Վաղը կուրսայինի պաշտպանության եմ, իսկ ես ոչ հավես ունեմ, ոչ էլ զահլա
Մեկ ա՝ մի բան կստացվի
Բոլորը գիտեն, թե ես շատ զբաղված եմ հիմա, ես էլ ըտենց գիտեի
Անցնեմ բուն թեմային. օրագրիս առաջին գրառման մեջ գրել էի, թե դպրոցում ինչքա՜ն շատ էի ես զզվում շարադրություններից, բայց հիմա գրելը սկսել ա դուրս գալ: Կփորձեմ հենց էն դպրոցի ամենատառապյալ վերնագրով՝ "Աշուն է"-ով շարադրություն գրել, չգիտեմ թե ինչքանով կստացվի, բայց հաստատ դպրոցից ավելի լավ կգրեմ:
Հիմա ինձ պատկերացնում եմ դպրոցում ու գրեմ էդ ոճով մի մատ խորքից, մեծատառով
Աշուն է
__Աշուն է... ո՜նց չեմ սիրում ես այս վերնագիրը. ամեն տարի գալիս ենք դպրոց, անցնում է մի քանի օր և «Ինչպես ես անցկացրի ամառային արձակուրդներս» վերնագրով շարադրությունից հետո գրում ենք այս մեկը: Դե ամառային արցակուրդների շարադրությունը ինչ-որ չափով հեշտ է գրել, կոնկրետ մի քանի դեպքերի մասին կարող եմ գրել և էջերը բավականաչափ սևացրած կլինեմ: Իսկ այս թեմայով չեմ սիրում գրել, որովհետև հենց սկսում եմ ռոմանտիկայի մասին գրել, մի քանի բառից հետո չեմ կարողանում շարունակել: Ես ավելի շատ ռոմանտիկ զգում եմ, քան ասում դրա մասին. էությունս է այդպիսին: Մի պատճառ էլ կա՝ ես այդքան էլ չեմ սիրում աշունը: Այդ պատճառով հիմա կգրեմ գարնան մասին: Մտածում եմ, որ հնարավոր է այս պատճառով շարադրությանս վերջում գրվի "թեմայից շեղում" և նշանակվի երկուս, բայց դա ինձ այդքան էլ չի հետաքրքրում, որովհետև աշնան թեմայով գրելու դեպքում դժվար թե ավելի բարձր ստանամ:
__Գարուն է... շատ եմ սիրում գարունը: Մի քանի պատճառներ կան. առաջինն այն է, որ ծնունդս գարնանն է, իսկ ես շատ եմ սիրում այդ օրը, բացի այն որ ծնունդս է, նաև այդ օրը մարտի ութն է: Դե կարճ ասած՝ ծնունդս մարտի ութին է: Դա իմ համար կրկնակի տոն է, որովհետև այդ օրը ես և՜ նվեր եմ ստանում, և՛ ինքս եմ նվիրում: Իսկ ես շատ եմ սիրում նվիրել, նամանավանդ՝ ծաղիկներ նվիրել: Ծաղիկներ շատ եմ սիրում՝ հատկապես վարդեր: Դրանցից ամենաշատը սիրում եմ կարմիր գույնի մեծ, լայն թերթիկներով վարդերը: Բայց ես սիրում եմ միայն նայել ծաղիկներին, նայելով հաճույք ստանալ, իսկ նրանց հոտը, որքան էլ որ տարօրինակ լինի՝ չեմ սիրում, ավելի ճիշտ՝ տհաճ է: Ինքս ունեմ վարդեր, սիրում եմ նրանց խնամել. նրանց մեջ սիրում եմ այն հատկությունը, որ նրանց ճիշտ և հնրավորինս խորքից կտրելու դեպքում ավելի լավ են աճում:
__Գիտեմ, թեմայից շատ եմ շեղվել, բայց դե ինչպես քիչ առաջ ասացի, այս անգամ դա ինձ չի հետաքրքրում: Գարունը նաև սիրում եմ այն պատճռով, որ գալիս է մի ժամանակ (երբ դեռ ամառը մոտիկ չէ, ձմեռան շունչն էլ արդեն անցել է) երբ կարողանում ես հագնվել շատ թեթև՝ չես մրսում և չես շոգում: Ես տանել չեմ կարողանում շոգը, ահավոր է: Ցրտին ինչ-որ տեղ դիմանում եմ, բայց շոգը շատ տհաճ է: Այնպես որ ամենալավը քիչ առաջ նկարագրածս եղանակն է: Այդ ժամանակ կարելի է տնից շատ դուրս գալ և զբոսնել: Զբոսնել շատ եմ սիրում: Լինում է ժամանակ, երբ անհագ ցանկություն եմ ունենում միայնակ զբոսնելու համար, իսկ ժամանակ է լինում, երբ դա շատ տհաճ է լինում: Երբ զբոսնում եմ միայնակ (այն ժամանակ, երբ դա ինձ դուր է գալիս) , սկսում եմ մտածել. մտածում եմ ու ինքս էլ չեմ հասկանում, թե ինչի մասին: Ուղեղս զբաղված է լինում, բայց հենց փորձում եմ հասկանալ, թե ինչի՞ մասին էի մտածում, զգում եմ, որ այնտեղ դատարկություն էր: Երևի այդ կերպով ուղեղս փորձում է իր հանգիստը գտնել. արհեստական կերպով ինձ ցույց է տալիս, թե զբաղված է, որպեսզի ես իրեն չզբաղեցնեմ, իսկ ինքն իր համար հանգստանում է:
__ Գիտեմ, գիտեմ, վաղուց թեմայից շեղվել եմ ու եթե մինչ այս ընկեր Հ. դուք չեք ջնջել գրածս և տակը մակագրել "թեմայից շեղում", ուրեմն երկաթյա նյարդեր ունեք: Դե ես էլ փորձեմ չչարաշահել ձեր նյարդերը և այսքանով ավարտել շարադրությունս՝ արդեն սովորական դարձած նախադասությամբ: Աշուն է...
Էջանիշներ