Շինարար-ի խոսքերից
Նամակ Ձմեռ պապին
Ձմեռ պապի, այս Նոր տարում այնպես արա,
Որ աշխարհը գոնե մի քիչ բարիանա,
Ամեն մեկին մի քիչ-մի քիչ մի բան արա,
Որ քեզանից ոչ ոք փոքր-ինչ չնեղանա:
Հարուստներին միայն հեռվից ձեռքով արա,
Աղքատների համար թող ձմեռն ամառնանա,
Իմ գործը չի, ոնց ուզում ես, այնպես արա,
Որ փոքրերի համար էլ առատ ձյուն տեղա:
Դժգոհելու շատ առիթներ՝ դժգոհներին,
Մտքի փոքր-ինչ պայծառացում՝ շատ գոհերին,
Առատ ու խիտ, առողջ մազեր՝ ճաղատներին,
Ամաչեցրու շռայլությամբ՝ ժլատներին:
Ձմեռ պապի, կույրերին բեր տեսողություն,
Խուլերին էլ, լավ կլիներ, լսողություն,
Բոլոր-բոլոր հիվանդներին՝ ապաքինում,
Այդքան էլ ճիշտ, քեզ լավ նայիր, առողջություն:
Թող այս տարի սիրահարներն ամուսնանան,
Նորապսակ զույգերն էլ թող երեքանան,
Մանկան ճիչով, անհոգությամբ թող լիանան,
Մյուսներն էլ՝ չնախանձեն, այլ հիանան:
Զինվորներին՝ ուժ ու կորով, արիություն,
Որ պահպանեն սահմանները հայրենիքի,
Մայրերին էլ, շուտով կգան, համբերություն,
Աշխարհին էլ թող որ լինի խաղաղություն…
Ինձ էլ մի լավ, քնքուշ աղջիկ, որ ինձ սիրի,
Ինձ հասկանա, շատ չխոսա, ինձ սատարի,
Որ քիչ փողից, նեղությունից չբարկանա,
Ու անպայման որ իմ կողքին երջանկանա:
Այս տարվա համար այսքանն արա, եկող տարի
Քեզ կսպասենք նոր ցուցակով մեր իղձերի:
Էջանիշներ