Վերարտադրողական տարիքի կանանց մոտ, ցավոք, լինում են դեպքեր, երբ առանց արտաարգանդային բեղմնավորման (ЭКО) հնարավոր չէ երեխա ունենալ։ Հայաստանում արտաարգանդային բեղմնավորում կատարվում է «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»-ում՝ Մարգարյան հիվանդանոցում։ Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում վերարտադրողականության նման ձևին վերաբերող հոդվածը՝ ակնկալելով արձագանքներ այն կանանցից, ովքեր նման կերպ հղիացել են, կամ այն անձանցից, ում ծանոթներն են հղիացել նման ճանապահով։

ԱՄԲ-ի պատմությունը Հայաստանում


Արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ) և նրա մոդիֆիկացիաները (ձևափոխումները)՝ ICSI (սպերմատոզոիդների ներցիտոպլազմատիկ (ներբջջապլազմային) ներարկում), սաղմերի սառցապահպանում (կրիոկոնսերվացիա), դոնորական ծրագրերը, փոխնակ մայրությունը, ինչպես նաև արհեստական սերմնավորումը ամուսնու (ԱՍԱՍ) և դոնորական (ԱՍԴՍ) սերմով, վերաբերում են օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներին: Այս մեթոդների մեծ մասն օգտագործվում է այն ժամանակ, երբ բնական ճանապարհով հղիանալը կամ ընդհանրապես հնարավոր չէ կամ հավանականությունը ավելի փոքր է, քան օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների օգտագործման պարագայում:

ԱՄԲ-ի զարգացման պատմությունը սկիզբ է առել դեռևս XX դարի կեսերին: Անգլիայում 1978թ. ծնվեց մի աղջիկ՝ Լուիզա Բրաունը՝ առաջին երեխան փորձանոթից: Չնայած նրան, որ ԱՄԲ-ի պատմությունը կազմում է շուրջ 30 տարի, այսօր աշխարհում ապրում է 3 մլն.-ից ավելի երեխա՝ բեղմնավորված փորձանոթում:

Առաջին երեխան ԽՍՀՄ-ում ծնվել է 1986թ. Մոսկվայում՝ Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի լաբորատորիայում, որը ղեկավարում էին Բ.Վ.Լեոնովը և Վ.Ի.Կուլակովը:

Հայաստանում ԱՄԲ-ի զարգացման պատմությունը սկիզբ է առնում 1996թ.-ից, երբ Ֆրանսիայի Մարսել քաղաքի Վերարտադրողական բժշկության ինստիտուտի բժիշկների խումբը այցելեց Հայաստան: Այցը կազմակերպել էր հայ-ֆրանսիական "Ազատագրություն" կազմակերպությունը՝Անդրանիկ Հակոբյանի ղեկավարությամբ և ակադեմիկոս Ս.Ք.Ավդալբեկյանի անվ. Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն պրոֆ. Հ.Ս.Նիկողոսյանի համագործակցությամբ: Ֆրանսիական կողմից մասնակցում էին առաջատար մասնագետներ՝ մանկաբարձ-գինեկոլոգ Ժան-Պիեռ Ֆրանքուեբալմը և սաղմնաբաններ Ֆիլիպ Տերյուն և Ժան-Լուի Սպակը: Հայաստանից մասնակցեց բժիշկների խումբ պրոֆ. Գ.Գ.Օկոևի ղեկավարությամբ: Աշխատանքի սաղմնաբանական ասպեկտները իրականացվել են լաբորատոր-ախտորոշիչ բաժնի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Կ.Հ.Ջինանյանի կողմից:

1998-2005թթ. Հայաստանում ԱՄԲ ներդրման և զարգացման ծրագրի շրջանակներում Մոր և մանկան առողջության պահպանման գիտա-հետազոտական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ֆրանսիայի Վերարտադրողական բժշկության ինստիտուտում (ք. Մարսել) անցել են վերապատրաստում և փորձի փոխանակում:

2001-2003թթ. Երևանի ՄՄԱՊԳՀԿ-ի բժիշկների հետ համատեղ ֆրանսիացի գործընկերների կողմից կազմակերպվել և անցկացվել են թրեյնինգներ (սեմինար-պարապմունքներ):

Կենտրոնի աշխատակիցները տիրապետում են վերարտադրողականության օժանդակ նոր մեթոդների և տեխնոլոգիաների իրականացման հմտությանը Մարսելի Վերարտադրողական բժշկության ինստիտուտի առաջատար մասնագետների շնորհիվ:

Այդ քրտնաջան աշխատանքը հատուցվեց հայկական բժշկության պատմության մեջ ՄՄԱՊԳՀԿ-ում կատարված արտամարմնային բեղմնավորումից հետո առաջին երեխայի ծննդով. 2005թ. փետրվարի 5-ին կեսարյան հատման ճանապարհով ծնվեց եռվորյակ՝ աղջիկ՝ 2250գ զանգվածով, 45 սմ հասակով, տղա՝ 2550գ զանգվածով, 47 սմ հասակով, աղջիկ՝ 1890գ զանգվածով, 43 սմ հասակով:

Կենտրոնում ԱՄԲ-ի ներդրումն ու զարգացումը կանգ չի առել: Մասնագիտական գործունեության իրականացման այս տարիների ընթացքում ի հայտ են եկել բուժման նոր մոտեցումներ: ԱՄԲ-ի զարգացման հերթական փուլը հանդիսացավ սերմնաբջջի ներցիտոպլազմատիկ ներարկման ԻՔՍԻ (ICSI) մեթոդի ներդրումը:

Առաջին հղիությունը ԻՔՍՒ մեթոդով կայացել է 2006 թվականին, իսկ 2007 փոտրվարի 8-ին ծնվեց տղա՝ 3530գ զանգվածով, 54 սմ հասակով:

Զուգահեռ իրականացվում է տղամարդկային անպտղության՝ օլիգոզոոսպերմիայի, աստենոզոոսպերմիայի, ազոսպերմիայի բուժման մեթոդների կատարելագործում: Ներդրվել է սերմի ստացման նոր փորձաեղանակների՝ էպիդիդիմիսից սերմնաբջիջների միկրովիրաբուժական ասպիրացիա (արտածծում) (MESA) և ամորձու հյուսվածքից սերմնաբջիջների էքստրակցիա (արտահանում) (TESЕ): TESЕ-ի իրականացումից հետո առաջին ծնունդը տեղի է ունեցել 2007թ. ապրիլի 29-ին: Ծնվեցին զույգեր՝ տղա՝ 1350 գ զանգվածով, 40 սմ հասակով և աղջիկ՝1160 գ, հասակը՝ 39 սմ:

2006 թվականից մեր կենտրոնում հիվանդայցելուներին ակտիվորեն տրամադրում ենք սաղմերի կրիոկոնսերվացիայի (սառցապահպանման) հուսալի մեթոդ: Այսպես, 2007թ. արդեն լույս աշխարհ են եկել երեխաներ՝ ծնված սառեցված սաղմերը արգանդի խոռոչ տեղափոխելուց հետո:

Համաձայն ՀՀ օրենսդրության ընդունած "Մարդու վերարտադրողական առողջությունը և վերարտադրողական իրավունքը" օրենքի, 2002թ.-ից ՄՄԱՊԳՀԿ-ում զարգացում ստացավ ԱՄԲ-ի մի նոր ուղղություն՝ "փոխնակ մայրության" ծրագիրը: Այսպես, 2006թ. կենսաբանական մոր, որի մոտ արգանդը բացակայում էր վերարտադրողական համակարգի զարգացման բնածին արատի հետևանքով (Մայեր-Կյուստներ-Ռոկիտանսկու համախտանիշ), բեղմնավորված ձվաբջիջները փոխնակ մոր արգանդ տեղափոխելու արդյունքում կայացավ հղիություն, որն ավարտվեց ժամկետային ծննդաբերությամբ զույգ պտղով՝ աղջիկներ՝3130գ ու 3380գ զանգվածով և 50 սմ հասակով՝ յուրաքանչյուրը:

Մեր կենտրոնում հաջողությամբ կիրառվում է նաև ձվաբջջի դոնացիայի մեթոդը: Այն կանանց, որոնց մոտ ինչ-ինչ պատճառով (տարիք, ձվարանների վաղաժամ հյուծում, վիրաբուժական ամլացում) չեն արտադրվում ձվաբջիջներ, տեղադրվում են սաղմեր՝ բեղմնավորված դոնորական ձվաբջիջներով և ամուսնու սերմով: Այսօր ՄՄԱՊԳՀԿ-ը հանդիսանում է Հայաստանում միակ կենտրոնը, որտեղ անպտղության բուժման առավել կատարելագործված և արդյունավետ մեթոդի՝ ԱՄԲ-ի շնորհիվ, լույս աշխար են եկել ավելի քան 300 երեխաներ:

Մեր կենտրոնում հնարավոր է դարձել անպտղության տարբեր ձևերի բուժումը: Հաջողությամբ օգտագործվում են վերարտադրողական ժամանակակից տեխնոլոգիաների բոլոր տեսակները: Մասնագետների ամենօրյա աշխատանքի առաջին իսկ օրերից կենտրոնը հասել է զգալի արդյունքների, իսկ հղիության ԱՄԲ-ի մեթոդով կայացման արդյունավետությունը հասնում է 35-40%. Այս հաջողությունը պատահական չէ: Որպեսզի կենտրոնը դառնա այնպիսին, ինչպիսին այն այսօր ներկայանում է մեր հիվանդայցելուներին, մեր աշխատակիցները ջանք ու եռանդ չեն խնայել տարիներ ի վեր: Կենտրոնում, որը հագեցած է վերարտադրողական նորագույն տեխնոլոգիաների իրականացման համար անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով, աշխատում են անպտղության բուժման և վերարտադրողականության բնագավառի առաջատար մասնագետներ: Պակաս կարևոր չէ այն փաստը, որ ստեղծվել է ՄՄԱՊԳՀԿ-ի մասնագետների մեկ միասնական թիմ, որի հիմնական նպատակը մշտապես եղել է և կլինի ԱՄԲ-ի արդյունավետության բարձրացումը, նրա մատչելիությունը, մայրության և հայրության բերկրանք պարգևելու հնարավորությունը: Բժիշկների վաստակը գնահատվել է ըստ արժանավույն. 2008թ. մայիսին բժշկագիտության ասպարեզում՝ արհեստական բեղմնավորման բնագավառում ունեցած նվաճումների համար կենտրոնի բժիշկների խումբը՝ տնօրեն, պրոֆ. Գ.Գ.Օկոևի գլխավորությամբ, պարգևատրվել է ՀՀ նախագահի մրցանակով:
Աղբյուր