Սիրելի՛ ակումբցիներ,
երևի կհիշեք, որ ոչ հեռավոր անցյալում ակումբում կար հարցազրույցների հետաքրքիր ֆորմատ. բացվում էր թեմա, մեկ շաբաթվա ընթացքում հարցեր էինք տալիս թեմայի հերոս ակումբցուն, մեկ շաբաթ անց այդ ակումբցին պատասխանում էր տրված հարցերին: Այդ ֆորմատով հարցազրույցները բավական ժամանակ է, ինչ չկան և իզուր, որովհետև դա հրաշալի մեթոդ էր ճանաչելու մեր ակումբական ընկերոջը: Այդ հարցազրույցներին զուգահեռ հաճախ էին առաջարկները նման ֆորմատով հարցազրույցներ անցկացնել ոչ միայն ակումբցիների, այլ նաև հասարակությանը հայտնի մարդկանց հետ: Ոգևորվում էինք, որոշում էինք կազմակերպել, բայց այդպես էլ որոշումները մնում էին կա՛մ թղթի վրա, կա՛մ էլ մեր բանավոր խոսքում:
Կարինե Իոնեսյանի վերջին առաջարկից հետո որոշեցի վերջապես կյանքի կոչել այդ մտահղացումը: Ճիշտ է, չնայած խոստումիս, առաջին նման հարցազրույցը կազմակերպելիս չդիմեցի Կարինեի օգնությանը, այլ որոշեցի ինքնուրույն որոշել, թե ում հրավիրել ակումբ: Արդեն այս հարցազրույցից հետո Կարինեին պետք է խնդրեմ հանդիպենք ու քննարկենք շարքը շարունակելու հեռանկարներն ու ձևերը:
Ուրախությամբ հայտնում եմ, որ հայտնի հրապարակախոս Հրանտ Տէր-Աբրահամեանը սիրով համաձայնվեց լինել ակումբի առաջին հյուրը:
Կարծում եմ, որ Հրանտ Տէր-Աբրահամեանին ներկայացնելու կարիք չկա: Կրթությամբ պատմաբան Հրանտը մեզ հայտնի է հատկապես իր վերլուծական հոդվածներով, ինչպես նաև տարատեսակ քաղաքացիական նախաձեռնություններին ակտիվ մասնակցությամբ:
Քանի որ Հրանտին շատերը գիտեն իր քաղաքական հայացքներով ու քաղաքական ուղղվածությամբ վերլուծական հոդվածներով, ուզում եմ հատուկ նշել, որ հարցազրույցը չունի թեմատիկ սահմանափակում: Հրանտի հետ քննարկելիս երկուսս էլ նույն կարծիքը հայտնեցինք, որ լավ կլիներ, որ հարցազրույցն ավելի ընդգրկուն լիներ, այնպես որ ազատ եք տալ ցանկացած հարց, որը ձեզ հետաքրքրում է. սկսած արվեստից, մինչև, ինչու ոչ, անձնականը:
Չկա նաև հարցերի քանակի սահմանափակում: Հարցերը կարող եք այս թեմայում գրել առաջիկա 1 շաբաթվա ընթացքում, իսկ հաջորդ կիրակի օրը (13.11.2011թ.) Հրանտ Տէր-Աբրահամեանը կպատասխանի այդ հարցերին, որին կհաջորդի քննարկումը:
Էջանիշներ