Ելակետային տվյալներ
(Հատված "Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 7" աշխատությունից)
69 մայիս-հոկտեմբեր – Տիգրանակերտի ճ-մ (Աղձնիք, Նփռետ գավառ, Արևմտյան Տիգրիսի ձախ վտակ Քաղիրթի միջին հոսանքից մոտ 12 կմ արևմուտք)
“Տիգրան Մեծը ինքն էլ է եղել զինվոր
և նույնիսկ 72-ամյա հասակում
նա անձամբ էր հայտնվում մարտի դաշտում”
Ա. Ամֆիտեատրով
...Շարունակելով արշավանքը Ամիդ-Տիգրանակերտ երթուղով` Լուկոլլոսի գլխավորած հռոմեական բանակը (մոտ 130.000 զինվոր) մոտեցավ Տիգրանակերտին, որտեղ Մամիկոնյան իշխանի գլխավորած Մեծ Հայքի կայազորը (մոտ 2.000 զինվոր, այդ թվում հույներ) անցավ համառ պաշտպանության:
I փուլ – Հռոմեական բանակը, կիրառելով պաշարողական տեխնիկա և “կրիա” մարտաձևը, բազմիցս գրոհեց քաղաքի պարիսպները, սակայն, այն բանից հետո, երբ բոլոր գրոհները ետ մղվեցին, ստիպված անցավ քաղաքի պասիվ պաշարմանը:
II փուլ – Այս ընթացքում Հայկական Մաղխազական (6.000 զինվոր) ու Մարդպետական (մոտ 10.000զինվոր) հեծելազորը խիզախ հարձակում գործեց քաղաքը պաշարողների վրա, որի ընթացքում մաղխազ հեծյալները ճեղքեցին պաշարման օղակը և ստիպեցին թշնամու ռազմիկներին ապաստանել սեփական ճամբարում, իսկ մարդպետ հեծյալները նետաձգությամբ փակեցին դրա մուտքը: Դրանից հետո մաղխազ հեծյալները, կազմելով հզոր վահանափակ, արագորեն քաղաքից դուրս բերեցին արքայական ընտանիքի անդամներին ու պետական գանձարանը:
III փուլ – Ամռան ընթացքում Հայոց արքան սկսեց արագորեն ձեռնարկել հակամիջոցներ: Սակայն իրավիճակը բարդանում էր նրանով, որ հենց նոր հպատակեցված և դեռևս անհանգիստ Հուդայի ու Նաբատայի թագավորություններից, ինչպես նաև Ասորիքից վերջինս չէր կարող արագորեն դուրս հանել Մեծ Հայքի թագավորության բանակը` առանց վերջնականապես կորցնելու այդ տարածքները: Մյուս կողմից էլ ճակատամարտը հետաձգելը ևս բավարար ելք չէր, քանի որ թշնամին փաստացի գրավել էր Մեծ Հայքի մի մասը և աստիճանաբար ուժեղանում էր, որին հակառակ էլ Հայկական կայսրությունը աստիճանաբար թուլանում էր ու փլուզվում: Հաշվի առնելով այս ամենը` Տիգրան Մեծը Մեծ Հայքի թագավորության բանակի հուսալի` Հայկական, մասը թողեց գրաված տարածքներում, մի կողմից այդ տարածքները պահպանելու, մյուս կողմից էլ Հայկական բանակը խնայելու համար, իսկ Մեծ Հայքի թագավորության բանակի հեծելազորի մի մասով (մոտ 20.000 զինվոր, այդ թվում Մաղխազական և Մարդպետական գնդերը), ինչպես նաև Իբերիայի (մոտ 10.000 զինվոր, որից մոտ 2.500 հեծյալ), Աղվանքի (մոտ 10.000 զինվոր, որից մոտ 2.500 հեծյալ), Ադիաբենեի (մոտ 10.000 զինվոր, որից մոտ 2.500 հեծյալ), Ատրպատականի (մոտ 10.000 զինվոր, որից մոտ 2.500 հեծյալ), Քուշանական (մոտ 10.000 հեծյալ) թագավորությունների դաշնակից բանակներով շարժվեց թշնամու ուղղությամբ: Միաժամանակ Բագրատ Բագրատունու գլխավորած հիմնական բանակը (100.000 զինվոր) սկսեց Ասորիքից աստիճանաբար նահանջել հյուսիս-արևելյան ուղղությամբ և կենտրոնանալ Մծբինի մոտ:
IV փուլ – Հոկտեմբերի 5-ին Տիգրան Մեծի գլխավորած Մեծ Հայքի և դաշնակիցների բանակը մոտեցավ Տիգրանակերտը պաշարած հռոմեական բանակին: Սակայն հռոմեացիները աննկատ կերպով հետևակի խոշոր ուժեր (մոտ 10.000 զինվոր) անցկացրին Մեծ Հայքի թագավորության բանակի թիկունքը և դարանեցին դրանք մի բլրակի հետևում:
V փուլ – Հոկտեմբերի 6-ի առավոտյան հռոմեական բանակը դուրս եկավ ճամբարից և ընդունեց հետևյալ մարտակարգը: Առաջին շարքում տեղավորվեց Դեյոտարոս I Գալաթացու գլխավորած գալաթական, թրակիական և բյութանիական հեծելազորը, երկրորդում` դաշնակից հետևազորը, իսկ երրորդ շարքում տեղաբաշխվեցին լեգեոներները` շախմատաձև դասավորված կահորտներից կազմված երեք իրար հաջորդող շարքերով: Միաժամանակ Մուրենայի գլխավորած 6.000 հետևակայիններ թողնվեցին քաղաքի պաշարումը շարունակելու համար: Մեծ Հայքի թագավորության բանակի առաջին շարքում տեղավորվեց դաշնակից թեթև հեծելազորը, երկրորդ շարքի ձախում` Ադիաբենեի արքայի գլխավորած Ադիաբենեի, Իբերիայի և Աղվանքի հետևազորը, աջում` Ատրպատականի Դարեհ արքայի գլխավորած Ատրպատականի հետևազորը, կենտրոնում` Տիգրան Մեծի գլխավորած Հայկական հետևազորը, երրորդ շարքում` սակրավորները, որոնցից հետո տեղաբաշխվեց գումակը: Մարտակարգից աջ տեղավորվեց Հայկական ծանր հեծելազորը` որպես ընդհանուր ռեզերվ:
VI փուլ – Գալաթական, թրակիական և բյութանիական հեծելազորը անցավ հարձակման Մեծ Հայքի թագավորության բանակի առաջին շարքի վրա, սակայն կարճատև մարտից հետո դիմեց կեղծ փախուստի: Մեծ Հայքի թագավորության բանակի առաջին շարքը, ոգևորված դրանից, սկսեց հետապնդել թշնամուն:
VII փուլ – Հռոմեական դարանը հարվածեց Մեծ Հայքի թագավորության բանակի գումակին, որը խուճապահար փախուստի դիմեց և մտավ սակրավորների շարքերը, որից հետո խուճապն ու շփոթը տարածվեց նաև հետևազորի շարքերում: Միաժամանակ կեղծ փախուստի դիմած թշնամու հեծելազորը դադարեցրեց այն և հարվածեց ճակատից:
VIII փուլ – Այս վճռական պահին թշնամու շարքերին հարվածեց Հայկական ծանր հեծելազորը և, շփոթի մատնելով հակառակորդին, հնարավորություն ընձեռնեց Մեծ Հայքի թագավորության ու դաշնակիցների բանակին դուրս գալ մարտից:
IX փուլ – Մեծ Հայքի թագավորության բանակը պոկվեց թշնամուց և հեռացավ, իսկ թշնամին ի վիճակի չեղավ կազմակերպել հետապնդում:
X փուլ – Հռոմեական բանակը ուժեղացրեց քաղաքի պաշարումը, բայց քաղաքի կայազորը համառորեն ետ մղեց թշնամու բոլոր գրոհները: Սակայն շուտով Լուկոլլոսին հաջողվեց իր կողմը գրավել քաղաքի պաշտպանությանը մասնակցող հույներին: Արդյունքում վերջիններս ապստամբեցին և գրավեցին 2 աշտարակների միջև ընկած պարսպի մի տարածություն, որով էլ հռոմեական բանակը ներխուժեց քաղաք ու գրավեց այն: Մամիկոնյան իշխանը Հայկական կայազորի հետ ճեղքեց պաշարումը և հեռացավ:
Ընդհանուր առմամբ հայերը կորցրին մոտ 3.000, դաշնակիցները` մոտ 4.000, թշնամին` մոտ 10.000 զինվոր:
Էջանիշներ