լ ես:
    - Հա, որ գտնեք… ըըը… ըըը…
    - Կվերադարձնենք:

    Վերադառնում եմ սենյակ, ուր միայն Ժակլինի շնչառությունն է լսվում: Մտնում եմ անկողին ու հասկանում, որ առավոտյան արթնանալս լուրջ խնդիր է լինելու: Ուրեմն հենց լույսը բացվի, պիտի վեր կենամ:

    Լույսը բացվում է: Ժակլինն արդեն ոտքի վրա է:

    - Բարի լույս, կասե՞ս ժամը քանիսն է,- հարցնում եմ:
    - Ինը:

    Քունստանում է, բայց հեռախոսիս բացակայությունը չի թողնում քնել: Դա նշանակում է աշխարհի հետ կապ չունենալ կամ ինտերնետից ավելի կպած լինել, նշանակում է ժամանակից տեղյակ չլինել, առավոտյան չկարողանալ արթնանալ, բանկային հաշվեհամարները նորից էստեղից-էնտեղից հավաքագրել:
    - Ժակլին, կզանգե՞ս համարիս,- խնդրում եմ քնաթաթախ:

    Ժակլինը փորձում է: Զանգը գնում է: Ինչ-որ մեկը վերցնում է ու չի խոսում:

    - Ուրեմն մեկը գտել է,- եզրակացնում է:

    «Ուրեմն մեկը գտել է,-մտածում եմ,- բայց ինչու՞ չի պատասխանում… Ախր ու՞մ է պետք գողանալ իմ փտած հեռախոսը, որից ինքս էլ մեծ հաճույքով կհրաժարվեի»: Բայց ինձ ամենաշատը տանջում էր էն հարցը, թե որտեղ են գտել: Իմ տնից Սերժի մոտ տասը րոպեի ոտքի ճանապարհ է: Եթե հեռախոսը խոհանոցում չէր, նշանակում է` գրպանիցս է ընկել: Բայց իմ հին Նոկիան մի հետաքրքիր սովորություն ունի. ամեն ընկնելիս հազար մասի է բաժանվում, ու միայն ես գիտեմ` ոնց դրանք իրար միացնել:

    Ընթացքում մտնում եմ ինտերնետ: Մեկ էլ տեսնեմ` մամայիցս նամակ է եկել. «Շտապ պատասխանիր, անհանգիստ եմ: Հենց նոր քեզնից տարօրինակ էս-էմ-էս ստացա»: Հետո գալիս էր էս-էմ-էսի ֆրանսերեն տեքստը. «Այս հեռախոսը ոստիկանությունում է»: Տրված էր հասցեն ու հեռախոսի համարը: Պատասխանում եմ, որ անհանգստանալու կարիք չկա, որ կորցրել եմ: Մամաս հանգստանում է:

    Գրանցում եմ ոստիկանության հասցեն ու մտածում` գնա՞լ, թե՞ չգնալ: Մի կողմից, դեմ չեմ լինի, որ հեռախոսս վերադարձնեն. այդպիսով նորը գնելու կարիք չեմ ունենա, մյուս կողմից հիշում եմ զանազան օտարազգիների` Ֆրանսիայի ոստիկանության հետ գործ ունեցած ահասարսուռ պատմությունները, որոնք սովորաբար դեպորտով են ավարտվել: Երևի հիշում եք, թե անձնագիրը կորցնելու պատճառով Ծովինար Նազարյանն ինչ պատմությունների միջով էր անցել Փարիզի օդանավակայանում: Իմ արաբ հարևանին էլ հետ ուղարկեցին Սիրիա, որովհետև տունը թալանել էին, ու համարձակվել էր ոստիկանություն դիմել: Միայն չեմ հիշում` փաստաթղթերը տեղու՞մ էին, թե՞ ոչ: Նման մի դեպք էլ հենց հեռախոսի հետ կապված էր եղել, ու հերոսն էլ հայ էր: Թանկարժեք հեռախոսը կորցրել էր ու դիմել ոստիկանություն: Արդյունքը` դեպորտ:

    Էդպիսով զինվեցի Ֆրանսիայում ապրելու իրավունքս հաստատող բոլոր փաստաթղթերով (սկսած ուսանողականից, վերջացրած տան վարձակալության պայմանագրով), գնացի դասի, որ հետո էնտեղից ոստիկանություն մտնեմ:

    - Ժակլին, գնումեմոստիկանություն,- շշնջումեմ,- եթեկորեմ, գիտես` որտեղեմ:
    - Կուզե՞ս` հետդգամ:
    - Չէ, գործչունես:
    - Հա, մենք միասին ավելի կասկածելի ենք,- ժպտում է Ժակլինը, որի մայրն արաբ է, ու արտաքնապես հեչ ֆրանսուհու նման չէ:

    Մտնում եմ ոստիկանություն: Մի բարեհամբույր սևամորթուհի հարցնում է, թե ինչով կարող է ինձ օգնել: Բացատրում եմ, որ հեռախոսս կորել է, ու մայրս էս-էմ-էս է ստացել, որ այն ոստիկանությունում է: Հարցնում է, թե ինչ տեսք ունի: Նկարագրում եմ իմ հին ու բարի սև Նոկիան: Ասում են, որ իրենց մոտ է: Ինչ-որ թվեր են հարցնում:

    - Չէ, չունեմդրանք… Հայաստանումեն:

    Մտքումս ասում եմ` հարցրեք, թե էկրանին ինչ նկար է, թե մորս համարը ոնց է, թե միացնելիս ինչ տեքստ է հայտնվում էկրանին, թե վերջին զանգերն ումից պիտի ստացած լինեմ: Ու ես կպատասխանեմ, որ էկրանին եղբորս դստրիկի նկարն է, որ միացնելիս գրվում է «Բարև Լուսին», որ մորս համարը Հայաստանի կոդով է:

    - Իսկօպերատորըկասե՞ք:

    Փառք Աստծո, էս մեկը գիտեմ, ու վայրկյաններ անց հեռախոսս հայտնվում է մոտս: Ոչ մի քաշքշուք, ոչ մի «հեռախոսը գողացել ես» տիպի արտահայտություններ, ոչ մի «էստեղ սպասեք, մինչև պարզենք» տիպի երկարատև ու հոգնեցուցիչ սպասումներ, ոչ մի ձերբակալություն ու դեպորտ:

    Կարդում եմ Իննայի` նախորդ օրվա էս-էմ-էսը, ստուգում բաց թողնված զանգերը: Մոռանում եմ հարցնել, թե ինչպես և որտեղ է գտնվել: Վերջապես, նայում եմ ժամացույցին: Դեռ մեկուկես ժամ ունեմ: Գնում եմ ճաշարան: Շառլոթը, Սոֆին ու Վիվիենը ճաշում են: Միանում եմ նրանց: Քիչ անց.

    - Ուշացանք, գնանքդասիարդեն:
    - Ո՞նց, դեռ քառասունհինգ րոպե կա,- ու նայում եմ հեռախոսիս ժամացույցին, որը 1:15 է ցույց տալիս:
    - Ոչ, երկուսին հինգ է պակաս,- Նանեն ու Աստղիկը ցույց են տալիս ձեռքի ժամացույցը:

    Գլուխս բարձրացնում եմ ափսեիցս: Ճաշարանի պատերն անհետացել են: Ավելի փոքր սենյակում եմ: Անկյունում տոնածառ է դրված: Դիմացս էլ զարդարված սեղանն է:

    - Լուսին, ուշանում ենք, արագացրու, լսու՞մ ես:
    - Հա, Աստ,- պատասխանում եմ երազկոտ` չհասկանալով ինչ է կատարվում:

    Տեղիցս վեր եմ կենում, հագնում վերարկուս ու միանում արդեն պատրաստ կանգնած ընկերուհիներիս` Աստղիկին ու Նանեին: Դուրս ենք գալիս փողոց: Երևանն է: Թաքուն նայում եմ հեռախոսիս օրացույցին: 2007 թ. հունվարի մեկ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (20.02.2012), armen9494 (19.02.2012), Arpine (20.02.2012), Freeman (19.02.2012), Kanamar (19.02.2012), Mark Pauler (21.02.2012), Sambitbaba (25.02.2012), unknown (19.02.2012), Արէա (19.02.2012), Դավիթ (22.02.2012), Նաիրուհի (19.02.2012), Նիկեա (19.12.2015)

  17. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Տարբերակ 7.
    Անվերնագիր


    * * *

    Էգոն ծնվեց, որպեսզի շահ բերի աշխարհ, դարձնի դրա բնակիչներին եսակենտրոն և ոխակիր: Այդ ժամանակ հայտնվեց հակաէգոն, որպեսզի նախապատրաստի նրանց հանգուցյալ կյանքին: Երբ սրա ստվերն աննկատ մոտենում, կոտրում է համարձակությունն ու դատարկված տեղերում ցանում վախեր, հակաէգոն բացում է ճերմակ թևերը, որպեսզի զրահներով շրջապատված, հանդարտված քայլեր կատարվեն դեպի չբացահայտված իրականություն:

    - Իմ հրեշտակ, դու գոյությու՞ն ունես:
    - Ըհը: Գնա՞նք, - հարցնում է նա կարճ դադարից հետո:
    - Կուզենայի հրաժեշտ տալ բարեկամներիս:
    - Դրա կարիքը չկա` այժմ ապրելու ես նրանց հոգիներում:

    * * *

    Մանուկ է լույս աշխարհ գալիս: Դիմավորեք մաքուր հոգուն արժանի կարգով:

    - Մաքուր հոգի՞, - զարմանում է: - Այս մանուկներն իրենց հոգիներում պահում են հազարամյակների օրենքները:
    - Ի՞նչ օրենքներ, - հարցնում եմ:
    - Դոմինանտության օրենքները:

    Ասում են, կյանքի վերջում մարդը սկսում է բավարարվել նրանով, ինչ արդեն ստեղծել է: Համակերպվածության զգացողությունը հատուկ է էգոյին, որովհետև նրա բոլոր ձգտումներն աշխարհիկ են, իսկ ցանկացած ֆիզիկական գոյություն դատապարտված է վերջի: Էգոյի արժանապատվությունն է, երբ նորածինը ոտքի է կանգնում, սակայն նրա վերջաբանում գլխավոր դերը հատկացված է հակաէգոյին:

    - Բայց ես դեռ այնքան նախատեսած գործեր ունեմ, - հառաչում է էգոն:
    - Բավական է, - արդեն տանտիրոջ կարգով հրահանգում է հակաէգոն և նրա խոսակիցը հնազանդվում է:

    * * *

    - Ինձ կյանք կտա՞ս:
    - Ես կտամ քեզ էգո, որպեսզի կարողանաս գոյատևել և կտամ քեզ հակաէգո, որպեսզի երբեք չմոռանաս, թե որտեղից ես սերում և ուր պետք է վերադառնաս:

    Մթության մեջ լույսի մի աստղիկ է երևում: Մանուկը լողում է դեպի այն: Ձեռքը դիպչում է անդեմ, մուգ գույներով պատված, մարդանման մի արարածի: Կարծես թե նա բերան չունի, բայց պարզ լսվում են նրա արտասանած բառերը` «Միասին լողա՞նք»: «Ըհը»` պատասխանում է մանուկը և երկուսով ձգվում են դեպի լույսը: Դիմավորեք նորածնին:

    Հետաքրքիր է, երեխաները ժառանգում են հազարամյակների ընթացքում հավաքած մարդկային փորձը, բայց չեն կարողանում հասնել հավերժական լռությանը: Նորածինը ժառանգում է կյանքի աղմուկը, բայց հակաէգոյի էությունն այլ է` այն սերնդե սերունդ փոխանցելն անիմաստ է, որովհետև նա ամենուր է:

    - Իմ հրեշտակ, դու իրոք գոյություն ունես: - Կարելի է կուտակել ոսկի, որովհետև այն իշխանություն և բարվոք կյանք է խոստանում` սա էգոյի դրսևորումն է, բայց կարիք չկա սպիտակ ձյուն հավաքել խոր ձմեռ ժամանակ: Դրանով կարելի է խաղալ և հիանալ, մոռանալով տեղ և ժամ` սա հակաէգոյի դրսևորումն է: Քանի դեռ հիվանդը հետաքրքրվում է ամիս ամսաթվով, պետք չէ վախենալ` նա դեռ ապրելու է: Հավերժական լռությունն անհնար է կուտակել, ինչպես անհնար է, որ մարդը կլանի այն քաղաքը, որում ապրում է: Այն ամենուր է և առաջին իսկ կանչով փարվում է մարդուն, բռնաբարված, բայց ոխի զգացումը ներողամտության կույս սրով հատած քրոջ նման. ամենուր և ամեն ժամ:

    Գիշերային երկխոսություն

    Աստղազարդ գիշեր է: Քաղաքի գլխավոր փողոցներում տեղակայված խանութների լույսերը վառ են, թեև արդեն բավական ուշ է: Ավելորդություններով աչքի չընկնող բնակավայրը շրջապատված է գործարաններով և ֆաբրիկաներով: Օդն այստեղ հագեցած է մեքենայական յուղով` բավարար է մի քիչ երկար քայլել փողոցով, որպեսզի դրա գազերը խտանան և սևացնեն մատներիդ ծայրերը:

    Այստեղ կա բարձրահարկ մի շենք, որը տեղի կառավարությունը որպես հանրակացարան է օգտագործում եկվոր-աշխատավորների համար, քանի որ նրանցից ոչ ոք երկար չի դիմանում արդյունաբերական թափոնների և գոլորշու մեջ: Շենքի կտուրին նստած է մարդանման մեկը: Նա դեմք չունի: Հագած է մինչև ոտքի թաթերը հասնող, սպիտակ գույնի, ոսկե կարերով, հարթ զգեստ: Գլխաշորը ծածկում է գլուխը, դրա տակից երևում են ոսկեգույն մազերի մի քանի փնջեր:

    Ետևից աննկատ մոտենում է մերկ մարմնով, գորշ գույներով պատված մի արարած: Նա, նույնպես անդեմ է, իսկ աչքերի նեղ փոսիկներում լորձանման, կարծես թե առանձին գոյություն հանդիսացող դոնդող է, որն ամեն կերպ փորձում է դուրս պրծնել իր բնից: Նա թեթև ցատկում է կտուրի եզրին գտնվող բետոնե սալիկին և հայտնվում Ճերմակավորի կողքին: Վերջինս չի նայում հյուրին, բայց վաղուց ծանոթ է նրա քայլվածքին:

    - Մեկ է, չեմ հասկանում: Ես նրանց տալիս եմ իշխանություն և բարիքներ ունենալու կարողություններ, իսկ նրանք վերջում քեզ են ուզում տեսնել: Բա արդարությու՞նը, - լռություն է տիրում: - Հասկացա` իմ զգացումներն այնքան ցածր են քո հայացքներից, որ չես ցանկանում, հա՞, պատասխանել: Գիտես միշտ նու՞յնն է լինելու, հույս ունես, որ գաղտնիքդ չե՞մ բացահայտի: Սուրդ անկարող է քեզ հավերժ օգնել:

    - Շատ համառն ես, թե մինչև հիմա կարծում ես, որ իմ կարողությունները սրիս մեջ են:
    - Եթե այդպես չէ, ապա այն ինձ տուր: Ես ուզում եմ ունենալ թևավոր սուրդ, - գրգռվում է Գորշավորը:
    - Հը, այդ շատ նման է քեզ:
    - Հիմա չես տալի՞ս, - անհամբեր ընդհատում է նա:
    - Տալիս եմ, իհարկե, - ասում է Ճերմակավորն ու վերցնում կողքին դրված թուրը, որը շեղբի հիմքում ուներ հրեշտակի թևերին նմանվող կցորդներ: - Վերցրու, - ասում է նա և բռնակը պարզում Գորշավորին: Վերջինն անվստահությամբ ձեռքն է առնում սուրը, շուռումուռ տալիս, բայց համոզվելով, որ այն իրական է, ոտքի է կանգնում ու կախում թուրը փողոցի վրա: Մեծ հույսեր ուներ, սակայն ապարդյուն` ոչինչ տեղի չունեցավ:
    - Հը, ստացվե՞ց մի բան, - հարցնում է Ճերմակավորը:
    - Չէ, չեմ հասկանում, - պատասխանում է Գորշավորը, նստում է սալիկին և թուրը դնում ծնկներին: Լռություն է տիրում: Սպիտակ զգեստով էակը հանդարտ նստած է, նրա դեմքն ուղղված է մի կետի: Խոսակցի աչքերն անհանգիստ այս ու այն կողմ են թեքվում, արծիվների` որս փնտրող հեռատես աչքերի նման: - Գիտե՞ս ինչ է զգում հայրը, երբ որդին առաջին անգամ աշխատավարձ է ստանում, - հարցնում է Գորշավորը: - Նա չի ուրախանում կամ հպարտանում, այլ մտածում է, թե ինչքան ժամանակ անց որդին կսկսի վաստակել իր չափ, որովհետև ցանկանում է միշտ գերակա մնալ: Անկախ իր հաշվարկած ժամկետներից, նրա մեջ արթնանում է խանդը և սկսում կրծել միտքը: Սրանց մասին գիտե՞ս: Ասա, տեղյա՞կ ես մարդկանց այսպիսի դրսևորումներից, - սկսում է վրդովվել նա:
    - Գիտե՞ս ինչ եմ մտածում, - սկսում է Ճերմակավորը:
    - Հը՞:
    - Գնանք` ես ուզում եմ քեզ թեյ հյուրասիրել, - թեթև տոնով ասում է նա:
    - Դու անհույս ես, - հիասթափվում է Գորշավորը: - Լավ կլինի, որ դու գնաս քո ճանապարհով, ես` իմ: Որքան քիչ հանդիպենք, այնքան ավելի նախընտրելի, - ասում է նա, դնում սուրը խոսակցի կողքին ու նույն փափուկ քայլերով ուղղվում դեպի ներքև տանող աստիճանները:

    Ճարմակավորը սպասում է մինչև հյուրը հեռանա: Նա վերցնում է թևավոր սուրն ու կանգնում կտուրի կենտրոնում` ինչ-որ բանի սպասելով: Դրա մի հատված հետզհետե սկսում է պատվել մշուշանման, բայց խիտ գազով: Այն դանդաղ դուրս է գալիս կտուրի տակից և ձևավորում 30-35 տարեկան տղամարդու գլուխ: Նույն կերպ կազմվում են նրա իրանն ու վերջույթները: Նա չի շնչում: Տղամարդը ներքնաշորերով է և հորիզոնական դիրքով կախված է օդում` Ճերմակավորի դիմաց: Իր տարիքին չհամապատասխանող կնճռոտված մաշկ ունի և սևացած, ուռած մատներ:

    Հյուրընկալը բարձրացնում է սուրն ու կամաց իջեցնում նորեկի կրծքին: Դրա շեղբի տակից թույլ լույս է դուրս գալիս և տղամարդը բացում է աչքերն ու խորը շունչ քաշում, ինչպես երկար ժամանակ ջրի տակ անցկացրած լողորդը, երբ դուրս է գալիս ավազանից:

    - Իմ հրեշտակ, դու գոյությու՞ն ունես, - ոտքի կանգնելով, հիացած աչքերով հարցնում է տղամարդը:
    - Գնանք, - նույն թեթևությամբ ասում է Ճերմակավորը, - գնանք ձեզ թեյ հյուրասիրեմ:

    * * *

    Անձնավորումը հակաէգոյինն է, ընդհանրացումը` էգոյինը, ներկան հակաէգոյինն է, անցյալն ու ապագան` էգոյինը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (20.02.2012), E-la Via (20.02.2012), Kanamar (19.02.2012), Mark Pauler (21.02.2012), Peace (19.02.2012), Sambitbaba (25.02.2012), Skeptic (19.02.2012), unknown (19.02.2012), Արէա (19.02.2012), Դավիթ (22.02.2012)

  19. #10
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Տարբերակ 8.
    Գերբնական Ակումբ

    Գիշերվա (կամ առավոտվա) ժամը չորսը կլիներ: Ակումբում մարդ չկար: Սովորաբար էդ ժամերին մեկ-երկու խելառներ լինում են, որ Զրուցարանն ակտիվ են պահում: Էս անգամ Ակումբցին մենակ էր: Ձանձրույթից չգիտեր` ինչ աներ: Հոգնել էր անընդհատ ռեֆրեշ կոճակը սեղմելուց: Բացի իրենից ուրիշ օնլայն մարդ չկար, ոչ նույնիսկ անտեսանելի:

    Ու մեկ էլ հերթական ռեֆրեշների ժամանակ Զրուցարանում նոր գրառում հայտնվեց ինչ-որ անծանոթ Նիկի հեղինակությամբ: «Յա, նոր անդամ: Խոսացնեմ, տեսնեմ ով ա»,- մտածեց Ակումբցին ու մտավ Զրուցարան:
    Պարզվեց, որ Նիկը հեչ էլ նոր անդամ չէր. նա երկու միլիոն ութ հարյուր հազար հինգ հարյուր վաթսուն մեկուկես գրառում ուներ: Հը՞: Գրառումները կոտորակային լինու՞մ են: Էս ի՞նչ հաշիվ էր: Դա դեռ հերիք չէր, Նիկի անվան տակ վարկանիշի փոխարեն պստիկ ուրվական էր նկարված, իսկ կարգավիճակը` գերբնական էակ: Ավատարն էլ դեղին աչքերով մարդու դեմք էր:

    Էս ամեն ինչն ուսումնասիրելուց հետո Ակումբցին անցավ Նիկի գրառումը կարդալուն: «Ակումբցի ջան, ի՞նչ կա»: Զարմանալի էր այդպես խորհրդավոր տեսքով վիրտուալ հանրությանը ներկայանալուց հետո էսքան հասարակ գրառում անելը: Ակումբցին սկսեց պատասխանը գրել: Բայց մինչ կհավաքեր, կգրեր-կջնջեր ասելիքը, նոր գրառում հայտնվեց նախորդի անմիջապես ներքևում. «Հոպ, տենց հաշիվ չի, հերիք գրես-ջնջես: Անիմաստ ա: Ես սաղ գիտեմ»: Ակումբցին շշմեց: Կատաղած պատասխան գրեց. «Ո՞վ ես դու արա»: Նիկը ծիծաղող սմայլիկ դրեց: Ո՞նց, մենակ սմայլիկից կազմված գրառու՞մ: Բայց Ակումբցին լսում էր նաև սմայլիկի ձայնը: Էս ի՞նչ հաշիվ ա, էս ի՞նչ նորամուծություններ ա Չուկն արել:

    Սմայլիկը լրջացավ, աչքերը կլորացրեց, սկսեց հորանջել, իսկ հետո ասաց. «Հը, չե՞ս գալիս, սպասում ենք քեզ»: Էստեղ Ակումբցին լրիվ խառնվեց իրար: Ձեռքերը կապ էին ընկել, էլ ոչինչ չէր կարողանում գրել: Ու հենց էդ պահին էր, որ էկրանից մի ձեռք դուրս եկավ, բռնեց Ակումբցուն, ներս տարավ (առանց կոշիկները հանելու):

    Ակումբցին ուշքի չէր գալիս: Նիկը մի բաժակ ջուր տվեց: «Հանգիստ,- ասաց,- դու հիմա բառիս բուն իմաստով վիրտուալում ես: Ամեն մարդու էսպիսի հնարավորություն չի տրվում: Դա շատ արտասովոր բան է: Պետք է Ակումբում միայն մի հոգի օնլայն լինի: Նման բան մեկ էլ հինգ տարի առաջ է պատահել միայն մի հոգու հետ»: «Ու՞մ»,- հարցրեց հետաքրքրասեր Ակումբցին: «Նո, նո, նո, դու դա չես իմանալու»,- պատասխանեց Նիկը: «Ակումբում թեմա կբացեմ քո մասին»,- սպառնաց Ակումբցին: «Քեզ գժի տեղ կդնեն,- ծիծաղեց Նիկը,- լավ, արի սկսենք մեր վիրտուալ ճամփորդությունը:

    Նիկն Ակումբցուն տարավ մի մեծ վիրտուալ հրապարակ, որտեղից անթիվ-անհամար փողոցներ էին սկսվում: Մի մասը շատ լայն էին ու երկար, մյուսներն էնքան պուճուր, որ Ակումբցին հազիվ էր տեսնում դրանք: Հրապարակի կենտրոնում սլաքներով ցույց էր տրված, թե որ կողմում որ փողոցն է: «Այ, տեսնու՞մ ես այն հսկա ու լայն փողոցը, որ մեջը լիքը խանութներ կան: Դա Ֆեյսբուքն է: Ուզու՞մ ես էնտեղ քո տունը գտնենք»: «Ես Ֆեյսբուքում չկամ»,- մրթմրթաց Ակումբցին: «Ժամանակի հարց է,- ծիծաղեց Նիկը,- տես, այ էն մեկն էլ Ակումբն է: Էնտեղ տները մարդկանց չեն պատկանում, այլ թեմաներին: Մարդիկ միայն կահույք նավակներ ունեն: Դրանցով շրջում են տնետուն, մասնակցում քննարկումներին: Էնտեղ անկյունում իմ ու քո նավակներն են կանգնած, որովհետև միայն երկուսով ենք օնլայն»: «Բա էս ի՞նչ փողոց է, որ անընդհատ մյուս փողոցների վրա է բարձրանում-իջնում»,- հետաքրքրվեց Ակումբցին: «Էլ ո՞վ պիտի լինի: Մեր բարեկամ Գուգլն է: Հենց մի բան ես փնտրում, սկսում է հերթով բոլոր փողոցների տեսքն ընդունել, տներն ուսումնասիրել ու գտնել ուզածդ բանը»: «Իսկ էն ի՞նչ տարօրինակ մանր փողոցներ են, որ մեծից են սկիզբ առնում ու կարգին տներ էլ չունեն: Ոնց որ մի քանի հատ տենցը կա»: «Հա, դրանք էլ բլոգներն են: Բլոգերները տուն կառուցել չգիտեն, դրա համար էլ էդքան գեշ է ստացվել: Բայց դե տեսնում ես, որ բլոգն ավելի ձեռնտու է. թեկուզ պստիկ, բայց մի ամբողջ փողոց է քեզ հասնում, որտեղ կարող ես լիքը, թեկուզ անդուր, տներ կառուցել: Բա քեզ թվում է` ինչու՞ են բլոգները ֆորումներին հաղթում: Հիմա որ քեզ հարցնեին, դու նավա՞կը կընտրեիր, թե՞ փողոցը: Բայց դե անխելք մեռնում են, էժանագին բան է: Ըստ էության, էդ մի ամբողջ փողոցը մի լավ նավակ արժե»: «Եթե ջուր չկա, նավակները ո՞նց են լողում»: «Մի մոռացիր, որ սա վիրտուալ աշխարհն է: Դու ո՞նց ես առանց ինքնաթիռ նստելու skype-ով ԱՄՆ-ում գտնվող ազգականներիդ տեսնում»:

    Ակումբցին զարմացած նայում էր վիրտուալ աշխարհին, որտեղ, փաստորեն, առաջին անգամ էր լինում: «Լավ, Նիկ, բա դու ո՞վ ես, մա՞րդ ես»,- հարցնում է Ակումբցին` հուսալով որևէ խելքին մոտ պատասխան լսել: «Ինչ-որ իմաստով մարդ եմ, բայց իրական աշխարհում գոյություն չունեմ, մենակ վիրտուալ եմ»: «Քեզ նման շատե՞րը կան»: «Հա, անթիվ-անհամար: Վերցնենք միայն, որ ամեն իրական մարդ իր վիրտուալ կրկնօրինակն ունի: Բայց կան նաև վիրտուալներ, որոնց իրականները չկան, ու դուք դրա մասին երբեք չեք իմանում: Ես նրանցից եմ»:

    Հետո Նիկը որոշեց Ակումբցուն հետ տանել, բայց մինչ այդ մի շիշ վիրտուալ գինի տվեց, որ հետը տանի, ընկերներով խմեն:

    Ակումբցին արթնացավ: Մտածեց երազ էր, բայց հաջորդ վայրկյանին տեսավ վիրտուալ գինու շիշը, որը համ կար, համ չկար: Միացրեց կոմպը, մտավ Ակումբի ստեղծագործական նախագծեր բաժին ու առաջարկեց գերբնական թեմայով մրցույթ սկսել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  20. Գրառմանը 26 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (23.02.2012), anahit96 (20.02.2012), aragats (20.02.2012), Ariadna (20.02.2012), armen9494 (19.02.2012), Arpine (21.02.2012), Chilly (23.02.2012), E-la Via (20.02.2012), Freeman (19.02.2012), Jarre (26.02.2012), Kanamar (19.02.2012), Mark Pauler (22.02.2012), Moonwalker (19.02.2012), Nare-M (20.02.2012), Peace (19.02.2012), Rammstein (20.02.2012), Sambitbaba (25.02.2012), Smokie (05.04.2012), unknown (19.02.2012), Varzor (20.02.2012), Դավիթ (22.02.2012), Ժունդիայի (19.02.2012), Նաիրուհի (20.02.2012), Նիկեա (19.12.2015), Նուշություն (20.02.2012), Շինարար (19.02.2012)

  21. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Տարբերակ 9.
    Բարև, Կարո


    Կարոյին թաղեցինք, քելեխին կերանք, խմեցինք, անցավորներին օղորմի տվինք: Մի քիչ մղկտացինք ու հանգստացանք: Հիմա ինչ անես՝ եղածը եղած էր:

    Յոթն անցավ: Հաջորդ օրը՝ լույսը դեռ չբացված, դուռը զարկեցին: Բացեցի:

    - Բարի օր, Ռազմիկ:
    - Աստծո բարին, Կարո ջան: Հո բան չի՞ էղել... էս առավոտ շուտ...
    - Չէ, ինչ պիտի լինի, ասեցի տեսնեմ ոնց ես, ինչ ես:

    Կարոն ներս մտավ:

    - Խմելու բան կա՞:
    - Հա, ախպերս, էրեկվա յոթից մնացած թթի արաղ ունեմ, սպասի բերեմ:

    Դրեցի սեղանին:

    - Դե լից, Ռազմիկ ջան:

    Լցրեցի: Անո՜ւշ:

    - Լավ գնաց, մի հատ էլ:

    Մեծ ախպորս ասածն օրենք էր: Մի-մի հատ էլ կոնծեցինք:

    - Տեսքդ լավն ա, ախպերս, աչքով չտամ,- ասեցի Կարոյիս:

    Կարոն թարս-թարս նայեց վրաս:

    - Էս հագնելու բա՞ն էր, որ ինձ եք հագցրել:

    Նեղվեցի մի քիչ... Թազա շորերը ափսոսել էինք դագաղի մեջ քոռուփուչ անել:

    - Սպասի հիմա լավերը բերեմ, հեչ չմտածես:

    Գնացի ինձ համար նոր առած շալվար-պիջակը բերեցի, տվեցի ախպորս:

    - Հագովս կլինի ո՞ր,- ասեց ու սկսեց վրան քաշել:

    Լավ նստեց:

    - Իսկականն ա,- բութս տնկեցի ես:

    Իրիկունը հարևաններն էկան, նստեցինք, խոսեցինք: Ամեն մեկը վերջին նորություններով կիսվեց, Կարոն էլ իրենից պատմեց: Մի-մի թաս էլ էդպես խմեցինք, օրներս մթնեց:

    Առավոտը Կարոն վեր կացավ, թե.

    - Ես գնացի, ախպերս:
    - Էլ ե՞րբ կերևաս,- հարցրեցի ես:
    - Աստված որ հաջողի, մինչև քառասունք անպայման կտեսնվենք:
    - Էդ լավ բան ես ասում, Կարո ջան,- ուրախացա ես:

    Ախպերս ասածն արեց: Քառասունքից առաջ էկավ: Բարեկամներով հավաքվեցինք: Մաճառ խմեցինք, հանաք արեցինք, ուրախացանք, օրներս մթնեց, անցավ:

    - Էս Կարոն վաղուցվանից ա չի էրևացել,- մի օր ասեց մեր հարևան Աղունը,- մի վատ բան պատահած չլինի:
    - Բերանդ խերով բացի, այ կնիկ:
    - Բան չասեցի, Ռազմո ջան...

    Կարոյիս ի՞նչ պիտի լիներ, նրա մերը չմեռնի: Մի շաբաթ չանցած՝ նորից տնկվեց մեր տան շեմին: Շատ ջիգյարով տղա դուրս եկավ: Բա չէ, ուրիշների նման: Հեռանում են, մոռանում: Էլ ոչ գնալ, ոչ գալ...

    Մեր օջախում դրվածքն ուրիշ է, իրար սիրել-շահել կա, պատիվ-հարգանք կա: Իսկական հարազատությունը էդպես գիտի: Մեր արյունը ջուր չի դառնա, չէ...

    Հիմա ամիսը ոնց էլ չլինի մի երկու անգամ հանդիպում ենք: Պատահում է՝ ինքն է գալիս, պատահում է՝ ես եմ գնում:

    Կապը պահպանում ենք:

    Դրանից էլ լավ բա՞ն:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  22. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (20.02.2012), armen9494 (19.02.2012), Cindrella Man (19.02.2012), Lusinamara (19.02.2012), Mark Pauler (22.02.2012), Sambitbaba (25.02.2012), unknown (19.02.2012), Varzor (20.02.2012), Դավիթ (22.02.2012), Նիկեա (19.12.2015), Շինարար (19.02.2012)

  23. #12
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Տարբերակ 10.
    Առեղծվածային շրջաններ


    - Արթնացի՛ր – շատ հստակ հնչեց նրա ականջներում:

    Միանգամից սթափվեց ու նայեց շուրջը, միայն գիշերային մթությունն էր ու լռությունը, ուրիշ ոչինչ: Որոշեց նորից քնել ու գլուխը դրեց բարձին:

    - Արթնացի՛ր – այս անգամ ավելի պահանջկոտ էր ձայնը ու բացի այդ ինչ-որ կոշտ առարկայով կարծես հրեցին: Նորից վեր թռավ, այս անգամ մթության մեջ կանգնած էր մի էակ կարմիր վառվռուն աչքերով ու նայում էր ուղիղ նրա վրա:

    Մի տեսակ սառեց, բայց, ինչը շատ զարմանալի էր, չվախեցավ: Այլ հետաքրքրությամբ նայեց, կարծես սպասելով թե հետո ինչ է լինելու:

    Սպասումը այնքան երկար տևեց, որ արդեն մտածեց թե դա մի մտատածին կերպար է և նորից ուզում էր պառկել, բայց վերջապես խոսեց.

    - Արի՛ իմ ետևից – մի տեսակ խուլ ձայն էր դա, որը լսվում էր ոչ թե ականջներով օդի մոլեկուլների շարժումով առաջացած ալիքով, իսկ նա հանել էր լսողական ապարատը ու դա նույնիկ հնարավոր էլ չէր, այլ ուղեղում: Տարօրինակ էակը բերանը չէր բացում ու փակում ու առհասարակ կարծես թե բերան էլ չուներ, բայց մտքում պարզ հնչում էին բառերը, ուրեմն ուղեղով էր խոսում ու լսելի դառնում: Չնայած դեռ շատ շուտ էր խոսել նրա ուղեղի մասին, քանի որ դեռ պարզ չէր արդյոք ուներ նա ուղեղ թե ոչ:

    Լուռ վեր կացավ ու գնաց նրա ետևից դեպի պատշգամբ: Ամառ էր, ու բոլորովին էլ տաօրինակ չէր, որ պատուհանը բաց էր, բայց տարօրինակ էր, որ էակը շարժվեց հենց նրա կողմը, իսկ հետո կտրուկ շրջվելով, նորից հրամայեց.

    - Ձեռքդ տուր, - ու պարզեց ձեռքանման մի ելուստ, որը սակայն քիչ էր նման մարդկային ձեռքին:

    Առանց վարանելու նա մեկնեց ձեռքն ու նրանք լուսնային արագությամբ սլացան վերև, իսկ նա առանց վախի նայում էր այս ամենին ու ուղղակի սպասում, իսկ հետո՞...

    Շուտով նրանք հասան բաց տիեզերք, նա ցույց տվեց երկրագունդը: Երկար նայելուց հետո շրջվեց ու ասաց.

    – Կուզե՞ս իմանալ մեր բոլոր գաղտնիքները: Մենք պատրաստ ենք ամեն ինչ քեզ պատմելու, դու շատ նոր բաներ կիմանաս ինչպես քո և ձեր երկրագնդի մասին, այնպես էլ մեր մոլորակի մասին:

    Քիչ հետո նրանք նորից սլացան լույսի արագությունից էլ արագ ու հայտնվեցին մեկ այլ մոլորակի կողքին: Սակայն սա լրիվ այլ մոլորակ էր, ամենևին Երկրին նման չէր, այստեղ գերիշխում էին մանուշակագույնն ու կարմիրը:

    Հանկարծ նա շրջվեց դեպի էակն ու ասաց.

    - Տար ինձ տուն, ինձ պետք չեն ձեր գաղտնիքները:

    Կոնկրետ չգիտեր թե ինչը նրան ստիպեց դա ասել, ուղղակի զգաց, որ պետք է գնա տուն ու վերջ:

    Բառերը կարծես արձագանքեցին նրա գլխում ու ողջ տիեզերքով: Էակը լուռ բռնեց նրա ձեռքն ու նրանք սլացան: Շուտով նա կանգնած էր իրենց պատշգամբում, իսկ մի քանի վարկյան հետո, ինչպես իրեն թվաց, բացեց աչքերն ու տեսավ առավոտյան արևի շողերը սենյակում:

    - Երազ էր, - մտածեց նա ու վերկենալով սկսեց հագնվել:

    Անցել էր մոտ մեկ ամիս ու ամբողջ ընտանիքով որոշեցին մաքրել պատշգամբը, հազար ու մի իրեր թափված կամ խցկված էին տարբեր անկյուններում: Նրանց մեջ էր նաև բացովի մահճակալը, որը երկար ժամանակ չէին օգտագործում, բայց որոշել էին հին մահճակալներից մեկը փոխարինել նրանով, իսկ երբ քաշեցին պատի մոտ դրված մահճակալը զարմանքը քարացավ նրանց բոլորի դեմքերին: Պատին քերծված էին մեծ չափսերի շրջաններ, իրար մեջ, նույն կենտրոնով, զարմանալի ճշտությամբ:

    Սկզբից մտածեցին թե ընտանիքի փոքրը գուցե չարաճճիություն է արել ու գծել, բայց հնարավոր չէր, որ 7-8 տարեկան երեխան այդ չափերի ու այդ ճշտությամբ շրջաններ գծեր: Իսկ երբ նայեցին մահճակալի գլխամասին, ավելի մեծ զարմանք համակեց նրանց: Այնտեղ նույն շրջանագծերն էին ավելի փոքր չափերի: Ստուգեցին տանը գտնվող բոլոր կլոր առարկաները, բայց ոչ մեկը չհամընկավ դրանց որևէ մեկի չափի հետ: Առեղծվածը մնաց առաղծված, պարուրված ծանր ու անթափանց վարագույրով:
    (իրական պատմություն)

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  24. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (20.02.2012), armen9494 (19.02.2012), Freeman (19.02.2012), Kanamar (19.02.2012), Lusinamara (19.02.2012), Mark Pauler (22.02.2012), Sambitbaba (25.02.2012), unknown (19.02.2012), Varzor (20.02.2012), Դավիթ (22.02.2012), Մինա (19.02.2012)

  25. #13
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Տարբերակ 11.
    Մահվան Պարը


    «Ես գրող եմ: Դանիել Հերունցն եմ ես: Վատ չեմ գրում: Երբ մոտս ինքնասիրահարվածության առանձնապես սուր նոպաներ են բռնում՝ ինձ համարում եմ մաքաբրի հայր, կամ ինչպես քննադատներն են անվանում՝ մաքաբրի արքա: Մաքաբրն իմ ընտրած ժանրն է ստեղծագործելու: Գրականության մեջ արսափի, առեղծվածի, հուսահատության ու մահվան մթնոլորտն է մաքաբրը: Իսկ հենց բառի բացատրությունը՝ մահվան պարն է: Ես այդ սրճարանը շատ եմ սիրում: Ինչի համար և ստիպված եմ այս թուղթը սևացնել այժմ: Երիտասարդը պարզապես հանգիստ նստած իր թերթն էր կարդում: Հետո մոտեցավ մատուցողն ու սեղանին դրեց գոլորշիապատ, թափանցիկ թեյնիկը: Այն, որ թեյի խոտը սեղմող սարք է մեջը լինում: Շատ մարդ չկար սրճարանում: Ես ամեն ինչ ֆիքսում եմ: Գրողի պարտականությունն է: Նկատել, ֆիքսել այն ինչ ուրիշներն անուշադրության են մատնում: Երիտասարդի կողքի սեղանին էլ մեկը կար նստած:Նկատեցի, տարօրինակ հայացք ուներ, բայց դե ո՞վ չունի ժամանակ առ ժամանակ: Ուրիշ սեղաններին մեկումեջ աղջիկների խմբեր էին նստած, սուրճ, կոկտեյլ էին խմում, սենդվիչ կծմծում: Ու այդ տղան: Հանգիստ իր թերթն էր կարդում: Առավոտն էր: Օրվա ժամը չէ, թերթը: Կեսօրից մի փոքր անց էր: Հետո... հետո դժվարանում եմ ասել՝ ինչ եղավ: Իսկ ես գրող եմ: Իմ հացն է՝ ասել, թե ինչ եղավ: Թերթը կտրուկ խշխշոցով փակեց՝ ինձ ստիպելով հայացքս գրքից կտրել և նորից իր կողմը նայել: Հայացքում ինչ-որ բան էր փոխվել: Մի տեսակ անորոշություն... թեապատիա էր հայտնվել աչքերում: Եռման ջրով թեյնիկը վերցրեց, բայց բաժակին չմոտեցրեց: Դանդաղ, ասես դանդաղեցրած կադրով բարձրացրեց վեր... ու... լցրեց գլխին... Աստված իմ... Ուղիղ գլխին... Ցավից սկսեց գոռալ... ու շարունակում էր լցնել... Դատարկեց մինչև վերջին կաթիլը... Գոռում էր: Հետո աթոռից գլորվեց ու անշարժացավ»:

    - Գալստյան, սա ի՞նչ է:
    Միքայել Գալստյանը հայացքը կտրեց փոքրիկ հեռուստացույցից. 02-ն էր նայում:

    - Վկաներից մեկի նկարագրությունը: Հաճախորդներից միայն նա էր դեպքի վայրում մնացել, երբ մենք հասանք:
    - Ուրիշ վկայություն չկա՞: Որտեղ դեպքը պատմած կլինեն, ոչ թե ինքնանկարագրական պատմվածք գրած կլինեն:
    - Մատուցողինը կա: Բայց սա ավելի գրագետ էր գրված, - արդարացավ Գալստյանը:
    - Հայոց լեզվի օլիմպիադա չի: Տուր տեսնեմ այդ մյուսը:

    “Լավություն անողի գլուխը փլավքամիչ ա»- մտովի կնճռոտվեց Գալստյանը՝ թղթերի միջից գտնելով մատուցողի վկայությունն ու հանձնելով հրամանատարին:

    ***

    Դանիել Հերունցը գիշերը վեր թռավ այն համոզմունքով, որ մեկը սենյակի անկյունում կանգնած իրեն է նայում: Աչքերը մի քանի անգամ թարթեց՝ քնի շղարշը դեն նետելու համար ու հայացքը հառեց իր կասկածած անկյունին: Բարձր մեջքով աթոռն էր՝ վրան իր խառըխուռը թղթերը:

    Մահտեսի օրագրից
    «Ինչպե՞ս ես, իմ սիրելի գրողիկ, գրքերդ գրո՞ւմ ես: Գրի-գրի, որ Մահտեսը կարդա: Ի վերջո դու դեռ դա չգիտես, բայց դու Մահտեսի համար ես գրում: Նա քո ամենանվիրյալ ընթեցողն է: Օ, դու մաքաբրի Արքա: Մի օր դու կիմանաս, որ գրում ես մաքաբրի Աստծո համար: Ծնկի իջիր, Արքա: Եթե չես ուզում, որ Մահտեսը ինքը քեզ իջեցնի այդ դիրքին: Ու դեռ հայտնի չէ՝ Մահտեսը ինչ կպահանջի, որ դու անես այդ դիրքում: Դու պետք է քո դեմքը տեսնեիր, գրողիկ, երբ այն դժբախտը թեյնիկի պարունակությունը դատարկեց գլխին: Ծիծաղելի էիր: Հուսով եմ մեկնումեկը աթոռդ մաքրել է՝ վեր կենալուցդ հետո: Շուտով կհանդիպենք, Արքա, շատ շուտով»:

    ***

    Դանիել Հերունցը մեղմ թախիծով հայտնաբերեց, որ սառնարանի միջի կիսաապխտած երշիկի պաշարը վերջանալու վրա է: Նա վաղուց էր կարդացել, որ բոլոր հանճարեղ գրողները մի տարօրինակություն ունեցել են և անդառնալիորեն որոշել էր, որ իր տարօրինակությունը գրելու ժամանակ պարտադիր ձեռքի տակ կիսաապխտած երշիկ ունենալն է: Եվ դուրս քաշովի անձեռոցիկի տուփ, որից մազութի հոտ չէր գալիս ու որի թուղթը զուգարանի թղթի պես երկար շարքով դուրս չէր գալիս.հազիվ էր գտել այդ մի տեսակը: Իսկ երշիկը միշտ ձեռքով էր ուտում, առանց հացի, ու մատները յուղոտվում էին: Ստեղնաշարին մաքուր ու ստեղծագործ մատներ են պետք:

    Որոշեց ոտքով գնալ: Հսկա խանութի մուտքի մոտ վերցրեց հսկա ապրանքատար գլգլիկը, թեև գիտեր՝ բացի երշիկից բան չունի գնելու:

    Երշիկեղենի բաժնում ինչպես միշտ՝ հերթ էր: Եվ բնականաբար՝ բոլորն իրենց ապրանքը կտրտել էին տալիս: Մտածեց, որ կտրող գործիքի մոտ կանգնած տերյանավարի դալուկ ու լղարիկ աղջիկը միայն այդ տանել-բերելու գործողության հաշվին կարգին բիցեպս գցած կլինի: Փորձեց երկար թևքով բլուզի տակից գտնել թևի մկանոտ մասը, բայց կտորը հաստ էր ու անթափանց: Մինչև գործի կդներ երևակայությունը՝ անտեսանելին մտքում պատկերելու համար, իր հերթը հասավ: Ցույց տվեց իր նախընտրած երշիկը և խնդրեց կտրտել: Աղջիկը ժտպաց, մի տեսակ անկեղծ, ոչ վաճառողավարի, ու երշիկի վրայի թափանցիկ մաշկը վարպետորեն դանակով մաքրելուց հետո մոտեցավ կտրող գործիքին: Հերունցն արդեն կտրտած տասներեք կտոր էր հաշվել, երբ աղջիկն անսպասելիորեն մի կողմ դրեց երշիկը, նայեց Հերունցի կողմը և հետ շրջվելով կտրող մեքենային՝ ձախ ձեռքի ճկույթ մատը առանձնացրած պահեց կլոր ու դանակի մոտ և ևս մեկ վայրկյան տատանվելով՝ դանակն անցկացրեց վրայով: Երբ նա իր իսկ չռռացող արյանը նայելով պահեց երկրորդ, ճկույթի կողքի մատն ու նորից դանակն անցկացրեց վրայով՝ նրա ցավի ճիչը խլացավ հերթում կանգնած կանանց սարսափի ճիչի ներքո: Հերունցը հետ նայեց և տեսավ, որ անմիջապես իր հետևում կանգնած մարդուց բացի՝ մնացածը հիստերիայի մեջ ծղրտացող կանայք են: Մեկ վայրկյան հայացքը պահելով հետևում կանգնածի ոչինչ չարտահայտող դեմքին, ասես չէր էլ նկատել՝ ինչ է կատարվում, Հերունցը հրեց իրեն գետնից, մի ոտքը դրեց երշիկների ու խոզապուխտների մեջ, կտորներից մեկի վրա սահելով և հազիվ իրեն պահելով: Նա թռավ իրեն խոշտանգող աղջկա մոտ և հասցրեց հետ քաշել նրան այն ժամանակ, երբ նա դանակի տակ էր դնում իր ցուցամատը:


    ***
    «Ես ոստիկանության մեկ այլ բաժնում արդեն գրել եմ, որ գրող եմ: Իրականում կարող եք իրենց հետ կապվել, իմ մասին կասեն ձեզ: Ինչ-որ բան այն չէր...ինչ-որ բան նույնն էր... Այդ աղջիկը: Ինչպես էր հիվանդանոցում նայում վրաս ու հետո իր վիրակապված ձեռքին... Նա բժիշկներից էր իմացել, թե ինչ է արել: Ինչ-որ բան այն չէ: Նույնն է: Նույնն է ինչ-որ բան...»



    շարունակությունը հաջորդ գրառման մեջ
    Վերջին խմբագրող՝ Chuk: 19.02.2012, 01:14: Պատճառ: Սխալի շտկում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  26. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (20.02.2012), armen9494 (19.02.2012), Claudia Mori (21.02.2012), E-la Via (21.02.2012), Kanamar (19.02.2012), Mark Pauler (22.02.2012), Peace (19.02.2012), Rammstein (20.02.2012), Sambitbaba (25.02.2012), Skeptic (19.02.2012), Smokie (04.05.2012), unknown (19.02.2012), Varzor (20.02.2012), Արէա (19.02.2012), Դավիթ (22.02.2012), Մինա (19.02.2012)

  27. #14
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    սկիզբը նախորդ գրառման մեջ


    ***

    Հերունցը վեր թռավ գիշերվա ժամը չորսի կողմերը այնպիսի մի համոզվածությամբ, որից ծոծրակի վրայի մազերը բիզ-բիզ կանգնեցին, իսկ արյունն ասես դադարեց հոսել երակներով: Նույնն էր: Աստված իմ....

    Միքայել Գալստյանը թերահավատությամբ նայում էր «ցնդած պոետի» դեմքին:

    - Դուք համոզվա՞ծ եք:
    - Չեմ հասկանում, ես պարզ չե՞մ արտահայտվում: Հայերեն չե՞մ խոսում: Ընդհանրապես ես հիմա այստե՞ղ եմ, սերժանտ Գալստյան:
    - Լավ, մի բորբոքվեք, պարոն Հերունց:
    - Ասում եմ ձեզ՝ նույն մարդն էր և՛ սրճարանում և՛ խանութում: Հասկանո՞ւմ եք:
    - Ձեր նկարագրությունն արդեն համակարգչով գեներացվում է:

    Հերունցը հազիվ զսպեց՝ լեզվին եկած «չէ հա»-ն:
    - Դուք հասկանում եք չէ՞, որ դա պատահական չէր: Նույն մարդուն ես տեսնում եմ երկու անգամ և երկու անգամն էլ անբացատրելի ու զարհուրելի բան է տեղի ունենում մեկ ուրիշի հետ՝ ուղիղ իմ աչքի առաջ:

    - Հասկանում ենք պարոն Հերունց, այն, որ մենք խուճուճ-մուճուճ ձևով թղթին չենք հանձնում մեր մտքերը, դեռ չի նշանակում, որ մենք կույր ենք կամ մեր գործն անել չգիտենք: Ձեր գործն այստեղ վերջացած է, գնացեք տուն, հանգստացեք:

    Մահտեսի օրագրից
    «Ոստիկանների մո՞տ ես գնում, Արքա, լավ չէ, լավ չէ... փաստորեն այն երկուսը քեզ համար հե՞չ: Ուրեմն արի գտնենք ու Մահվան Պար առաջարկենք նրան, ով կլինի «մեջ»: Կպարե՞ս հետս Արքա: Կպարես... »


    ***

    Հերունցը վերջերս սովորություն դարձածի պես մտքերից կտրվելով՝ վեր թռավ: Այս անգամ՝ հեռախոսազանգից:


    - Դանիե՞լ:
    - Հա՞ Սյուզ, - Հերունցը զարմացավ:

    Քույրը շատ վաղուց չէր զանգել, այդքան մտերիմ չէին, ցավոք, ըսկ Հերունցի հաստատ համոզման՝ քրոջ ամուսնու պատճառով: Տանել չէր կարողանում այդ դատարկագլխին, - ինչպե՞ս ես:

    - Լավ չեմ Դանիել: Դու ինձ պետք ես: Դու ինձ պետք ես: Դու ինձ պետք ես, Դանիել: Արի: Արի, խնդրում եմ:
    - Սյուզ, - զգաց, որ սիրտը սկսում է արագ խփել. քրոջ ձայնում անթաքույց սարսափի կար:
    - Դանիել, Արի, խնդրում եմ, հենց հիմա: Մեռնում եմ Դանիել: Մեռնում եմ:

    Հերունցը երկրորդ «մեռնում եմ»-ը չլսեց: Լսափողը նետեց սեղանին և թռավ դուրս՝ դուռը շրխկացնելով իր հետևից:

    Սյուզիի ութերորդ հարկում գտնվող տան դուռը կիսաբաց էր: Ասես բամբակե դարձած ոտքերը մի կերպ փոխելով՝ Հերունցը մտավ ներս:

    Սյուզին կանգնած էր հյուրասենյակի մեջտեղում դրված աթոռի վրա: Առաստաղի երկաթե կեռից, որտեղից Հերունցի հիշելով հսկայական ու անճաշակ ջահ պիտի կախված լիներ, հաստ պարան էր իջել, որն օղակվել էր Սյուզիի պարանոցին: Քրոջ հայացքում Հերունցի մտնելու հետ գրեթե ոչինչ չփոխվեց. այն դատարկ էր: Այնտեղ ոչինչ չկար: Հերունցն ավելի շուտ զգաց, քան տեսավ, որ սենյակում ևս մեկը կա: Նա գլուխը դանդաղ թեքեց դեպի սենյակի անկյունը և տեսավ բազկաթոռի վրա նստած ժպտացող մարդուն: Ավելի հեռու անկյունում ջահն էր, բավականին խնամքով դրված գորգի վրա:

    Հերունցին երկրորդ վայրկյանը պետք չեղավ, որպեսզի հասկանա, թե ով է նստած իր քրոջ հյուրասենյակի բազկաթոռին: «Համակարգիչը գեներացնում է ձեր նկարագրած մարդուն»:

    Հերունցը քայլ արեց դեպի քույրը: Սյուզինմեկ ոտքը շարժեց և մոտեցրեց աթոռի եզրին: Ասես աչքերին չհավատալով՝ Հերունցը նայեց նրա դեմքին: Այնտեղ նույն դատարկությունն էր:

    - Եվս մեկ քայլ առանց իմ թույլտվության, Արքա, և Սյուզաննան կսկսի պարանից կախված թպրտալ քոաչքի առաջ: Դա մինչ այն, երբ դու կլսես նրա կոտրվող պարանոցի ոսկորի չխկոցը:

    Այդ հանգիստ ձայնի սառնությունն ու ասվածը Հերունին ստիպել գրեթե ընկրկել: Անծանոթը գլխի լուռ շարժումով ցույց տվեց աթոռներից մեկը:

    Հերունցը նստեց՝ հայացքը հառելով մերթ քրոջը, մերթ անծանոթին:

    – Եվ ե՞րբ է սկսվել, - հարցրեց նա:
    – Ի՞նչը, Արքա, - հաճույքով հարցրեց անծանոթն, ասես ուրախ, որ Հերունցը խոսում է իր հետ:
    – Երբվանի՞ց ես կարողանում կառավարել մարդկանց ուղեղը, ստիպել նրանց անել այն,ինչ դու ես ուզում:

    Անծանոթը ձախ հոնքը վեր քաշեց:
    - Դու իսկապես այն ես, ինչ նրանք գրում են, Արքա...վատ չէ, վատ չէ.. Ե՞րբ ես հասկացել:
    - Խանութում արածդ հիշելով, երբ այն խեղճ աղջկան էիր խոշտանգում: Բայց համոզված չէի... մինչ այժմ...
    - Բացի քեզանից էլ ո՞վ գիտի:
    - Ոչ ոք, երդվում եմ, - արագ ասաց Հերունցը, տեսնելով, որ Սյուզին նորից շարժում է ոտքը դեպի աթոռի ծայրը:

    Անծանոթը ժպտաց: Բայց աչքերը չէին ժպտում, միայն բերանը: Ինչ-որ արյուն սառեցնող բան կար այդ ժպիտի մեջ:
    - Ինչո՞ւ հենց ես, - Հերունցը չէր կարող չհարցնել:
    - Օ, վերջապես: Ինչ երկար եմ ես սպասել այդ հարցին... Դու գիտե՞ս՝ որն է Արքայի ամենամեծ առաքելությունը: Ասեմ: Գրել իր Աստքո մասին: Ձոնել նրան իր ամենափայլուն գոհարը: Գրել նրա մասին այնպես, ինչպես, դեռ ոչ ոքի մասին չի գրել: Մատուցել նրան իր աստվածային արժանվույնը: ԳՐԵԼ նրան: Մեծատառերով ու ընդմիշտ:
    - Դու... դու այդ ամենն արել ես... անում ես միայն նրա համար, որ ես քո մասին գրե՞մ, - Հերունցին թվաց, թե աթոռի հետ միասին անդունդ է գլորվում, սև, անհատակ անդունդ:
    - Իհարկե, Արքա, - անծանոթը կրկին ժպտաց իր հում ժպիտով:
    - Իսկ եթե պարզապես հանդիպեիր ինձ, պատմեիր քո մասին ու խնդրեիր դա անե՞լ, - Հերունցը չզգաց, թե ինչպես ձայնը վերածվեց աղաղակի:

    Սյուզիի աթոռը վտանգավոր կերպով շարժվեց՝ ստիպելով նրան միայն մի ոտքի ծայրով կառչած մնալ դրանից:

    - Ձա՛յնդ, Արքա, ձա՛յնդ, - անծանոթի դեմքը զայրույթից ծամածռվեց, բայց անմիջապես էլ հանդարտվեց, - ես չէիկարծում, որ դու ինձ հետաքրքիր կհամարես, Արքա: Իմ այս կարողությունը ոչ մի մանկական տրավմայի արդյունք էլ չի, ինչպես բոլորը և դու իրենց հետ կմտածեիր: Ինձ ոչ ոք չի ծեծել փոքր ժամանակ, ոչ ոք չի բռնաբարել ոչ մի տեղից, ոչ ինձ, ոչ էլ մորս՝ իմ աչքի առաջ: Հայրս հարբեցող չի եղել, ոչ էլ թմրամոլ: Ես մեծացել եմ նորմալ ընտանիքում և հասունացման տարիներին պատահաբար հայտնաբերել եմ այս օրհնությունը: Մինչ քո գրքերը կարդալը հազվադեպ եմ գործածել՝ շուն էի շպրտում մեքենայի տակ, մեկումեջ վթարներ էի փողոցում ստեղծում: Հա, մի անգամ էլ մի տղա էր կամուրջի բազրիքի մյուս կողմից կանգնել, դե պարզ է, ինչ էր ուզում: Սպասեցի-սպասեցի, էն էլ շատ էր արդեն երկարացնում, օգնեցի՝ թռավ: Այդ է եղել: Բայց քո գրքերը կարդալուց հետո... ես հասկացա, որ եթե դու մաքաբրի Արքան ես, ես՝ Աստվածն եմ: Ես Մահվան հետ եմ պարում: Իսկ դու կգրես իմ այդ Պարի մասին... Քեզ մինչ այդ Մահվան վերջին պարն է մնացել տեսնել: Լավ նայիր, լավ հիշիր...

    Անծանոթը վեր կացավ և դանդաղ, անձայն, կատվի քայլերով մոտեցավ Սյուզիին:

    Հերունցը լսեց մուտքի դռան մոտի թույլ շարժումը և մեկ ոստյունով թռավ դեպի քույրը՝ ամուր գրկելով նրա ոտքերը: Անծանոթի դեմքը նորից սկսեց վերածվել ծամածռված դիմակի, բայց հենց այդ պահին դուռն աղմուկով բացվեց, և իրար հետևից ներս լցվեցին ամենաքիչը հինգ զինված ոստիկան:

    - Անզգայացրե՛ք նրան, արա՛գ, - գոռաց Հերունցը:

    Առաջինըմտածոստիկանը հանկարծ դանդաղեցրեց քայլերն ու զենքը պահեց Հերունցի սրտին: Գալստյանը, որ վերջինն էր մտել տուն արագ բարձրացրեց իր ատրճանակը և մինչ առաջին ոստիկանը կքաշեր ձգանը՝ առանց երկմտելու կրակեց անծանոթի գլխին: Նա հնձվածի պես փռվեց հատակին: Առաջին ոստիկանըգլուխը թափահարեց և շշմած նայեց իր զենքը բռնած ձեռքին: Հերունցը գրկեց, աթոռից իջեցրեց ու բազմոցին պառկեցրեց ոչինչ չհասկացող ու հիստերիկ արտասվող քրոջը:

    Գալստյանն ասաց, որ տնից դուրս գալուց հետո հատուկ նշանակված երկու ոստիկանը հետևել են Հերունցին մինչ իր քրոջ տունը՝ այնուհետև համալրում կանչել մոտակա ոստիկանական բաժնից: Նա մոտեցավ անծանոթիանշարժ մարմնին և կռանալով՝ստուգեց նրա զարկերակը: Այն լուռ էր, ինչպես ինքը՝ լռությունը: Ապա շուռ եկավ դեպի Հերունցը.

    - Սա անզգայացնել համարվո՞ւմ է, - ժպտալով հարցրեց նա:

    ***

    Հերունցի հաջորդ գիրքը՝ «Մահվան Պար»-ը դարձավ նրա ամենահայտնի ու ամենալավ վաճառք ունեցած գիրքը: Գրական ամսագրերից մեկը նրան անվանել էր «Մաքաբրի Աստված»
    Վերջին խմբագրող՝ Chuk: 19.02.2012, 01:16: Պատճառ: Սխալի շտկում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  28. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (20.02.2012), armen9494 (19.02.2012), Claudia Mori (21.02.2012), E-la Via (21.02.2012), Freeman (19.02.2012), Kanamar (19.02.2012), Mark Pauler (22.02.2012), Nare-M (21.02.2012), Peace (19.02.2012), Rammstein (20.02.2012), Sambitbaba (25.02.2012), Skeptic (19.02.2012), Smokie (04.05.2012), unknown (19.02.2012), Varzor (20.02.2012), Արէա (19.02.2012), Դավիթ (22.02.2012), Մինա (19.02.2012), Նաիրուհի (20.02.2012)

  29. #15
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Տարբերակ 12.
    Աշխարհի ամենահարուստ մարդը

    - Բժիշկ, նրա վիճակն անտանելի է: Խնդրում եմ` օգնեք: Տանը պահելու բան չէ:

    Հոգեբույժի սենյակ մտնում է մի թափթփված տղամարդ, որը վաղուց մոռացել էր, թե սափրվելն ինչ է, լողանալու մասին էլ չենք խոսում: Բժիշկ Պողոսյանի համար նորություն չէին նման հիվանդները: Այն պահին, երբ դուռը բացեց մեր պատմության հերոս Սեպիկը, բժիշկը բազկաթոռի մեջ փռված փորն էր քորում ու երազում մոտալուտ արձակուրդի մասին:

    - Ես աշխարհի ամենահարուստ մարդն եմ,- ներս մտնելուն պես հայտարարեց Սեպիկը:
    - Ինչու՞ եք այդպես կարծում, Ռոբերտ,- հարցրեց բժիշկը, որովհետև հիվանդի իսկական անունը Ռոբերտ էր:
    - Ինձ Ռոբերտ մի ասեք, ես Սեպիկն եմ: Ես աշխարհի ամենահարուստ մարդն եմ, որովհետև նախքան ձեզ տեսնելը, քանի դեռ բակում կանգնած արևի շողերը լցվում էին, ինը հարկանի շենքի պատերը քանդվեցին, ու ես երեխա ժամանակ տեսածս կովին բացարձակապես աննշան մի քորոց տվեցի, որպեսզի օրերը երկարեն… Էնքան փող ունեմ, որ ամբողջ Հայաստանն էլ, ձեզ էլ, ձեր կնոջն էլ, էրեխեքին էլ կառնեմ, ու եթե հանկարծ մլիցաներն իմանան, որ կապույտ շալվարս կինս խանութում հաց գնեց…
    - Իսկական շիզոֆազիա,- քթի տակ մրթմրթաց բժիշկը, բայց Սեպիկը լսեց:
    - Իսկական շիզո ի՞նչ… բժիշկ ջան, ես հիվանդ չեմ, ես լիքը փող ունեմ, բայց վատ մարդիկ ուզում են ինձ հիվանդ սարքեն, որ փողերս առնեն… էրեկ…
    - Յա, բա որ էդքան փող ունես, ինձ կտա՞ս:

    Բժիշկը սիրում էր հիվանդներին ծաղրել:

    - Ոնց չէ, բժիշկ ջան, մեռնեմ կյանքիդ: Հեսա աղջկաս ամուսնացնում եմ, Օբաման քավոր ա կանգնելու, ու կնիկս կպսակվի իմ ուզած…
    - Դու էն ասա` ձեներ լսու՞մ ես: Մենակ ճիշտն ասա:
    - Հա, հո խուլ չե՞մ : Գիժը հասկացանք, բայց ականջներս տեղում են, ու տիեզերքից ազդակներ են ստանում, որովհետև տանը մնացած քսանհինգ անգամ քեզ զանգեցի…
    - Չէ, ճիշտն ասա, նենց ձեներ, որ ուրիշ մարդ չի լսում:
    - Ճի՞շտն ես ուզում իմանաս… մաֆիայի ձեներն եմ լսում: Ես աշխարհի ամենամեծ մաֆիոզն եմ: Իմ դեմ խաղ չկա… Էն օրը Հիտլերը կանչեց մոտը… Բժիշկ ջան, թող տուն էթամ, քեզ ու կնգադ մի շաբաթով իմ հաշվին Դուբայ կուղարկեմ:
    Բժիշկն էլ հավես չուներ: Սանիտարին կանչեց, պատվիրեց հիվանդին ներս տանել:

    - Ռոբերտը շատ ծանր հիվանդ է,- ասաց դրսում սպասող հիվանդատիրոջը,- մի ամիս պիտի պառկի:

    * * *

    Չորս օրանց: Բաժանմունքում կռիվ-ղալմաղալ է: Սեպիկին չեն կարողանում զսպել: Բժիշկը ներս է մտնում:

    - Ի՞նչ է պատահել:
    - Բժիշկ ջան, էս շենքի մի անկյունում ոսկի կա պահած: Իմ մաֆիոզ ընկերն ա ասում: Ուզում եմ հանել, էն էլ չեն թողնում դուրս գամ:
    - Արի, արի իրար հետ գնանք, տես, որ արդեն տարել են ոսկին

    Բժիշկ Պողոսյանը շատ լավ գիտեր, որ նման ուժեղ զառանցանքներ ունեցող հիվանդներին հակառակը համոզելու լավագույն միջոցը հակառակը ցույց տալն էր ոչ թե բացառելով նրա պնդումը, այլ ապացուցելով, որ այլևս այդպես չէ: Մի անգամ մի հիվանդ պնդում էր, որ գլխի մեջ չիպ կա: Բժիշկը ձևացրեց, թե հանել է: Դրանից հետո մի քանի տարի հիվանդը լավ էր: Հիմա էլ ուզում էր Սեպիկին համոզել, որ շենքում ոսկի չկա:

    Բժիշկն ու Սեպիկը քայլեցին վերջինիս ասած ուղղությամբ: Հոգեբուժարանի փակ սենյակներից մեկն էր, որտեղ սովորաբար ավելորդ իրերն են լցնում: Տեղ հասնելուն պես Սեպիկը պատին խփեց, ու հենց այդ պահին մի ճեղք բացվեց, մեջը` մի արկղիկ: Սեպիկը բացեց, ու բժիշկ Պողոսյանի աչքերը կկոցվեցին ոսկու շլացուցիչ փայլից: Հոգեբույժը շշմել էր. իր բազմամյա փորձի ընթացքում նման բան առաջին անգամ էր տեսնում: Հենց այդ պահին լսեց անծանոթ տղամարդու մի ձայն.

    - Բա որ ասում էի:

    Նայեց շուրջը: Սեպիկից բացի ուրիշ ոչ ոք չկար:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  30. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (20.02.2012), armen9494 (19.02.2012), Mark Pauler (22.02.2012), Sambitbaba (25.02.2012), Smokie (04.05.2012), unknown (19.02.2012), Varzor (20.02.2012), Արէա (19.02.2012), Դավիթ (22.02.2012)

Էջ 1 20-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Ստեղծագործական մրցույթ. ռիթմ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 18.07.2016, 02:24
  2. Արձակ. Նոր ստեղծագործական մրցույթ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 45
    Վերջինը: 14.02.2015, 20:45
  3. Արձակ. Ստեղծագործական վավերագրություն. մրցույթ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 247
    Վերջինը: 23.09.2013, 13:11
  4. Ստեղծագործական մրցույթ. հեքիաթ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 287
    Վերջինը: 06.12.2011, 18:27
  5. Ստեղծագործական մրցույթ. «Իմ քաղաքը»
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 109
    Վերջինը: 26.10.2010, 02:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •