Մի շարք ուսումնասիրողներ, վկայակոչելով հիմնականում ակադեմիկոս Հ. Հ. Մանանդյանին (“Տիգրան երկրորդը և Հռոմը”, Երևան 1940, էջ 123) և բավականին դիպուկ նշելով նախորդ ուսումնասիրողների կողմից աննկատ մնացած` Հայկական ծանր հեծելազորի դիրքը Մեծ Հայքի բանակի մարտակարգում (Ս. Վ. Սարգսյան “Հայ ռազմական արվեստի պատմություն” Երևան 1969, էջ 46), հետագայում չեն զարգացնում այս միտքը և անտեսում են վերջինիս ունեցած վճռական դերը ճակատամարտի կրիտիկական փուլում, ըստ երևույթին զուտ այն պատճառով, որ հռոմեական սկզբնաղբյուրները այդ մասին չեն խոսում: Տարեգրքում փորձ է արվել լրացնել այդ բացը:
Այն մասին, որ ճակատամարտի վճռական փուլում մարտի մեջ է մտել հայկական ծանր հեծելազորը և, ճեղքելով թշնամու շարքերը, թուըլ է տվել հիմնական բանակին համեմատաբար քիչ կորուստներով լքել մարտադաշտը, ուղղակի չի նշվում անսքող տենդենցիոնությամբ տառապող ոչ սկզբնաղբյուրներում, ոչ էլայս իրադարձությանը նվիրված հետագա հսկայական գրականության մեջ: Սակայն, ինչպես վերևում նշեցինք, մասնագետները, նշելով Հայկական ծանր հեծելազորի դիրքը Մեծ Հայքի բանակի մարտակարգում, որևէ կերպ չեն փորձում նկարագրել, թե ինչ մանևր իրականացրեց այն ճակատամարտի ժամանակ, ինչպես նաև չեն փորձում բացատրել, թե այդ ինչ հրաշքով գրեթե շրջապատված Մեծ Հայքի բանակը կարողացավ ճեղքել թշնամու շարքերը և հեռանալ:
Իմ կարծիքով այս ամենը բացատրվում է հենց առանձին տեղավորված Մեծ Հայքի բանակի ծանր հեծելազորի սրընթաց-ջախջախիչ հարվածով, որի շնորհիվ թշնամու շրջապատման օղակը ճեղքվեց և Մեծ Հայքի բանակը հեռացավ` մեծապես արժեզրկելով հռոմեական բանակի հաղթանակը: Այս տրամաբանական սխեման անուղղակիորեն հաստատում է նաև այն հանգամանքը, որ Մեծ Հայքի ծանր հեծելազորին մինչ այդ արդեն հաջողվել էր մեկ անգամ ճեղքել հռոմեական բանակի դասավորությունը` Տիգրան Մեծի գանձարանը և ընտանիքը Տիգրանակերտից դուրս բերելու գործողության ժամանակ:
Ի դեպ ծանր հեծելազորը կամ հեծելազորի ընտիր մի գունդ թևերից մեկում որպես պահեստազոր պահելու այս մարտավարությունը հետագայում իր զարգացումը ստացավ Հայկական ռազմարվեստում: Այսպես. ըստ մեզ հասած տվյալների այս մարտավարությունը հանդիպում է 451 թ. մայիսի 26-ի Ավարայրի ճ-մ, երբ սպարապետը մեծապես նրա ուժերով իրականացրեց մահացու ճեղքումը և ծանր կորուստներ պատճառեց թշնամուն, 481 թ Ակոռիի ճակատամարտում, երբ հեծելազորի պահեստում թողնված ընտիր գունդը վճռական դեր ունեցավ մարտի բեկումնային պահին թիկունքն անցած հակառակորդին չեզոքացնելիս, 482 թ մայիսի Ներսեհապատի ճակատամարտում, երբ կրկին շնորհիվ աջ թևից աջ տեղավորված հեծելազորի ընտիր գնդի գործողության մարտի վճռական պահին Հայկական աջում ճեղքած թշնամուն հարված հասցվեց և կտրուկ փոխվեց ճակատամարտի ընթացքը, ինչպես նաև 482 թ. հունիսի Ճարմանայի դաշտի ճակատամարտում, երբ, ինչպես մեր ուսումանասիրած օրինակում, Հայկական պահեստազորի ընտիր հեծելազորի հարվածի շնորհիվ կրկին հայ-վրացական բանակը հնարավորություն ստացավ ճեղքել պարսկական բանակի շրջապատման օղակը և հեռանալ: Հետաքրքիր է, որ Հայկական բանակի այս մարտավարությունը հանդիպում է նաև հարյուրամյակներ հետո` 853 սեպտեմբեր - 854 ամառվա Քթիշի ճակատամարտում:
Էջանիշներ