User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Հայկական ազգային տոներ

  1. #1
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայկական ազգային տոներ

    Ամենահարմարը այս բաժինը համարեցի այս թեմայի համար, քանի որ տոնը թե մշակությանին երևույթ է, թե անցուդարձ

    1000 հատ հելլոուին արժե...

    Բարեկենդան

    Բարեկենդանի բոլոր օրերը ներծծված են «աշխարհի վերջի» հոգեբանությամբ, անսահման, խենթ ազատությամբ

    Բարեկենդանը շարժական տոն է: Որոշ վայրերում Բարեկենդանը տևում էր 2 շաբաթ` անմիջապես հաջորդելով Ս.Սարգսին և ավարտվելով Մեծ պասով: Պարերի, խաղերի, զվարճահանդեսների,թատերախաղերի, հրապարակային խնջույքների, կերուխումի, կատակների, ուրախության 2 շաբաթ , որոնց ընթացքում հասարակական հարաբերությունների, ընտանեկան բարքերի , հասակային խմբերի մինչ այդ ընդունված, առօրեական նորմերը գլխիվայր շուռ են գալիս.ժուժկալությունը փոխարինվում է անհագուրդ ուտել- խմելով, երիտասարդների սովորությաին իրավունքով պարտադրված զուսպ, ենթակայական դիրքը տարիքավորների առաջ փոխարինվում է նրանց վարք ու բարքի ազատությամբ, փոխվում են սոցիալական դերերը և այլն: Բարեկենդանը լուսնային տարեսկզբի տոն է և նրա ակունքները գտնվում են տիեզերական կոդում` լուսնի ծննդյան հետ, տնտեսական կոդում`որսորդական շրջանի ավարտի հետ, դիցաբանական կոդում` տոտեմ նախնիների հետ: Բարեկենդանով նշանավորվում է անցումը ձմեռային շրջանից դեպի գարուն: Տոնը չունի ոչ միայն քրիստոնեկան զուգահեռ, այլև գրեթե չի նշմարվում զարգացած հեթանոսության շրջանի ազդեցոթյան գծեր: Շատ ավելի հետաքրքիր է տոնի բուն էությունը` հիմանական ծեսերն ու արարողությունները փաստում են, որ տոնը կապված է << վերջ>> գաղափարի հետ: < Առաջին օրվա մոգություն> տերմինով են բնորոշվում այն արարողություններն ու ծիսա-հմայական գործողությունները, որոնք կապված են տարվա առաջին բերքի, առաջին օրվա, առաջին երեխայի, ընտանի կենդանիների առաջին ծինի, <<առաջինի>> իմաստը կրող այլ առարկաների և տիեզերական երևույթների հետ: Բարեկենդանի բոլոր օրերը ներծծված են << աշխարհի վերջի>> հոգեբանությամբ, անսահման, խենթ ազատությամբ: Այդ օրերն ապրում էին այպես, ասես դրանք կյանքի վերջին օրերը լինեին:
    Գալու էր Զատիկը և վերակենդանացումը, բայց մահը լիարժեք էր իր խորհրդանշական իմաստով: Առհասարակ, ժողովրդական մտածողությունը չի ընկալում մեկ անգամ և ընդմիշտ մեռնելու գաղափարը, չկա վերջնական մահ: Մահվանը հաջորդում է վերածնունդը: Հայոց բանահյուսական մտածողությունն այս գաղափարն արձագանքել է ասացվածքով`<< Լալաման ու ծաղրաման մեկտեղ է>>: Բարեկենդանի անզուսպ, ցնծալի ֆոնի վրա առանձնանում են ողբերգական բովանդակության երգերը `նաև մեղեդու առումով:Այսինքն` տոնի նախնական խորհրդանիշներից մեկը եղել է ծիսականացված մահը, մահվան , <<վերջի>> գաղափարը:
    Տոնին պատրաստվում և մասնակցում էին բոլորը`մեծ , թե փոքր:
    Երկու- երեք օր առաջ կանայք և տղամարդիկ դադարում էին աշխատել , զանազան խաղեր էին խաղում, զվարճանում երեխաների պես: Հավաքվում էին մեծ ու փոքր, մի կողմ էին դրվում պետական կամ եկեղեցական օրենքները, ամեն մարդ առանց քաշվելու ասում էր իր խոսքը:Բուն Բարեկենդանը բացի խրախճանքից, կեր ու խումից, նաև ազատության օր էր:Այդ օրը հիշվում էին նաև պանդխտության մեջ գտնվողներին ու երգում էին հատուկ տաղեր:Բարեկենդանի երեկոն բարեկամներն ու հարազատները միասին էին անցկացնում: Կուշտ ուտում էին ու խմում, քանզի առջևում յոթշաբաթյա պասն էր: Ամենավերջում ուտում էին ձու` բերանը կողպելու համար, որպեսզի Զատիկին դարձյալ ձվով այն բանան։Նույնիսկ եկեղեցին է այդ օրը խստակենցաղ հոգևորականների համար սահմանել որոշ ազատություններ: Այստեղ ևս մուտք են գործել բարեկենդանյան խաղերն ու խրախճանքները:Երեկոյան, երբ խնջույքներից հոգնած մեծերը հավաքվում էին տանը, դուռը բացվում էր աղմուկով, երգով, թմբուկով և ներս էին ընկնում երեխանները: Տղաները հագած էին լինում աղջիկների հագուստ,փոքրերը`մեծի, երբեմն` ծաղրածուի:Կերպարանափոխված կամ դիմակավորված խմբերով զվարճախաղերը և թատերական ներկայացումները Բարեկենդանի առավել սիրված հանդիսություններն էին: Դրանց մասնակցում էին թե երեխաները, թե մեծահասակները:Արտաքինը պիտի հնարավորին չափ ծիծաղաշարժ լիներ, դեմքերին դնում էին ծիծաղելի դիմակներ կամ մուր, ալյուր քսում, ածուխով ներկում: Երեխաները տեսարան էին ներկայացնում գյուղի կյանքից կամ խաղում էին որևէ սրամիտ սյուժե:

    Աղբյուր՝ interpress.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (29.12.2011)

  3. #2
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վարդավառ

    Հայոց ավանդական տոնակարգում Վարդավառն ամառային ամենամեծ տոնն է, որը, ըստ Հայ եկեղեցու տոնացույցի, տոնվում է Զատիկից 14 շաբաթ հետո: Իր էությամբ՝ այն բնապաշտական տոն է և գալիս է հազարամյակների խորքից: Նախաքրիստոնեական Հայաստանում այն կապվում էր սիրո և գեղեցկության դիցուհի Աստղիկի հետ, որի մեհյանը ուխտի էին գնում ահել ու ջահել, փառաբանում ձոներգերով, բագինին վարդեփնջեր դնելով, զոհաբերություններ անելով:
    Քրիստոնեության ընդունումից հետո տոնը արտաքին փոփոխության է ենթարկվում՝ պահպանելով, սակայն, իր էությունը: Եկեղեցին այն փոխարինում է Քրիստոսի Այլակերպության կամ Պայծառակերպության տոնով: Պայծառակերպության տոնը նախապես տոնվում էր Հայոց տոմարի տարեգլխին՝ Նավասարդ ամսի առաջին օրը՝ օգոստոսի 11-ին (ըստ Աբեղյանի՝ այն տոնվել է օգոստոսի 6-ին): Հետագայում, երբ 551թ. Մովսես Բ Եղիվարդեցի կաթողիկոսի կողմից կատարվեց հայոց տոմարի նորոգությունը, փոփոխվեց և տոնի կատարման ժամանակը: Պայծառակերպության տոնը փոխադրվեց Զատիկից 14 շաբաթ հետո եկող կիրակին: Զատկական շրջանի մեջ մտնելով՝ Վարդավառը անցավ շարժական տոների շարքը և կարող է նշվել 35 օրերի ընթացքում՝ հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ը:
    Վարդավառ բառը տարբեր իմաստներով է ստուգաբանվում, որոնք բոլորն էլ բնութագրում են տոնը, ինչպես նաեւ՝ մատնանշում դրա խորհուրդները: Մի տարբերակով «վարդավառ» բառը կազմված է վարդ (ուարդ)-ջուր և վառ-սրսկել, լվանալ արմատներից, նշանակում է ջրցանություն, որը կազմում է տոնական արարողակարգի գլխավոր մասը: Որոշ հեղինակների կարծիքով էլ՝ այն նշանակում է «կրակավառ», «հրավառ»: Եվ իրոք, հուլիսին, այսինքն՝ հրոտից ամսին, երբ արևը հասնում է իր կիզակետին, հրավառվում, չորանում է բնությունը, մարդիկ զանգվածաբար ջրցանություն են կատարում և աստվածներից ջուր խնդրում:
    Տոնի համն ու հոտը կազմում էին համատարած ջրցանությունները: Վաղ առավոտից իրար վրա ջուր էին լցնում բոլորը՝ ով ինչով կարող էր՝ հաշվի չառնելով ո՛չ տարիքը, ո՛չ սեռը, ո՛չ հասարակական դիրքը: Ջուր էին շփում չխոսկան հարսները կեսրայրի վրա, առօրյայում քավորի ներկայությունից խուսափող սանամայրն անգամ՝ քավորի վրա: Եվ ոչ ոք չէր դժգոհում կամ վիրավորվում, որովհետև այդ օրը ջուրը համարվում էր ամենազորեղ, ամենաբուժիչ: Այս ամենն ուղեկցվում էր ավանդական երգ ու պարով, խաղերով: Մարդիկ իրար վարդեր էին նվիրում, իսկ սիրահար երիտասարդները աղավնիներ էին թռցնում, ու թե աղավնին երեք անգամ պտտվում էր սիրած աղջկա տան կտուրին, նույն աշնանը հարսնության էին տանում նրան: Մի փոքր այլ է պատկերը լեռնային շրջաններում, ուր համեմատաբար զով է և ջրցանությունը Վարդավառի տոնակատարության մեջ միայն խորհրդանշական իմաստ ունի: Այդտեղ գլխավոր դերը ավելի շատ տրվում է կենդանական զոհաբերություններին, հեռավոր ուխտագնացություններին, ուրախություններին ու խնջույքներին: Ժողովուրդը, մի երկու օրվա պաշար վերցնելով, տանելով զարդարված մատաղացու կենդանիներ, գնում է դեպի սրբազան աղբյուրները, դրանց մոտ զոհ մատուցում՝ հուսալով աստվածների բարեհաճությունը: Տոնի օրը որոշ տեղերում «Նուրին» տիկնիկներ էին պտտում, դրանց վրա ջուր լցնում և ձու, ալյուր, յուղ հավաքելով՝ կատարում յուրատեսակ զոհաբերություն: Շատ շրջաններում էլ եկեղեցի էին տանում հացահատիկի հասկեր, խնդրելով. «Աստված, պարզերես պահե մեզ Վարդավառի տաք ու շոգեն... »:
    Ինչպես ավանդական բոլոր տոները, Վարդավառն իր մեջ նաև պտղաբերության խորհուրդն է կրում: Այդ մասին է վկայում Նախիջևանում ընդունված «խնդում տօքի» սովորույթը. նշանված աղջիկները մի ամանում ցորեն կամ գարի էին ծլեցնում, հետո այդ ամանի մեջ թևավոր մի փայտ էին ամրացնում, այն զարդարում խնձորով, մանր վարունգով ու վարդերով, որից հետո, մի տարեց կին, «խնդումը » պտտեցնելով՝ տանում էր հրապարակ: Դրա շուրջը հանդիսականները պարում էին, վերջում՝ բաժանում մրգերն ու ծաղիկները: Տարեց կինը, որոշ հետազոտողների կարծիքով մարմնավորում էր Անահիտ աստվածուհուն, որը հովանավորում էր պտղաբերությունը և տոնի օրը առաջին անգամ խնձոր կամ տանձ (որոնք կոչվում էին վարդավառյան) ուտելու երևույթը նրան սիրաշահելու խորհուրդն է պարունակում:
    Վարդավառը, թերևս միակ տոնն է, որն ընտանիքի անդամներին, նույնիսկ ամբողջ ազգատոհմը հավաքելու կարևոր խորհուրդն ունի, և պատահական չէ, որ շատ շրջաններում այդ օրը պարտադիր գալիս են հեռավոր քաղաքներում ապրող զավակներն ու հարազատները: Նրանք հանդիպում են հայրական հարկի տակ, նվերներ փոխանակում, առնում միմյանց կարոտը, արտահայտում փոխադարձ սեր ու նվիրվածություն: Փաստորեն, դա նաև միակ տոնն է, որը տարվա մեջ մեկ անգամ ազգակիցներին համախմբելու, նրանց կապը մշտապես պահպանելու դերն ունի:
    Վարդավառյան տոնակատարության մյուս կարևոր խորհուրդը սերն է: Հայոց մեջ սիրո, նվիրումի բազմաթիվ օրինակներ կան, որոնց մեջ, սակայն, առանձնանում է Վահագն դիցի ու Աստղիկ դիցուհու սերը: Որոշ ուսումնասիրողներ, հենվելով պատմական այն տվյալների վրա, ըստ որոնց Աստղիկը անվանվում էր «Վարդամատն», Վարդավառ բառը կապում են վարդ արմատին: Վարդեր նվիրելով ու վարդաջուր ցողելով՝ նա սեր էր սփռում հայոց երկրում, իսկ հզորաբազուկ Վահագնը, մշտապես պայքարելով Չարի դեմ, պահում ու պաշտպանում էր այդ սերը, քանզի առանց սիրո բնությունը կպատվի փուշ ու տատասկով: Սա է վկայում նաև մեկ այլ պատում.
    Մի անգամ Աստղիկը, լսելով իր սիրելիի վիրավորվելու բոթը, ոտաբոբիկ շտապում է նրան վայրկյան առաջ տեսնելու: Ճանապարհին, նա անգիտորեն վարդենիներ է տրորում և նրա խոցված ոտքերի արյունից վարդերը կարմրում են: Այսպես էլ առաջանում է սիրո ծաղիկը՝ կարմիր վարդը:
    Եկեղեցական մեկնաբանությամբ Քրիստոսն է նմանեցվում վարդի, ու եթե «մինչ ի յայլակերպութիւն որպէս թէ վարդ ի կոկոնի էր, եւ յայլակերպիլն՝ ի թաբօր՝ իբր թէ վարդ վառեցաւ» (Տ.Թորգոմ պատրիարք):
    Պահպանված որոշ սովորությունների մեջ (վարդերով զարդարվել, իրար վրա ջուր ցողել, աղավնի թռցնել) քրիստոնեական եկեղեցին տեսնում է աստվածաշնչյան հին ավանդությունների արձագանքներ՝ կապված Ջրհեղեղի, Նոյան աղավնու և այլնի հետ: Ժողովրդական մի ավանդությամբ Աստղիկն էլ համարվում է Նոյ նահապետի՝ Ջրհեղեղից հետո ծնված դուստրը:
    Ինչևէ, Վարդավառի տոնը որքան էլ հին, որքան էլ երկար ու ձիգ դարերով անցած, քրիստոնեական գաղափարախոսության փորձությանը ենթարկված՝ այսօր էլ շարունակում է մնալ որպես ազգային տոն:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (30.03.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 360
    Վերջինը: 06.11.2013, 00:42
  2. Հայկական ազգային պարեր. մեկնաբանություններ, դիտումներ, կարծիքներ...
    Հեղինակ՝ Լեռնցի, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 360
    Վերջինը: 06.11.2013, 00:42
  3. Հայկական ժողովրդական, ազգային, գուսանական երգեր
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 12
    Վերջինը: 10.07.2013, 13:23
  4. Հայկական ազգային երգեր
    Հեղինակ՝ Tig, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 30
    Վերջինը: 19.04.2012, 18:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •