Տարբերակ 4.
Սխալ հեքիաթ
Կար-չկար, Օլի անունով մի հեքիաթագործ կար, որի ստեղծած բոլոր հեքիաթները կարողանում էին հրաշք ձևով կենդանանալ ու ապրել իրենց կյանքով: Օլին հորինում էր տարբեր գունավոր հեքիաթներ ու սփռում աշխարհով մեկ: Նա ապրում էր մարդկանցից հեռու՝ իր հորինած փոքրիկ տնակում, որի պատերը հյուսված էին բազմապիսի բույսերից, իսկ կահ կարասին մոգոնված էին փայտ ու կոճղից:
Հեքիաթներ հորինելուց բացի, Օլին սիրում էր բարձր երգել ինքն իր համար ու մի լավ պարել, հետո՞ ինչ, որ ծիծաղելի էր ստացվում. դրա մասին միայն ինքը գիտեր: Իսկ հանգստանալու համար նա նստում էր հատակին ու մեդիտացիա անում՝ «Օ՜մմ» կանչելով...
Երեկոյան հեքիաթագործը կանգնում էր պատուհանի մոտ ու նայում երկնքին:
«Տեսնես՝ ինչե՞ր կան այդ վերևներում»,- մտածում էր Օլին ու ափսոսում, որ վախենում է բարձրությունից:
Քնելուց առաջ Օլին միշտ ստուգում էր մահճակալի տակը, որ տեսնի՝ թաքնված չի արդյոք այնտեղ սարսափելի դևը, բայց նրա մահճակալի տակ մի գորտ անգամ չէր լինում: Ոչ էլ նույնիսկ մի չքնաղ ջրահարս...
Օլիի առաստաղից միշտ ամպեր էին կախված՝ լի նրա հեքիաթային գաղափարներով: Նրանք մեկ դառնում էին թափանցիկ ու բարակ՝ համարյա կորչելով, մեկ էլ տռզում էին ու ծանր կախվում: Այդ ժամանակ Օլին թափահարում էր ձեռքերը, հավաքում իր գաղափարները բռի մեջ ու ոգևորված շարժումներով հեքիաթ ստեղծում՝ հենց իր տան ներսում:
Նոր ստեղծված հեքիաթը՝ իր բոլոր կերպարներով, անհոգ քամու նման պար բռնած, պտտվում էր տնակում, խառնում Օլիի մազերն ու հագուստը, հետո թռչում բաց պատուհանից ու գնում իր համար որոշված աշխարհը՝ հավերժ ապրելու իր կախարդական կյանքով: Հեքիաթագործը նայում էր հեռացող պարահանդեսի հետևից ու տխուր ժպտում՝ համ ուրախանալով, համ հրաժեշտ տալով իր հեքիաթագործությանը:
Մի անգամ այնպես է պատահում, որ ինչպես ամեն ուրիշ արարած, Օլին ևս սկսում է կասկածել իր բռնած գործի և ուղու վրա: Դե ինչքա՞ն կարելի էր մոգոնել, լավ չէ՞ր լինի դուրս գար մարդամեջ, մի կարգին գործով զբաղվեր: Հեքիա՜թ, հա հեքիա՜թ... Հիմարություն, անպետք աշխատանք: Կանգնում է հայելու առաջ, հետ քաշում դուրս ցցված փորիկը, փորձում ուղղել բռփեջ մազերը, ձգվում իր թիզուկես հասակով ու ոտից գլուխ չափչփում ինքն իրեն: Հետո հոգոց հանում, նորից հետ վերադառնում իր սովորական տեսքին:
- Արվեստագետ, չէ՜ մի... Ինքդ քո աշխարհում ապրող ասոցիալ անհաջողակ: Ահա թե ով:
Ու մի կարգին լաց է լինում՝ դարդերը կուլ տալով տան եղած քաղցրավենիքի ամբողջ պաշարով:
Իսկ այդ ժամանակ նրա գաղափարային ամպերը սկսում են ծանրանալ՝ լցվելով ամեն տեսակ խառխշտիկ, խելառ մտքերով: Օլին էլ, որպեսզի ավելի համոզվի, որ ինքը ոչ մի բանի պիտանի չէ, քաշում, վերցնում է ամպերը, զայրացած դատարկում դրանք ու առանց երկար մտածելու՝ եղածից մի բան մոգոնում:
- Անպետք Օլի, հիմար ցնդաբան:
Ինքն իր վրա փնթփնթալով՝ շփթփ ավարտում է հեքիաթը ու ընկնում գետնին՝ թախծահարված ու հուսահատ: Իսկ նորաստեղծ հեքիաթը, առանց վայրկյան կորցնելու, գժի նման պտտվում է սենյակում ու դուրս թռչում տնից:
- Գնա, գնա, չքվիր այստեղից,- նրա հետևից գոռում է Օլին ու անջատված քուն մտնում հենց գետնի վրա:
Առավոտյան Օլին արթնանում է, ու խելքը գլուխն է գալիս: Տագնապով հիշում է նախորդ իրիկվա կատարվածը ու ոտուձեռ ընկնում:
- Ո՜նց կարող էի նման բան թույլ տալ... Էդպիսի անհեթություն հորինել...
Իսկ հեքիաթն արդեն փախել, հեռացել էր ու հիմա ապրում էր իր համար:
Բա ի՞նչ անել: Ո՞նց ուղղել երեկվա գործած սխալը: Հո չէ՞ր կարող թույլ տալ, որ նման հեքիաթը մնար ու ապրեր՝ շուրջը լցնելով հիմարություններով:
Եվ Օլին որոշում է կյանքում առաջին անգամ գնալ իր հեքիաթի հետքերով, գտնել և ուղղել այն: Հաստատ չէր էլ կարողանում մտաբերել, թե ինչ ախմախություններ էր հորինել, միայն հիշում էր, որ այդ ամենը սխալ էր, շատ սխալ...
Օլին կապում է խուրջինը՝ մեջը լիքը քաղցրավենիքներ լցնելով, որպեսզի կարողանա դիմակայել հանկարծ ու նորից վրա հասնող հուսահատությանը, հետո ինքն իրեն մի քիչ կերպարանափողում է, որ հեքիաթը չճանաչի իր հեղինակին, և դուրս գալով տնից՝ ճամփա ընկնում իր գործած սխալն ուղղելու:
Իսկ նորաթուխ հեքիաթը գտնել այնքան էլ դժվար չէր, որովհետև ճանապարհին նա թողել էր իր մասին հուշող հետքեր: Օդում ճախրող ջրահարսներ՝ մամռոտ տաշտակների մեջ, առյուծ կտրած գորտեր՝ գլխներին անտառային թագեր, ու լիքը-լիքը կոնֆետներ, որոնք թափվել էին հեքիաթից և հիմա տեսնելով Օլիին՝ իրենք իրենց թռչում ընկնում էին նրա գրպանները:
Շատ է գնում, քիչ է գնում, մեկ էլ այն է տեսնում, որ առջևում մի պալատ է՝ իր տեղում թռչկոտող ու պարող:
«Ահա և հասա»,- մտածում է Օլին ու ներս մտնում թագավորության սահմանները:
Օդում ճախրող ջրահարսներից մեկին դա թերևս այնքան էլ դուր չի գալիս ու նա իր տաշտը շրջում է հեքիաթասացի գլխին: Վախեցած ու թրջված Օլին նայում է վերև, իսկ ջրահարսը պոչը թափ տալով ծիծաղում է և թռչում ճահճի կողմը, որ նոր ջուր հավաքի, տեղը չոր չլինի:
- Էստեղ, ինչ է, վհուկներ չկա՞ն, որ էս պոչավորներն են թռչում,- նրա հետևից հուսահատ գոչում է Օլին ու մի կերպ ուղղում իր կպցրած բեղերը:
- Էդ էլ հարցնելու բա՞ն էր: Բա ո՞նց կլինի առանց վհուկի:
Հեքիաթագործը շրջում է գլուխն ու իր կողքին տեսնում մի իսկական վհուկի՝ ամեն ինչը տեղը տեղին, ցախավելն էլ ձեռքին բռնած:
- Ուղղակի գիտե՞ս ինչ կա: Ես թռչել չեմ սիրում, վախենում եմ ամեն տեսակի օդային ճամփորդություններից, հասկանո՞ւմ ես,- բացատրում է վհուկը,- բարձրությունից էլ ֆոբիա ունեմ:
- Ես էլ,- խոստովանում է Օլին:
- Դե տեսնում ես,- ժպտում է վհուկը,- ես Ագնեսն եմ, իսկ դո՞ւ ով ես: Դեմքդ ծանոթ է ոնց որ...
- Ես... մմմ... Սիմոնն եմ... Դժվար թե հանդիպած լինենք,- ասում է Օլին ու աչքերին իջեցնում թրջված, լայնեզր գլխարկը:
- Սիմոն... Ի՞նչ ես անում էս կողմերում:
- Ճամփորդում եմ...
- Լրիվ թրջվել ես, արի քեզ տանեմ ինձ մոտ, չորանաս, մի տաք բան խմես:
Օլին սիրով համաձայնում է, Ագնեսն ընկնում է նրա թևը ու տանում պալատ:
- Դու պալատո՞ւմ ես ապրում:
- Ես պալատական խոհարարն եմ, մի տեսնես՝ ինչ դդմի ապուր եմ եփում... Իֆ, իֆ, իֆ... Մատներդ հետը կուտես: Ես խոհարարական հատուկ հնարքներ գիտեմ. ամեն ինչի մեջ մի բուռ կոնֆետ եմ լցնում: Քա՜ղցր, անո՜ւշ...
Օլին մտահոգված նայում է իր ստեղծած վհուկ խոհարարին:
- Շատ քաղցրը վատ է առաողջությանը...
- Ո՜վ ասաց, ես ծնվածս օրվանից կոնֆետ եմ ուտում, ու արդեն գիտե՞ս՝ քանի տարեկան եմ: Երեք հարյուր երեսուն:
Եվ հանդիպելով Օլիի զննող հայացքին՝ ավելացանում.
- Լավ, լավ, երեք հարյուր երեսունյոթ: Ու հա, հենց էդքան, առողջ և թարմ:
Նոր էին նրանք մտել Ագնեսի խոհանոցը, երբ պալատը լցվում է խզված կիթառի բարձր հնչյուններով ու մի բաղաձայն երգով: Եվ նորից ամբողջ պալատը սկսում է պարել՝ իր փայտե պատերը ճռճռացնելով:
- Թագավորն է: Մեր ռոքի արքան: Հոյակապ ձայնի տեր... Գիտե՞ս քանի զուռնասկավառակ ունի. համահեքիաթային աստղ է:
Օլին անհանգստացած սկսում է քամել իր թրջված հագուստը, երբ խոհանոցի դուռը ճռռալով բացվում է, ու ներս է ընկնում մի թախծահարված աչոնիկ՝ ոտքից գլուխ սև ու վարդագույն հագնված-պրտված, մի աչքը մազափնջով ծածկած:
- Ծանոթացիր, Սիմոն, սա մեր արքայադուստրն է՝ Էմման, նեղ շրջանակում՝ Էմո:
- Այ բալա, ինչի՞ ես էդպես տխուր,- հարցնում է Օլին:
Էմման ոչինչ չի պատասխանում:
- Մարդախույս աղջիկ է, մի քիչ էմոցիանոլ, գլուխ մի դիր,- բացատրում է Ագնեսը ու դառնում նեղ ջինսերով արքայադստերը,- քեզ ինչքան ասեմ՝ էստեղ ածելի չկա: Ու ընդհանրապես, հերիք եղավ քեզ կտրտես: Էլ չուլ ու բինտ չթողեցիր: Էդ հորդ երգերն էլ քիչ լսիր, վրադ հալ չմնաց լացելով...
Օլին խուրջինից հանում է մի բուռ քաղցրավենիք ու տալիս աղջկան.
- Կեր, օգնում է: Իմ փորձից գիտեմ:
- Դու ոչինչ չգիտես,- ճչում է աղջիկն ու դուրս փախչում:
- Ագնես, բայց հետը կոպիտ մի եղիր, գիտե՞ս ինչ վատ բան է ընկճախտը,- վհուկին է դիմում Օլին:
- Գիտեմ ես նրա ախտը: Իր արքայազնին չի գտնում: Էհ, ես էլ իմին չեմ գտել, պակա՞ս եմ ապրում: Հիմա ի՞նչ, ես էլ մազերս սևացնեմ, աչքիս խփե՞մ ու ցախավելով ինձ ամեն օր մտրակե՞մ: Հիմար լակոտ... Սպասիր, շուտով դևը կգա, կտանի, նոր կիմանա: Փոխանակ խելքը գլուխը հավաքի, գորտեր պա...
- Ի՞նչ դև,- վախեցած հարցնում է Օլին:
Ագնեսը քաղցր թեյը դնում է հեքիաթագործի առջև, ձեռքերը ծալում երկու հարյուր տարի առաջ վերացած դոշին ու պատմում.
- Մեր կողմերում մի դև է ապրում, էս տեսակ աչոններին հավաքում, փակում է իր դղյակի մութ զնդանում ու ամեն ամիս մեկին կուլ տալիս: Ասում են՝ միտք ունի էս տարածքը լրիվ մաքրել մեր Էմոյի նման բոլոր ջահելներից: Ազդում են նյարդերին, թե ախորժակն են գրգռում, ո՞վ է հասկանում էդ դևերից...
- Վա՜յ...
- Բա վայ, բա ինչ: Ախր որ մերը մեր լիներ, աղջիկն էս օրը չէր լինի:
- Իսկ մորն ի՞նչ է եղել,- ավելի է տագնապում Օլին:
- Դե չգիտե՞ս տարիքն առած այդ հարուստ շիկահերներին: Մի փախած արևելյան երկիր են գնում, հետ գալիս, սկսում յոգայով զբաղվել: Այուրվեդա, մեդիտացիա, հարմոնիա, բնություն, տիեզերք, զահրուզիբիլ... Լրիվ աշխարհից կտրվում: Օ՜մմմ, հա օ՜մմմ: Օմմ, չէ՜ մի, սխտոր ու գոմ: Թեյդ խմիր, սառեց:
Հեքիաթագործը սկսում է ձեռքն ընկած բոլոր կոնֆետներն ուտել ու մեծ կումերով կուլ տալ թեյը:
«Ախ, ախ, ախ, էս ամբողջը հո ես եմ ստեղծել»,- մտքում հալածում է նա իրեն:
- Իսկ էդ ի՞նչ էիր ասում գորտերի մասին:
Ագնեսն այն է՝ ուզում էր պատասխանել, երբ հնչում է խոհանոցի զանգը, ու վհուկը խուճապի է մատնվում:
- Ահ, ճաշս մնաց: Ներին ինձ, Սիմոն, ես պիտի գործ անեմ: Այնպես էլ շատ խոսեցի:
Ու նա կրակին է դնում մեծ կաթսան, մեջը լցնում տարբեր տեսակի խոտեր ու կոնֆետներ և սկսում խառնել իր երկարապոչ ցախավելով:
- Ես գնամ, մի քիչ շրջեմ պալատում,- ասում է Օլին ու դուրս գալիս խոհանոցից:
- Սպասում ենք քեզ ընթրիքին, չմտածես, թագավորական ընտանիքը շատ է սիրում հյուրերի,- նրա հետևից ձայն է տալիս Ագնեսը:
«Հենց ընթրիքի ժամանակ էլ կասեմ, թե ով եմ, բոլորին կհավաքեմ կտանեմ իմ տուն՝ վերամշակման, էսպես թողնել չի լինի»,- մտածում է Օլին՝ քայլելով փայտերից ու բույսերից հյուսված պալատում:
Մեկ էլ ցատկելով նրան է մոտենում մի համարձակ գորտ ու թռչում կպչում Օլիի դուրս ցցված փորիկին և սևեռուն հայացքով նայում նրան: Օլին փորձում է ձեռքով գցել նրան իր հագուստից, բայց համառ գորտը պոկվելու ոչ մի ցանկություն չի արտահատում:
- Պոկվիր ինձնից,- վրդովված ասում է հեքիաթագործը:
- Չեմ պոկվի,- կռկռում է գորտը:
- Դու դեռ խոսում էլ ես, հա՞:
- Ախ դու էլ ես խոսում, հա՞,- հետ չի մնում գորտը:
- Իհ, սրան մի տես, դու ո՞վ ես:
- Ես արքայազն եմ:
- Դու ի՞նչ արքայազն, դոդոշի մեկն ես:
- Իսկ դու մի պաչ տուր շուրթերիս, նոր կտեսնես:
Այս ասելով՝ գորտն ուռցնում է իր կանաչ շուրթերն ու առաջ ցցում:
Օլին վախեցած հետ-հետ է գնում:
- Էդ էր պակաս, ես ջրահարսների եմ սիրում, ոչ թե դոդոշների:
- Նրանք էլ կարծես քեզ են շատ սիրում՝ հաշվի առնելով թաց շորերդ,- ծիծաղում է գորտն ու ամբողջ ձայնով կռկռում:
Հետո չսպասելով Օլիի որոշմանը՝ թռչում մտնում է նրա խուրջինի մեջ:
- Ու չփորձես ինձ հանել էստեղից,- լսում է Օլին պայուսակի միջից:
- Լավ, մնա էտեղ, գոնե համբուրվել չես ուզի,- ասում է նա ու խուրջինն ուսին՝ շարունակում քայլել պալատով:
Սրահներից մեկի կիսաբաց դռնից նա հանկարծ տեսնում է արքայադուստր Էմմային, իսկ նրա կողքին՝ ժնջիլավոր, երկարամազ մի բիձուկի, ձեռքին՝ քոսոտ մի կիթառ, ու եթերային շորերով, ոտաբոբիկ մի կնոջ, ճակատին՝ հնդկական զարդարանք: Օլին սկսում է ականջ դնել նրանց զրույցին:
- Աղջիկս, դստրիկս, դու պիտի շարունակես համբուրել հանդիպածդ գորտերին. դա միակ միջոցն է քո արաքայազնին գտնելու: Նա քեզ կպաշտպանի ու հեռու կպահի չար դևից,- Էմմային հորդորում է ոտաբոբիկ կինը:
- Իսկ եթե ես չե՞մ ուզում: Զզվել եմ արդեն: Որտե՞ղ է իմ արքայազնը: Դեռ քանի՞ դոդոշ պիտի համբուրեմ:
- Գոհ եղիր, որ իմ բախտից չունես ու միայն գորտերով ես ազատվում: Գիտե՞ս քանի ավանակ եմ համբուրել՝ մինչև պարզելը, թե նրանցից որն է իմ արքայազնը:
Այս ասելով՝ եթերային տիկինը սահուն շարժումով թռչում է ժնջիլավոր ծերուկի գիրկը:
- Թռչնակս, իջիր խնդրեմ ծերուկիս գրկից, որպեսզի ես՝ նվաստս, մի երգ ասեմ՝ այս պահին սազական,- քնքշանքով ասում է բիձա ռոքերը:
- Հայրիկ, խնդրում եմ, միայն թե ոչ «Հարմոնիան»,- ասում է Էմման՝ աչքերն արդեն իսկ լցնելով:
- Ես ավելի լավ առաջարկ ունեմ,- ասում է թագուհին,- եկեք բոլորս բռնենք իրար ձեռքերն ու զգանք մեզ միմյանց կապող էներգիան և միավորվենք ամենայնի ու վերագույնի հետ:
Էմման դժգոհությամբ մեկնում է ձեռքերը:
- Վերգտնենք մեր ներքին ներդաշնակությունն ու փոխանցենք միմյանց մեր հոգու հանգստությունը: Եվ ոչ ասենք դևերին: Ո'չ, ձեզ, դևեր: Եվ բաց լինենք նորի հանդեպ: Այո', ձեզ, արքայազներ: Օ՜մմմ...
-------------------------------------
[ Տարբերակ 4. Սխալ հեքիաթ. Սկիզբը նախորդ գրառման մեջ: ]
Էջանիշներ