Ծեր, միայնակ, աղքատ և հպարտ. Վիկտորյա տատիկը 25 տարի է ապրում է «բնում»՝ առանց սանհանգույցի
ՀՈԿՏԵՄԲԵՐ 18, 2010
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրավապահների հետ խնդիրներ ունենալու դեպքում գործող 080-080-804 թեժ գծին զանգահարել էր Այգեստանի 9-րդ փողոցի 49-րդ տան 85-ամյա բնակչուհի Վիկտորյա Եղիազարյանը և օգնություն խնդրել։ Խնդիրը փոխանցվեց www.hra.am-ին, և խմբագրությունը որոշում կայացրեց լուսաբանել այս խնդիրը՝ գտնելու համար այն մարդկանց, ովքեր պատրաստակամ են օգնել ծեր կնոջը։ Խնդրում ենք սոցիալական ծրագրերով զբաղվող բոլոր կազմակերպություններին, անհատներին և պարզապես ծեր կնոջ ծանր խնդիրներով հետաքրքրված մարդկանց արձագանքել։ Խնդրի մանրամասները և Վիկտորյա Եղիազարյանի տվյալները իմանալու համար կարող եք դիմել www.hra.am խմբագրություն կամ զանգահարել 080-080-804 համարով թեժ գծին։
Ծեր, միայնակ, աղքատ և հպարտ.
Վիկտորյա տատիկը 25 տարի է ապրում է «բնում»՝ առանց սանհանգույցի
Երբ մտա Այգեստանի 9-րդ փողոցի 49-րդ տուն և բարձրացա նեղ, երկար ձգվող աստիճաններով, բաց դռնից տեսա 85-ամյա Վիկտորյա տատիկին՝ ակնոցները աչքերին, թախտին նստած գիրք էր կարդում։ Գրքի կազմը թերթով փակել էր, որ չմաշվի։ Գիրքը փակեց, մի կողմ դրեց, ինձ ներս հրավիրեց։
Երբ մտա ներս, առաջին բանը, որ զգացի, «աղքատության հոտն» էր։
Տատիկի տունը, եթե կարելի է դա տուն անվանել, ունի ընդամենը 2 փոքր սենյակ՝ ընդհանուր 12 քմ մակերեսով։ Մի սենյակը, որը մութ է և խոնավ, ծառայում է որպես ննջարան։ Մյուս սենյակը ծառայում է որպես խոհանոց, միջանցք, սանհանգույց և հյուրասենյակ։
Հյուրեր, սակայն, Վիկտորյա տատիկը գրեթե չի ունենում։ Ամուսինը մահացել է 25 տարի առաջ, երեխաներ չունի, միայն հեռավոր բարեկամներ են, ովքեր չեն այցելում ծեր կնոջը։ «Լավ հարազատներ ունեմ, բոլորը պաշտոնով, բոլորը լավ մարդ, բայց ինչի՞ս ա պետք, որ ես էստեղ մենակ եմ, անճար եմ»,- ասում է տատիկը, և արցունքները գլորվում են աչքերից։
Հետո արցունքները մաքրում է, քաղցր սուրճ եփում, պահարանի դարակից հանում իր ձեռքերով պատրաստած հալվան, դնում թախտին և հյուրասիրում ինձ. «Կե՛ր, կե՛ր, սաղ պիտի ուտես»։
Հարևանությամբ ապրում են տիկին Վիկտորյայի ամուսնու եղբոր հարազատները, ովքեր որոշ չափով օգնում են տատիկին, բայց նա ամաչում է ընդունել օգնությունը. «Մի քիչ առաջ տեգորս հարսը պոմիդոր բերեց, հոն բերեց, մի քիչ հավի միս բերեց։ Չեմ ուզում ոչ մեկին նեղություն լինի, ասում եմ՝ չեմ ուզում, մի՛ բեր, չի լսում։ Մշեցիներին չգիտե՞ս՝ հա՛մ աղքատ ենք, հա՛մ հպարտ»։
Ծեր կնոջ միակ ապրուստը 33.300 դրամ ամսական թոշակն է։ «Էդ ի՞նչ գումար ա, ասե՛ք, ջուրը տամ, լույսը տամ, գազը տամ, հեռախոսը տամ, որ էդքան խոսում եմ, էդ ա իմ ընկերը։ Կտամ, կտամ, բան չի մնա...»,- ասում է նա։
17.500 դրամ պարտքի պատճառով Վիկտորյա տատիկը արդեն երկար տարիներ է, ինչ լույս չունի։ Ինքն էլ չի հիշում՝ թե երբ են անջատել հոսանքը։ «Գերեզմանոցում մեռելների վրա լույս է վառվում, ես լույս չունենա՞մ»,- հռետորական հարց է հնչեցնում նա։
Գիշերները մոմ է վառում, հաճախ մոմը վերջանում է, և հաշմանդամ կինը մնում է խավարի մեջ։ Ձմռանը նա չի կարողանում լուծել նույնիսկ այդ երկու փոքր սենյակների ջեռուցման հարցը։ Լույս չունի, գազն էլ խնայում է, որ կարողանա հարկերը մուծել։
«Ես սենց անտեր-անտիրական ի՞նչ անեմ, ո՞վ կգա ինձ կպահի, ո՞վ զիբիլս կթափի, ո՞վ հաց կառնի։ Գոնե էս բունը իմ անունով լինի, մեկին բերեմ, կտակեմ վրան, ինձ նայի»,- այս պահին իր խնդիրների լուծման միակ ճանապարհը Վիկտորյա տատիկը համարում է սա։ Նա հիշում է երիտասարդ տարիների իր բարեկեցիկ կյանքը, երբ ապրում էր Հոկտեմբերյանում. «Տունս հանձնեցի սովետին, եկա, որ ամուսնուս տան վրա գրանցվեմ, հիմա տուն չունեմ, սեփականություն չունեմ, էս բունն ա, էն էլ իմ անունով չի»։
Տան սեփականատերը տիկին Վիկտորյայի նախկին ամուսնու աղջիկն է։ 1984 թվականի դատարանի վճռով նա տան աջակողմյան հատվածը վարձակալական հիմունքով տրամադրել տիկին Վիկտորյային և պարտավորվել է նրա համար կոմունալ հարմարություններ ստեղծել։ Անցել է 25 տարի, իսկ ծեր կինը սանհանգույց չունի. «Ամաչում եմ ասեմ, ստեղ եմ զուգարան գնում։ Ես ի՞նչ անեմ, ասա՛, ոտք չունեմ, ո՞ւր գնամ»,- պատմում է կինը ու նորից աչքերը լցնում։
Հաշմանդամ կինը հազիվ է տեղաշարժվում։ Արդեն 12 տարի է՝ ապրում է ողնաշարի պոչուկային հատվածի կոտրվածքով։ Նույնիսկ հենակներով նրա համար դժվար է աստիճաններով բարձրանալ-իջնելը։ Եթե ցանկանում է աղբ թափել, խանութից մի բան գնել կամ պարզապես փողոց դուրս գալ, ստիպված է դիմել հարևանների օգնությանը։
Հարևանությամբ ապրող տիկին Մարինան շատ է խղճում Վիկտորյա տատիկին և հնարավորինս օգնում նրան։ «Ես ինչքանով կարողանում եմ, օգնում եմ, բայց կողքից օգնելը քիչ է։ Ես էլ իմ ընտանիքն ունեմ, իմ հոգսն ունեմ... Գոնե մեկը լինի, որ գումարով օգնի, իր կողքին լինի. ծեր է, չի կարողանում շարժվել։ Ոչ մեկը չունի։ Ամբողջ օրը լացում է։ Շատ վատ պայմաններում է ապրում»,- ասում է հարևանուհին։
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
http://hra.am/am/point-of-view/2010/10/18/social
Էջանիշներ