Մինիմալիզմը 20–րդ դարում ձևավորված շարժում է, որը վերաբերում է արվեստի ու դիզայնի տարբեր ոլորտներին։ Մինիմալիզմի հիմքում ընկած է ստեղծագործության տարրերն ու հատկանիշները՝ գույները, գծերը, տեքստուրան, պատկերները և այլն, նվազագույնի հասցնելը՝ թողնելով միայն հիմնականը։ Մյուս կողմից՝ մինիմալիզմ հասկացությունն այնքան էլ միանշանակ չէ ու կարող է տարբեր ձևերով մեկնաբանվել։ Մինիմալիզմն ընդունված է բնորոշել «որքան քիչ, այնքան շատ» կամ «քիչն ավելի շատ է» (Less is more) կարգախոսով։
Լուսանկարչության մեջ մինիմալիզմը նկարելու, կոմպոզիցիա ստեղծելու ոճ է։ Մինիմալիստական լուսանկարի օրինակ կարող է հանդիսանալ նկարը, որում գլխավոր օբյեկտը փոքրիկ նավակ է ջրի մեջ կամ մարդ, որը նկարի մի փոքր մասն է զբաղեցնում, մնացածը հարթ ֆոն է՝ քիչ մանրամասներով։
Մինիմալիստական լուսանկար ստեղծելու համար հարկավոր է խնամքով ընտրել տարրերը, քանի որ դրանց թիվը պետք է հասցվի նվազագույնի, և դրանք պետք է որևէ հետաքրքիր ու գեղեցիկ բան արտացոլեն։ Նկարում չպետք է ներառվեն այնպիսի տարրեր, որոնք դիտողի ուշադրությունը շեղում են գլխավոր օբյեկտից։ Այդ օբյեկտը պետք է գլխավոր կիզակետը լինի ու պատկերի էությունը կազմի, այնպես որ վերջինիս ընտրությունը տվյալ դեպքում գերխնդիր է։ Ներառված օբյեկտը, կարելի է ասել, լուսանկարում ընդգծվում է «դատարկ տարածություններ» ստեղծելու միջոցով։ Պարզությունը մինիմալիզմի հիմնաքարն է, ու հենց այս տեսանկյունից էլ պետք է մոտենալ լուսանկարին։
Երբեմն, երբ չգիտեք, թե ինչպես նկարել տվյալ առարկան, կարելի է սկսել մինիմալիստական մոտեցումից։ Շատերը չեն գիտակցում, որ հրաշալի նկար ստեղծելու համար բոլորովին պարտադիր չէ լուսանկարելու ինչ–որ հետաքրքիր բան ունենալ։ Կարելի է օգտագործել պարզ բաներ, ինչպիսիք են, օրինակ, ավազի մեջի քարը կամ ջրի մեջի գերանը, նույնիսկ ամենահասարակ ու անշուք իրերը կարելի է օգտագործել՝ ստանալով հիանալի նկարներ։ Խնդիրն այն է, որ հաճախ, փորձելով նկարի բոլոր դատարկ տարածքները լցնել առարկաներով, գծերով, մարդկանցով՝ մենք իրականում չափից դուրս ծանրաբեռնում ենք լուսանկարը՝ թույլ չտալով, որ դիտողի հայացքն ինչ–որ տեղ կանգ առնելու տեղ ունենա։
Մինիմալիստական ոճով լուսանկարներ անելու համար ժամանակին Ungrateful–ն ավելի մանրամասն ցուցումներ տվել է «Խորհուրդներ սկսնակներին» թեմայում։
Էջանիշներ