Դուք էլ ինչ եք կպել՝ մրսել հա մրսել: Ամեն լավ բան իր սեզոնն ունի, կարճ փեշն էլ բացառություն չի:
Սպասեք մի բան էլ ես պատմեմ:
Հեռավոր 80-ականներին, երբ ես դեռ մի մատ երեխա էի, մեր վերևի հարևան Ստյոպիկը ամուսնացավ, կին բերեց: Մարինկային:
Թե մեր թաղում երբևէ հեղափոխություն եղել է, էդ Մարինկան է արել: Շատ մի տիպն էր: Իրենք հա Ռուսաստան էին գնում գալիս, էնտեղից իմպրտնի շորեր բերում: Ու էս Մարինկան ամառները միշտ կարճ շորտիկներ էր հագնում: Էդպիսի բան էն ժամանակ երևի ամբողջ Երևանը տեսած չկար՝ կարճ շորտերով կին:
Մեր թաղի բոլոր հարսերն ու սկեսուրները լվանում էին Մարինկայի ոսկորները: Էն էլ ի՜նչ լվանալ... Արդեն լեգենդներ էին պտտվում, որ Մարինկայի շորտերի տակ ուրիշ ոչ մի հագուստ չկա ու էլի նման բաներ: Ամբողջ թաղը աչքը չէր հեռացնում էդ աղջկա ոտքերից: Նա էլ էնպիսի՜ մի ոտքեր ուներ, չուտեիր չխմեիր, հա դրանց նայեիր: Նստում էր դրսում արևի տակ, ոտքերին կրեմ քսում, հետո շորորալով ման գալիս: Մի խոսքով էդ ջահել աղջիկը ամեն ամառ իր ոտքերը մաքուր օդի ու ջերմ արևի էր հանում:
Իննսունականներին իրենք տեղափոխվեցին Ռուսաստան ու միայն երբեմն այցելում էին մեր շենքում դեռ մնացած իրենց բնակարանը:
Վերջերս որ Երևանում էի, տեսա Մարինկային, եկել էր: Էլի ոտքերը բաց՝ օրորալով ման էր գալիս: Ու ոտքերն էլ առաջվա նման սիրո՜ւն, ձիգ, հարթ: Թեև ինքը հիմա մեծ կին է, թոռներ ունի:
Բա ասում եք: Ոտքերն էդքան օդին ու արևին որ չտա՞ր, բա էդքան սիրուն կմնայի՞ն: Դե թող հիմա իր հետևից խոսող նամուսով տիկինները բացեն իրենց ոտքերը...
Էջանիշներ