Մինչ կսկսեն քվեաթերթիկների հաշվարկը, փորձեմ իմ տպավորությունները գրել:
Այսպիսով, այսօր Հայաստանի 38 համայնքներում անցկացվեցին ընտրություններ: Այդ համայնքներից միայն մեկում, Հրազդանում էր, որ ընտրությանը մասնակցում էր նաև ընդդիմության թեկնածուն՝ Սասուն Միքայելյանը: Հայաստանում այս կարգի ընտրությունները, որպես կանոն, լայն ուշադրության չեն արժանանում: Անգամ վերջերս եղած Իջևանի ընտրությունները (2011 թ., նոյեմբերի 13), որն ինչ-որ իմաստով պրովոկացիոն էր, քանի-որ ՀՀԿ-ն մեծ ստավկա էր դրել իր թեկնածուի վրա, բայց հաղթեց ԲՀԿ թեկնածուն, ընդ որում դա ուղեկվեց տեղեկատվական խոսակցություններով, որ իբր ԲՀԿ-ի թեկնածուին աջակցել են նաև ՀԱԿ-ը, Ժառանգությունն ու ՀՅԴ-ն, հասարակական դաշտում ալիք չբարձրացրեց, չդարձավ ակտիվության, կամ լայն քննարկումների առիթ:
Իսկ այսօր ամբողջ լրատվական դաշտը, բոլոր հաղորդակցման հարթակները (ոչ ինտերնետայինից մինչև ինտերնետային, այդ թվում ֆորումներ, սոցիալական կայքեր, բլոգներ և այլն) աչքի են ընկնում այս թեմայի նկատմամբ ակտիվությամբ, ընդ որում քննարկվում է միայն Հրազդանի ընտրությունը:
Թե ոնց անցավ ընտրությունը, խոսելու երկար ալիք է: Անձամբ ես հետևելով լրահոսին վստահ եմ, որ վարչական մեծ ռեսուրսներ ծախսվեցին ընտրությունների արդյունքի վրա ազդելու համար, և, ըստ էության, խիստ կեղծված ընտրությունների հետ գործ ունենք, ընդ որում որ կեղծել փորձելու են, գիտեինք ավելի շուտ: Բայց սա հետո, սրան, կարծում եմ, դեռ շատ կանդրադառնանք թե քննարկումներում, թե մամուլին հետևելով:
Ավելի հետաքրքիր է նկատելը, որ ընդդիմության մասնակցությունն ընտրություններին արդեն իսկ որոշակի ակտիվություն է մտցնում քաղաքական դաշտում, անգամ այնպիսի ընտրությունին, ինչպիսին է համայնքային ընտրությունը: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ ցավոք սրտի գալիս ենք նորից նույն եզրակացությանը, որ ժողովրդի մեծամասնությունն ակտիվանում է ընտրությունից ընտրություն: Իհարկե Հայաստանում այսօր փոխված իրավիճակ է, ու լրիվ նոր երևույթ է, որ կա մի զանգված, որ ակտիվ է կամ պատրաստ է ակտիվ լինել ցանկացած ժամանակ: Դրա վկայությունն են այս չորս տարիներին ՀԱԿ անցկացրած ցանկացած հանրահավաքին բազմահազարանոց մասնակցությունը: Այո՛, մենք կարող ենք ինքներս մեր համար գնահատել, որ այս կամ այն հանրահավաքին ավելի շատ էին մարդիկ, որ մարդկանց քանակը նվազում է և այլն, բայց չնկատել, որ բոլոր հանրահավաքներին մեծ քանակությամբ մասնակցություն կա, անհնար է: Ու չնայած սրան, նորից տեսնում ենք, որ ժողովրդի առավել ստվար հատվածը պատրաստ է ակտիվանալ միայն ընտրությունից ընտրություն: Սա իր հերթին նորից ապացուցում է, որ հավանական է առաջիկայում մեծ ալիքի բարձրացումը՝ հերթական համապետական, այս անգամ ԱԺ ընտրությունների ժամանակ: Անգամ այս թեմայի գոյությունը ցույց է տալիս, որ անկախ մեր վերաբերմունքից ընտրություններից մասնակցելու-չմասնակցելու հետ կապված, միևնույն է, ընտրությունը մեզ հուզում է, ընտրությունը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում, ընտրությունը մեզ «ոտի է կանգանցնում»:
Առնվազն այս մի արձանագրումը Հրազդանի քաղաքապետի ընտրությունները տվեցին:
Հաջորդիվ ես հաջողություն եմ ցանկանում Սասունին ու ՀԱԿ թիմին, հատկապես նրանց, ովքեր այսօր առավոտվանից Հրազդանում աշխատում են, փորձելով հասնել ընտրություններում Սասունի հաղթանակի արձանագրմանը և իհարկե հրազդանցիներին:
Անկախ հռչակվելիք արդյունքներից՝ Հաղթելու՛ ենք:
Էջանիշներ