User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Հայկական եկեղեցիներ և նրանց պատմությունը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #2
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՏԱԹԵՎԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԸ


    «Տաթև» անվան մասին կան մի քանի ավանդություններ: Ըստ Ղևոնդ Ալիշանի Սյունիքում քարոզել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեն կամ Ստաթեն: Վերջինս նահատակվել է Սյունիքում և նրա անունը ժողովրդի բերանում աղավաղվելով դարձել է Տաթև: Մեկ այլ ավանդության համաձայն, որն անշուշտ ունի ժողովրդական ծագում ու բացատրություն, Տաթև անունը բացատրվում է «տա թև» արտահայտությամբ: Այս անվան բացատրություններից մեկն էլ հետևյալն է. բառն ունի փոքրասիական ծագում, այն ծագում է խեթո- լուվիական երկնքի ու ամպրոպի չաստված Դաթայի կամ Տատաի անունից:
    Տաթևի վանք համալիրը գտնվում է Սյունիքի մարզում` Գորիսի շրջանում, նույնանուն գյուղից գրեթե մեկ կիլոմետր հեռավորության վրա: Վանքը հիմնվել է բարձրաբերձ ժայռերի հրվանդանի վրա: Այն հարավ-արևելքից պաշտպանում Է Որոտանի կիրճը:
    Վանքը ընթացքում ձեռք է բերում մեծ հեղինակություն և դառնում Սյունյաց նահանգի պատմության անբաժանելի մասը և Հայաստանի վանական համալիրների մեջ գրավում իր ուրույն ու առաջնակարգ տեղերից մեկը: Տաթևի վանքը իր հիմնադրումից դեռ շատ չանցած, դառնում է նշանավոր ու ազդեցիկ վանական կենտրոններից մեկը, որի տիրապետության ներքո էին գտնվում թե՛ ընդարձակ տարածքներ, թե՛ ամբողջ գյուղեր: Այս մասին ամենավաղ հիշատակությունը գտնում ենք Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» աշխատության մեջ, երբ Սյունաց իշխան Փիլիպեի որդի Աշոտը կազմում է Տաթևի սահմանների պայմանագիրը. «...Որոշեցինք շրջակա սահմանները, որոնք այսպիսին են, արևմտյան կողմից` սկսած մեծ ու գլխավոր Գազաբույլ սարից, ջրվեժով մինչև փոսի ճանապարհը, որը Լորաձորի սահմանն է. հյուսիսային կողմից` բարձրադիր բնասահմանով Խոտանան, գետն անցնելով Ավազյաց փոսը դուրս եկող փոքր ձորակով, Խողաց բլրակով, Բացահորի նույն բարակ Ճանապարհով, ոչ խոր, անջուր ձորակով [իջնում է] ցած` մինչև կամուրջը, կամուրջից էլ` Քարաձոր, Քարաձորի բնասահմանով մինչև սուրը և բուն ճանապարհը, ուր սարով գալիս է Հարսնավազ, Հարսնավազի ձորակով, ճանապարհի կողքի եկեղեցու մոտով Սազքարով հատելով մեծ ձորը` հասնում է միայնակ քարափին, որ գտնվում է մեծ ձորի այն կողմում. կտրելով մեծ տափը հասնում է երկար խաչին, ջրվեժով` մինչև մեծ փոսը և [շարունակում] մինչև Բաղաց ձորից եկող ճանապարհը, այնտեղից էլ` մինչև նույն Գազաբույլ լեռը:
    Ահա սրանք են սահմանները, որ մեր ոտքերով կոխոտելով, մեր աչքերով տեսնելով, մեր ձեռքերով նշանակելով` արձանագրեցինք...»:
    Տաթևի վանքը նշանակալի դեր է կատարել նաև երկրի մշակութային կյանքի զարգացման գործում: Հենց այս վանքում են կենտրոնացված եղել հազարավոր արժեքավոր ձեռագրեր, վանքապատկան և իշխանական բազմաթիվ վավերագրեր ու այլ պայմանագրեր, որոնց մասին հիշատակում է Ստեփանոս Օրբելյանը. «Ուստի և մեծ ջանք[եր]ով ու չարչարանք[ներ]ով որոնումներ կատարելով` հավաքեցինք [տեղեկություններ] հայոց հին ու նոր պատմագիրների [երկերից] նաև եկեղեցիների արձանագրություններից ու այն հնագույն թղթերից, որոնք պահված կային Տաթևի համակենտրոն վանքի ամուր պահեստներում»:
    Վանքի մշակութային կենտրոն լինելու մասին վկայում է նաև այն, որ Տաթևի բարձրագույն դպրոցից, մանրանկարչության դպրոցից, բազմաթիվ տարաբնույթ արվեստանոցներից դուրս եկած հոգևորականների, նշանավոր փիլիսոփաների ու աստվածաբանների բույլերը զարդարում են հայ հոգևոր մշակույթի անդաստանը:
    Տաթևի վանքի զարգացումը սկսում է Թ. դարի 2-րդ կեսից, երբ այն դառնում է Սյունյաց եպիսկոպոսական կենտրոն: Տաթևի վանական համալիրի հիմնադրման պատմությունը գտնում ենք Ստեփանոս Օրբելյանի մոտ. «Իսկ երևելի ու փառավոր իշխան Փիլիպեն կառուցում է մի գեղաշեն եկեղեցի հին եկեղեցու մոտ»: Այս ամենը տեղի է ունենում 848 թվականին:
    Աստիճանաբար Տաթևի վանքը ձեռք է բերում տնտեսական հզորություն, որի հետևանքով մեծանում է վանքի եկամուտը, ուստի հին վանքը այլևս չէր կարող բավարարել առաջացած պահանջներին, քանզի եկեղեցին շատ հին էր և երկրաշարժից էլ խարխլվել էր ու հարմար չէր, որ վանքն առանց մեծ կաթողիկեի լիներ, ուստի Հովհաննես եպիսկոպոսը դիմում է Սյունյաց իշխաններին, մասնավորաբար Սյունիքի Աշոտ իշխանին, որոնք հոժարակամ համաձայնվում են օժանդակել վանքի շինարարությանը. «Այս վանքը հարստացրինք առատ պարգևներով, որը մենք հենց այսօր տալով, որն էլ մեր նախնիների` Սյունյաց առաջին իշխանների [թողածը հաստատելով]»:
    Տաճարը սկսել է կառուցվել 895 թվականին և ավարտվել է 11 տարի անց` 908 թվականին: Մինչև այժմ էլ պահպանվել է վանքի արևմտյան ճակատի վրայի Հովհաննես եպիսկոպոսի խաչքարը, որը տաճարի շինարարության մասին հատուկ արձանագրություն է: Նոր տաճար կառուցելուց հետո վանքում իրար հետևից սկսվում են կառուցվել նաև սեղանատուն, գրատուն, դամբարան, զանազան արհեստանոցներ, պահեստներ և շատ ու շատ օժանդակ և օգտակար կառույցներ, որոնք պետք է օգնեին վանքին որպես վանական համալիր հանդես գալուն և բարգավաճելուն: 930 թվականին Հակոբ Դվինեցի եպիսկոպոսի նախաձեռնությամբ ամբողջ տաճարի ներսը ծածկվում է որմնանկարներով: 11-րդ դարում սելջուկները ասպատակում են վանքը, սակայն շատ չանցած վանքը վերականգնվում է, նորից վերակառուցվում է Ս. Գրիգոր եկեղեցին, որը սակայն հիմնահատակ կործանվում է 1138 թվականի երկրաշարժի ժամանակ: Ս. Գրիգոր տաճարը այսպես կիսակործան է մնում ավելի քան մեկ դար և միայն 1274 թվականին, Հայրապետ եպիսկոպոսի ժամանակ վերականգնվում է գմբեթը և եկեղեցին: Տաճարը այսպես է մնում մինչև 1931 թվականը, երբ մի նոր երկրաշարժ նորից ավերում է եկեղեցին: Զարմանալի է, որ եկեղեցու գմբեթը երկրաշարժի ցնցումներից ընկնում է նույն այն կողմը` հարավ-արևելք, ուր ընկել էր XII դարում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ: Սյունյաց ճարտարապետության դպրոցի վարպետները Տաթևի տաճարը կառուցելիս չեն ընթացել հնավանդ ձևերի պարզ ընդօրինակման ճանապարհով. նրանք վերացնելով արևմտյան մույթերը, դրանք փոխարինել են ավանդատների շատ ավելի հաստ և հաստատուն պատերով` զգալիորեն ուժեղացնելով ինչպես տաճարի կառուցվածքի ընդհանուր ամրությունը, այնպես էլ նրա սեյսմակայունությունը:
    Վանական համալիրում գտնվող հիմնական հուշարձանների խումբը գտնվում է վանքի ընդարձակ բակում:
    Առաքելոց կամ Կաթողիկե անունով հայտնի եկեղեցին, որ նաև կոչվում է Պողոս-Պետրոս, նվիրված է երկու առաքյալներին: Վանքը հավանաբար կառուցվել է նույն այն տեղում, որտեղ կառուցված է եղել հին եկեղեցին, ենթադրելի է, որ անունն էլ փոխանցվել է հնից: Եկեղեցին ունի բազիլիկ հատակագիծ, կենտրոնական գմբեթով, որ հենված է երկու գլխավոր սյուների վրա: Որմերի և գմբեթի մեջ բարձր ու նեղ լուսամուտներ կան, որով շինության ներսը հավասարաչափ եղանակով բավական լուսավորված էր: Վերևի մասը կառուցված է մեր եկեղեցիներին հատուկ կրկնաստիճան թեք տանիքով` ծածկված խոշոր սալերով: Տաճարի պատերը թե՛ դրսից և թե՛ ներսից շարված են միատեսակ սրբատաշ քարերով: Պատերի շարվածքը ոչ թե հորիզանական է, ինչպես ընդունված էր ավելի ուշ և այժմ, այլ դրանք` այդ շարքերը բեկվում են բարձր ու ցածր սալերով: Երկու դռներից գործածական է միայն արևմտյանը, պատի ուղիղ մեջտեղում, քարե զարդարուն շրջանակի մեջ:
    Սրահ-գավիթը Հովհաննես եպիսկոպոսի կառուցած շենքերից մեկն է, իհարկե Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցելուց հետո: Այս շենքը պատով կպած է Առաքելոց եկեղեցու հարավային պատին, բայց ավելի ցածր պատով, քան եկեղեցունը: Այս շենքը կառուցված է իբրև չորս որմաշեն սյուներով կամարածածկ մի կառույց, արևելյան պատով կպած է Լուսավորիչ եկեղեցու արևմտյան պատին, իսկ հյուսիսային պատով` Առաքելոց եկեղեցու հարավային պատին: Կամարների շրջանակները զարդարված են գեղեցիկ զարդաքանդակներով, որոնք յուրահատուկ տեսք են տալիս կառույցին: Հատակը սալապատկված է, ավելի ուշ այստեղ սկսել են, ինչպես ժամատներում, մահացածներին թաղել: Այստեղ` Գավիթ-սրահում են թաղված մեր եռամեծ վարդապետ Գրիգոր Տաթևացին և նրա աշակերտ Առաքել Սյունեցին, իսկ հետագայում 1787 թվականին Տաթևի առաջնորդ Տեր Հովակիմը:
    Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին վերաշինվել է երեք անգամ: Առաջին անգամ վերակառուցվել է Սյունիքի իշխան Փիլիպեի հրամանով և ծախսով, ուր և ամփոփել են վերջինիս մարմինը; Այս եկեղեցին հարավ-արևելքից կից է Պողոս-Պետրոս եկեղեցուն, իսկ արևելքից` Սրահ-գավթին: Երկրորդ անգամ վանքը հրի ու սրի են մատնում Պարսկաստանից եկած ասպատակիչները և քանի որ Լուսավորիչ եկեղեցին փայտածածկ էր` այրվում է, բայց որոշ ժամանակ անց կրկին վերականգնվում է վանքի առաջնորդ Հովհաննես եպիսկոպոսի ջանքերով և իշխանների օժանդակությամբ: Վանքը երկրորդ անգամ կործանվում է երկրաշարժի հետևանքով, որի պատճառով Առաքելոցը ընկնում է Լուսավորիչ եկեղեցու վրա` կործանելով այն: Այս երկրաշարժը տեղի է ունեցել 1138 թվականին: Այսպես մնում է մինչև Ստեփանոս Օրբելյանի ժամանակ, երբ նա 1295 թվականին երրորդ անգամ է վերաշինում տաճարը:
    Աստվածածին եկեղեցին Տաթևի միակ հին եկեղեցին է: Այն գտնվում է գլխավոր խմբից հարավ-արևմուտք, կառուցվել է 1087 թվականին: Վերջին կործանիչ երկրաշարժից հետո այն կանգուն է մնացել, բայց չափազանց վատ վիճակում: Այն կառուցվել է իբրև երկրորդ հարկ, կամարակապ մի բարձր հարկի վրա, որի տակով է վանքի անցուդարձը կատարվում, երբ պարսպի գլխավոր դռնից ներս են մտնում:
    Գավազան-սյուն անունով հայտնի է մի գեղեցիկ և թեքվող կոթող, որը գլխավոր շինություններից գտնվում է հարավ: Կառուցվել է գլխավոր տաճարի կառուցման ժամանակ հավանաբար 895 թվականին: Սյան վրա որևէ արձանագրություն չկա: Միակ կառույցն է, որ ոչ բնության հարվածներից է վնասվել, ոչ էլ մարդկանց ավերիչ ասպատակություններից: Այն պահպանվել է գրեթե իր սկզբնական վիճակում: Սյունը ութկողմանի է, որմնաշար սալերով կառուցված, ունի մոտ 15 մետր բարձրություն: Սալերից մի քանիսը զարդարված են գեղեցիկ փորագրություններով, որոնք սյունը նմանեցնում են հայրապետական ձեռքի գավազանի, որի վրա կան հմուտ փորագրիչի ձեռքի հետքերը:
    Մենք փորձեցինք ևս մեկ անգամ ընթերցողի ուշադրությանը հանձնել Տաթևի վանքի որպես վանական համալիրի հիմնադրման պատմությունը: Փորձեցինք նկարագրել վանական համալիրից ներս գտնվող կարևորագույն կոթողներն ու կառույցները, որպեսզի ընթերցողը կարողանա փոքրիշատե պատկերացում կազմել Տաթևի նշանավոր վանքի մասին և ճանաչելով մեր ճարտարապետությունը, զգալով մեր միշտ կառուցելու ձգտումը, փորձի եղած հնագույն կոթողները պահպանել, որով կկարողանանք մեզանից հետո եկող սերունդներին թողնել դարերի խորքից եկող կոթողներն ու հուշարձանները, որպես մեր դարավոր արարող պատմությունը վկայող քարե վկաներ:

    Նյութը պատրաստեց Վահե սրկ. Ենգիբարյանը

    Աղբյուրը՝ lusamut.net

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ripsim (24.12.2011), Tig (23.12.2011), yerevanci (23.12.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ֆուտբոլիստները և նրանց կանայք
    Հեղինակ՝ Սերխիո, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 38
    Վերջինը: 27.11.2013, 03:48
  2. Հայկական առևտրական ցանցերն ու Հնդկաստանի հայ գաղութի պատմությունը
    Հեղինակ՝ Նաիրուհի, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 26.05.2010, 01:04
  3. Օնլայն Խաղեր (նրանց համար, ում հայկական տրաֆիկը անվճար է)
    Հեղինակ՝ isoedo, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 31
    Վերջինը: 08.07.2008, 01:19
  4. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.06.2008, 07:13
  5. ՈՒսանողների և ոչ միայն նրանց համար
    Հեղինակ՝ Belle, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 11.09.2007, 15:08

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •