ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՄԱՅՐԱԿԱՆ ԿԱԹՈՎ ԿԵՐԱԿՐԵԼԸ ՊԱՀՊԱՆՈՒՄ Է ՆՐԱՆՑ ՍԹՐԵՍՆԵՐԻՑ
Մայրական կաթով սնված երեխաները հեշտ են տանում սթրեսները, հայտնում է Archives of Disease in Childhood ամսագիրը: Այդ եզրակացության են եկել Ստոկհոլմի Կառոլինսկա ինստիտուտի գիտնականները՝ հետազոտելով 9000 բրիտանացի երեխաների: Ծննդյան օրվանից կատարված հետազոտությունների ընթացքում հատուկ նշվել է արհեստական եւ բնական կաթ ընդունածների կայունության մակարդակը սթրեսի եւ վախի նկատմամբ: Ուսուցիչների կողմից նրանք 5 եւ 10 տարեկանում գնահատվել են 0-50 բալանոց սանդղակով: Բացի դրանից, գիտնականները տեղեկացվել են երեխաների ընտանիքներում տիրող հոգեբանական իրավիճակների մասին՝ առանձնացնելով բաժանված ընտանիքները:
Ըստ հետազոտության արդյունքների, մայրական կաթով կերակրված երեխաներն ավելի թեթեւ են տարել ծնողների բաժանման փաստը: Այս կախվածության պատճառը ճշգրիտ պարզ չէ: Մի հիպոթեզի համաձայն, մայրական կաթը պարունակում է հատուկ բաղադրիչներ, որոնք դրականորեն են ազդում երեխայի նյարդային համակարգի զարգացման վրա:
«Ինչքան հետազոտում ենք մայրական կաթով կերակրումը, այնքան համոզվում ենք դրա օգտակարության մեջ», նշել է գիտափորձերի ղեկավար Սքոտ Մոնտգոմերին: Մայրական կաթը պարունակում է սնուցող նյութեր, հորմոններ, ֆերմենտներ, հակամարմիններ, որոնք անհրաժեշտ են երեխայի աճի եւ զարգացման համար: Գիտնականների կարծիքով, բնական կաթով կերակրելը պահպանում է երեխային տարբեր վարակներից եւ ալերգիկ հիվանդություններից:
Էջանիշներ