Ընտրություններում նկատվել են դրական ազդանշաններ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս»-ը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն այսօր հայտարարել է, որ փետրվարի 12-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նկատվել են «որոշակի դրական ազդանշաններ»: Նա նշել է, որ Հրազդանում «նկատվել է ուժեղ քաղաքական քարոզարշավ և մրցակցություն, քանի որ այնտեղ առաջադրվել էին երկու ուժեղ թեկնածուներ»:
«Մենք ակնկալում ենք իրական քաղաքական մրցակցություն տեսնել նաև մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ», - ասել է դեսպանը:
Նա նաև հայտնել է, որ անձամբ է հետևել Հրազդանում կայացած ընտրություններին, զրուցել երկու կողմերի, ԿԸՀ ներկայացուցիչների և մի շարք դիտորդների հետ: «Ուրախ էի տեսնելու, որ ընտրատեղամասերը կարգին վիճակում են: Երկու կողմերն էլ հաստատել են, որ ընտրական գործընթացները թափանցիկ են եղել»,- ասել է ամերիկացի դիվանագետը:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, որ ՀՀ ԿԸՀ-ն հրաժարվել էր ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցներին Հրազդանում կայացած ընտրություններում դիտորդի կարգավիճակ տալ, Ջոն Հեֆերնը նշել է, որ «շատ մտահոգված չէ այդ հանգամանքով, իսկ աշխատանքը կշարունակվի մայիսին կայանալիք խորհրդարանական և 2013-ին կայանալիք նախագահական ընտրություններին»:
«Միջազգային հանրությունը հետաքրքրված է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմամբ: Մենք աշխատում ենք ԿԸՀ-ի, կուսակցությունների, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների հետ համատեղ, որպեսզի այս ընտրություններն անցնեն ազատ և արդար»,- ասել է Ջոն Հեֆերնը:
Էջանիշներ