Օշո,
Մի քանի տարի առաջ, յոգայի և խորհրդածման շնորհիվ ես բարձրագույն վիճակներ ապրեցի, այնպիսի, որոնք միայն աղոթքը կարող է տալ: Իմ ամբողջ էությունը երանություն էր ապրում`
ամեն ինչ աստվածային էր, ամեն ինչ սեր էր և երանություն: Հետո ինչ-որ պատճառով ես դուրս եկա այդ վիճակից և նորից հայտնվեցի մութ դաշտավայրում:
Ինչ-որ բան այնպես չգնաց: Ես մեղավորություն եմ զգում, և ինձ շատ դժվար է նորից բարձրանալ:
Խնդրում եմ, մեկնաբանիր սա:
Եթե ձեր լռությունն ու երանությունը հրահրված են ինչ-որ պատճառով, նրանք անպայման կվերանան: Այն, ինչ պատճառ ունի, հավերժական լինել չի կարող: Դուք այդ վիճակին էիք հասել յոգայի և խորհրդածման շնորհիվ, և դա բնական իրադարձություն չէր: Այն արհեստական էր, պատահական: Նույնքան պատահական, որքան, եթե ընդունեիք թմրադեղ, որը հետո կդադարեր ձեր վրա ազդել:
Նույն բանը կարող է տեղի ունենալ նաև յոգայի շնորհիվ, շնորհիվ սովելու, շնորհիվ յուրաքանչյուր տեխնիկայի, որը որոշել եք կիրառել: Դրանք լավ են անցողիկ տպավորություն թողնելու համար, ընդամենն անցողիկ տպավորություն; բայց դա չի կարող ձեր մշատական վիճակը լինել, այն չի կարող ձեր գիտակցվածությունը դառնալ:
Այնպես որ այստեղ ոչ մի խնդիր չկա, այստեղ ամեն ինչ պարզ է: Այդ վիճակը պետք է անցներ, ամեն ինչ կարգին է: Միակ բանը, որ սխալ է, - ձեր վերաբերմունքն է դրա հանդեպ: Դուք կարծում էիք, որ յոգայի ու խորհրդածման օգնությամբ ընդունակ կլինեք հավերժական ինչ-որ բան ստեղծել: Դա անհնար է: Ամենն, ինչ ստեղծված է, վաղ թե ուշ վերանալու է:
Հավերժականը գալիս է, երբ դուք ոչ մի ջանք չեք ներդնում: Հավերժականը տեղի չի ունենում, այն պատահում է: Երբ դուք դուրս կգաք տեխնիկաների և մեթոդների սահմաններից, երբ դեն կնետեք դրանք, երբ կհասնեք մեն-միակ բանի ըմբռնմանր, - որ բավական է ուղղակի լինել, որ ինչ-որ բան անելու ոչ մի անհրաժեշտություն չկա, որ բոլոր արարածներն ի սկզբանե բուդդաներ են... Երբ հասկանաք, որ ձեզ պետք չէ ինչ-որ տեղ հասնել, որ դուք արդեն այնտեղ եք, որ դա արդեն տեղի է ունեցել, - այդ ժամանակ դուք դադարում եք լարվել:
Եվ այդ դադարը չպետք է մեթոդ լինի: Դուք չպետք է դադարեք լարվել յոգայի օգնությամբ: Ըմբռնումն ինքը թուլացնում է արդեն, ըմբռնումն ինքնին լիցքաթափություն է: Դուք լիցքաթափվում եք, լարվածությունը վերանում է: Դուք ապրում եք ձեր սովորական կյանքով` ցախ եք կտրում և ջուր եք կրում ջրհորից, կերաքուր եք սարքում և ուտում եք, քնում եք և սիրում եք: Դուք ապրում եք առանց ինչ-որ արտասովոր բանի կրքոտ ցանկության:
Եվ մի սքանչելի օր` ահա այն, այդ վիճակը, չնայած դուք ոչինչ չեք արել: Մի անգամ հանկարծ` ահա այն: Մի օր դուք բացում եք ձեր աչքերը, և այն այստեղ է` և այլևս երբեք ձեզ չի լքի: Բայց այն պետք է գա ինքնիրեն; հակառակ դեպքում, եթե դուք կառավարեք նրան, այն կգա ու կգնա, այն ընդամենն անցողիկ տպավորություն կլինի, առկայծում:
Դուք ասում եք. "Մի քանի տարի առաջ, յոգայի և խորհրդածման շնորհիվ ես բարձրագույն վիճակներ ապրեցի, այնպիսի, որոնք միայն աղոթքը կարող է տալ": Դրանք վիճակներ էին, որոնք դուք էիք ստեղծել, դրանք ձեր երազներն ու ցնորքներն էին` և դուք պատկերացրեցիք, որ հասել եք ինչ-որ բանի: "Իմ ամբողջ էությունը երանություն էր ապրում": Բայց դուք այնտեղ էիք: Դուք ապրում էիք այդ երանությունը, դուք այնտեղ էիք: Դուք չվերացաք: "Ամեն ինչ աստվածային էր": Դուք հավանաբար լսել եք, դուք երևի թե կարդացել եք այդ մասին: Մեկնաբանությունների հանդեպ հակում ունեցող ձեր միտքը հայտնել է ձեզ, որ այդ ամենը աստվածային սեր էր և երանություն: Այդ ամենն ընդամենը մտքի մակերեսին ծնվող գաղափարներ են: Եթե ամեն ինչ իրոք աստվածային է, էլ ի՞նչ իմաստ կա ասելու, որ ամեն ինչ աստվածային է: Ուրեմն ամեն ինչ արդեն աստվածային է, որ կա, այդ մասին խոսելու կարիք արդեն չկա: Յուրաքանչյուր ասված խոսք միայն վկայում է այն մասին, որ ամեն ինչ այնքան էլ աստվածային չէ: Խոսքերը վկայում են այն մասին, որ դուք ուղղակի ձև եք թափում, խաբում եք ձեզ:
Այո, դրանում, հավանաբար, կար ինչ-որ բան նման երջանկության, ստեղծված յոգայով ու խորհրդածմամաբ, կար ուրախությանը նման ինչ-որ բան, և այդ ուրախության վրա դուք պրոյեկցեցիք ձեր փիլիսոփայությունը` դա աստված է, դա հոգևորն է, դա սեր է և երանություն: Եվ մի քանի օր վայելում էիք ձեր երազը` դա հենց իսկական երազ էր:
"Ինչ-որ պատճառով ես դուրս եկա այդ վիճակից": Ոչ թե ինչ-որ պատճառով: Ամեն ինչ շատ պարզ է. ստիպված ես դուրս գալ այդ վիճակից, քանզի անհնար է հավերժ քնի մեջ ապրել` ոչ ոք հավերժ քնի մեջ ապրել չի կարող: Ոչ մի երազ հավերժ չի, այլ կերպ, ո՞րը կլիներ տարբերությունը երազի և արթնության միջև: Երազն անցողիկ է: Վաղ թե ուշ արթնանում ես, բացում ես աչքերդ, և երազն այլևս չկա, կա սովորական կյանք:
"Ես դուրս եկա այդ վիճակից և նորից հայտնվեցի մութ դաշտավայրում": Այնտեղ, արևի լույսով լուսավորված գագաթներին` դուք էիք, և մութ դաշտավայրում էլ եք դուք: Մի բան է մնում անփոփոխ` դուք: Մութ դաշտավայրերը կամ լուսավոր գագաթները` ոչ մի նշանակություն չունեն; այն, ինչ ունի նշանակություն, դուք եք` ձեր էգոն: Էգոն` մութ դաշտավայրում է, էգոն` լուսավոր գագաթին է, և էգոն` երազներ ստեղծել շարունակողն է:
Թույլ տվեք ձեզ մի բան ասել. ոչ մի մութ դաշտավայր էլ չկա: Եթե ամեն ինչ աստվածային է, էլ ի՞նչ մութ դաշտավայրեր: Իսկ եթե կան մութ դաշտավայրեր, ինչպե՞ս կարող է ամեն ինչ աստվածային լինել: Չկան ոչ մութ դաշտավայրեր, ոչ լուսավոր գագաթներ; այդ ամենն էգոյի խաղերն են: Նա իրեն ծայրահեղությունից ծայրահեղություն է գցում, մի կետից մյուսը: Երբ դուք կտեսնեք, որ ձեր քաղցր պատրանքները` երազ են, որ ձեր մղձավանջները` երազ են, կարթնանաք և թափ կտաք ձեր վրայից այդ երազը: Այդժամ դուք առաջին անգամ կապ կհաստատեք իրականության հետ:
Բայց հիշեք. այն պահին, երբ ներկա է իրականությունը, դուք բացակայում եք: Հասկանալու համար դա միակ չափանիշն է, մեկ ուրիշը չկա: Դա միակ չափանիշն է. եթե կա իրականության ապրում, ուրեմն դուք այնտեղ չեք, անհնար է ձեզ այնտեղ հայտնաբերել: Դուք ամբողջովին բացակայում եք: Երանությունը կլինի, իսկ դուք` ոչ: Չի լինի ոչ ոք, ով կկարողանար ասել. "Ես երանություն եմ ապրում": Աստված կլինի, բայց դուք` ոչ: Չի լինի ոչ ոք, ով կկարողանար ասել. "Ամեն ինչ աստվածային է": Հիշեք:
Եվ դա կարող է պատահել միայն, դա չի կարելի անել: Դուք այդ անել չեք կարող: Արված բանն արհեստական է, այն գոյություն ունի որոշ ժամանակ միայն, իսկ հետո վերանում է: Սարքված բանն` էժան է: Միայն մտածեք, թե ինչն եք անում: Երբ զբաղվում եք յոգայով, ի՞նչ եք անում: Կանգնում եք գլխի վրա: Ինչպե՞ս գլխի վրա կանգնելը ձեզ կպայծառացնի: Ինչպե՞ս...
Գլխի վրա կանգնելը կարող է խթան ծառայել, կարող է շոկային թերապիայի պես մի բան լինել: Արյան մեծ կուտակումը գլխում կարող է բերել մտքի կարճատև կանգառի` կդադարեք մտածել: Արյան այդպիսի հանկարծական հո՛սք: Կանգնած եք գլխի վրա, դե, արյունն էլ կուտակվում է: Գլուխն էլ չի կարողանում դա հաղթահարել, դա ասես հեղեղ լինի: Այդ պատճառով էլ ինչ-որ պահ միտքը կանգ է առնում: Եվ այդ կանգառի պահին ձեր մոտ ծագում է զգացում. "Ես ուրախ եմ, ես երանության մեջ եմ, ամեն ինչ աստվածային է": Բայց որքա՞ն կարող եք կանգնած մնալ գլխի վրա: Ու եթե նույնիսկ սովորեք երկար ժամանակ մնալ այդպես կանգնած, միտքը նույնպես աստիճանաբար կսովորի դրան և կսկսի մտածել: Դուք կշարունակեք մնալ կանգնած գլխի վրա և միաժամանակ մտածել:
Երբ ես փոքր էի, շատ-շատ երկար կանգնած էի մնում գլխի վրա: Սովորել էի: Դա այնքան սովորական էր դարձել, որ մի անգամ այդպես գլխի վրա կանգնած քնեցի: Դա համարյա անհնար է: Երբ այդ մասին պատմեցի մի ծերուկի, ով մեր գյուղում լավ յոգ էր համարվում, նա ասաց. "Դա անհնար է, ինձ հետ երբեք նման բան չի պատահել: Քնել, գլխի վրա կանգնած..." Ծերունին ասաց. "Դա անհնար է": Բայց ինձ հետ դա պատահել է: Ես ոչ միայն քնեցի, դա այնքան սովորական էր դարձել, որ ես նույնիսկ երազ էի տեսնում: Այնպես որ, եթե չափազանց երկար եք կանգնում գլխի վրա, սովորում եք դրան, և այն ուրախությունը, որն ապրել էիք ամենասկզբում, այլևս երբեք չի կրկնվի:
Խորհրդածելով, ինչի՞ եք դուք ձգտում: Ինչպե՞ս կարող եք պայծառացման հասնել խորհրդածման, յոգայի, աղոթքի, պասի, դիետայի օգնությամբ: Ոչ, պայծառացումը շատ ավելի հեռու է, աստղերից էլ հեռու: Իսկ այդ մանր-մունր բաները շատ երկրային են: Այո, նրանք կարող են մաքրել ձեզ ներսից ու դրսից, բայց պայծառացման չեն հասցնի: Կարող են ուրախության մի քանի րոպեներ պարգևել, բայց այդ ուրախությունը չի կարելի մեկնաբանել որպես երանություն, որովհետև դուք այնտեղ ներկա եք:
Յոգայով զբաղվելուց ես ձեզ ետ չեմ համոզում, դա լավ է մարմնի համար: Եվ չեմ համոզում ձեզ չխորհրդածել, դա էլ շատ օգտակար է, դա մաքրում է ձեզ: Բայց մի կարծեք, որ յոգայի ու խորհրդածման շնորհիվ դուք աստված կստեղծեք: Աստծոն չի կարելի ստեղծել: Բայց դուք կմաքրվեք, և ավելի մեծ հնարավորություն կունենաք այն բանի համար, որ աստվածայինը պատահի:
Բայց աստվածայինը գալիս է այն ժամանակ միայն, երբ դուք նրան չեք սպասում: Երբ նրան չեք փնտրում, երբ նստած եք ուղղակի: Ոչինչ չեք անում, ու ձեր մտքում չկա ոչ մի ցանկություն` նույնիս ցանկության փոքրիկ պատառիկ` լինել ինչ-որ բան կամ ինչ-որ մեկը, պայծառանալ և այլն, - երբ դուք ուղղակի կաք, և հանկարծ դա պատահում է: Դա միշտ անսպասելի է: Դա ձեզ համակում է: Բայց դուք արդեն չկաք; պայծառացումը կա, իսկ դուք չկաք: Աստված կա, իսկ դուք` չկաք:
Էջանիշներ