Վերջերս Սոնան շատ լռակյաց էր դարձել: Մենակ էր մնացել իր մտքերի, մտատանջությունների, հույզերի ու անիրականանալի թվացող երազանքների հետ: Ոչ ոքի հետ խոսել, շփվել, առավել ևս ինչ-որ մեկի առջև սիրտը բաց անել չէր ցանականում: Ընկերներն արդեն կարոտում էին երբեմնի կենսախինդ, ժպտադեմ ու յուրաքնչյուր օրը տոնի վերածող աղջկան: Իսկ տանեցիները... նրանց համար երազանքի նման մի բան էր դարձել Սոնայի հետ մի քանի բառ փոխանակելը: Թե ի՞նչ էր կատարվում նրա հետ, բացարձակապես չէին կարողանում հասկանալ: Ախր ինչպե՞ս հասկանային... չէ՞ որ ինքն էլ անձամբ չգիտեր այդ հարցի պատասխանը: Միայն մեկ բան հստակ գիտեր. ուզում էր շարունակ մենակ մնալ, փախչել իրականությունից, կտրվել ամեն ինչից: Այն միակ զբաղմունքը, որը նրան իր այդ ճգնաժամային իրավիճակում հաճույք էր պատճառում, մոտակա զբոսայգիներից մեկում նստելն ու իր սիրելի գրողներից որևիցե մեկին ընփերցելն էր: Պահ էր լինում, որ այնքան կլանված էր կարդում, որ չէր էլ նկատում զբոսայգու անցնող-դարձողներին:
Հերթական անգամ զբոսայգում էր: Հարմար տեղավորված նստարաններից մեկի վրա` խորասուզված ընթերցում էր, երբ նրան մոտեցավ փոքրիկ տղա- երեխա, ով հազիվ 10-12 տարեկան լիներ: Առանց որևէ բառ ասելու, կանգնեց աղջկա առջևում ու մի ձեռքով դիպավ Սոնայի` գրքին ամուր կառչած մատներին, կարծես շոշափեց, իսկ մյուս ձեռքով էլ մի գեղեցիկ, ճերմակ վարդ պարզեց գրքի ուղղությամբ: Վարդն այնպես էր պարզել, որ երբ Սոնան գլուխը շարժեց, այն դիպավ ուղիղ նրա դեմքին: Բայց աղջիկն այնքան կլանված էր կարդում, որ վարդը նրան թիթեռնիկ թվաց, որին ձեռքի թեթև հպումով մի կողմ տարավ: Տղան տեղից չշարժվեց, փոխարենը մեղմ ձայնով ասաց.
– Վերցրու՛, քեզ համար եմ քաղել:
– Խանգարում ես,- գրքից վայրկյան անգամ չկտրվելով ու արհամարհական հնչերանգով ասաց:
– Տե՛ս, ի՜նչ գեղեցիկ ա:
– Չեմ ուզում... մի կողմ տա՛ր, - ասաց աղջիկն ու երբ գլուխը բարձրացրեց ու տեսավ տղային, մի պահ խոժոռվեց: Փոքրիկի հայացքն այնքան անորոշ էր, իսկ աչքերն այնքան տարօրինակ ու տխուր, որ որոշեց չմերժել նրան ու վարդը վերցնել:
– Լավ, ասա` տեսնեմ որքա՞ն ես ուզում սրա դիմաց,- կտրուկ ասաց Սոնան:
– Չէ, չէէէ... ես նվիրում եմ, վերցրու՛,- պատասխանեց փոքրիկ տղան ու վարդն այնպես շարժեց, որ փշերից մեկը դիպավ աղջկա նուրբ մատներին ու ծակեց:
Սոնան, վարդը զգուշորեն վերցնելով, բարկացած գոռաց.
– Ա՜խ, զգու՛յշ, փուշը ծակեց...չե՞ս տեսնում ինչ է:
– Արդեն հինգ տարի,- ծանր հառաչեց տղան:
– Ի՞նչ... ինչը՞ հինգ տարի…
– Հինգերորդ տարին է, որ ...,- փոքրիկը մի պահ լռեց, որից հետո մի խորը հոգոց հանեց ու շարունակեց,- հինգերորոդ տարին է , որ չեմ տեսնում... զրկված եմ արևի լույսից...
Սոնան մի պահ շանթահար եղավ... ուզում էր բերանը բանալ, մի բան ասել, բայց թվում էր, թե կորցրել է խոսելու ունակությունը:
– Բայց ոչինչ... կարևորը` ես ՏԵՍԱ...,- ասաց փոքրիկն ու ուզում էր խոսքը շարունակել, երբ Սոնան նրան ընդհատեց` հարցնելով.
– Իսկ ի՞նչ տեսար...
– Սկզբում տեսա գեղեցիկ վարդը, որը զգուշությամբ քաղեցի, իսկ հետո երբ տեսա քո գեղեցկությունը, որոշեցի այն հենց քեզ նվիրել... գեղեցիկ վարդը գտավ իր չքնաղ տիրուհուն` քեզ... գիտեմ հիմա զարմանում ես չէ՞... բայց կարիք չկա զարմանալու, ուղղակի մի՛ մոռացիր, որ գեղեցկությունը տեսնելու համար պարտադիր չէ աչքեր ունենալ...
Սոնայի ողջ հոգեկան աշխարհը տակնուվրա եղավ: Այդ փոքրիկի խոսքերը սրի նման մխրճվեցին ու դիպան նրա սրտի ամենանուրբ լարերին: Իր ապրած կյանքի 19 տարիների ընթացքում դեռ ոչ ոքից այդքան քնքուշ ու սրտառուչ խոսքեր չէր լսել: Թախիծն ու ուրախությունը կայծակնային արագությամբ միախառնվեցին նրա հոգում: Ոչինչ չէր կարողանում խոսել... կարկամել էր կարծես: Քիչ անց սթափվեց, տղային օգնեց իր կողքին նստել, ամուր գրկեց, սեղմեց կրծքին ու սկսեց արտասվել: Նրա աչքերից կաթիլ-կաթիլ թափվող արտասուքները դիպան նաև փոքրիկին, ով, իրեն մեղավոր զգալով աղջկան ցավ պատճառելու մեջ, ներողություն խնդրեց.
– Ների՛ր, խնդրում եմ լաց մի՛ եղիր:
– Չէէէ, այդ դու ների՛ր ինձ, փոքրի՛կ,- ասաց նա ու տղային ավելի ամուր սեղմելով կրծքին` շարունակեց,- լսի՛ր, իսկ դու ինչու՞ ես մենակ:
– Ես մենակ չեմ... այս նստարանից մի քանի նստարան այն կողմ մայրիկս է նստած:
Ու Սոնայի հայացքն ուղղվեց հենց այն նստարանին , որտեղ մի կին նստած շյուղերով հյուսք էր անում:
– Տեսա՞ր նրան...նա շյուղերով գործում է,- հարցրեց:
– Հա... արդեն տեսա,- ժպիտը դեմքին պատասխանեց աղջիկը:
– Գիտե՞ս... ես էլ եմ կարողանում շյուղերով գործել... քեզ ցույց կտամ... ինձ համար մի փոքր դժվար է, բայց ոնց որ թե ստացվում է:
Սոնան նորից ժպտաց , բայց մի պահ վերհիշելով, որ փոքրիկին տրված չէր իր քաղցր ժպիտը տեսնելու, քնքշաբար շոյեց նրա գլուխը:
Այդ օրվանից հետո նա դարձավ փոքրիկի ամենասպասված հյուրերից մեկը: Աղջիկը հաճախ էր այցելում նրան, խաղում հետը, զրուցում, ժամանակ առ ժամանակ էլ սիրտը բաց անում նրա առաջ, իսկ փոքրիկը լուռ լսելուց հետո բռնում էր Սոնայի ձեռքն ու իր մանկական շուրթերով մեղմիկ համբուրում:
Էջանիշներ