Տարբերակ 5.
Տափակ հեքիաթ Միփի մասին
Միփը սովորական կատու չէր: Ինքը սիրում էր պատուհանագոգին փռվել ու օրվա թերթերը կարդալ: Տերն էլ գիտեր իր կատվի արտասովոր զբաղմունքի մասին: Դրա համար տերատիկնոջը պատվիրել էր, որ նախաճաշի հետ թերթ էլ տա: Ու էդպես Միփն ուտելուց հետո մի բաժակ սուրճ էր վերցնում, ակնոցները դնում, փռվում ու սկսում կարդալ: Հարևանների կատվուհիները հայտնվում էին, փորձում իրենց թիթիզ մռռոցներով, պոչի գայթակղիչ շարժումներով ու աչքերի ճպճպոցով Միփին գրավել, բայց մենք արդեն գիտենք, որ նա սովորական կատու չէր: Տարիներ առաջ, երբ դեռ պատանի էր, պատերի տակ չիշիկ էր անում, գարնանն ու աշնանը տերատիկնոջ ականջներից կախվում, էգ ուզում, պատեպատ խփվում :
Տերատիկիկինն էլ շատ վախեցավ, Միփի գնդիկները կտրել տվեց: Էդ օրվանից կատուն սկսեց կարդալ, բայց փոխարենը թքած ուներ տարածքի հեզիկ-նազիկ աղջիկների վրա, որոնց ուշքը գնում էր ակնոցավոր Միփի համար:
Ու էդպես Միփը միշտ կարդում էր: Թերթերի պարունակության կեսը չէր հասկանում, որովհետև մարդկային տերմինները շատ էին, բայց, միևնույն է, կարդում ու կարդում էր: Էդպես գիտեր, որ աշխարհում Ամերիկա կոչվող տեղը կա, որտեղ շեֆը Օբամա անունով մեկն էր, որը նման չէր իր տիրոջն ու տերատիկնոջը ու ավելի շատ հիշեցնում էր հարևան Ն-ին, որի մասին ասում էին, որ ինչ-որ տարօրինակ անունով երկրից է եկել: Միփը կարծում էր, որ Օբաման հենց Ն-ն է, բայց անունը փոխել է, որ չճանաչեն:
Բայց մի օր Միփը կարդալուց հոգնեց: Որոշեց իր աչքով Ամերիկա կոչվող երկիրը տեսնել: Որոշեց ճամփա ընկնել: Վերցրեց մի ուսապարկ, մեջը մի տորպրակ սառացրած մուկ դրեց, անձրևանոց (բա որ ճամփին անձրև գա), բջջային հեռախոս (որ տիրոջը սմս գրի), մեկ էլ ֆոտոապարատ (որ Օբամային նկարի, թերթեր ուղարկի), նստեց տերաորդու հեծանիվը ու շարժվեց դեպի Ամերիկա:
Միփը գնում ու գնում էր, օր ու գիշեր գնում էր: Մեկ էլ մի օր առաջը կտրեց մի ջադու (էն որ հեքիաթներում լինում է, էն ամենավատերից):
- Միփ, այ Միփ,- ասաց ջադուն,- ես գիտեմ, թե տերերդ ովքեր են, ում ձեռքից ես ուտում : Թե չես ուզում պոչիդ տեղը խառը կանաչի աճի, արի ինձ ծառա դարձիր: Միասին գողություն կանենք, գլուխներս կպահենք:
- Այ ջադու, քո մասին թերթերը չեն գրում,- ֆշշացնում է Միփը,- ես գնում եմ Օբամային գտնելու:
- Յաաաա: Որ գողություն անենք, լավ էլ կգրեն: Պատկերացնու՞մ ես հեքիաթի միջի ջադուն ու թերթ կարդացող կատուն գողություն են անում:
- Ասածս էն ա, որ քեզ չեմ ճանաչում: Գնում եմ Օբամայի մոտ:
Ջադուն կատաղում է, դես թռչում, դեն թռչում, ցախավելով խփում Միփին: Էս մեր կատուն ուժեղ մռնչում է: Մեկ էլ շուռ է գալիս, տեսնում պոչի տեղը խառը կանաչի է աճում: «Էսքան ժամանակ առանց գնդիկների ապրել եմ, առանց պոչի էլ կդիմանամ»,- մտածում է Միփը ու շարունակում ճամփան դեպի Ամերիկա:
Գնում-գնում է Միփը, բայց չի հանդիպում չար կախարդների: Ոչ փերիների, ոչ հրեշների, ոչ Չիպոլինոյին, ոչ Անգետիկին: Մի խոսքով, ոչ մի հեքիաթի հերոսի: Ոչ էլ, ցավոք սրտի, Օբամային, որովհետև Միփը չգիտեր, որ Ամերիկան արևմուտքում է, իսկ ինքն անընդհատ շարժվել է դեպի արևելք: Անցել է ջրային տարածքով, որը բնավ Ատլանտյան օվկիանոսը չէր: Տեսել է զանազան կարմիր-սպիտակ գծեր ու աստղեր կապույտ ֆոնի վրա, որոնք բնավ ԱՄՆ-ի դրոշը չէին: Հանդիպել է բազմաթիվ սևերի, որոնք Օբամայի հետ ազգակցական կապ չունեին:
Վերջը Միփն էկավ-ընկավ մի երկիր, որտեղ թարս էին նայում հեծանիվ քշող կատվի վրա, որտեղ մկները պալատներում էին ապրում, ու կատուներին արգելված էր նրանց որսալ, որտեղ լիքը բարձրահարկ շենքեր կային առանց բնակիչների, որտեղ կատուներին ալկոհոլ ու ծխախոտ վաճառելն արգելված էր, բայց Միփը հանգիստ ծխում-խմում էր, որտեղ իր ազգակիցները ճնշվախ ու կատաղած էին: Միփը դարդոտվեց, մտածեց` է՞ս էր իմ երազած Ամերիկան: Հավեսն էլ փախավ, ու որոշեց սուսուփուս հեքիաթից դուրս գալ: Շորորալով քայլեց դեպի հեքիաթի ելքը, որտեղ հայտարարություն էր փակցված. «Կորել է Միփ անունով կատուն»: Տակն էլ հեռախոսահամար: Միփը ճանաչեց տերատիկնոջ ձեռքի հեռախոսի համարը, որին իրավունք ուներ զանգելու միայն արտակարգ դեպքերում: Մտածեց` սա արտակարգ դեպք չէ, բացեց դուռը և հեքիաթից դուրս եկավ: Ու էնքան արագ գնաց, որ երկնքից չհասցրեց երեք խնձոր ընկնել, բայց սառացրած մկներով տոպրակը թողեց դռան մոտ: Էնպես որ, ընթերցող ջան, դա միակ բանն է, որ կարող եմ քեզ առաջարկել:
Էջանիշներ