Թռչնագրիպի՝ H1N1 վիրուսի վտանգը, ինչպես նաեւ դրա մասին խոսակցությունները դեռ չմարած, ժողովրդի մեջ նոր վիրուսի հետ կապված աժիոտաժ է սկսվել: Այս նոր վիրուսը կոչվում է «գուսիննի» եւ տարածվում է հիմնականում կանանց շրջանում: Մեզ զանգահարած քաղաքացու ասելով, իրենց անհանգստության պատճառն Ամերիկայում Հայաստանի մասին պատրաստված տեսանյութն է եղել, ըստ որի՝ Հայաստանում նոր վիրուս է տարածվել, որից արդեն 11 մարդ է մահացել:
«Մեր բարեկամներն Ամերիկայից խուճապահար զանգահարել էին եւ հետաքրքրվում էին, թե ինչ է կատարվում Հայաստանում: Ասացին, որ լուրերով Հայաստանում տարածված ինչ-որ նոր վիրուսի մասին են ասել: Ասացին, որ դրանից նույնիսկ մարդիկ են մահացել արդեն»,- պնդում էր մեզ զանգահարողը:
Իսկ հիվանդության ախտանշանները թեթեւ ջերմությունն ու փորլուծությունն են՝ ըստ տեսանյութի: Վիրուսը փոխանցվում է հիմնականում մրգերից ու բանջարեղենից: Քաղաքացին դժգոհում էր, որ եթե այդպիսի բան կա, ինչո՞ւ տեղյակ չեն պահում հանրությանը, որպեսզի մարդիկ զգուշանան: Նա պատմեց, որ շատ էլ չէր հավատա, եթե նախօրեին իր ծանոթներից մեկին այդպիսի ախտանշաններով չտեղափոխեին «Էրեբունի» հիվանդանոց, որտեղ կինն անսպասելի մահացել էր: «Բժիշկները մահացածի հարազատներին ասել են, որ դա անհայտ հիվանդություն է համարվում»,- պատմեց քաղաքացին:
Մենք նախ փորձեցինք գտնել այդ տեսանյութը, սակայն «USArmenia TV»-ի կայքում տեսանյութը չգտանք, քանի որ տեղադրված էին միայն մինչեւ սեպտեմբերի 13-ի լրատվական հաղորդումների ձայնագրությունները, իսկ այդ տեսանյութը, մեզ զանգահարած քաղաքացու խոսքով, ցուցադրվել էր մի քանի օր առաջ: Ապա փորձեցինք ՀՀ գլխավոր վարակաբանից պարզել, թե ճի՞շտ են արդյոք խոսակցությունները նոր վիրուսի վերաբերյալ, եւ կա՞ն արդյոք մահացության դեպքեր: «Հայաստանում ոչ ոք ինձանից լավ այդ ինֆորմացիային չի տիրապետում: Դա լկտի սուտ է, այդպիսի բան չկա: Հայաստանում ոչ նոր, ոչ էլ անհայտ վիրուս չկա»,- մեզ հետ զրույցում ասաց գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը եւ հավելեց.
«Ոչ էլ 11 հոգի մարդ է մահացել դրանից: Ես նաեւ ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենն եմ, եւ հասկանում եք, որ եթե այդ մարդիկ մահանան, մեր հիվանդանոցում պետք է մահանան: Այդպիսի բան չկա: Ես պատրաստ են Ձեզ հետ գնալ այդ մահացածների տուն: Տեսնենք որտե՞ղ են պառկել, ինչի՞ց են մահացել: Ամեն տարի ամռանը մեզ մոտ արյունային լուծով հիվանդներ լինում են, լինում են նաեւ բարդացումներ, բայց նման բան տարածել, որ վիրուս կա, մարդիկ են մահանում՝ անբարոյականություն է»:
«Էրեբունի» հիվանդանոցից նույնպես հերքեցին նոր վիրուսի մասին տեղեկությունները: «Կոնկրետ վիրուսային հիվանդությամբ պառկած հիվանդներ այս տարի մենք չենք ունեցել: Անցած տարի H1N1 վիրուսի հետ կապված դեպքեր ունեցել ենք, իսկ այս տարի վիրուսային ախտահարմամբ հիվանդներ չենք ունեցել, որոնց մոտ հայտնաբերված լինի վիրուս՝ տեղական կամ արտասահմանյան, որից մահ առաջանա»,- ասաց «Էրեբունի» հիվանդանոցի ընդունարանի վարիչ Հասմիկ Սաիյանը:
Նա հավելեց, որ անգամ այդպիսի գանգատներով՝ ջերմություն, փորլուծություն, հիվանդներ էլ չեն ունեցել: Եթե իրականում այդպիսի բան կա, ապա, ինչպես պնդում էր քաղաքացին, ոչ թե պետք է կոծկել, որպեսզի խուճապ չառաջանա, այլ պատշաճ կերպով պետք է իրազեկել մարդկանց՝ հնարավոր վտանգներից խուսափելու համար:
Էջանիշներ