Վերջերս մակրամեով սկսել եմ ավելի շատ հետաքրքրվել ու գնալով ավելի եմ հավանում ձեռագործի էս տեսակը։ Որոշեցի մակրամեի վերաբերյալ տպավորություններս ու դիտարկումներս գրելով՝ մի քիչ գովազդել), մեկ էլ տեսար՝ ուրիշներն էլ վարակվեն ու սովորելու ցանկություն ունենան։ Ի դեպ, կարելի է մակրամեի մասին բացարձակապես գաղափար չունենալով՝ ընդամենը մի քանի նկարի ու մի երկու տող բացատրության միջոցով շատ արագ յուրացնել դրա հիմնարար սկզբունքները և արդեն ինքնուրույն ինչ–որ բան գործել։
Ընդհանրապես մակրամեն կամ, այսպես ասած, հանգույցների արհեստը գործելու շատ հավես ու յուրօրինակ տեխնիկա ունի։ Ըստ իմ դիտարկումների՝ մակրամեով ինչ–որ բան գործելը մի շարք առավելություններ ունի ձեռագործի այլ տեսակների նկատմամբ.
1. Նախ մակրամեով ինչ–որ բան գործելու համար ոչ մի գործիք չի պահանջվում. միակ գործիքը սեփական ձեռքերդ են։ Մակրամեն, կարելի է ասել, ձեռքերի ու թելերի/պարանների չմիջնորդավորված, սերտ շփում է։
2. Մակրամեով գործել սովորելն աննկարագրելիորեն պարզ ու մատչելի է։ Բարդ ու խճճված ցանցերի տեսքին խաբվել չարժե։ Դրանք բոլորն իրականում ընդամենը պարզ ու հասարակ հանգույցների հավաքածու են։ Դե լավ, համեմատաբար բարդերն էլ են պատահում, բայց նույնիսկ դրանք, միևնույն է, սկզբունքորեն էլի պարզ են։ Ու ընդհանրապես, որքան էլ զարմանալի թվա, մակրամեն հիմնված է ընդամենը մի քանի հիմնարար հանգույցի վրա։
3. Մակրամեն գործելու զարմանալիորեն ճկուն տարբերակ է. հնարավորություն է տալիս գրեթե ուզածդ տեղում ուզածդ ուղղությամբ ուզածդ չափով ու ձևով ձգել, երկարացնել–կարճացնել գործվածքը։ Մի խոսքով՝ ամեն ինչ քո ձեռքերում է՝ բառիս բուն և փոխաբերական իմաստներով։
4. Մակրամեով կարելի է գործել գրեթե ամեն ինչ. զարդեղեն (վզնոց, թևնոց, ականջօղեր), շորեր, պայուսակ, գոտի, հեռախոսի պաշտպանիչ պատյան, զամբյուղ, ինտերիերի ամենազանազան պրակտիկ ու դեկորատիվ պարագաներ։ Ի դեպ, առանձնահատուկ դեր ունի հին իրերին նոր կյանք տալու գործում։
5. Մակրամեի գործվածքը բավական արագ է առաջ գնում։ Իսկ ցանկության դեպքում կարող է է՛լ ավելի առաջ գնալ՝ ցանցի խոշորացման հաշվին, բայց դա, իհարկե, ըստ ցանկության։
6. Մակրամեով աշխատելիս, բացառությամբ հատուկ դեպքերի, հանգիստ կարելի է ընդհատել աշխատանքը՝ չվախենալով, որ գործվածքը կարող է քանդվել, չէ՞ որ մակրամեն ոչ այլ ինչ է, եթե ոչ հանգույցների համակարգված բազմություն, իսկ հանգույցներն, ինչպես գիտեք, հեշտությամբ քանդվելու սովորություն չունեն. դրանք հատուկ քանդել է պետք։
7. Մակրամեում ցանկացած դժվարին իրավիճակից կարելի է բազմաթիվ ելքեր գտնել։ Միայն հնարամտություն ու երևակայություն է պետք։ Բայց առանց վերջիններիս նկատելի առկայության էլ ամենայն հավանականությամբ առնվազն մի ելք կգտնվի։ Ինձ թվում է՝ այստեղ լուծումների բազմազանության մեջ խճճվելն ավելի հավանական է, քան թելերի ու պարանների։
Էս պահին էսքանը մտքիս եկավ։
Լավ գովազդեցի՞։
Նախատեսում եմ շուտով էս թեմայում նաև ուսուցողական գրառումներ անել։ Թեև ինքս մակրամեի գիտակ չեմ, բայց մի քիչ փորձ ունեմ ու առնվազն նախնական գիտելիքներ փոխանցել, կարծում եմ, կկարողանամ։ Ցանկացողները կարող են միանալ։ Ես ինքս խորհուրդների կարիք ունենում եմ երբեմն։ Կուզենայի, որ էս թեմայում փորձի ու հմտությունների փոխանակումներ անեինք։ Ի դեպ, մակրամեի գիտակներ կա՞ն Ակումբում։
Էջանիշներ