Հղիության և ծննդաբերության նպաստի մասին պարզաբանումներ

Ժամանակավոր անաշխատունակության նպաստի միջոցով մասնակիորեն կամ ամբողջությամբ փոխհատուցվում է օրենքով սահմանված անձանց ժամանակավոր անաշխատունակության հետևանքով կորցրած աշխատավարձը (եկամուտը), որն անձը ստանում էր կամ կարող էր ստանալ:
Օրենքով սահմանվում են ժամանակավոր անաշխատունակության նպաստի հետևյալ տեսակները.
1) հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (այսուհետ` հիվանդության նպաստ).
2) պրոթեզավորման պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվողնպաստ (այսուհետ` պրոթեզավորման նպաստ).
3) առողջարանային բուժման անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (այսուհետ` առողջարանային բուժման նպաստ).
4) հղիության ու ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (այսուհետ` հղիության ու ծննդաբերության նպաստ).
5) ընտանիքի անդամի հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած խնամքի անհրաժեշտությամբ պայմանավորված ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (այսուհետ` ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ):
Մենք այսօր կքննարկենք հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստը. Դրա հաշվարկման և վճարման կարգը:
Վարձու աշխատողին հղիության ու ծննդաբերության նպաստ տրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատող կանանց հղիության և ծննդաբերության արձակուրդ`
1) 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության).
2) 155 օր (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության)` բարդ ծննդաբերության դեպքում.
3) 180 օր (70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում:
Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին և կնոջը տրամադրվում է ամբողջությամբ: Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի օրերին: Այսինքն եթե նույնիսկ կինը ծննդաբերել է ժամանակից շուտ միևնույն է կախված տվայլ դեպքից նրան հաշվարկվում և վճարվում է 140օր, 155օր կամ 180օր համար: Սակայն եթե կինը ծննդաբերել է դեռ հղիության արձակուրդ չգնացած այսինքն հղիության 154րդ օրը և 154-րդ օրվանից հետո մինչև հղիության արձակուրդի գնալը, ապա հղիության ու ծննդաբերության նպաստը տրվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար (ներառյալ, երբ երեխան ծնվել է մահացած կամ մահացել է ծնվելուց հետո): Եթե կինը ինչ-ինչ պատճառներով մինրև 154-րդ օրը հղիությունը արհեստական կամ ինքնաբեր ընդհատում է, ապա այս դեպքում ժամանակավոր անաշխատունակության ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար տրվում է հիվանդության նպաստ:

Հաշվարկման և վճարման կարգը

Հղիության և ծննդաբերության նպաստը հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձից: Միջին ամսական աշխատավարձը որոշվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով: Սույն մասի իմաստով եկամուտ են համարվում սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող աշխատավարձը և դրան հավասարեցված եկամուտները, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության նպաստների օրենքով սահմանված նպաստը:
Եթե աշխատողը մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի գնալը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, ապա միջին ամսականը հաշվարկվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդը սկսվելու ամսվան նախորդող` համապատասխան թվով հերթական օրացուցային ամիսների համար վճարված եկամուտը: Այսինքն այս դեպքում միջին աշխատավարձը հաշվարկելու համար վերցնում ենք մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի գնալը նրա ստացած եկամուտները:
Եթե ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` տվյալ գործոտուի մոտ աշխատելու ժամանակահատվածը 12 ամսից պակաս է, ապա վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև այլ գործատուի` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելը վճարված եկամուտը եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ: Ընդ որում, հաշվարկային ժամանակահատվածի մեկ ամսվա համար կարող է հաշվառվել մեկ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը: Այլ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկատվությունը ներկայացնում է վարձու աշխատողը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա /Հավելված 1/:
Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 21-ի և բազմապատկվում հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի թվով: Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 25-ի և բազմապատկվում հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի թվով:
Եթե հղիության ու ծննդաբերության նպաստը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը ինչ-ինչ պատճառներով քիչ է տվյալ ժամանակաշրջանի համար սահմանված նվազագույն աշխատավարձի չափից, ապա միջին ամսական աշխատավարձ է սահմանվաում տվյալ ժամանակահատվածի համար սահմանված նվազագույն աշխատավարձը: Միջին ամսական աշխատավարձ է սահմանվաում նվազագույն աշխատավարձը նաև այն դեպքում, երբ աշխատողը նոր է ընդունվել տվյալ գործատուի մոտ աշխատանքի և նախկինում ոչ մի տեղ չի աշխատել: