Արժանապատվության խնդիր է
Հայ ժողովուրդն առ այսօր նշում է փետրվարի 23-ը: Արդեն 15 տարի է՝ անկախ Հայաստանը սեփական բանակ ունի, բայց մենք, միեւնույն է, փետրվարի 23-ն ենք նշում: Այսինքն՝ սովետական կարմիր բանակի օրը: Որովհետեւ մեզ համար զինվոր լինելն ընդամենը ծառայություն է, իսկ ծառայել կարելի է միայն օտարին: Արժանապատվության խնդիր է:
... Տաքսու վարորդն ասում է, որ այլեւս չի կարող ապրել Հայաստանում եւ անպայման Ռուսաստան է գնալու: Խնդիրը միայն նյութականը չէ: Փառք Աստծո՝ կարողանում է ընտանիքի օրվա հացը հասցնել, բայց դա անում է սեփական արժանապատվության հաշվին: Թե օրը քանի անգամ է ստիպված լինում հանդուրժել 18-19 տարեկան լկտիների (ինքն ավելի կոպիտ է արտահայտվում՝ կասկածի տակ դնելով վերոհիշյալ երիտասարդների ծնողների բարոյական նկարագիրը), դժվար է ասել: Բայց ամեն անգամ հանդուրժելով, զգում է, որ իր զսպված հայհոյանքներից հետո երիտասարդների լկտիությունն ավելանում է: Արժանապատվության խնդիր է, ու եթե արժանապատվություն ունենաս, Հայաստանում չպիտի ապրես:
Հենց նոր համալսարանն ավարտածը հասկանում է, որ եթե ուզում է Մալաթիայի տոնավաճառից բացի որեւէ այլ տեղ աշխատել, պիտի կամ պատշաճ հագնվի (եթե տղա է), կամ պատշաճ հանվի (եթե աղջիկ է), ու անպայման՝ ընդունվի ՀՀԿ շարքերը: Արժանապատվության խնդիր է: Եվ արժանապատվություն ունեցողները գերադասում են գնալ Հայաստանից: Գյուղացին անձրեւի ու կարկուտի տակ մշակում է իր բաժին մի կտոր հողը ու վստահ է, որ սոված չի մնա: Բայց իր երեխան պիտի իր մշակած բերքի շնորհիվ գնա ու համալսարան ընդունվի, ու գյուղացին հասկանում է՝ իր երեխան կարող է Հայաստանում որեւէ բանի հասնել միայն ու միայն սեփական արժանապատվությունը տրորելու միջոցով: Եվ գերադասում է հեռանալ Հայաստանից ու իր մի կտոր հողը մշակել օտար ափերում: Արժանապատվության խնդիր է: Ուսուցիչը պիտի գերազանց գնահատի մոտակա հաստավիզի երեխային, որովհետեւ եթե ընդվզի՝ այդ նույն հաստավիզի «բարեգործություններով» ապրող տնօրենը նրան կազատի աշխատանքից: Եթե հարմարվում ես՝ մնա եւ գերազանց նշանակիր, չես հարմարվում՝ ազատվիր աշխատանքից ու հեռացիր Հայաստանից: Արժանապատվության խնդիր է:
Հարմարվելն ամենահեշտն է: Իշխանությունները հարմարվողների համար նույնիսկ «հատուկ պայմաններ» են ստեղծել: Այսինքն՝ բարոյական հիմնավորումներ են հորինել: «Սա մեր Հայրենիքն է», «որտեղ հաց՝ այնտեղ կաց» եւ այլն: Ու զարմանալի բան՝ հայ ժողովուրդը Հայրենիքի մասին հարյուրավոր ասացվածքներ ունի, բայց արժանապատվության մասին ոչ մի հատ»:
Իսկ մենք ունե՞նք արժանապատվություն: Եթե ունենք, ուրեմն չպետք է հանդուրժենք այս իշխանություններին: Չպետք է թույլ տանք, որ Հայաստանի Հանրապետության նախագահի ամենաինտելեկտուալ զբաղմունքը տուռնիկներից կախվելը լինի, չպետք է թույլ տանք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետն առանձնապես ոչնչով չտարբերվի չինական ռեստորանի գովազդային ցուցանակից, չպետք է թույլ տանք, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը գիտակցական կյանքի զգալի մասն անցկացնի Մոնտե-Կառլոյի կազինոներում, չպետք է թույլ տանք, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը զբաղվի ծառատունկով եւ այլն:
Այլընտրանք չկա: Կամ մենք չենք հանդուրժում այս ամենը եւ դուրս ենք գալիս պայքարի, կամ մենք հանդուրժում ենք, բայց չենք համակերպվում եւ հեռանում ենք Հայաստանից: Արժանապատվության խնդիր է: Իսկ արժանապատվություն ունեցողները, որպես կանոն, ընտրում են պայքարը: Որովհետեւ փախչել՝ նշանակում է հրաժարվել սեփական արժանապատվությունից, իսկ հրաժարվելով՝ կարելի է նաեւ այսօրվա Հայաստանում գոյատեւել:
ՀՐԱՅՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ
http://chi.am/news/070223/07022301.htm
Էջանիշներ