"ՍԻՐԱՀԱՐՎԵԼՈՎ ՄԹԻՆ" գրքից
Մի անգամ Ալեքսանդր Մակեդոնացուն ասացին, որ մոտակայքում ապրում է մի ինչ-որ արտասովոր թաքնագետ և որ արժի նրան այցելել։ Թաքնագետի անունն է Դիոգենես, նա միշտ մերկ էր և բնակվում էր գյուղի ծայրամասում։
Ալեքսանդրը գնաց նրան տեսակցելու։ Վաղ առավոտ էր, և թաքնագետը մերկ պառկած էր բաց երկնքի տակ։ Արևը պայծառ շողում էր և նա արևային լոգանք էր ընդունում։ Երբ Ալեքսանդրը կանգնեց նրա կողքին, նրա ստվերն ընկավ Դիոգենեսի վրա։ Ալեքսանդրն ասաց
- Հավանաբար դու չգիտես, որ ես՝ Ալեքսանդր Մեծն եմ։ Ես եկել եմ քեզ այցելելու։
Դիոգենեսը բարձր ծիծաղեց և գոչեց իր շանը, որը նստած քր նրա խրճիթում, և ասաց նրան.
- Եկ և լսիր այս մարդուն, որն ինքն իրեն մե՛ծ է անվանում։ Նույնիսկ շներն ընդունակ չեն այդպես սխալվել։
Ալեքսանդրը ցնցված էր։ Մարդը, որը նույնիսկ հագուստ չունի, համարձակվում է նման բան ասել Ալեքսանդր Մեծի՞ն։ Նրա ձեռքը ձգվեց դեպի սուրը։
Դիոգենեսն ասաց.
- Թող սուրդ իր տեղում մնա, իզուր ուժերդ մի ծախսիր. սրերը՝ նրանց համար են, ովքեր վախենում են մեռնել։ Ես դուրս եմ եկել այն տեղի սահմաններից, որտեղ կարող է մահ պատահել, ես դեն եմ նետել երազները, որոնք մահ են ծնում։ Այդ երազների համար ես արդեն մեռել եմ։ Այժմ ես գտնվում եմ այն տեղում, որի մեջ մահ չկա։ Թող սուրդ պատյանում մնա։ Իզուր ուժերդ մի վատնիր։
Մի՞թե ինչ-որ մեկը կարող է խոսել Ալեքսանդրի հետ այս կերպ։ Եվ Ալեքսանդրի նման կտրիճը ստիպված է սուրը հետ դնել պատյանի մե՛ջ։ Այդպիսի մարդու առջև ավելորդ բան էր սուրը։ Դիոգենեսի նման մեկի առջև նրանք, ովքեր սրերով են, նման են խաղալիքներով խաղացող երեխաների։
Ալեքսանդրը հարցրեց.
- Կարո՞ղ եմ ես քեզ համար ինչ-որ բան անել։
Դիոգենեսը պատասխանեց.
- Ի՞նչ կարող ես դու անել։ Ի՞նչ կարող էիր դու անել։ Դու կարող ես անել ընդամենը մեկ բան՝ քիչ կողմ քաշվիր, որովհետև ես արևի լոգանք էի ընդունում, իսկ դու փակում ես արևի լույսը։ Եվ հիշիր. երբեք խոչընդոտ մի եղիր ինչ-որ մեկի արևի լույսի առջև։
Ալեքսանդրն ասաց.
- Ես գնամ, բայց առաջին անգամ եմ տեսնում մի մարդու, ում առջև ես ինձ զգում եմ ինչպես այն ուղտը, որն առաջին անգամ սար է տեսել։ Իմ կյանքում ես շատ մարդկանց եմ հանդիպել, մեծամիտ մարդկանց, և ես ստիպեկ եմ նրանց խոնարհվել իմ առջև, բայց քո առջև… Եթե Աստված ինձ նորից կյանք պարգևի, ես կխնդրեմ հաջորդ անգամ ինձ ստեղծել Դիոգենես։
Դիոգենեսը պատասխանեց.
- Դու էլ իմ պատմությունը լսիր. եթե Աստված գա ինձ մոտ խոնարհած ձեռքերով, դնի գլուխը ոտքերիս և խնդրի ինձ դառնալ Ալեքսանդր Մեծ, ես կպատասխանեմ, որ ավելի լավ է ինձ ընդհանրապես չարարե՛լ։ Բայց նախքան դու կգնաս, ես ուզում եմ հարցնել քեզ, ու՞ր ես դու այդպես շտապում, այդքան աղմկոտ և այդպիսի մեծ բանակով։
Երջանիկ դեմքով և փայլքն աչքերի մեջ Ալեքսանդրը պատասխանեց.
- Դու հարցնում ես ի՞նձ։ Ես գնում եմ Փոքր Ասիան նվաճելու։
Դիոգենեսը հարցրեց.
- Իսկ ի՞նչ ես դու անելու հետո։
- Հետո կնվաճեմ Հնդկաստանը։
- Իսկ հետո՞։
- Չինաստանը։
- Իսկ հետո՞։
- Հետո ես կնվաճեմ ամբողջ աշխարհը։
- Այդ դեպքում վերջին հարցը. իսկ ի՞նչ ծրագիր ունես դրանից հետո։
- Այդքան հեռու ես դեռ չեմ մտածել։ Բայց, քանի որ դու հարցրեցիր, կարծում եմ, որ դրանից հետո ես կհանգստանամ։
Դիոգենեսը շուռ եկավ դեպի իր շունը հետևյալ խոսքերով.
- Այս ի՜նչ խելակորույց մարդ է կանգնած այստեղ մեզ մոտ։ Մենք հանգստանում ենք, առանց աշխարհը նվաճելու, իսկ այս մարդն ասում է, որ սկզբից կնվաճի աշխարհը, հետո նոր կհանգստանա։
Հետո նա ասաց Ալեքսանդրին.
- Նույնիսկ իմ շունն է հանգստանում, նույնիսկ ես եմ հանգստանում։ Դու ինչ է՝ խելքդ գցե՞լ ես։ Չէ՞ որ վերջիվերջո դու պատրաստվում ես հանգստանալ։
Ալեքսանդրը պատասխանեց.
- Իհարկե, ես ցանկանում եմ հանգստանալ։
Դիոգենեսը շարունակեց.
- Աշխարհը քո հանգստին չի խանգարում։ Խնդրւմ եմ, մնա մեզ հետ, մեր խրճիթում բավականաչափ տեղ կա։ Այստեղ նույնիսկ ևս երկու մարդ կտեղավորվեին։
Աղքատի խրճիթը միշտ շատ ավելի մեծ է հարստի պալատից։ Հարստի պալատում դժվար է նունիսկ ինչ-որ մի հոգու տեղավորել։ Նրա պալատը բավական ընդարձակ չէ նույնիսկ մի հոգու համար՝ իրականում, նույնիսկ հենց իր, հարստի։ Իսկ աղքատի խրճիթը հսկայական է։
Թաքնագետը շարունակեց.
- Այստեղ շատ տեղ կա, և մենք երկուսով կարող էինք հարմարավետ ապրել։ Խնդրում եմ, մնա մեզ հետ։ Ու՞ր ես դու ճանապարհ ընկել առանց ինչ-որ անհրաժեշտության։ Ի՞նչ ես քեզ համար դժվարություններ սարքում։
Ալեքսանդրը պատասխանեց.
- Քո առաջարկը շատ հրապուրիչ է հնչում։ Քո համարձակությունը, քո արժանապատվությունը և այն, ինչ ասում ես, թափանցում են իմ միտքը։ Բայց ես արդեն հաղթահարել եմ ճանապարհի կեսը, ինչպե՞ս կարող եմ հետ դառնալ կես ճանապարհից։ Բայց ես կաշխատեմ շուտով վերադառնալ։
Դիոգենեսն ասաց.
- Ինչպես կամենաս։ Բայց ես շատ ճանապարհորդների եմ տեսել, և նրանցից ոչ մեկը հետ չի վերադարձել։
Վերադարձե՞լ է արդյոք ինչ-որ մեկը սխալ ճանապարհից։ Եվ եթե դուք մտածում եք, որ գիտակից եք, բայց չեք կարող հետ վերադառնալ սխալ ճանապարհից, դա ուղղակի նշանակում է, որ դուք դեռ գիտակից չեք։ Ենթադրեք, որ հենց հիմա մարդն ընկնելու է ջրհորը, նա գնաց սխալ ճանապարհով և նրա առջևում՝ ջրհոր է։ Ջրհորի մասին նա չգիտի։ Եթե ինչ-որ մեկը նրան ասի. "Մի գնա այն կողմ, այնտեղ ջրհոր է", - մի՞թե այդ մարդը կպատասխանի. "Ես արդեն հաղթահարել եմ ճանապարհի կեսը, ինչպե՞ս կարող եմ հետ վերադառնալ"։ Ոչ, նա անմիջապես հետ կվերադառնա։ Եթե ինչ-որ մեկը ոտքը դնում է հողի վրա օձի կողքին, և ինչ-որ մեկն ասում է. "Մի գնա այն կողմ, այնտեղ, մթի մեջ, օձ կա", - մի՞թե սա կասի. "Բայց ես արդեն քայլել եմ դեպի այն կողմը, ինչպե՞ս հիմա հետ վերադառնամ"։
Դիոգենեսը շարունակեց.
- Ալեքսանդր, երազանքներն անվերջ են, իսկ մարդու կյանքը՝ կարճ։ Կյանքը մոտենում է ավարտին, իսկ երազանքները երբեք չեն իրականանում։ Դա քո ընտրությունն է։ Բայց երբ էլ դու վերադառնաս, մեր տունը բաց կլինի քեզ համար։ Այս խրճիթում դռներ չկան։ Նույնիսկ եթե մենք քնած լինենք, չանհանգստանաս, համեցիր, հանգստացիր։ Եվ եթե դու նույնիսկ չգտնես ինձ այստեղ… Ոչ մի գրավական չկա՝ այսօր արևը երկնքում է, իսկ վաղը կարող է այնտեղ չլինել, այս խրճիթի վրա սեփականություն մենք չենք ձևակերպել։ Բայց դու կարող ես վերադառնալ եւ մնալ այստեղ։ Խրճիթն այստեղ կլինի։
Ալեքսանդրն էությունը հասկանալ չկարողացավ։ Իրականում նրանք, ովքեր ապրում են երազների աշխարհում, հայտնվում են մեծ բարդության մեջ, երբ մոտենում են ճշմարտության մարդուն, որովհետև նրանց լեզուները տարբեր են։ Բայց Ալեքսանդրն, ամենայն հավանականությամբ, ցնցված էր։
Հնդկաստանից վերադառնալիս նա մեռավ ինչ-որ տեղ ճանապարհին, տուն վերադառնալ նա չկարողացավ։ Կույր ճամփորդությունները երբեք հաջողությամբ չեն ավարտվում, մարդեու կյանքը մոտենում է ավարտին։ Եվ ճշմարտությունն այն է, որ բազում կյանքերի ընթացքում մենք ճամփորդել ենք կուրորեն, մենք մահացել ենք նորից ու նորից, իսկ հետո նորից սկսել ենք հետապնդել չիրականացված երազանքները։
Եթե մարդ գիտենար, թե ինչով է զբաղվել անցյալ կյանքերում, ներկա կյանքն ամբողջովին կանգ կառներ, որովհետև նախկինում նա ճիշտ նույնն է արել, նույն հիմարությունները։ Նույն թշնամությունը, նույն մտերմությունը, նույն վազքը հարստության հետևից, փառքի հետևից, կարգավիճակի… Ոչ ոք չգիտի, թե ամեն մարդ քանի անգամ է անցել մահվան միջով։ Այդ պատճառով բնությունը կարգավորել է այնպես, որպեսզի դուք մոռանաք ձեր անցյալ կյանքերը, որպեսզի կարողանաք մասնակցել գործերի նույն շրջապտույտում, որով շարժվել եք բազմաթիվ անգամներ։ Եթե դուք իմանաք, որ այդ ամենն արել եք արդեն շատ անգամներ, ամեն ինչ կատարելապես անիմաստ կդառնա։
Ալեքսանդր Մեծը մահացավ։
եվ նույն օրը մահացավ նաև Դիոգենեսը։ Եվ կատարվեց անհավատալին… Նրանց մահից հետո մի պատմություն հայտնի դարձավ Հունաստանում։ Պատմությունն այն մասին, որ մի սովորական մարդ, թաքնագետ, շատ բան ասաց Ալեքսանդրին, արդեն տարածվեց Հունաստանում, իսկ հետո նրանք մահացան նույն օրը։ Նրանց մահից հետո ինչ-որ մեկը տարածեց մի այլ պատմություն, իբր նրանք հանդիպեցին դրախտի դարպասների մոտ…
Շարունակելի
Էջանիշներ