Տարբերակ 1.
Տխուր արքայազնը
Հեռավոր մի սարի գագաթին, ուր միայն չարագույժ անգղներն էին թևածում, իր մենավոր դղյակում ապրում էր տխուր արքայազնը: Նրա դեմքը մռայլ էր՝ իր հոգու նման:
Արքայորդու կյանքն ուրիշ էր, որովհետև չուներ ճակատագիր: Ասում են՝ նրա հայրը ապրել էր վայելքներով լի, հարուստ կյանքով, ինչի համար գիր բաժանողը նրա որդուն զրկել էր ճակատագրից.
- Քո բաժին բախտն էլ է հորդ հասել,- ասել էր նա ու հեռացել՝ ոչինչ չտալով նորածին արքայորդուն:
Անցել էին տարիներ, ու արքայազնը դարձել էր կյանքից խռոված ու աշխարհից փակված մեկը, ով ոչ թե ապրում էր, այլ գլորում իր օրերը՝ ամեն ինչից ու ամենքից հեռու: Իր դղյակից նա դուրս էր գալիս միայն գիշերները, որ ոչ ոքի չհանդիպի ու չտեսնի նրանց խղճահարված հայացքները:
Ժամանակի հետ մարդիկ արդեն մոռացել էին նրա գոյության մասին ու տեսնելու դեպքում չէին էլ ճանաչի իրենց կողմերում ապրող տխուր արքայազնին, ով չուներ ճակատագիր:
Մի անգամ՝ երկար մտածմունքից հետո, արքայազնը որոշում է գիշերվա փոխարեն առավոտ կանուխ դուրս գալ իր դղյակից ու տեսնել, թե ինչպես են մարդիկ ապրում իրենց օրը: Այդպես էլ անում է: Ու հայտնվում լուսավոր աշխարհում: Անցնում է արքայազնը մարդկանց միջով ու հասկանում, որ ոչ ոք իրեն չի ճանաչում: Օտարական ձևանալով՝ զրույցի է բռնվում հետները ու հարցուփորձ անում կյանքից և աշխարհից: Խոսքուզրույցի մեջ արքայազնի ականջին է հասնում, որ մոտակա քաղաքներից մեկում արդեն տարիներ շարունակ առեղծվածային բաներ են կատարվում:
- Չգնաս այդ կողմերը, բարի օտարական:
- Անիծված տեղ է, հեռու մնա...
Բայց արքայազնը, որ կորցնելու բան չուներ, իր ճամփան թեքում է հենց այդ ուղղությամբ ու գնում հասնում է անիծված քաղաքը:
Քաղաքը բացում է արքայազնի առաջ իր մռայլ դռները: Նա հայտնվում է անհասկանալի շշուկներով ու ծանր մառախուղով լի մի վայրում: Անկյուններում մարդկանց ստվերներ են հայտնվում ու արագ կորչում: Թվում է՝ ամեն քայլափոխին նրան են հետևում թաքնված ու վախեցած աչքեր:
Ինչքան առաջ է գնում, այնքան խորանում է արքայազնի տխրությունը:
Շուտով նրա աչքովն է ընկնում մենավոր մի ծառ ու նրա տակ նստած երկար մազերով մի կին: Կնոջ վարսերի միջից փայլում էին սպիտակող փնջերը, իսկ դեմքի վաղեմի թարմությունը ճեղքում մոխրագույն կնճիռները:
Ճամփորդը մոտենում է նրան: Կինը դատարկ աչքերն ուղղում է արքայազնի կողմը:
- Ես սպասում եմ,- ասում է նա արքայորդուն:
- Ո՞ւմ:
- Իմ սիրածին:
- Վաղո՞ւց է գնացել:
- Քսանհինգ տարի առաջ... Բայց ասել է, որ կգա իմ հետևից: Ես սպասում եմ:
Օտարականը նստում է նրա կողքին:
- Ի՞նչ է կատարվում այստեղ: Այս քաղաքում:
Կինը վախով լի հայացքով նայում է նրան:
- Գնա այստեղից... Չար տեղ ես եկել:
- Ի՞նչ է այստեղ կատարվում,- նորից հարցնում է արքայազնը:
- Այստեղ մարդիկ կորցնում են իրենց ճակատագիրը:
- Ուրեմն ճիշտ տեղում եմ...
Կինը բռնում է նրա ուսերը ու գլուխը մոտեցնելով նրան՝ շշնջում.
- Ինչ-որ մեկը գողանում է մեր ճակատագրերը:
Արքայազնը թախծոտ հայացքով նայում է ցնորված կնոջը: Հետո գրկում նրան:
- Հետ գնա քո աշխարհը,- ասում է կինը՝ կամաց հեկեկելավ,- գիշերը չմնաս այստեղ: Նա գալիս է ու տանում մարդկանց բախտը:
Արքայազնը վերջին անգամ նայում է դժբախտ կնոջն ու հեռանում: Նա թափառում է քաղաքում ու ժամանակ առ ժամանակ մոլորված և իրենց կյանքը կորցրած մարդկանց հանդիպում: Նրանք բոլորն էլ նույնն են ասում.
- Չմնաս այստեղ գիշերը:
Թանձրանում է արքայազնի հոգին մաշող թախիծը: Իրիկնադեմին նա պառկում է բաց երկնքի տակ: Մառախուղը փաթաթվում է նրան ու վերցնում իր սառը գրկի մեջ: Վրա է հասնում գիշերը: Մշուշը փոխարինվում է խեղդող մթությամբ, իսկ շշուկները վերածվում ծանր հառաչների: Սակայն արքայազնը, որ սովոր էր մթնային թափառումների, գիշերվա մեջ ոչ մի սարսափելի բան չի տեսնում, ոչ էլ առեղծվածի հանդիպում:
Առավոտյան քաղաքն արթնանում է ու առանց ճակատագրի թողնում ևս մի քանիսին:
Իսկ տխուր արքայազնը դուրս է գալիս քաղաքից, նստում ճամփի եզրին, ու դիմացը փռում սովորական դարձած իր գիշերային ավարը: Գողացած ճակատագրերը նա հատիկ-հատիկ զննում է, փորձում հարմարեցնել իր կյանքին: Բայց այս անգամ ևս չի գտնում իրենը:
Ու հեռանում է արքայազնը, վերադառնում իր մենավոր դղյակը:
Նրա դեմքը մռայլ էր, իսկ սիրտը՝ տխուր, որովհետև չուներ իր ճակատագիրը:
Էջանիշներ